Հայկական կինոն զարգացնելու կամ վերջնականապես սպանելու նախաձեռնություններ պարբերաբար լինում են ու վերջին շրջանում, իսկ անկախացումից հետո ոլորտի “զարգացում”-ը ոչ միանշանակ են ընդունում հենց իրենք` ոլորտը “զարգացնել փորձողները”` կինոյի տեսաբաններն, ռեժիսորները: “Տարերային” կինոփառատոններում ժամանակ առ ժամանակ աշխուժացող կինոդահլիճներում հայկական կինոյի լեգենդները ոլորտի զարգացման նկատմամբ լուսավոր “սպասողականություն” են տալիս: Ու միաժամանակ հայկական հեռուստաընկերությունների “խիստ նրբաճաշակ սերիալներով” լցված եթերները սպանում, ջախջախում են դրանք:
Ու խոսելու, բացահայտելու, քննարկելու հարցերը մնում են ու մնում… Եվ ուրեմն, ինչքանով եք տեղեկացված հայկական կինոմատոգրաֆի վերջին տարիների զարգացումներից? Ինչ դրական եւ բացասական տեղաշարժեր եք տեսնում? Ու իրականում կա արդյոք այդ հասկացություն, թե “մեռել է”:
Ե.Գ. Քննարկումների բաժնում ավելացնում եմ նաեւ թեմային վերաբերվող մի քանի հրապարակումներ, ինչպես նաեւ Խզմալյանի ֆիլմի սղագրության եւ ժամանակակից ցենզուրայի նոր դրսեւորումների նյութերը:
Արտավազդ Փելեշյան. մոնտաժը` ընդդեմ պատումի
Շատերը կհամաձայնեն, որ, հակառակ անցած տասնամյակների արմատական հասարակական փոխակերպումներին եւ տեսողական ներկայացման ասպարեզում տեղի ունեցած նույնքան արմատական տեխնոլոգիական նորարարություններին, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը պահպանել են իրենց ապշեցուցիչ ուժն ու բացառիկ հմայքը։
Այսօր էլ առանց վարանելու կարելի է կրկնել 1960-1980-ականներին տրված գնահատականները, որ կարելի է գտնել «Իմ կինոն» գրքում, նրա «կադրերի անսահման գեղեցկության», «նրա ֆիլմերի միստիկական գեղեցկության եւ ուժի» վերաբերյալ եւ եզրակացնել, որ այդ ֆիլմերը չեն կարող հնանալ, «ինչպես չեն կարող հնանալ երաժշտությունը եւ բանաստեղծությունը»։
Բայց սա իրադրության մի կողմն է։ Չգիտեմ, թե որքանով արդարացան վավերագրական կինոյի զարգացման վրա նրա ֆիլմերի եւ մոնտաժի մեթոդի ազդեցության մասին ենթադրությունները (իմ տպավորությամբ՝ դրանք չափազանցված էին), բայց պարզ է, որ չիրականացան կանխատեսումները, թե նրա ստեղծագործությունները դեռ շատ են ուսումնասիրվելու։ Առայժմ կարող ենք միայն արձանագրել նման ուսումնասիրությունների ծայրահեղ սակավությունը։
Այս հոդվածը փորձ է՝ ուրվագծելու Փելեշյանի ստեղծագործության հետագա ուսումնասիրության եւ վերամեկնաբանության որոշ հեռանկարներ։
Ինքնավար կինո
Խոսելով դիստանցիոն մոնտաժին նվիրված Փելեշյանի հոդվածի մասին` Վիկտոր Շկլովսկին նկատում է. «Այստեղ դեռ շատ չուսումնասիրված հարցեր կան, որոնք սպասում են իրեց պարզաբանմանը, ստուգմանը եւ ամենագլխավորը՝ զարգացմանը»։ Բայց այդ զարգացումը եւս տեղի չունեցավ։ 1995 թվականին Հանս-Յոախիմ Շլեգելի եւ Ալեքսանդր Սոկուրովի հետ հարցազրույցում Փելեշյանը որեւէ նոր բան չի ավելացնում ավելի քան քսան տարի առաջ գրած հոդվածի հիմնական պնդումներին։ Այստեղ հետաքրքրական է թվում Սոկուրովի հարցը՝ երկար տեւողությամբ ֆիլմ ստեղծելու համար դիստանցիոն մոնտաժի սահմանափակությունների մասին, քանի որ որոշակիորեն առնչվում է պատումի (նարատիվի) եւ դիստանցիոն մոնտաժի բարդ փոխհարաբերություններին։ Բայց, ցավոք, իրականություն չդարձավ նաեւ Փելեշյանի խոստումը՝ ցույց տալ, որ կարելի է դիստանցիոն մոնտաժով ստեղծել մի ամբողջ երեկո տեւող ֆիլմ։
