Լարված դրությունը Հարավկովկասում շարունակում է մնալ վերջին օրերի ամենակարեւոր թեման եւ միջազգային հանրությունը շունչները պահած սպասում է հետագա զարգացումներին: Ու հենց այդ զարգացումների դիպլոմատիկ, բանակցային եւ այլ ձեւաչափի վճռորոշ հանդիպումներից զատ որոշ գնահատականներով այս պատերազմում բախտորոշ դերը ինֆորմացիոն քաղաքականությանն է ու կողմերը շարունակում են ինֆորմացիոն հարձակումները ողջ ուժով: Գնատահականներից մեկում պաշտոնական Թբիլիսին գրագետ PR քաղաքականություն է վարում, մինչ մեկ այլ աղբյուր հիշեցնում է մեզ Google-ի “հակավրացական” քաղաքականության մասին, հետո նաեւ ռուսական պրոպոգանդիստական ինֆորմացիոն քաղաքականության մասին: Այս օրերին բլոգինգը Վրաստանում նորաձեւ է, իսկ հակերային հարձակումները արդեն սովորական են դարձել:
Միեւնույն ժամանակ, եթե նախորդ շաբաթ դեռ քննարկում էինք վրաց-օսական պատերազմի իրական պատճառները, ապա այս շաբաթ հատկանշական է “հետեւանքների” եւ դիվանագիտական քայլերի քննարկումը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթվա”Ա1+”-ի բլոգի հարցման/Որն է վրաց-օսական պատերազմի հրահրման իրական պատճառը?/ արդյունքները ըստ այսօրվա տվյալների ցույց են տալիս, որ բլոգի ընթերցողների կարծիքները բաժանվել են երկու հիմնական մասերի` 22 տոկոսը կարծում է, որ պատերազմի իրական պատճառը Ռուսաստանի կովկասյան հավակնություններն են, մյուս 22 տոկոսը կարծում է, որ տատճառը Վրաստանի ՆԱՏՕ մտնելու հավակնություններն են: Ըստ ընթերցողների 19 տոկոսի կարծիքի պատերազմի հրահրման պատճառը իջազգային կառույցների շահախնդիր քաղաքականությանն ու ԱՄՆ-ի նավթային տիրապետությանը հասնելու ծրագիրն է, 15 տոկոսը կարծում է նաեւ պատճառը նաեւ վրաց ժողովրդի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումն է: Հետաքրքիր է, որ ոչ մի մասնակից չի քվերակել “օսեթ ժողովրդի ազատագրական մղումի” օգտին, իսկ 4 տոկոսը այլ պատճառներ է տեսնում:
Այս շաբաթվա հարցման թեման վրաց-օսական պատերազմի բոլոր հավանական հետեւանքներն են, որ կարող են լինել Հայաստանի համար: Հետաքրքիր է նաեւ իմանալ ըստ ձեզ ինչքանով է գրագետ պաշտոնական Երեւանի գործողությունները եւ պետք է արդյոք Հայաստանի ակտիվ միջամտության կամ քաղաքական գնահատական պաշտոնական ձեւաչափով?
Ե.Գ. Նյութի ներքեւում փակցրել եմ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից առաջարկված խաղաղության համաձայնության ֆայլը` բնօրինակը “սկան”արած/ֆրանսերեն/ իսկ կողքին “Նյու-Յորք թայմս”-ի անգլերեն թարգմանությանը: Կարծում եմ հետաքրքիր փաստաթուղթ է եւ արժե այն քննարկել:
Նոր բացված կամ ակտիվ գործող վրացական բլոգեր`
http://tsxinvali.blogspot.com/
http://russiangeorgianwar.blogspot.com/
http://qartu.com/
http://stop-bombing.blogspot.com/
http://occupation.tspteam.com/
http://georgieenfeu.blogspot.com
http://stoppt-russland.blogspot.com/
http://vocedallageorgia.blogspot.com/
Արժե կարդալ…
Հարավային Օսիա. բարոյական գնահատականների բախում
Վրաստանն ու Ռուսաստանը մեղադրում են միմյանց ռազմական հանցագործություններում, իսկ Ռուսաստանը փորձում է պնդել, որ իր գործողությունների համար կան բարոյական հիմքեր:
Թոմաս դե Վաալ, Լոնդոն, 13-ը Օգոստոս, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերական:
Անկայուն զինադադարի համաձայնագրից հետո Մոսկվան եւ Թբիլիսին այժմ ներքաշվել են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին վերաբերող կատաղի կռվի մեջ. ռուսական կողմը սա իր հիմնական փաստարկն է դարձրել` արդարացնելով հարձակումը Վրաստանի տարածքի վրա:
Ռուսները մեղադրում են նաեւ Արեւմուտքին` հակամարտության հարցում «երկակի չափանիշներ» կիրառելու համար:
Ռուսաստանն իր ռազմական գործողությունը ներկայացնում է որպես «խաղաղության պարտադրման գործողություն»`դիտավորյալ կերպով ենթադրյալ համեմատություն անցկացնելով Կոսովոյի հետ: «Ռուսներն ամեն անգամ հղում են կատարում Կոսովոյին»,- ասում է Սաբինա Ֆրեյզերը` միջազգային «Crisis Group» կազմակերպության եվրոպական ծրագրի տնօրենը: «Ինչպես մյուսներն էին ասում Սերբիայի եւ Կոսովոյի մասին, այժմ նրանք են պնդում, թե Վրաստանը կորցրել է Հարավային Օսիան կառավարելու բարոյական լիազորությունը»:
Այլ կերպ ասած, Մոսկվայի կարծիքով, վտանգված փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով արդարացված էր ինքնիշխան պետության տարածքի թիրախների վրա հարձակումը, ինչպես եւ վարվեց ՆԱՏՕ-ն 1999թ.:
Ռուս պաշտոնյաները բարոյական վրդովմունքի տոն են որդեգրում: Օգոստոսի 11-ին «BBC»-ի հետ զրույցում վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձեց ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հնչեցրած քննադատությունը, ասելով. «Մենք խորապես ցավում ենք, որ պարոն Չեյնին նույն կոշտ կերպով չարձագանքեց այն ժամանակ, երբ Վրաստանի զինվորները սպանում էին Հարավային Օսիայի կանանց եւ երեխաներին»:
Քչերն են հավատում, թե սա էր Ռուսաստանի գործողությունների իրական դրդապատճառը: Սեւծովյան Փոթի նավահանգստի կամ Հարավային Օսիայից 230 կմ հեռավորության վրա գտնվող Սենակի քաղաքի վրա հարձակումը դժվար թե կարելի է հիմնավորել օսական բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվելիք գործողություններով:
Թվում է, թե Ռուսաստանի հարձակման իսկական պատճառը տարածաշրջանում ռազմավական վերահսկողության համար պայքարն է: Ամիսներ շարունակ Մոսկվան ասում էր, թե ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի ձգտումն «անընդունելի է»: Ապրիլին Բուխարեստում կայացած գագաթնաժողովի ժամանակ դաշինքին միանալու Ուկրաինայի եւ Վրաստանի հեռանկարները Պուտինն անվանեց «ուղղակի վտանգ» Ռուսաստանի անվտանգությանը:
Շատերը կարող են հակադարձել Ռուսաստանի փաստարկին եւ ռուսներին մեղադրել երկակի չափանիշների համար` հիշեցնելով Չեչնիայի պատերազմը: Նրանք, ովքեր հիշում են 1999թ. Գրոզնի քաղաքում Պուտինի նախաձեռնած բիրտ հարձակումը եւ այն ժամանակ նրա անտարբերությունը քաղաքացիական բնակչության կորուստների նկատմամբ, տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանի վարչապետը խոսում Հարավային Օսիայի աղետյալ փախստականների հետ, կհարցնեն, թե ինչու նա սեփական քաղաքացիների նկատմամբ նույն վերաբերմունքը չէր ցուցաբերում:
Այնուամենայնիվ, որքան էլ սա ցինիկ չհնչի, ոչ ոք չի հերքում անցյալ շաբաթ Հարավային Օսիայի բնակիչների եւ էթնիկ վրացիների տառապանքները:
Վերջին 24 ժամվա ընթացքում ուշադրությունը բևեռվել է դեպի Հարավային Օսիայում բնակվող էթնիկ վրացիների դրությանը:
Հարավային Օսիայում գտնվող «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցիչները օգոստոսի 12-ին ասել են, թե տեսել են, որ էթնիկ վրացիների գյուղերը դեռեւս այրվում են Հարավային Օսիայի զինյալների հրդեհներից, ականատես են եղել զինյալների կողմից իրականացվող թալանին եւ առաջին ձեռքերից են տեղեկացել վրաց զինվորներից փախչող էթնիկ օսական գյուղերի բնակիչների վիճակի մասին:
Օգոստոսի 12-ին Հարավային Օսիայի Ջավա քաղաքից Ցխինվալ տանող ճանապարհով ուղեւորվող «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, թե մինչ այդ բացառապես էթնիկ վրացիներով բնակեցված չորս գյուղերի ոչնչացման սարսափելի տեսարաններին են ականատես եղել:
Այնտեղ մնացած սակավաթիվ բնակիչների խոսքերով, այդ ճանապարհով շարժվող Հարավային Օսիայի զինյալները թալանում եւ հրդեհում էին վրացական գյուղերը:
Հաղորդվում էր, որ գյուղերն ըստ էության լքված են, բացառությամբ մի քանի տարեց կամ անաշխատունակ մարդկանց, ովքեր այնտեղ էին մնացել, քանի որ անկարող էին փախչել կամ փորձում էին փրկել իրենց իրերն ու անասուններին:
«Այս ավերված էթնիկ վրացական գյուղերի մնացած բնակիչները հուսահատ պայմաններում են հայտնվել, նրանք չունեն ոՙչ ապրուստի միջոց, ոՙչ օգնություն, ոՙչ պաշտպանություն, եւ գնալու տեղ չունեն»,- ասում է «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Տանյա Լոկշինան:
Այդ ընթացքում ռուսներն ընդգծում են օգոստոսի 7-8-ին Ցխինվալի վրա Վրաստանի հարձակման կարեւորությունը:
Պետք է վերականգնել այդ գիշեր տեղի ունեցածի իրական պատկերը: Մենք գիտենք, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միակողմանի զինադադար էր հայտարարել Հարավային Օսիայում այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ փոքր բախումներ էին տեղի ունենում վրաց ու օս գյուղացիների միջեւ: Նա մեղադրել էր օսերին վրացական գյուղերի վրա կրակելու համար, միեւնույն ժամանակ ասելով. «Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ մի քանի ժամ առաջ ես շատ դժվար որոշում եմ կայացրել` պատասխան կրակ չբացել»:
Սակայն ընդամենը մի քանի ժամ անց վրացական բանակը զանգվածային հրետանային կրակ բացեց քաղաքի վրա, որին հաջորդ առավոտ հետեւեց ցամաքային հարձակումը:
Հիմա Սահակաշվիլին ասում է, թե նա հարձակվելուց բացի այլ տարբերակ չուներ, քանի որ օսերը կրակում էին վրացական գյուղերի վրա, իսկ Ռուսաստանը հարյուրավոր տանկեր էր ուղարկում Հյուսիսային եւ Հարավային Օսիայի միջեւ գտնվող Ռոկի թունելով:
Ինչեւէ, տեղաբնակ օսերն ասում են, թե Ռուսաստանի ռազմական աջակցությունը ժամանել է ժամեր անց հարձակման սկսվելուց հետո, եւ մինչեւ օրս չեն հաստատվել տվյալներն այն մասին, թե ռուսական զորքերը Ցխինվալ են հասել այդ գիշերվա ընթացքում:
Դժվար է գնահատել Ցխինվալի վրա հարձակման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը: 2000 զոհերի մասին Ռուսաստանի իշխանությունների հնչեցրած տվյալները չեն հաստատվել անկախ փորձագետների կողմից: «Human Rights Watch»-ը կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել, ասելով, թե կազմակերպության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի տասնյակ վիրավորներ են տեսել Հյուսիսային Օսիայի հիվանդանոցներում:
Բայց մեզ հայտնի է, որ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, իսկ մնացածը փրկվել են Ցխինվալի ամուր նկուղների, այլ ոչ թե Վրաստանի զսպվածության շնորհիվ: Օսերը պատմում են 14 ժամ շարունակ տեւած ռմբակոծության մասին` եՙւ քաղաքի, եՙւ դեպի լեռները տանող հյուսիսային ճանապարհի վրա:
Նրանք նաեւ պնդում են, թե վայրագություններ են տեղի ունեցել` վրացիները նռնակներ էին նետում դեպի այն նկուղները, որտեղ ապաստան էին գտել խաղաղ բնակիչները:
Ռուսական կողմն ասում է, թե սպանվել է նաեւ 15 ռուս խաղաղապահ:
Այժմ Ռուսաստանը երկու փաստարկ է ներկայացնելու Հարավային Օսիայի առումով: Առաջին` Վրաստանը միակողմանի կարգով խախտել է ԵԱՀԿ հովանու ներքո գործող հակամարտության խաղաղապահ պայմանավորվածությունը, եւ նրան այլեւս չի կարելի թույլ տալ ներկա գտնվել վիճահարույց տարածաշրջանում: Երկրորդ` Հարավային Օսիայում կատարված ռազմական հանցագործությունները պետք է քննվեն դատարանում:
Իր կողմից, Վրաստանի կառավարությունն այժմ ասում է, թե Հարավային Օսիայում գտնվող իր քաղաքացիները «էթնիկ զտման» են ենթարկվում ռուսական զորքերի կողմից, սպանվում են կամ պատանդ տարվում:
Կառավարությունն ասում է նաեւ, որ հայց է ներկայացնելու Ռուսաստանի դեմ Արդարադատության միջազգային դատարան (ICJ)` մեղադրելով Մոսկվային 1993-2008թթ. Վրաստանում իրականացրած էթնիկ զտումների համար:
Մինչդեռ, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոն հայտնել է «Reuters»-ին, որ իրեն դիմել են այդ հակամարտության հարցով, եւ ինքը կարող է նախնական հետաքննություն սկսել:
Վրաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտի անդամ է հանդիսանում, ինչը նշանակում է, որ դատարանի դատախազը կարող է միակողմանի կարգով հետաքննել Վրաստանի տարածքում եՙւ վրացիների, եՙւ ռուսների կողմից կատարված ենթադրյալ խախտումները: Ռուսաստանը Ստատուտի անդամ չէ, բայց նույնպես ասել է, թե կարող է հայց ներկայացնել: Գուցե դատարանը կարողանա հանդիսանալ այն հրապարակը, որտեղ այս դաժան հակամարտության փաստերը պատշաճ կերպով կհետաքննվեն, բայց միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ համագործակցեն, ինչը թույլ կտա հայտնաբերել մարդու իրավունքների խախտման սարսափելի փաստերը:
Թոմաս դե Վաալը IWPR-ի կովկասյան խմբագիրն է: Այս հոդվածի համառոտ տարբերակը տպագրվել է «Financial Times»-ում օգոստոսի 13-ին: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
Հետաքրքիր ուսումնասիրություն է Թուրքիան Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ-Հայաստանին իհարկե չեն մոռացել:
http://www.setav.org/index.php?option=com_content&task=view&id=545&Itemid=68
Ռուսաստանն էլ , Արեւմուտքն էլ՝ իրանց ողջ լրատվական զանգվածային միջոցներով հանդերձ տականքներ են ու անբարոյականի ծնունդ:
Սրանից հազար անգամ ավելի վատ ձեւով ու միջոցներով Ամն վարվում էր ու վարվում է Իրաքի, Աֆղանստանի, Հարավսլավիայի/Սերբիայի ու այլ պետությունների եւ խաղաղ բնակչության հետ, նրանց անվանում են տեռորիստ ու գնաց ում ուզեն վերացնում են:
Նույնը Ֆրանսիան Աֆրիկյան որոշ երկրներում, Մեծ Բրիտանիան իր նախկին գաղութներում, Իսրայելը՝ Պաղեստինում, ԽՍՀՄը՝ արեւլաեւրոպական երկրներում, Աֆղանստանում:
երբ սրանք մեկը մյուսին քննադատում է, սրանցից ոչ մեկը դրա իրավունքը չունի, ու նրանք քննադատում են նրա համար , որ ոչ թե մտածում են իբր տվյալ ժողովրդի մասին, այլ իրենց շահերն են հետապնդում:
Նույն արեւմտյան զլմ-ները ուրեին իրաքի, գուանտանամոյի, կոսովոյի, Հարավսլավիայի ու այլ դեպքերում, նույնն էլ վերաբերվում է ռուսականի դեպքւմ:
Բայց պրոպագանդան միշտ լինւմա , ինչպես ձեռնտու է տվյալ երկրին:
Արդարացնում են բացահայտ անարդարությունը , եթե իրենց պետք է: Մի մոռացեք մարդկության գոյության առաջին իսկ օրվանից մարդիկ , ազգերը , ժողովուրդներն ու պետությունները պայքարում են ռեսուրսների համար, ու այդ կռիվներում ճիշտ են համարում եթե բխում է իրենց շահերից, իրենց երկրի համար ճիշտ է, այլ ոչ թե մյուսի համար:
Մարդկությունը միշտ փորձել է մշակել ընդհանուր ընդունելի , կարելի չի կարելիի, ճիշտ ու սխալի, օրինական ու անօրինականի համընդհանուր ձեւակերպումներ, բայց դա կարծես չի օգնել , քանի որ դա մշակվել է գերտերությունների պարտադրանքով, ու նրանց շահերը առաջին հերթին հաշվի առնելով:
Չեչնիայի տարբերակին ես մի քիչ վերապահումով եմ վերաբերվում , քանի որ այնտեղ ինչպես եւ ժամանակին թալիբների դեպքում հրահրողը ու ֆինանսավորողը եղել են Ամն: բացի դա այնտեղ իրոք տեռորիստական ցանցի մասնիկն էր բուն դրել ու չեչենների անվան տակ իր ուզածն էր իրականացնում:
Ու ամենակարեւորը չեչենները, ի տարբերություն Արցախի, կամ Օսերի, Աբխազների հանրաքվե չեն արել ու որոշել, որ անկախանում են, իսկ նրանց մոտ չեչեն ժողովուրդը երբեք միակարծիք չի եղել այս հարցում: Բայց երբ չեչենների գերակշիռ մասը ինքնակամ առանց այլ հրահրումների անկախություն պահանջի ես դա կպաշտպանեմ:
Սա նման է նույն Ֆրանսիական Կորսիկայի հարցին, Իսպանիայի Կատալոնիայի ու բասկերի հարցին, Բելգիայի ֆլամանդացիների ու վալոնացիների հարցին, Անգլիայի դեպքում Հյուսիսային իռլանդիայի Շոտլանդիայի ու Ուելսի հարցին ու էլի սենց բազմաթիվ օրինակներ:
Բայց էս դեպքերը միանշանակ տարբեր են ասենք Ղարաբաղի հարցից, քանի որ մեր մոտ 100% ցանկություն կա ու միասին ապրելու անհամատեղելիություն իսկ այնտեղ անկախացման ջատագովները չեն դառնում մեծամասնություն:
Այ երբ նրանք կդառնան մեծամասնություն այն դեպքում էլ կարելի է խոսել, նրանց անկախացման մասին:
իմ կարծիքով , եթե որեւէ ժողովրդի գերակշիռ մեծամասնություն սեփական կամքով առանց դրսի հրահարման ցանկանում է անկախանալ , ապա նա միանշանակ դրա իրավունք պետք է ստանա, քանի որ դժվար թե այդ ժողովուրդը այնքնա հիմար լինի , որ իր համար ընտրի ավելի վատ ճանապարհ, եթե այն երկիրը , որից անջատվելու ցանկություն է առաջացել կարող է տվյալ ազատություն պահանջող ժողովրդին այնպիսի պայմաններ առջարկել ու համոզել , որ իր տարածքում մնալը օգտակար է ավելի լավ է ազատություն պահանջող ժողովրդի համար քան անկախ ապրելը, ապա բնականաբար ելնելով իր շահերից այդ ազգը կնախընտրի չանկախանալ:
Սա ընդ որում միայն հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, քանզի պատերազմի դեպքում ազգերը ինքնաբերաբար դառնում են անհամատեղելի եւ նրանց լրիվ հաշտեցնել շատ ժամանակ կպահանջի:
Բայց նման հարցերի օբյեկտիվ ու հանգիստ լուծմանը խանգարում են ու միշտ էլ խանգարելու են գերտերությունները ու նրանց շահերը:
Այնպես որ մենք պետք է սա հասկանանք ու լավ ըմբռնենք աշխարհում ստեղծված խաղի կանոնները, հույսներս դնենք մեր վրա , հավատանք մեր ուժերին, վերջ տանք գավառամտությանը, մանր ժուլիկությանը, վերածվենք միայն ու միան լայն աշխարհահայացքով ու հորիզոնով ազգ, դառնանք ազատամիտ ու կարողանանք աշխարհում ստեղծված խաղի կանոններով ճիշտ խաղալով գործընթացները շեղենք մեր օգտին ու էդ դեպքում ոչ հեռու ապագայում մենք էլ միգուցե կդասվենք աշխարհի ուժեղների շարքին ու կկարողանանք մեր նոր խաղի կանոններ պարտադրել:
Վրաստան 1 օրում
Եվ այսպես, որ չերկարացնեմ, ասեմ, Երևանից դուրս եկա գնացքով ամսի 14-ի երեկոյան (ի սկզբանե ուզում էի հասնել Գորի): Իսկ մյուս օրը առավոտ 8-ին գնացքը մտավ Թիֆլիս:
Առաջինը, ինձ աչքի ընկան երկու ռուսական СУ-25 գրոհային ինքնաթիռ, այքան հանգիստ էին թռչում քաղաքի վրայով, ինչպոս պոլիգոնի վրա զորավարժությունների լինեին, ոչ մի միջոց չէր ձեռնարկվում ինքնաթիռների դեմ, սրանք էլ ,մի երկու պտույտ տալուց հետո, ամեն մեկը մեկ հատ ռումբ գցեցին (ինչպես հետո պարզվեց ավիաշինական գործարանի վրա), և հեռացան: Մոտ 5 րոպեից, երբ արդեն գնացքից իջել էի (ժամը 9-ն էր) ստացվեց տեղեկություն, որ ռուսները հրետանակոծում են Կասպի քաղաքը, և ես առանց երկմտելու երթուղայինով մեկնեցի Կասպի: Ժամը 10-ին հասնելով Կասպի` տեսա մի աննախանձ տեսարան` կիսաքանդ տներ, վիրավորներ, հրդեհներ (ծխի ու փոշու մասին ել չեմ ասում): Տեղացիները ասացին, որ հրետանակոծությունը ավարտվել է մոտ 40 րոպե առաջ:
Հասկանալով, որ այստեղ այլևս անելիք չունեմ` քայլեցի դեպի Մցխետա-Գորի ավտոմայրուղի, որը Կասպիից մոտ 3 կմ-ի վրա է գտնվում:
Այստեղ արկածը ինձ չստիպեց սպասել` մոտ 2-3 րոպեից ինձ մոտեցավ մի «կիսա JEEP» մեքենա, որից իջած մարդը ներկայացավ, որպես Վրաստանի Մցխետի նահանգի հակահետախուզության պետի տեղակալ` Գեորգի անունով: Սա իհարկե սկսեց ինձ հարցուփորձ անել, հարցնել, թէ ով եմ, ինչ եմ անում: Բացօթյա հարցաքննության մոտ 20-րդ րոպեին 1 կմ հեռավորության վրա նկատեցինք մեր ուղությամբ «շախով-շուխով», օդ կրակելով (մնում էր միայն թրերը հանեին, գլխավերևներում պտտացնեին) շարժվող շուրջ 10 հատ «Վիլիս»-ներով զինվորականների, առանց որևե բանակի տարբերակման նշանի, կամ դրոշի: Տեսնելով այս անկրկնելի տեսարանը Գեորգին ասած, որ իր մոտ կա AK-74 ավտոմատ, որի համար սրանք իրեն տեղում կգնդակահարեն (ձեռքի հետ` կարող է ինձ էլ): Նստեցինք նրա մեքենան և բավականին արագ փախանք դեպի Մցխետա քաղաք, սկզբից «Վիլիս»-ներից երկուսը շարժվեցին մեր ետևից, հետո փոշմանեցին, և մնացածների հետ գնացին կանգնեցին երկաթուղային գծերի վրա (բառիս բուն իմաստով): Գեորգին բացատրեց, որ սրանք կազակներ էին, որոնք ըստ երևույթի փակեցին երկաթգիծը:
Երբ հասանք Մցխետիի ոստիկանության շենքի մոտ նա հայտարարեց, որ իմ հետ դեռ պարզելու բաներ ունի: Գնացինք իր սենյակ, որտեղ նա ինձ սուրճ առաջարկեց (Գեորգին իմ հետ նույնիսկ «Դուք»-ով էր խոսում), որից հետո վերսկսեց հարցուձորձը: Մի խոսքով, ասեմ, մեկ, մեկուկես ժամ հարցաքննության ընթացքում ես իրեն համոզեցի, որ ես ազատ լրագրող եմ (դե հո չեի ասելու, որ էքստրեմալ տուրիստ եմ) և որ «Ա1+»-ի բլոգում գրածս մեկնաբանությունները հոդվածներս են (մտավ ինտերնետ, նայեց, ստուգեց), բացի այդ հասկացա, որ Գեորգին բավականին կարգին մարդ է: Նա ինձ ասաց, որ բացի Բաքվից ու Երևանից այլ տեղ գնացք չի գնում ռուսների կողմից երկաթգծերը փակելու պատճառով, հետո ճանապարհեց մինչև Մցխետիի ավտոկայան, որտեղից նրա հետ կոնտակտներ փոխանակելուց հետո մեկնեցի Թիֆլիս:
Թիֆլիսով ման գալուց նկատեցի մի դպրոց, որտեղ տարօրինակ մարդիկ էին ներս ու դուրս անում: Մտա, ու պարզեցի, որ այդ դպրոցում 2500 Վրացի փախստական է «ապրում»: Այդ մարդկանցից մի-քանիսի հետ խոսելուց հասկացա, որ իրենք արդեն գոյություն չունեցող Գորի քաղաքից են: Այս մարդիկ քնում էին հենց հատակին, հաց էին ուտում` ձեռքով, փախստականներից մեկի` իմ վրա նետած հայացքից հասկացա, որ նա մտավորական և արիստոկրատ մարդ է ու չի ցանկանում այսպիսի օրհասական կյանքով ապրել և ըստ երևույթի ապրում է ոչ-թէ իր, այլ իր ընտանիքի, կամ մտերիմներւ համար:
Ընթերցողին դառը տեսարաններով չհոգնացնելու համար, արագ ասեմ, որ փախստակններով լի դպրոցից ես գնացի ՀՀ դեսպանատուն, որ ինձ, որպես պատերազմող երկրում գտնվող ՀՀ քաղաքացու ՀՀ ԱԳՆ նախարարի հրամանի համաձայն պետության հաշվին ուղարկեն Երևան… Դեսպանի հետ «կռիվ» անելուց հետո (ժամը 15:20) հիշեցի որ Թիֆլիս-Երևան գնացքը մեկնում է ժամը չորսից քսան պակաս: 10 րոպեում վազքով հասա կայարան, որտեղ տոմսավաճառ մի աղջիկ ինձ հայտարարեց, թե «այևս այսօրվա տոմս չի վաճառվում»: Ես իհարկե դեսպանի վրա չթափված կատաղությունս սկսեցի թափել խեղճ աղջկա վրա: Այս ընթացքում ինձ մոտեցան երեք ադրբեջանցիներ, որոնք ըստ երևույթի ծանոթ էին այդ աղջկան: Պարզելով, թե ինչը ոնց է, նրանցից մեկը «ծանոթի կարգով» խնդրեց աղջկան ինձ տոմս վաճառել, ինչը աղջիկը միանգամից և արեց:
Ադրբեջանցիների հետ, մեր երկրների միջև խաղաղության ցանկությունների փոխանակումից հետո վազեցի, նստեցի գնացքս, որը համարյա ամինջապես շարժվեց:
Սադախլո, կամ Վրացական մտածելակերպ
Եթե երբևիցե գնացքով Վրաստան գնացել եք, ապա կիմանաք, որ սահմանի Սադախլո անցակետում գնացքը 1-2 ժամ կանգնում է: Ես որոշեցի այդ ժամերը չկորցնել, և զրուցելով գնացի ուղեվոր և անցակետի աշխատող Վրացիների հետ հասկանալ նրանց մտածելակերպը և կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ: Հետաքրքիրը այն է, որ Վրացիները չէին բողոքում, որ 200000 փախստական ունեն, չէին բողոքում, որ բազմաթիվ զոհեր ունեն, նաև գրեթե չէին բողոքում, որ իրենց երկիրի զգալի մասը դե-ֆակտո օկուպացված է, նույնիսկ համարյա չեին բողոքում, որ Ռուսաստանը իրենց լեգետիմ, բայց, ինչպես իրենցից մեկը ասեց «ոչ ադեկվատ» նախագահի հրաժարականն է ուզում, այլ բողոքում էին, որ իրենց` Վրացիներին ցեղասպան են անվանում, և նույնիսկ խնդրում եին ինձ, որ երբ ես վերադառնամ Հայաստան, բոլորին պատմեմ, որ Վրացիք ցեղասպան ժողովուրդ չեն: Իրենք հպարտորեն պատմում եին, որ իրենց բանակը լուրջ դիմադրություն է ցույց տվել ռուսներին, որ մի-շարք զորամիավորումներ առ այսօր պարտիզանակն պայքար է մղում ռուսների դեմ, որ ռուսական «սպեցնազին» են ջարդել, և աշխատել են «ջենտլմենավարի» կռվել: Իրենց ասածը մետավորապես սա էր «Ռուս, թե տղա ես, մեր կանաց ուղիղ եթերում կրակելու փոխարեն, արի մեզ հետ «զորք vs. զորք կռվի», և մենք քեզ ցույց կտանք, թե որտեղ են «գիշերում խեցգետիները»:
Ինձանից կարող եմ ավելացնել, որ Թիֆլիսում իրավիճակը այնքան հանգիստ էր, որ եթե չտեսնեի փողոցներում մեկ-մեկ հանդիպող զինված կամավորներին, ապա կմտածեի, որ ռուսները երկրի հակառակ կողմում են:
Հ.Գ.
Գրածս, որպես պատմվածք այդքան էլ հաջող չի, բայց դա, ի հեճուկս կովկասի ժողովրդների, իրականություն է: Եվ այդ օրը 2008 թվի օգոստոսի 15-ն է:
—
Դանիել Իոաննիսյան
shat hetaqrqir er,,,,,
apres.
՚ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎ-ՕՍԵԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑՙ[17:03] 20 Օգոստոսի, 2008
ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանը պատասխանում է ՚Ա1+ՙ-ի հարցերին
Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՜չ Հայաստանի իշխանությունների, ո՜չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը£
Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում© պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի£
Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ
Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը£ Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետությունը: Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտությամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից£ Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա£
Շատերն, ընդունելով հանդերձ Ռուսաստանի միջամտության հիմնավորվածությունը, միաժամանակ պնդում են, որ նրա պատասխանը համարժեք չէր:
Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որեւէ ոտնձգության£ Կարեւորն, ինչպես ասացի, այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու պարագայից, կանխեց հարավ-օսեթական ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը£
Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե իբր Սահակաշվիլին չէր կարող նախաձեռնել պատերազմը՝ առանց ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը:
Այդ պնդումները ես համարում եմ անհիմն եւ անհավատալի, քանի որ բացառված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման լուրջ պետությունը որեւէ մեկին դրդեր այդպիսի արկածախնդրության£ Այլ բան է, որ նախագահ Սահակաշվիլին կարող էր սխալ ընկալել կամ մեկնաբանել Արեւմուտքից ստացած որոշ բարեկամական ժեստեր:
Այդ դեպքում ինչի՞ վրա էր հիմնված Սահակաշվիլու հաշվարկը£ Մի՞թե նա չէր կարող կանխատեսել իր քայլի հետեւանքները, մասնավորապես, Ռուսաստանի հակազդեցությունը:
Վրաստանի կառավարության հաշվարկն, իմ կարծիքով, հիմնված էր նախեւառաջ հանկարծակիության գործոնի, եւ երկրորդ՝ բարեկամ երկրներին փաստի առջեւ կանգնեցնելու միջոցով հնարավոր միջազգային աջակցություն ստանալու չերաշխավորված ակնկալիքի վրա£ Ըստ այդմ, մենք գործ ունենք ՚ցանկալին իրականություն ընկալելուՙ (wishful thinking) տիպական եւ ուսանելի օրինակի հետ:
Եթե, ինչպես Դուք նշեցիք, Վրաստանը հույսը դրել էր հանկարծակիության գործոնի վրա, ապա ինչո՞ւ նա չփորձեց, դեսանտ իջեցնելով, փակել Ռոքի թունելը եւ դրանով խափանել ռուսական ուժերի առաջխաղացումը£
Վրաստանի մտադրությունը ոչ թե հարավ-օսեթական ժողովրդի բնաջնջումն էր, այլ նրա տեղահանումը, ինչն անհնար էր իրականացնել առանց այդ թունելը բաց պահելու£ Սահակաշվիլին չէր կարող չգիտակցել, որ բնաջնջումը չէր ներվի համաշխարհային հանրության կողմից, մինչդեռ տեղահանումը կարող էր այս կամ այն կերպ հանդուրժվել, ինչպես 1995 թվականին հանդուրժվեց Կրաինայի սերբերի պարագայում£
Կարո՞ղ եք համառոտակի ամփոփել պատերազմի հիմնական արդյունքները£
Վրաստանի կողմից սանձազերծված պատերազմը ծանր կորուստներ պատճառեց հարավ-օսեթական ժողովրդին եւ ռուս խաղաղարարներին, բայց այդ պատերազմի գլխավոր զոհը դարձավ ինքը Վրաստանը, որը բացի իր վճարած բազմահազար մարդկային կյանքերից, կորցրեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի վրացաբնակ կղզյակները (անկլավները) եւ ստացավ տասնյակ հազարավոր նոր գաղթականներ£ Չեմ կասկածում, որ մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ այդ ամենի համար հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից£ Ես անկեղծ ցավով եմ արձանագրում եղբայրական վրաց ժողովրդին բաժին ընկած ազգային աղետը եւ նրան մաղթում հնարավորինս արագ վերագտնել իր արժանապատվությունն ու ինքնավստահությունը: Այդ մաղթանքը որքան անկեղծ է մարդկային առումով, նույնքան աներկբա է քաղաքական տեսակետից, քանի որ Վրաստանի կայունությունը, հզորությունը եւ բարգավաճումը միանգամայն համապատասխանում են Հայաստանի շահերին:
Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի միջնորդական առաքելությունը ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործում:
Դա միանգամայն ժամանակին նախաձեռնված եւ արդյունավետ առաքելություն էր, ինչն, անշուշտ, հեշտացվեց ռուսական կողմի պատրաստակամության եւ վրացական կողմի այլընտրանք չունենալու պատճառով: Սարկոզիի դերակատարությունը կարեւորվում է մանավանդ այն առումով, որ նա ներկայացնում էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եւրոպական Միության դիրքորոշումը£
Իսկ ինչպե՞ս այդ համատեքստում կմեկնաբանեք Եվրամիության որոշ երկրների՝ Լեհաստանի, Բալթյան հանրապետությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի ղեկավարների միանշանակ աջակցությունը Վրաստանին:
Թբիլիսիում տեղի ունեցած համերաշխության այդ ցույցն, իհարկե, հուզիչ արարողություն էր, բայց դրան պետք է վերագրել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական նշանակություն£
Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ ռուս-վրացական զինված հակամարտությունը գլոբալ քաղաքականության տեսակետից:
Հակառակ ռուս-վրացական պատերազմի առաջացրած լայն միջազգային արձագանքին, ակնհայտ է, որ այն ունենալու է զուտ տեղական կամ տարածաշրջանային նշանակություն եւ, ըստ էության, չի ազդելու գերտերությունների ռազմավարական բնույթի ներկա հարաբերությունների վրա£ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալվող կոշտ հակառուսական ռիտորիկան բացատրվում է նախընտրական կոնյունկտուրայով, ուստի հիմքեր չկան դա երկարաժամկետ գործոն դիտելու£ Հարավային Օսեթիան այն կիզակետը չէ, որ սառը պատերազմի վերակենդանացման ազդակ ծառայի£
Վրաց-օսեթական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս չլուծված էթնիկական հակամարտությունների վրա:
Անտարակույս: Սակայն, ցավոք սրտի, ոչ թե այդ խնդիրների կարգավորման հեշտացման, այլ բարդացման ու երկարաձգման առումով£ Պատերազմը մեկ անգամ եւս վերհանեց միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման նկատմամբ գերտերությունների դրսեւորած հակասական մոտեցումը£ Մինչեւ աշխարհը չհրաժարվի այս հարցում երկակի ստանդարտների կիրառման պրակտիկայից կամ չգտնի նշված սկզբունքների ներդաշնակեցման բանալին, անհնար է պատկերացնել ազգամիջյան հակամարտությունների արագ լուծումը£
Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը Հայաստանի վրա:
Պատերազմը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեց, թե որքա՜ն փխրուն եւ խոցելի է Հայաստանի տնտեսությունը£ Հարեւան երկրում ընդամենը մի քանի օր տեւած ռազմական գործողություններն անմիջապես խախտեցին Հայաստանի բեռնափոխադրումների կանոնավորությունը եւ որոշակի խուճապ առաջացրին ներքին շուկայում, մասնավորապես գազի եւ նավթամթերքների մատակարարման բնագավառում£ Փոթիի նավահանգստի գործունեության թեկուզ ժամանակավոր խափանումն ու Անդրկովկասյան երկաթուղու կամուրջներից մեկի պայթեցումն սպառնում են ավելի եւս բարդացնել իրավիճակը£ Սա պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի լրջորեն գնահատել այս դառն իրողությունը եւ համապատասխան եզրակացություններ անել նրանից£
Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեր պատերազմին եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում:
Եթե Դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերեւս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսեւորել երկու բարեկամ պետությունների միջեւ ծագած ռազմական հակամարտության նկատմամբ£ Այս առումով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան£ Իսկ գործնականում Հայաստանի կառավարության կողմից պետք է արվեն եւ մասամբ արվում են իրավիճակից բխող որոշ քայլեր՝ մարդասիրական օգնության ցուցաբերում թե՜ օսեթական, թե՜ վրացական կողմերին, կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում ավտոշարասյուների միջոցով, մասնակցություն Փոթիի նավահանգստի վերագործարկման եւ Կասպիի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին եւ այլն£ Սակայն ՚համապատասխան եզրակացություններՙ ասելով, նույնիսկ այս ամենը չէ, որ ես նկատի ունեի, այլ շատ ավելի էական պահեր, մասնավորապես՝ պատերազմից քաղելիք մեր դասերը£
Ի՞նչ դասերի մասին է խոսքը:
Առաջին, Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից£ Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ£ Երկրորդ, արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է£ Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունեն£ Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միեւնույն է՝ փոքրերը£ Եւ երրորդ, փոքր պետությունները պետք է մեկանգամընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից եւ փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները եւ ժողովուրդների համակեցության նորմերը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=63401