Փելեշյանի մեկնաբանների մոտ համատարած են նրա ֆիլմերի համեմատությունները պոեզիայի եւ հատկապես երաժշտության հետ։ Շկլովսկին, օրինակ, օգտագործում է «մոնտաժային դարձվածք (ֆրազ)» արտահայտությունը, իսկ երաժշտական փոխաբերությունների օգնությանը դիմում են շատերը. «Փելեշյանի սիմֆոնիաները», «պոլիֆոնիական զարգացում», «երաժշտական դրամատուրգիայի սկզբունք», «կինո-սիմֆոնիա» եւ այլն։
Երբ Շկլովսկին գրում է Փելեշյանի տեսական պրպտումների շարունակության եւ զարգացման անհրաժեշտության մասին, նա նաեւ նկատում է, որ այդ աշխատանքներն «ուղղված են նրան, որպեսզի կինոյի համար բացեն այն ուղիները, որ արդեն անցել է պոեզիան»։ Մեկ այլ նշանավոր տեսաբան՝ Յուրի Լոտմանը, գրում է. «Փելեշյանի տեսությունը եւ պրակտիկան մոտեցնում են կինեմատոգրաֆիական ժապավենի կազմակերպումը երաժշտական տեքստի կառուցվածքին… Խոսքը երաժշտական կառուցվածքի՝ կինոյի մեջ տեղափոխելու մասին չէ, խոսքը կինեմատոգրաֆիայի ինքնուրույն լեզվի մշակման մեջ նոր քայլի մասին է։ Բայց այդ լեզուն դրսեւորում է բարդ բազմաձայնության, բազմաշերտության եւ իմաստային փոխհյուսվածության գծեր»։
Այս կապակցությամբ Փելեշյանի առարկությունը, այնուամենայնիվ, մնում է չհիմնավորված. «Հեռավորության վրա տարրերի փոխազդեցության համար, որի մասին խոսվեց, կարելի է գտնել որոշ նմանություններ պոեզիայի եւ երաժշտության կոմպոզիցիոն ձեւերում։ Բայց այդ նմանությունները կրում են արտաքին եւ գլխավորը՝ նկարագրական բնույթ»։ Միեւնույն ժամանակ, իր ֆիլմերի համար երաժշտության սկզբունքային նշանակության մասին նա արտահայտվում է խիստ որոշակիորեն։
Այս առումով պարզաբանման կարոտ հարցերից մեկը կինոյի ինքնավարության՝ ավանդական արվեստներից (գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն) կինոյի անկախության մասին Փելեշյանի պնդումն է, ինչպես նաեւ պոեզիայի եւ երաժշտության հետ հարաբերությունների քննությունը։
Գրաքննություն եւ մոնտաժ
Ընդունված է Փելեշյանին համեմատել Էյզենշտեյնի եւ Վերտովի հետ, նրան համարել վերջիններիս ավանդության շարունակողը։ Եթե վաղ շրջանի խորհրդային կինոն (եւ առհասարակ ավանգարդ արվեստը) կապված էր բոլշեւիկյան հեղափոխության հետ, ապա Փելեշյանի ստեղծագործությունը՝ խրուշչովյան «ձնհալի»։
Պետք է հիշել, սակայն, որ 1920-ականների խորհրդային կինոյի վարպետների համար (Էյզենշտեյն, Վերտով, Դովժենկո, Պուդովկին) «հեղափոխությունը», «դիալեկտիկական մոնտաժը» բնավ փոխաբերություններ չէին։ Խորհրդային ավանգարդն էապես ներգրավված էր հասարակության հեղափոխական փոխակերպման ընթացքի մեջ, եւ այդ առումով հեղափոխությունը արվեստագիտական հանձնառություն էր։ Միեւնույն ժամանակ, ինչպես նկատում է Ժիլ Դելյոզը, թվարկված կինոռեժիսորների համար դիալեկտիկան, դիալեկտիկայի այս կամ այն օրենքը ո՛չ որեւէ այլ բանի դիմելու առիթ էր, ո՛չ էլ վերացական դատողություն, այլ մի բան, որի միջոցով հղացվում էին պատկերները եւ դրանց մոնտաժը։ Բայց ստալինյան տարիներին խորհրդային իշխանությունների՝ ավանգարդին ցուցաբերվող աջակցությունն աստիճանաբար վերափոխվեց խիստ սահմանափակումների եւ ճնշումների։ Խորհրդային կինոյի հետագա պատմության ընթացքում, որ գաղափարաբանական պարտադրանքի եւ համեմատական ազատության վայրիվերումների շղթա էր, արվեստագիտական պրակտիկաներում երբեք չվերագտնվեց սոցիալ-քաղաքական եւ փիլիսոփայական մղումների եւ շարժառիթների կորուսյալ համաձայնությունը։
Համարվում էր, որ իսկական արվեստը ստեղծվում է սոցիալական իրադրությունից դուրս գտնվող մի ինչ-որ տեղ։ Ա. Փելեշյանը, օրինակ, խոսում է «ինքնավար կինոյի», «կինոյի ինքնավար լեզվի» մասին՝ դրանով իսկ նպաստելով կինոյի էսենցիալացմանն ու ապապատմականացմանը։ Վերը հիշատակված հարցազրույցում Հանս-Յոախիմ Շլեգելը Ա. Փելեշյանին հարց է ուղղում, այսպես կոչված, «քայքայիչ կինոխցիկի» («քայքայիչ կինոյի» կամ կինոգործունեության) մասին, հաստատված նորմերը խախտելու, գաղափարաբանական կապանքներին, արվեստը գաղափարաբանական շահագործման ենթարկելու ձգտումներին կինոգործչի դիմադրության եւ հակազդեցության մասին։ Այս հարցին, թվում է, Փելեշյանը չի տալիս ակնկալվող պատասխանը։ Մինչդեռ 1970-ականների սկզբին գրված՝ «դիստանցիոն մոնտաժի» մասին նշանավոր հոդվածում Փելեշյանը բացահայտ եւ մանրամասն խոսում է «Մենք» կինոնկարի գրաքննության մասին (հասկանալի է, թե ինչու հենց այս ֆիլմը պիտի այդպես կոպտորեն գրաքննվեր)։ Ըստ Փելեշյանի՝ առաջին տարբերակը եղել է շատ ավելի գերադասելի,
Շարունակությունը կարդացեք` http://www.hetq.am/arm/culture/8261/
Բաց նամակ «Հայկ» կինոստուդիայի տնօրեն պ-ն Ռ. Գեւորգյանցին
Տիգրան Խզմալյան Հոկտեմբեր 06, 2008
Հարգելի պարոն Գեւորգյանց,
Վերջին օրերին մամուլում եւ հեռուստալիքներով Դուք հայտարարություններ եք արել ս/թ մայիսին պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» 39-րոպեանոց վավերագրական ֆիլմիս կապակցությամբ` հատկապես շեշտելով դրա մեջ իբրեւ թե տեղ գտած պատմության խեղաթյուրումներն ու ինձ իբրեւ թե վճարված 12 հազար դոլարի գումարը:
Բացի դա, Դուք պետական պաշտոնյայի դիրքերից միջամտել ու խափանել եք «Մոսկվա» կինոթատրոնում ս/թ սեպտեմբերի 26 — 27-ին նախատեսված իմ մեկ այլ ֆիլմի` 68-րոպեանոց «Սարդարապատ deja vu» կինոնկարի ցուցադրումը: Այս ամենը ստիպում է ինձ հրապարակավ դիմել Ձեզ որոշ հարցերով:
Պարոն Գեւորգյանց, ես արել ու հանձնել եմ Ձեզ «Սարդարապատը» դեռեւս հինգ ամիս առաջ` հույս ունենալով, որ այն կցուցադրվի մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի օրը, ոգեւորելով երիտասարդներին ու դաս հանդիսանալով բոլորիս համար: Հինգամսյա լռությունից հետո, ս/թ սեպտեմբերի 22-ին ես ստացա Ձեր պաշտոնական նամակը, որից զարմանքով իմացա, որ վաղուց ավարտված «Սարդարապատ» վավերագրական տեսաֆիլմս այժմ որակվում է որպես «ֆիլմի նախնական տարբերակ», որի «հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում է ընդունվելու մասնագիտական բարձր որակավորում ունեցող պատմաբան-գիտնականների քննման արդյունքներից հետո»: Համարձակվում եմ հիշեցնել, որ ես ոչ սկսնակ եմ, ոչ էլ ուսանող, այլ 3 խաղարկային եւ 13 վավերագրական ֆիլմերի հեղինակ, որոնցից մեծ մասը արժանացել են միջազգային փառատոնների մրցանակների, իսկ մեկն անգամ հռչակվեց 2005 թվականի լավագույն մշակութային նախագիծ մուլտիմեդիայի համաշխարհային մրցույթում: Դա ինձ թույլ էր տալիս ակնկալելու, որ հերթական աշխատանքս գոնե ավարտից ամիսներ անց չդիտվի իբրեւ «նախնական տարբերակ»: Էլ ավելի մեծ զարմանքով ես ընթերցեցի Ձեր նամակին կցված ու միանգամայն իրարամերժ «մասնագիտական կարծիքները» ֆիլմիս մասին: Հատկապես «ցնցված» եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանի բովանդակալից վերլուծությամբ, ուր «առանձնապես աչքի է ընկնում հեղինակի /այսինքն իմ` Տ.Խ./ ձգտումը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները մեր իրականության պրիզմայով նայելու խիստ անհաջող փորձն ու տրամադրվածությունը /ընդգծված է իմ կողմից` Տ.Խ./»:
http://www.hetq.am/arm/culture/8423/
Սարդարապատ
Տիգրան Խզմալյան Հոկտեմբեր 06, 2008
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսն արգելվել է: Այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ին եւ 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
———–
1918 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը, ժամը 11-անց 11 րոպեին հանդիսավորապես հայտարարվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ օրացուցային պաթոսն արտացոլում էր հաղթողների այն միամիտ պատրանքը, թե մարդկային պատմության մեջ այլեւս երբեք չի կրկնվի այդպիսի սարսափելի սխալ, որը 10 միլիոն կյանք խլեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:
Ինչպես հայտնի է` այդ պատրանքը դիմացավ ընդամենը 20 տարի` մինչեւ երկրորդ աշխարհամարտի սկիզբը, սակայն մինչ այդ առաջին համաշխարհային պատերազմի շատ մարտեր հավերժացան մարդկային պատմության մեջ` Սոմն ու Իպրը, Վերդենն ու Գալապոլին: Ի տարբերություն դրանց` աշխարհի համար գրեթե անհայտ մնաց Արաքս գետի մերձափնյա երկաթուղային փոքրիկ կայարանի մոտ հինգ օր տեւած մի ճակատամարտ, որը կանխորոշեց կովկասյան երեք երկրների ու նրանց մայրաքաղաքների ճակատագիրը, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի ապագան: Այս կայարանն այսօր էլ կոչվում Սարդարապա: է
20-րդ դարը պատմության մեջ ներխուժեց երկաթգծով: Առաջին աշխարհամարտը եւս երկաթուղիների պատերազմ էր: Երկաթե մարդկանց ձեռքով գծված երկաթե քարտեզներով երկաթե գնացքները սլանում էին երկաթե գծերով` անիվների տակ ճզմելով ճանապարհին պատահած փոքրիկ երկրները, ազգերին ու ճակատագրերը: Պատահական չէ, որ Օսմանյան Թուրքիայում պատերազմի ու Հայոց ցեղասպանության ուղիները նույնպես համընկնում էին երկաթուղու գծերին: Պատահական չէ, որ մասնատված Հայաստանի տարածքում այդ պատերազմն ու ցեղասպանությունը կասեցվեցին հենց երկաթուղային կայարանում:
Փորձենք անցնել այդ ճանապարհը…
1918 թվականի գարնանը` չորսամյա համաշխարհային մսաղացից հետո, բոլոր մարտնչող ազգերը հոգեվարքի մեջ էին:
Հեղափոխվող Ռուսաստանը հրաժարվեց եւ պատերազմից, եւ միլիոնավոր զոհերի գնով նվաճած տարածքներից` փլվող կայսրության արեւմուտքը հանձնելով Գերմանիային, իսկ հարավը` Թուրքիային:
Ֆրանսիական զորքը նահանջել էր մինչեւ Փարիզի արվարձանները եւ վերջին ճիգերով հետ էր մղում գերմանական գրոհները:
Բրիտանիան իր բանակի մեծ մասը հանել էր եվրոպական ռազմաճակատից եւ ուղարկել Արաբիա, Եգիպտոս ու Հնդկաստան` իր գաղութները պաշտպանելու: Սակայն գրեթե թվացյալ հաղթանակի հասած Գերմանիան նույնպես կաթվածահար վիճակում էր: Տասնամյակներ անց որոշ վերլուծաբաններ մատնանշում էին երկու գործիչների անուններ, որոնց պատճառով կայզերական Գերմանիան արդեն գրեթե հաղթած պատերազմում պարտություն կրեց: Առաջինն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր, ով երկրի սահմանադրությունից հանեց ամերիկյան զորքն արտասահման ուղարկելու արգելքը` այսպիսով Գերմանիայի դեմ բացելով երրորդ ռազմաճակատը:
Երկրորդ անձնավորությունը, ով գերմանական բանակին, նավատորմին եւ օդուժին զրկեց Կասպից ծովի նավթային պաշարներից` Բաքվի կոմունայի առաջնորդ Ստեփան Շահումյանն էր: Նա կատարելով Լենինի առաջադրանքը` առաջացող գերմանական զորքերին սպառնացել էր պայթեցնել ու այրել բոլոր նավթահորերը, ինչից հետո պատերազմը շարունակելը կդառնար անհնարին:
Շարունակությունը` http://www.hetq.am/arm/culture/8411/
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ
Մասնավորեցված «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը համարվող «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», որն ավելի քիչ, քան մեկ տարվա կենսագրություն ունի, երեկ առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց իր ծրագրերը։ Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ «կինոկենտրոնն իր տեսակի մեջ հանրապետությունում կինոմշակութային քաղաքականություն ձեւավորող եզակի կառույց է, որը կինոյի զարգացման հեռանկարներ է նախանշում»։
Կինոկենտրոնը բազմաթիվ ծրագրեր ունի. ցանկանում է ֆիլմերի արտադրությունն ավելացնել եւ խթանել դեբյուտային ֆիլմերի ստեղծումը, քանի որ կինոպրոցեսի մեջ երիտասարդ կադրերի ներգրավումը շատ կարեւոր է համարում։
Կինոկենտրոնի եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից իրականացված վերջին ծրագրերից էր մայիս ամսին Գերմանիայում անցկացված «Կարոտ» խորագրով հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրումը, որը ոչ միայն ներկայացրեց հայ կինոյի անցյալն ու ներկան, այլեւ՝ շարունակություն ստացավ քննարկումների տեսքով։ Բեռլինում քննարկման թեման հայկական ֆիլմերում Հայոց ցեղասպանության արտացոլումն էր։ Հայ եւ գերմանացի կինոգործիչները մի շարք հանդիպում-քննարկումներ են ունեցել՝ ուսումնասիրելու համար կինոյի եւ կոլեկտիվ հիշողության պահպանման փոխկապակցված լինելը։ Քննարկման առանձին թեմա է նվիրվել Հայոց եղեռնի տարիներին Գերմանիայի մասնակցության ու պատասխանատվության հարցին։ Հայկական կինոյի միամսյակի ընթացքում մոտ 30 ֆիլմ է ցուցադրվել, իսկ դիտումները կինոգետ Գարեգին Զաքոյանի գնահատմամբ՝ շատ մեծ ուշադրության են արժանացել եւ մեծ թվով հանդիսատես հավաքել։
Երեկ ասուլիսի ընթացքում հայ կինոգործիչներն անդրադարձան նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման տխուր իրողությանը եւ հայ կինոյի «մահվան» լուրերին։ Կինովավերագրող Հարություն Խաչատրյանն ասաց. «Մեզ ներշնչում են, որ հայ կինոն մահացել է, դա շատ խորամանկ, սատանա-մարդկանց մոտեցումն է, որոնք ուզում են հայկական կինոյի գանձերի միակ տերը լինել։ Ոչ, հայ կինոն չի մահացել»։ «Հայֆիլմի» մասնավորեցումը շատ ցավոտ հիշողություններ է արթնացնում շատերի մոտ, եւ շատերի համար պարզ է դարձել, որ լավատեսության պաշարներն արդեն սպառվել են։
Ռեժիսոր Արման Մանարյանը, ով արդեն վեց տարի աշխատում է «Սասունցի Դավիթ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի վրա, ասաց. «Մենք բազմաթիվ տարբերակներ մշակեցինք «Հայֆիլմը» պահպանելու համար, եւ այնքան նաիվ գտնվեցինք, որ հավատացինք խոստումներին…»։ Նա պետական կինոստուդիայի սեփականաշնորհումը հայ կինոյի նկատմամբ իրականացրած «պետական ռեկետ» անվանեց։ «Մենք հիմա ոչինչ չունենք։ Ե՞րբ է այդ կինոստուդիայում հայկական ֆիլմ ծնվելու, եւ ինչպե՞ս այն կարող է ծնվել, եթե չեն հավաքագրվում երիտասարդ ռեժիսորները, օպերատորները, դերասաններըգ»,- հարցրեց նա։ «Հայֆիլմ» կինոստուդիան, որն արդեն երկու տարի է, ինչ օտարվել է պետությունից ու մասնավորի ձեռքն անցել, մինչ օրս էլ հայ կինոռեժիսորների մտահոգությունների ու ափսոսանքի կենտրոնում է։
Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պատմեց, որ մասնավոր դարձած կինոստուդիան տարիների ընթացքում կինոստուդիայում ստեղծված ֆիլմերի ճակատագիրը տնօրինում է այնպես, ինչպես կամենում է։ Կինոստուդիան զբաղված է միայն ֆիլմերի թվայնացումով ու թվային ֆիլմերը բարձր գներով վարձակալության տալով։ Նա պատմեց, որ վերջերս իրեն էին դիմել ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ստեղծագործական խմբի անդամները, ովքեր ցանկանում էին ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին եւ հայկական ֆիլմերից դրվագներ ձեռք բերել։ Մասնավոր կինոստուդիան մեկ վայրկյան կինոժապավենի համար իրենցից երեք հարյուր ամերիկյան դոլարի չափով գումար պահանջեց։ «Հիմա իմ եւ ուրիշ ռեժիսորների ֆիլմերն աջ ու ձախ վաճառվում են, իսկ մենք ազնիվ ու ախմախ-ախմախ ապրում ենք»,- ասաց Ա. Մկրտչյանը։ Իսկ Գ. Գեւորգյանը պարզաբանեց, որ հասարակության մեջ «թյուր կարծիք» է ստեղծվել այն մասին, որ հայկական ֆիլմերը «Հայֆիլմի» հետ միասին մասնավորին են վաճառվել։ «Վաճառվել է միայն ֆիլմերի իրացման իրավունքը, որը որոշ ժամանակ հետո կրկին կվերադառնա պետությանը»,- ասաց նա։ Սակայն շատերն ավելի հավանական են համարում, որ 50 տարվա ժամկետ ունեցող իրացման իրավունքը 48 տարի հետո կրկին կերկարաձգվի, իսկ մասնավոր կինոստուդիան չի զբաղվի հայկական ֆիլմերի արտադրությամբ, քանի որ կհամարի, որ դա ձեռնտու չէ ֆինանսական առումով։ «Ազգային կինոկենտրոնի» տնօրենը հավատում է, որ «Հայֆիլմը» չի մահացել, այն շարունակում է ապրել է կինոկենտրոնի կառույցի տեսքով, որը Մշակույթի նախարարության հետ մեկտեղ աշխատում է վերջնականապես չսպանել հայ կինոարտադրությունն ու ֆինանսավորել հայկական նոր ֆիլմերը։
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ասաց. «Մենք կորցրեցինք «Հայֆիլմի» շենքը, այն շենքը, որը բոլորիս երկրորդ տունն էր դարձել։ Հիմա ամենակարեւոր տագնապը նրանում է, որ մենք պետք է կարողանանք պահպանել արվեստի այս տեսակը՝ կինոն»։ Իսկ Ա. Մկրտչյանը հանրության ուշադրությունը հրավիրեց կինոթատրոնների բացակայության փաստի վրա, քանի որ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական ֆիլմերը երբեք չեն կարող նույն տպավորությունը թողնել, ինչ լայնէկրան ցուցադրումները։ «Մենք կինո ունենք, այն չի մահացել, պարզապես հանդիսատեսին չի հասնում։ Վաճառվեցին բոլոր կինոթատրոնները, որոնք շուկայի վերածվեցին, ու վերացան կինոցուցադրումները։ Մենք հիմա երկու կինոթատրոն ունենք Երեւանում, մեկ կինոթատրոն` Գյումրիում, եւ մեկ կինոթատրոն` Քաջարանում»,- ասաց նա ու նկատեց, որ պետք է պետությունը մասնավորի հետ նոր կապեր ստեղծի։ Նա հավատում է հայ կինոյի ապագային ու ցավով է կարդում այն հրապարակումները, որոնցում աղաղակվում է հայ կինոյի վախճանի մասին։
Ըստ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի՝ կինոթատրոնների մասնավորեցումը եւ կինոյի մասին օրենքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ հիմա մեծ էկրանին հայկական կինոն գրեթե չի հայտնվում, եւ թուլանում է ֆիլմ-հանդիսատես կապը։ «Ռուսաստանում, օրինակ, յուրաքանչյուր պրեմիերան շատ լավ է գովազդվում, ֆիլմի ստեղծումը դառնում է շոու, տոն։ Մենք իրավունք չունենք մասնավոր կինոթատրոններին ստիպել հայկական ֆիլմեր ցուցադրել, նրանց պետք է հետաքրքրել։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել, եթե մենք անօրեն ենք ու կինոյի մասին օրենք չունենք»,- ասաց նա։ Ա. Մկրտչյանը ցանկացավ, որ կինոպրոցեսը լավ կազմակերպվի ու հայ կինոյին «առաջ վազելու հնարավորություն» տրվի։
Գ. Գեւորգյանը հիշեցրեց, որ անկախության 15 տարիների ընթացքում 90-ից ավելի ֆիլմ է նկարահանվել, բայց հանդիսատեսն այդ մասին տեղյակ չէ։ Վ. Չալդրանյանը նկատեց, որ ֆիլմերի գնահատականը միանշանակ լինել չի կարող, քանի որ «կան եւ՛ լավ, եւ՛ վատ ֆիլմեր»։
Իսկ մենք բոլորս պարբերաբար հանդիսատես ենք դառնում ու սրտատրոփ սպասում նոր, վառ հայկական ֆիլմերի ստեղծմանը։ Եվ շատ հստակ գիտակցում ենք, որ հետաքրքիր, մեզ հուզող թեմայի շուրջ կառուցված, որակով ու պրոֆեսիոնալ նկարահանված ֆիլմերն անպայման հասնելու են մեզ։ Հայ հանդիսատեսն ու հայ կինոգործիչները միմյանց օդի պես հարկավոր են։ Ընդ որում՝ կինոգործիչները միմյանց էլ են հարկավոր, քանի որ նրանց շարքերն այդքան էլ բազմամարդ, կուռ ու բարյացակամ չեն։ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում,- հանդիպման վերջում Պարույր Սեւակի տողերը մեջբերեց Ալբերտ Մկրտչյանն ու ավելացրեց,-Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։ Մենք էլ մեկնաբանում ենք լավատեսորեն։
http://www.armtown.com/news/am/168/20070617/10731/
ԱՐՎԵՍՏԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է
[14:12] 11 Մայիսի, 2007
ՙԻնձ չի գոհացնում մշակութային այն մթնոլորտը, որ տիրում է մեզանում: Անեկդոտային էստետիկան, խաղարկային արվեստը փոխարինվել են գռեհիկությամբ, այսօր անեկդոտը փոխել ենք կոմեդիայի ժանրի հետ: Գռեհիկությունը եւ անտակտությունը խառնվել են ազատ խոսքի հետ՚,- մշակույթի այսօրվա վիճակից խիստ դժգոհում է ռեժիսոր, բեմադրիչ Վիգեն Չալդրանյանը:
Նրա խոսերովª երբ մշակույթի պատվիրողը դառնում է ամբոխը, իսկ ժողովուրդը եւ ամբոխը դրանք շատ տարբեր բաներ են, շուկայական հարաբերությունները խառնվում են բազարայինի հետ:
Ըստ Վիգեն Չալդրանյանիª այսօր մենք տարրերային մի ընթացք ունենք, որը գուցե բնականոն է, բայց իր համար անընդունելի, որովհետեւ մեր ազգը միշտ հետեւել է հոգեւոր արժեքների հարստացմանը: Ռեժիսորի համար շատ անհասկանալին է, երբ հանրային հեռուստաընկերության կողմից կարող են հնչել բառեր, որոնք փոխարինում են համարձակության եւ անբռնազբոսության հետ: ՙԱրվեստը պետք է տարբերվի փողոցից՚,- նշում է Չալդրանյանը եւ ավելացնում. ՙՈւրիշ բան է, երբ դու պատկերում ես փողոցը, բայց երբ դա դառնում է կրթօջախի պես մի բան` անընդունելի է: Երբեմն մենք փորձեցինք ծաղրել այս կամ այն բաները, սակայն մոռացանք, որ այս ծաղրանքը դարձավ դասընթացի պես մի բան: Մենք նույնիսկ մեր գովազդների մեջ մեր ապրանքը վաճառելու համար դուրս ենք գալիս թույլատրելի սահմաններիցª չհասկանալով, որ այսօր հեռուստատեսությամբ սերունդ է կրթվում՚:
Վիգեն Չալդրանյանն իրեն համարում է միակ կինոգործիչը, որը չի լքել հայրենիքը դժվարին տարիներին, եւ շարունակել է նկարահանել ֆիլմեր, որոնք 5-ն են: Ըստ նրաª այսօր էլ հեշտ չէ հայ կինոյի, հայ արվեստի վիճակը եւ յուրաքանչյուր քաղաքացի է պատասխանատու մեր երկրի արվեստի համար:
Վիգեն Չալդրանյանի վերջին ֆիլմերն են ՙԼռության սիմֆոնիա՚-ն եւ ՙՔրմուհի՚-ն: Ըստ արվեստագետիª հայ կինոյի ապագան կապված է մեր երկրի ապագայի հետ: Մեր արվեստագետները չեն ուրախանում մեկը մյուսի հաղթանակներով, այլ ուրախանում են մեկը մյուսի պարտությամբ, կարծում է ռեժիսորը:
Վերջինս գոհ չի այսօրվա հայկական կինոնկարներից: Մեր ֆիլմերը հիմա ավելի շատ ցուցադրվում են արտերկրում, քան Հայաստանում: Վիգեն Չալդրանյանը հետագայի համար արդեն ունի գրած 4 սցենար, եւ թատրոնի 2 բեմադրություն: Դժվարանում է ասել, թե որը կիրականացվի առաջինը, որովհետեւ դա կախված է ֆինանսական ներդրումներից:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49056
Վերջին տաս-տասնհինգ տարիների հայկական կինո գոյություն չունի: Միակ ֆիլմը, որ հիացրել է ինձ Վ.Չալդրանյանի “Քրմուհին” է: Ցավոք “Լռության սիմֆոնիան” չեմ տեսել: Եվ մեկ էլ վերնագիրը վստահ չեմ արդյոք ճիշտ եմ հիշում “Վոդկա, լիմոն”: Համենայն դեպս ԱՄՆ-ում այդ ֆիլմը բոլորը կոչում են “Vodka, Lemon”: Այ այդտեղ պատկերված մեր թշվառ հայրենիքի տեսիլքի մեջ կարելի է պատկերացնել մեր թշվառ կինոն:
Հայ կինոյի Տաղանդները տառապում են, անտաղանդ, էժանագին ստրուկները հարստանում:
Վերջին խելքը գլխին հայկական ֆիլմը, իմ կարծիքով, (և իմ տեսածներից) “Որտե՞ղ էիր, մարդ Աստծո” ֆիլմն է:
Անցյալ տարի պատահմամբ Արմենակոբ-ով տեսա մի դոկումենտալ ֆիլմ ղարաբաղի պատերազմի մասին: Կոչվում էր ,,Խաղում ենք պատերազմ,, :Կիսատ տեսա, շատ կուզենայի նայել լրիվ: Ով կարող է հուշել ում ֆիլմն է և որտեղից կարելի է ճարել: