Այսօր էլ հացի սեղան կնստենք

16 03 2017

hac berox  (Հաց բերողի հիշատակին)

Դուք խոսում եք հերոսությունից ու մարդասիրությունից, ու մինչ դուք խոսում եք, դեռեւս  ոչ մի հոդվածի հերոս, ոչ մի բանաստեղծության մուսա չդարձած մեկը ամառային մի օր բեռնատարով ճեղքում է ոստիկանության պատնեշը՝ դառնալով Հավերժի թեմա:

Հիմա նա թեմա է ավելի, քան՝ ինչ-որ մեկը, հիմա նա թեմա է ի հեճուկս կուրծք ծեծող  ԱԺ պատգամավորի թեկնածուների, որոնցից շատերն  անգամ իրենց պատշգամբի տակ հավաքված ճնճղուկներին երբեք հացի փշրանքի չեն արժանացրել:

Հիմա նա դառնալու է հերոս. գուցե տարվա մեջ մի օր, գուցե հենց այս օրը, հիշեն նրան ու հռչակեն այն միայն բարի գործերի օր:

Գուցե այս օրը մարդիկ միմյանց բարություն անեն, վարակվեն դրանով, բայց չեն մտնի պատմության մեջ, քանի որ Արթուրը դրա համար հատուկ օր չէր ընտրել:

Օրն էլ ընտրել նրան, խիղճն էր ընտրել օրը և ոչ թե օրը՝ խղճին: Արթուրը չէր անում, որ զարմացնի, բայց զայրացրեց: Անում էր, որ փրկի, բայց կործանեց ինքն իրեն: Գուցե նա մտնում էր այդ ՊՊԾ գնդի  անիծյալ դարպաներից ներս՝ մտքում կրկնելով. «Թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի»: Գուցե նա մեզնից առաջ գիտեր, որ այս օրը գալու է, քանի որ հանրապետականցված մեր երկրում էս օրը չի կարող չգալ խիղճ ունեցողների համար: Ծալե՛ք, ձեր վերցրած 5000 դրամ ընտրակաշառքի հետ ծալեք ու ձեր գրպանը դրեք ձեր խիղճը, փակե՛ք աչքերը, արհամարհանքով անցե՛ք փողոցում հաց բերողի ու այլ պահանջների համար հավաքված երիտասարդների կողքով, ասե՛ք բարձրաձայն, որ ուրիշ կերպ հիմա չես գոյատևի: Բա ո~նց, իհարկե չես ապրի, քանի որ ապրելն ու խիղճ ունենալը տարբեր բաներ են մի երկրում, որտեղ բոլորն ուզում են փոխել հարևանին ու երկիրը:

Արթուրը գիտեր՝ ինչ էր անում և դրա համար չէր գնացել տարբեր թրեյնինգների, որ հասկանա այս կյանքում ինչ է ուզում: Նա ուզում էր ավելի լավ երկրում տեսնել ինձ, քեզ, մեզ: Նա նույն բանը կաներ իմ, քո, մեզ համար:

Էսօր էլ հացի սեղան կնստենք ես, դու, մենք, բայց ոչ նա՝ հաց բերողը:

Անժելա  Գրիգորյան

 

 





Երբ ես սիրեցի գիրքը

18 02 2017

girqՊատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:

«Նավապետ Գրանտի որդիները» առաջինն էին, ում հանդիպեցի մեր հարևանուհու թեթև ձեռքով, ով այդ ժամանակ իմ իմացած ամենագեր կանանցից էր: Այդ գրքից հիմա ոչինչ չեմ հիշում, ինչպես երբ չեն հիշում առաջին սերը, չնայած հասկանում են, որ դրանով են սիրել սովորել:

Հիմա ինձ առանց գիրք հազվադեպ են տեսնում, նույնիսկ «գրադարանի աղջիկ» են ասում: Գրադարանում ինձ գիտեն դեմքով, նույնիսկ ամեն նոր սկսվող գրադարանային տարի անձնական տվյալներս թարմացնելիս, երբ տեսնում են, որ բնակությանս հասցեն չի փոխվել, հարցնում են. «Հըն, ի՞նչ անձնական նորություն:» «Կարդացածս գրքերի թիվը»,-կատակում եմ, պայուսակիս մեջ խնամքով դնում հերթական «սերս» ու դուրս գալիս:

Ի դեպ, գրադարանների մասին: Ով մեկ անգամ եղել է գրադարանում, միշտ կհիշի գրքերի այդ կախարդող հոտը: Իմ առաջին գրադարանը և միակը Ավ. Իսահակյանի անվան գրադարանն է, որտեղ և գտել եմ կարդացածս գրքերի մեծ մասը, քանի որ անձնական գրադարանս նոր-նոր է սկսել կազմավորվել: Ուսանողական տարիներին համալսարանից գրադարան ոտքով էի գնում: ճանապարհը, ու ընդհանրապես գրադարան գնալը, տոն էր ինձ համար, նույնիսկ հատուկ գրադարան գնալու օրեր ունեի: Երբ ավարտեցի, ասում էի՝ այնպիսի տեղ պիտի աշխատեմ, որ մոտակայքում գրադարան լինի: Դե, ինչպես ասում են, երբ դու մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որ դա կատարվի: Հենց այդպես էլ եղավ. նույն անդավաճան «Իսահակյանն» է, ուր քայլում եմ ընդմիջմանը՝ նույն տոնի զգացումը սրտումս:

Հաջորդը Գրքամոլն էր: Մի նախաձեռնություն, որի կենտրոնը գիրքն է և որն այժմ դարձել է կենտրոնը մյուս բոլոր գրքային միջոցառումների ու գաղափարների:

Գիրք նվիրելու օրվանից 85 օր առաջ գրքային մեկ այլ տոն նվիրեց Բուկինիստ գրախանութների ցանցը: «Արի գրքախառնվենք», «Գրքոտ սիրո խոստովանություն» միջոցառումներից հետո էլ ոչ մի մեծահասակից չես լսի, որ էսօրվա սերունդը գիրք չի կարդում: Հացի հերթ հիշեցնող գրքի հերթից հետո իրենց «հոգու սովը» (թեև այնտեղ հոգեպես ամենահարուստ մարդիկ էին հավաքված) հագեցնող մարդկանց բառապաշարում «գրկախառնվել», «կրքոտ» բառերի գրքային տարբերակները դարձել են առօրյա բառապաշարի մի մաս:

Այժմ նույնիսկ քաղաքականությունն է դիմում գրքերի օգնությանը՝ հասարակության ուշադրութունը գրավելու համար: «Ելք»-ըառաջարկում էր գրել մեկ այլընտրանքային կարգախոս ու հեշթեգ, տարածել իր գրառումը. լավագույնը կստանար գրքեր: Եվ մինչ ես կհասցնեի գրել իմ տարբերակը, այն է՝ «Լավագույն ելքը միշտ էլ ճիշտ ընտրված գրքերն են», տեսա, որ մրցույթն ավարտվել է: Ամեն դեպքում ես դեմ չէի գրքոտ քաղաքականությունը և «գրքակաշառքներին»:

Գրաբուսի մասին: Այս նոր անունով հասարակական տրանսպորտի միակ ուղևորները լինելու են գրքերը, որոնք սակայն 100 դրամից մի փոքր ավելի պիտի վճարեն գրաբուսից իջնելու համար: Դե ճիշտ այնքան, ինչքան վայել է իսկական արժեքավոր գրքին:

Անտարեսյան 1000 լայքի մրցույթը նման էր Հռոմի պապի այցին. այն բոլորին դարձրեց մի քիչ ավելի մարդասեր, հանդուրժող, «նեղ պահին» հասնող և սիրող:

Երբ ես սիրեցի գիրքը, գազանանոցի ճանապարհի խցանումները, հերթերը և ամեն տեսակ ժամանակատար սպասումները դարձան պակաս նյարդայնացնող: Հիմա մեկ-մեկ նույնիսկ ուրախանում եմ, երբ ստիպված եմ լինում ինչ-որ մեկին կամ մի բանի սպասել, քանի որ այն դառնում է լրացուցիչ առիթ մի քանի էջ ավել կարդալու համար:

Չնայած գրքի շուրջ ծավալվող բոլոր այս հասարակական միջոցառումներին՝ ընթերցանությունը եղել և մնում է այնքան անձնական, որքան, օրինակ, սերը. գիրքը պետք է ճիշտ ընտրել, ընթերցանության ժամանակ լինել երկուսով, դրանից գլուխ հանել ինքնուրույն:

Անժելա Գրիգորյան





Գագիկ Ծառուկյան. Սերժ Սարգսյանի վահանը

19 01 2017

gagik-carukyanԳագիկ Ծառուկյանի վերադարձը խորհրդարանի ընտրությունները վերջնականապես ազատում է քաղաքական իրադարձություն լինելուց: Անցած տարվա դեկտեմբերին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց նոր օրակարգ թելադրել ընտրություններին ընդառաջ:

Մինչեւ այսօր քաղաքական ուժերի մեծ մասը Արցախի խնդիրն ընդհանրապես ընտրություններում թեմա չի դարձրել: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ըստ էության «ոչ մի թիզ հող»-ը դադարեց լինել դիրքորոշման պարարտ բացակայություն: Քառօրյա պատերազմը բոլորից պահանջեց թեկուզ լղար, բայց հոդաբաշխ դիրքորոշում: ՀԱԿ համագումարից հետո կարծես թե ուրվագծվում էր այդ լղար դիրքորոշման հնարավորությունը: Քաղաքական ուժերը հայտնվել էին փակուղում, որտեղից կարող էին դուրս գալ Ղարաբաղի հարցի լուծման մասին իրենց պատկերացումներով:

Ավելին, այդ պատկերացումներն ընտրությունների ժամանակ առուծախի թեմա չէին կարող լինել, ինչպիսին, ասենք, սոցիալական խոստումներն են: Հընթացս քաղաքական դաշտը սպասում էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը քաղաքականություն վերադառնալու մասին: Ընդ որում, այդ վերադարձի մասին խոսվում էր շատ ավելի վաղ, քան ՀԱԿ առաջնորդի ելույթն էր: Սերժ Սարգսյանի համար Գագիկ Ծառուկյանը ընտրությունները բարոյազրկելու «ձիու քայլ» էր:

Նրա վերադարձը նաեւ Արցախի հարցի «զահլեն» չունեցողների «մանկության» երազանքն էր: Երբ արդեն պարզ էր, որ Ղարաբաղը կրկին վերադառնում է քաղաքական ուժերի քաղաքական դեմք ցույց տալու հիմնական օրակարգ, Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է: «Ձիու քայլն» արվեց: Բոլոր ուժերը կարող են հանգիստ շունչ քաշել:

Ծառուկյանի վերադարձը նրանց ազատում է Արցախի թեման նախընտրական դիրքորոշման թեմա լինելուց: Ծառուկյանն ընդհանրապես չեզոքացնում է այս ընտրությունների քաղաքականացումը: Ծառուկյանը Սերժ Սարգսյանի վահանն է մյուս ուժերի հետ ոչ քաղաքական ասելիքով իշխանություն պահելու: Մարդը գալիս է, փողը բաժանում է, քվեն ստանում է: Ասելիքն էլ ժողովրդի ծանր վիճակն է, որից հանելու համար ինքը իշխանություն եւ փառք չի ուզում: Սա էն մեթոդն է, որով հաճույքով «կաշխատի» ՀՀԿ-ն ժողովրդի հետ, բայց առանց Ծառուկյանի չի կարող՝ մեկը պիտի՞ արդարացնի ՀՀԿ-ի փող բաժանելը եւ ավելի լուրջ թեմաներից ավել-պակաս չխոսելը:

Ազգային Ժողովի ընտրություններն այսպիսով ոչնչով չեն տարբերվելու նախորդ բոլոր համապետական ընտրություններից: Պատերազմի թեման չավարտած պետությունը շարունակելու է «մսացու» մատակարարել բանակին, եւ մինչ որդիները սահման են պահելու իրենց կյանքի գնով, մինչ մի կտոր հացի կարոտ նրանց մայրերը եւ հայրերը այստեղ՝ թիկունքում, համառորեն փորձելու են հասկանալ, թե ինչ տեսիլքներ ունեն քաղաքական ուժերը, որպեսզի կյանքը սահմանին դառնա անվտանգ, «քաղաքական» ուժերը նրանց առաջարկելու են մուրաբա, փող եւ այլ կարճաժամկետ հաճույքներ:

Համատարած ընտրակաշառքի մեջ ձեռնունայն մայրերը հայտնվելու են սպիտակ առգավի դերում, որոնց ցավը ոչ մի արձագանք չի գտնում չլուծված հակամարտություն ունեցող պետության քաղաքական ամբիոններում: Ի՞նչ է մնում նրանց անել՝ միանալ բանակում հարազատներ չունեցող այլ մայրերի «շնից մազ պոկելու» մեկօրյա խրախճանքին, այսինքն, ընտրակաշառքի եւ այլ «բարեգործությունների» տաշտակին: Հենց այս առաքելության մեջ է փայլելու պարոն Ծառուկյանը:

Նա գալիս է բովանդակազրկելու անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին «քաղաքական» ընտրությունները: Մինչ այդ Ծառուկյանը նման առաքելություն չի ունեցել, քանի որ խորհրդարանը կցորդ քաղաքական ամբիոն էր Հանրապետության նախագահի համար: Ժողովրդին բարոյազրկում էին հանուն մեկ մարդու: Այսօր նույնպես այդ բարոյազրկումը հանուն մեկ մարդու է, հանուն Սերժ Սարգսյանի, սակայն հեռանկարում՝ դու խորհրդարանում չես ունենա քաղաքական ոչ մի ուժ, մինչդեռ ժողովուրդն այդպես բարոյազրկված էլ կմնա: Առանց Գագիկ Ծառուկյանի, բարոյազրկումն այն «բովանդակությունը» չի ունենա: Ամենակարեւորը՝ ՀՀԿ-ն տեղ է բացում բարոյազրկման իր մասնակցության համար:

Եվ հերթական անգամ քաղաքական ոչ մի մարտահրավեր չի դարձնում քաղաքական ընտրության թեմա:

Մհեր Արշակյան





Կինն «ընկեր» չէր լինի, եթե սերն իր «տեղում» լիներ

30 11 2016

husband-and-wife-romance-3Մեդիամաքսի հայտարարած «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթը հանգամանալից ծաղրվում է Ֆեյսբուքում։ Դա լավ չէ։ Մեծ հաշվով կինն ավելին է, քան՝ ընկերը, կամ կարող էր լինել ավելին։ Ընկերը նվազագույնն է, որ կարող է լինել կինը։ Պարզ է, որ ծաղրվում է մրցույթի գաղափարը եւ ոչ թե՝ կինը կամ ընկերը։

Սակայն, հիշեք, քսաներկու հոգի արդեն գրել են իրենց կանանց մասին։ Այդ քսաներկու հոգին հաստատ կամ նրանցից թեկուզ մի քանիսը հանուն մրցույթի «սիրում» են իրենց կանանց։ Նրանք իրենց սեփական զգացմունքներն են հանել ասպարեզ։ Նրանք այդ ամենը արդեն հանձնել են հանրությանը։  Ծաղրվողը նրանք են։ Մրցույթի գաղափարը ծնվել է տղամարդկանց մի մասին բնորոշ այն ընկալումից, որ կինը փոքր երեւույթ է, նրա տեղն, ասենք, խոհանոցում է։ Մի ծաղրեք նույնիսկ մրցույթը, ընկերներ։ Հիշեք, որ դեռ մարդիկ կան, ովքեր նստած գրում են եւ մինչեւ դեկտեմբերի 9-ը գրելու են։ Մենք կարող ենք նրանց բացատրել, որ կինն ընկեր չէ, որ ընկեր լինելը թեմա չէ, որ դա ի՞նչ գրելու բան է եւ այլն։ Կարող ենք։ Բայց մարդիկ արդեն գրել են եւ գրելու են։ Մարդիկ իրենց սիրտը կամ այն, ինչը սիրտ են համարում, բացել են։ Հարգենք նրանց իրավունքը իրենց կանանց մասին ասելու այն, ինչ, դիցուք ես հաստատ չէի ասի։

Ի վերջո կա, չէ՞, գրականություն կնոջ մասին։ Չարենցը Արփենիկ Չարենցի միջոցով Հայաստան էր բացում։ Բյորնսն, ընդհակառակը, պատմում էր, որ մի «չար ժամի» կին առավ, սկսեցին բախվել։ «Այնպես դարձավ ինձ թշնամի, որ ուզեցի կախվել»,-շարունակում է շոտլանդացի բանաստեղծը։ Գուցե Բյորնսն էլ ակնկալել էր, որ այդ կինը նվազագույնը կարող է ընկեր լինել ու չի եղել: Կինը թեմա է։ Հաստատ։ Բոլորը չէ, որ հանդիպում են լավագույնին։ Բայց, ըստ էության, հենց դա է կինը։ Եթե նա Եվան չէ, արդեն լավագույնը չէ։ Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը կհաստատի, որ չսիրվող կնոջից կարելի է հրաշալի ընկեր ստանալ։ Եվ այդ ընկեր ստանալու արդյունքը միայն կնոջից չէ կախված։ Ամուսնությունը հայ-թուրքական կամ ղարաբաղա-ադրբեջանական հարաբերություն է։ Այստեղ հաղթողը փոխըմբռնումն է։ Եթե, իհարկե, երկուսն էլ հասկանում են, որ հարաբերվել, նշանակում է գնահատել դիմացինին միասին լինելու դատապարտվածության մեջ։ Ազատ հարաբերությունը ենթադրում է այլ կանայք։  Մի ծաղրեք մրցույթը։ Քսաներկու կին արդեն շոյվել է իր ամուսնու տեքստից։ Բացառված չէ, որ գրելու պահին անգամ ամուսինը պատրաստ է կախվել։ Բացառված չէ, որ նա կեղծել է իրեն եւ նրա կինն ամենեւին այդ տեքստին արժանի չէ։ Ոչինչ բացառված չէ։ Եթե այս մրցույթը արդյունք է այն բանի, որ կան տղամարդիկ, որոնց համար կինը ինքնահաստատվելու միակ «մուսան» է, պետք է հաշտվենք մրցույթի գաղափարի հետ։ Մինչեւ այդպիսի տղամարդիկ չեն լինի։ Կինն էլ երբեմն քաղցրավենիք չէ։ Քանզի հաճախ նա «ընկեր» է երեխաների միջոցով։ Սա էլ է, չէ՞, մեզ բնորոշ։ Կան, չէ՞, կանայք, որոնք երեխային ընկալում են ամուսնու հանդեպ իշխանության բացառիկ գործիք։

Կինն «ընկեր» չէր լինի, եթե սերն իր «տեղում» լիներ։ «Ընկեր» է, որովհետեւ սերն այլեւս ասելիք չունի։ Կամ գրեթե չունի։ Եվ ընկեր է, որովհետեւ ընկեր պիտի լինի։ Դրանից հետո է, որ նրանց ճանապարհները բաժանվում են վերջնականապես։ Որովհետեւ ընկերությունն արդեն իսկ սիրո մեջ է: Եթե այն տարանջատվում է սիրուց, նշանակում է, այդ սիրո մեջ ի սկզբանե ինչ-որ վայրենի բան է եղել եւ մրցույթի հեղինակները հույս ունեն ընկերության գաղափարով փրկել այն: Շարադրությունների հեղինակները սիրում եմ իրենց կանանց: Ես ինձ թույլ չէի տա կասկածել նրանց սիրուն: Նրանք արդեն հանձնվել են այդ դատավճռի նմանվող վերնագրի ծուղակին: Եվ գրեթե ոչ մեկի տեքստում ընկերության փորձը չկա: Ընկերությունը նախ էթիկա է սիրո մեջ: Թե ով է որոշել այդ վերնագրով մրցույթ հայտարարել, ես չգիտեմ։ Ամուսնությունը չի սիրում նման բաներ՝ կինն ընկեր է, ամուսինը տանիք է, դուռ է, պատ է կամ նման բաներ։ Հարգանք։ Ահա սիրով ունեցած ամուսնության վերջին փրկօղակը։ Հարգանքը հիշատակն է սիրո հանդեպ, որը չկա։ Այստեղ ընկեր եւ ընկերուհի չկա։ Սիրո հանդեպ էթիկական վերջին փրկօղակը հարգանքն է։ Այն հարաբերության խնամքն է։ Սերը չկա, բայց երկու մարդ նկատի ունեն միմյանց։ Այլ հարց է, որ մրցույթի մասնակիցները սերը եւ ընկերությունը խառնում են իրար։ Կամ գուցե չեն խառնում։  Բայց ընկերությունը շտրիխ է սիրո մեջ։ Գուցե մարդիկ խոստովանում են իրենց պարտությունը, գուցե վաղուց էին ուզում իրենց կանանց ակնարկել այդ մասին։ Գուցե ոմանք ընկերության միջոցով փորձում են վերադարձնել այն, ինչն այլեւս չկա։ Կամ գուցե հենց դա է սերը։ Երբեք չենք իմանա, մինչեւ մեր կինը չունենանք։ Այնպես որ մի ծաղրեք մրցույթը, ընկերներ։ Մրցույթի հերոսները կանայք են, որոնք ձեզ չեն ծաղրել։

Մհեր Արշակյան

 





16 կետ ընդդեմ 1000 դրամի

16 11 2016

money-banknote-dram-stock-picture-1957512Ինչո՞ւ է 1000 դրամ պարտադիր հանգանակությունը հակապետական եւ հակամարդկային արարք: Բերենք մի քանի փաստարկներ.

-Հանգանակությամբ իշխանությունն իր ձեռքերն ազատում է` զինվորի հետ վարվել ոնց ցանկանում է: Սպանության անունը կդնեն հրազենային մահացու վիրավորում, իսկ ծնողներին կմխիթարեն 10 մլն դրամ միանվագ վճարով: Ապահովագրելով մահը եւ հաշմանդամությունը՝ իշխանությունը զինվորի հարազատի համար բթացնում է նրա կյանքի զգացումը:

-Զինվորին սպանող սպային, որը պարտադիր հանգանակության «քավորությամբ» ազատվում է քրեական պատասխանատվությունից, իշխանությունը կարող է օգտագործել իրեն անհրաժեշտ այլ հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ պատվիրված սպանություն:

-Պարտադիր հանգանականությամբ իշխանությունը հրապարակային է դարձնում զինվորի կյանքի վրա չդողալու իր վարքը այն տարբերությամբ, որ մեռածի (ներողություն) համար կփոխհատուցեն:

-Իշխանությունը հանգանակությունը պարտադիր է սարքում, որովհետեւ սպասվող ընտրություններում կաշառվող ընտրողը կարող էր թիվ կրակել: 1000 դրամով ինքը պահպանում է ընտրակաշառքի կայուն գինը՝ 5-10 հազար դրամ:

-Իշխանությունը հանգանակությունը պարտադիր է դարձնում, որովհետեւ ընտրակաշառակերը երբեք այդ գումարը կամավոր չի տա: Եվ, իսկապես, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի վերցված կաշառքը:

-Իշխանության ցանկացած ֆինանսական մտահղացում պետք է աշխատի բյուջեի միջոցով: Այս հիմնադրամը գործելու է բյուջեից անկախ: Այն չի ապահովելու փողի վերարտադրողականությունը: Այս հիմնադրամը ճահճացնելու է փողը:

-Պարտադիր հանգանակության գաղափարով իշխանությունը վիրավորում է մահացու հիվանդություններ ունեցողներին եւ նրանց հարազատներին, որոնք կյանքի համար պայքարում սովորաբար կորցնում են ամբողջ ունեցվածքը:

-Պարտադիր հանգանակությունը ծաղր է ծայրահեղ աղքատության մատնված եւ պարզապես աղքատ ընտանիքների հասցեին: Երբ դու 1000 դրամ պարտադիր հանգանակություն ես ձեռնարկում, նշանակում է պիտի երաշխավորած լինես, որ 1000 դրամ պարտքի համար չպետք է անջատվեն աղքատների գազը եւ լույսը:

-Բանակի կողքին այս հանգանակությամբ կանգնելու գաղափարը ամենակեղծն է «խորհրդարանական կառավարում» գաղափարից հետո: Եթե պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից մուննաթ է գալիս կամ ծաղրում է պատգամավորին, նշանակում է բանակին արդեն իսկ թույլատրվում է ավելին, քան պետք է:

-Ապահովագրելով զինվորի մահը կամ հաշմանդամությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունը չի ապահովագրում խաղաղությունը, որովհետեւ ինքը տնօրինում է խաղաղության կենցաղի գումարը՝ քաղաքացուն հիշեցնելով, որ խաղաղությունից ինքը շահ չունի:

-Պարտադիր հանգանակության 1000 դրամի դիմաց իշխանությունը ոչինչ չի առաջարկում: Հետեւաբար մտնելով մեր գրպանը «ոչ հարկ, ոչ տուրք» դաժանությամբ, իշխանությունը պետք է սրբագրի նվազագույն զամբյուղը: Ինչպես նաեւ պետք է եւս մեկ նիշով իջեցնի աղքատության եւ ծայրահեղ աղքատության շեմը:

-Հանգանակությունները սկսվում են մարդկային արժանապատվությունից: Նրանց թիրախը մարդն է, որին հանգանակողը դեմքով չգիտի: Երբ հանգանակությունը դարձնում ես պարտադիր, թիրախը դառնում է տուն խցկվող ավելորդ բերան:

-Իշխանությունը հասարակություն է մտցնում մի տգեղ մշակույթ՝ եթե զինվորական ծառայությունը պարտադիր է, հանգանակությունն էլ պետք է լինի պարտադիր: Ինքը սպանում է կամավոր հանգանակի մշակույթը, որը հիմնված է կրթության եւ խղճի վրա:

-Պարտադիր հանգանակությունը «հանուն Հայրենիքի զոհվելու» դեպքում զինվորի համար հետմահու բավարարվածության երաշխիք է, որը իշխանությունը ձախողել է, երբ իշխանություն էր: Հիմա նա ուզում է հաջողել որպես «Պողոս Նուպար փաշա»: Բայց դարձյալ հարսի՝ ժողովրդական ասույթի մատնանշած տեղի հաշվին

-Օրինագիծը հերոսականության արհեստական մղումներ կարող է հաղորդել ամենաաղքատ զինվորներին: Ավելին, մարտական փոքիկ կամ խոշոր բախումների ժամանակ նրանք գուցե չհրաժարվեն ընտրել ստույգ մահը: Սա գուցե համատարած «հիվանդություն» չդառնա, բայց փոխհատուցվող խոշոր գումարը եւ հերոսի հետմահու «մուղամը» լավ հակափաստարկներ են այսպիսի դեպքերի համար, երբ ապրելն այսպես թե այնպես իմաստ չունի:

-Եվ ամենասարսափելին՝ իշխանությունն ասում է, որ պետությունը փող չունի, բայց քաղաքացին ունի։ Ամբողջ աշխարհն է սա տեսնում։ Հենց սա է դեֆոլտը։ Սա Հայաստանից գաղութ ստանալու բացառիկ քայլ է։ Միայն գաղութներում եւ գետտոներում են մարդիկ իրենք հոգում իրենց խնդիրները, որոնցում պետությունը փայ չունի։

 

Մհեր Արշակյան





Պետությունն ընդդեմ կնոջ եւ տղամարդու

15 09 2016

         

one caucasian sad couple back to back man thinking and woman crying standing back to back man and woman in studio silhouette isolated on white background

one caucasian sad couple back to back man thinking and woman crying standing back to back man and woman in studio silhouette isolated on white background

Երեկ Խանջյան փողոցում մի գեղեցկուհի ընկերուհուն ցույց տալով քիչ հեռվում կիրթ հագնված մեկին, ասում է. «Հլը էս ուռոդի կաստյումը նայի»: Էդ «ուռոդը» դա չէր լսում: Ես ատում եմ «կաստյումը», բայց ինչ-որ առիթով գուցե ստիպված լինեմ կրել այն: Ակնհայտորեն Ջասթին Թիմբեռլեյqը չեմ:

Այդ գեղեցկուհու պոռթկման հանդեպ իմ զսպվածությունը կարծիքի իրավունքի դաշտում է: Ցանկացած դատարան կապացուցի, որ «ուռոդ» բառը քրեորեն հետապնդելի չէ: Ինչպե՞ս հակադարձես «ուռոդ» բառին, եթե դպրոցը, ծնողները եւ գուցե ԲՈՒՀ-ը դա չեն արել: Տարբերակ չկա: Ես չեմ կարող էդ աղջկա աչքերի հետ կռիվ տալ, ցանկացած դատարան ինձ կասի, որ այդ հրաշք աչքերն իրենք են որոշում ինչ տեսնել դիմացինի մեջ, նույնիսկ, եթե դատարանը ոչինչ չասի, դա էդ աղջկա կարծիքն է: Ավելին, դատարանը գուցե փորձաքննությամբ չհամաձայնվի աղջկա հետ, բայց «ուռոդը», միեւնույն է, նրա կարծիքն է: Նրա աղջիկ լինելն ինձ առավելեւս իրավացի չի դարձնում, երբ նրան թողնում եմ իր համոզմունքի հետ: Այս պահից լսում եմ գենդերիստների ըմբոստ ձայնը՝ ի՞նչ կապ ունի աղջիկ լինելը: Իսկապես, ի՞նչ կապ ունի: Ցանկացած գենդերիստ կասի, որ անգրագիտությունը սեռ չունի: Քի՞չ տղաներ կան, որոնք ոչ պակաս տհաճ «հաճոյախոսություններ» են անում աղջիկներին: Ես տղաների գիտեմ, որոնք աղջիկների մասին խոսելիս միշտ ասում էր՝ ծտերը: Ճանաչում էի մի աղջկա, որը ընկերուհու հետ իմ մասին խոսելիս ասել էր՝ դոձիկի մեկն է: Այսինքն, շատ եմ կիրթ: Տեսակետ է, քանի դեռ անձամբ իմ ձեռքը չի ընկել (այստեղ կարող էր լինել ժպիտ-Մ. Ա.):

Ուրեմն, գենդերի խնդիրը հանգիստ թողեցինք, բայց ոչ՝ աղջիկներին եւ տղաներին առանձին վերցրած: Նրանցից յուրաքանչյուրը մտնում է այլ ընտանիք: Ամուսնանում են, այսինքն: Յուրաքանչյուրն այլ ընտանիք է մտնում իր իրավացիությամբ: Յուրաքանչյուրն ունի լավ կյանքի իդեալ, որն իր հարեւանի կյանքն ու կահ-կարասին է: Կամ՝ որեւէ բարեկամ պաշտոնյայի կյանքն ու կահ-կարասին: Սկսվում է լավ կյանքի մրցավազքը: Հետո մամուլի ամփոփագրերում կարդում ես՝ ամուսինը կացնով սպանեց կնոջը: Ասենք, 36 հարված: Ամենապարզ մեկնաբանությունը, որը հիմնականում հնչում է հարեւանների շուրթերից՝ ամբողջ օրը կռվում էին: Կամ մեկ այլ լուր՝ կինն ինքնասպան է եղել: Թեպետ հիմնականում ինքնասպան են լինում ամուսինները: Հիմնական մոտիվը սոցիալական է: Որովհետեւ կնոջ կամ ամուսնու հարազատների հետ յոլա չգնալը երբեք չեմ համարել «փոր թափելու» թեմա: Մեկ օրում չի «սրվում» կացինը, որն իջնելու է ամուսնու կամ կնոջ գլխին: Որդիներ են սոցիալական պատճառներով սպանում իրենց մայրերին: Թալինում աղջիկը հարազատ հորը դուրս է արել տնից, որովհետեւ երջանկության իր պլանների մեջ հայրն ավելորդ բերան է: Ասածս այն է, որ գենդերային դաստիարակությունը իմ անձնական գործն է, քանի դեռ պետությունը ունի իմ կրթվածության հետ «համակարծիք» քաղաքականություն: Եթե նրա սոցիալական քաղաքականությունը գոյապահպանական է, ասենք, ամուսնու աշխատավարձը երբեք 100 հազար դրամը չի անցնում, գենդերը պարտված է, որովհետեւ ամուսինը կնոջ մրթմրթոցին, որ «էրեխեքն ամեն ինչից հետ են մնում», հակադարձում է հայհոյանքով, ծեծով կամ սպանությամբ: Լավագույն դեպքում՝ ամուսնալուծությամբ: Կացինն իջնում է կնոջ գլխին եւ հաջորդ օրը հոգեբանը լրջորեն սկսում է խոսել էդ մարդու դատարկ անցյալի կամ անգրագետ ծնողների մասին:

Գենդերը զուտ կրթական երեւույթ չէ: Այն, այո, խիստ ինտելեկտուալ է, որովհետեւ մուրացիկ ընտանիքում նույնիսկ պետք է պահպանվի հարգանքը միմյանց նկատմամբ: Բայց երբ պետությունը հետեւողական է այդ ընտանիքի խնդիրների հետ հաշվի չնստելու իր հակասոցիալական վարքում, մի օր այդ ընտանիքում ծնվում է վայրենին: Որովհետեւ «ոչ միայն հացիվ»-ի առաջին կանխավարկածը յուրաքանչյուրի միջի վայրենուն լռեցնելն է: Հնարավոր չէ ինչ-որ մեկին որակել «ուռոդ», եթե քեզ չես դիտարկում որպես նրանից «հազար գլուխ լավ» մեկը: Ու էդ ընկալումով էլ մտնում է մեկ այլ ընտանիք, որտեղ ինքը գիտի հատկապես իր գինը: Հետո ինքն ի վերջո ամուսնուն հասցնում է հիստերիկայի, քանի որ արժանի է ավելինին, կամ սուս ու փուս կատարում ամուսնու քմահաճույքները, որովհետեւ հասկացրել են, որ ձայնի իրավունք չունի: Բայց մտքում անընդհատ հայհոյում է ամուսնուն: Ի՞նչ է տղամարդու եւ կնոջ իրավահավասարությունը: Ի՞նչ է ընդհանրապես իրավահավասարությունը: Սրա հիմքում այն ընկալումն է, որ բոլորն ունեն կյանքի իրավունք: Հետեւաբար ամեն մարդ պիտի որ ունենա մյուսին իրենից չստորադասելու գիտակցում: Սա այն է, ինչը մարդը ձեռք է բերում ընտանիքում, դպրոցում կամ այլ հարաբերություններում: Կարճ ասած, քանի դեռ ինքն է իր գլխի տերը, բայց ինքն իրենով որոշում կայացնող չէ: Իրավահավասարությունը փորձություն է միշտ մեկ այլ մարդու հետ համակեցության դաշտում: Այստեղ էլ կրթությունը կարող էր հարթել ամեն ինչ: Բայց հանկարծ հասկանում ես, որ քո կիրթ եւ տաղանդավոր լինելը ոչինչ չի որոշում, պետությունն ունի խաղի այլ կանոններ, ինչի արդյունքում տղամարդը հիշում է, որ ինքն Աստծուց է ստեղծված, իսկ կինն՝ ընդամենը իր կողից, «թող ձենը կտրի, վեր ընկնի տեղը»:

Այսպիսով, կինն ու տղամարդը իրավահավասար չեն հենց պետության «քավորությամբ», ինչպես պետության «քավորությամբ» ոչ մեկն իր քվեով ոչինչ չի կարող փոխել: Ինչ-որ մեկը կարգին չհասկացավ, որ երբ հայտարարեց, որ այս փոքր երկրում հո տաս հոգի շաքար չե՞ն ներկրի, ինչ-որ մեկին դատապարտեց մահվան: Բիզնես իդեաներ ունեցող 9 հոգու ինքը խաղից դուրս դրեց: 9 հոգի իր կնոջը կամ ամուսնուն չի կարող ասել, որ իշխանության հետ գլուխ դնելու ոչ մի տարբերակ չկա, «գլուխս կուտեն»: Կինը կամ ամուսինը կասի, իսկ դու մտածիր մի բան, որ իշխանությանը չխրտնեցնես: Ե՞րբ է ամուսինը կնոջը ցույց տալիս «իր» տեղը՝ երբ բանական ոչ մի բացատրություն չունի ապրել չկարողանալու եւ երեխաներին արժանի մանկություն չապահովելու կնոջ պարզ փաստարկներին: Ոստիկանապետը չուներ, չէ՞, որեւէ փաստարկ, երբ կին լրագրողին «տեսակետ» հայտնեց, որ վերջինս նման չէ կնոջ: Որովհետեւ էդ լրագրողի կնոջ նման չլինելը պետական «քաղաքականություն» է, իր դիրքից ոստիկանապետը թքած ունի իրավահավասարության վրա, ինքը բոլորին իրենց տեղը նստեցնողն է, մի լրագրողն ի՞նչ է, որ չնստացնի: Հետեւաբար, բոլոր նրանք, որոնք գենդերային հավասարությունից են խոսում, թող իմանան, որ արվեստը, նույնիսկ Սուրբ գրքերն այդ մասին մեզ ամեն ինչ պարզ ու հասկանալի բացատրել են, թող գնան ու պետության հետ խոսեն: Թող պետությունը դեմքով իմանա կնոջը եւ տղամարդուն:

Մհեր Արշակյան

 





Նրա պարանոյան

17 05 2016

 

Region Capture1Խաղաղությունը Սերժ Սարգսյանի առաջին թշնամին է: Միամիտ են նրանք, որոնք կարծում են, թե Սերժ Սարգսյանը գաղափարներ ունի կամ կառչած է այն գաղափարից, որ ադրբեջանցին չկրակի: Չկրակած փամփուշտը հակակոնսոլիդացիոն փամփուշտ է:

Ուրիշ ի՞նչ անի այդ մարդը, որ ընդդիմությունն իրենով չզբաղվի: Ուրիշ ի՞նչ հանցագործություն մոգոնի, որ ինքը թաքնվի զինվորների թիկունքում: Համահայկական կոնսոլիդացիայի պարանոյան ոչ մեկին, բացարձակապես ոչ մեկին թույլ չի տալու տեսնել հանցագործություններից ամենասարսափելին՝ մեր զինվորը Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման պատանդն է: Քանի դեռ նա ապրում է ու մենք գիտենք նրա տեղը, իշխանությունը միայն Հայաստանի քաղաքացու գործն է, հենց մեր զինվորը մեռնի եւ դադարի այս արեւի տակ իր տեղն ունենալ, իշխանությունն ապրողներին դեմ կտա կոնսոլիդացիան ու կսկսի սանրել պետությունը: Խաղաղությունը թույլ չի տալիս, որպեսզի իր ներսում պարազիտավորվեն մանվելգրիգորյաններ ու սամվելալեքսանյաններ, միհրանպողոսյաններ ու հովիկաբրահամյաններ, նրանք պարազիտավորվում են պատերազմի ուրվականի մեջ: Ադրբեջանցին մեկ փամփուշտ անգամ չէր կրակի, եթե մենք այսպիսի վիշապներ չունենայինք Հայաստանի Հանրապետությունում: Որովհետեւ, մի առիթով ասել եմ, եթե քո ժողովրդավարությունը հմայիչ է, ինքը դառնում է սիրած աղջիկ, ոչ ոք թույլ չի տա, որ նրա մազին դիպչեն: Մինչդեռ մենք այսօր ոչ միայն ժողովրդավարություն չունենք, մենք գեշ ենք: Եվ ոչ մեկին այդ գեշությունը խաղաղությամբ չի ներշնչում: Ոչ մեկը նրա հմայքով տարվելու սիրտ եւ հոգի չունի: Ժողովրդավարությունը պետք է լիներ մեր Հեղինեն, որի համար պետություններ կարող էին դուրս գալ միմյանց դեմ, մինչդեռ ինքը մնա անվնաս:

Եթե ադրբեջանցին չկրակի, Սերժ Սարգսյանը կամ նրա թիմն անձամբ «կհորինի» այն փամփուշտը, որը պետք է կրակի հայ զինվորի ուղղությամբ, ինչպես դա պատահեց Իջեւանի զորամասում ծառայող Հովհաննեսի դեպքում: Բենզինը պետք է վաճառվի, որպեսզի բանակը բարոյալքվի: Եթե բանակը չբարոյալքվի, նա չի դառնա բարոյալքված եւ կառավարելի իշխանության մի մասը: Ահա ինչով է Սեյրան Օհանյանը վտանգավոր: Հովհաննեսի «ինքնասպանությամբ» ինքը դառնում է Սերժ Սարգսյանի ծրագրերի կատարածուն: Եթե ադրբեջանցին չկրակի, մենք յգտնենք կրակողներ, որպեսզի կոնսոլիդացիան չթուլանա: Մեզ թվում է, թե ինքնապահպանման հարց ենք լուծում, մինչդեռ մենք բոլորս Իլհամ Ալիեւի հետ միասին լուծում ենք Սերժ Սարգսյանի քաղաքական գոյության հարցը: Հայ զինվորն ուրիշի մահը չի փնտրում, որովհետեւ ինքը քաղաքական պարտությունների ուրվական չունի: Հայ զինվորը սադրանքի կարիք չունի, որովհետեւ ինքն ընդամենը մեկ հոգի է եւ ամեն օրը կարող է լինել նրա վերջին օրը: Հայ զինվորը կարող է ամբողջ Ադրբեջանի հետ ավելի շուտ լեզու գտնել, քան Սերժ Սարգսյանը, որովհետեւ հայ զինվորի հավակնությունների ամբողջ արեալը մոր հայացքն է, շունչը պահած հայրը եւ սոված եղբայրը: Հայ զինվորը տղամարդ է, բայց ոչ մանկուրտ սպարտացի:

Հետեւաբար բենզինը պետք է վաճառվի, որպեսզի հայ զինվորը խճճվի առաջին եւ վերջին օրերի մեջ: Այս պատերազմը բոլորին դարձրեց զինվոր, մինչդեռ դա չէր Բաղրամյան-26-ի տիրոջ նպատակը: Երբ բոլորը զինվոր են, նրանք ունենում են ընդհանուր նպատակներ: Ոչ ոք իրեն թույլ չի տա բարոյալքվել, որովհետեւ իր բարոյալքումը վերաբերում է դիմացինին: Երբ բարոյալքվածներ չկան, նրանց դժվար է միմյանց դեմ հանել, դժվար է նրանց ծառայեցնել իրենց չվերաբերող գործին: Բաղրամյան-26-ը սրանից վախենում է, հետեւաբար բենզինը պետք է վաճառվի, որպեսզի բարոյալքման ախտը չնահանջի:

Հովհաննեսի «ինքնասպանությունը» մեր բանակին վերադարձնում է այն հին եւ «բարի» ժամանակները, երբ շունը տիրոջը չէր ճանաչում եւ բոլորին փայտի մի շարժումով կարելի էր բերել Երեւանի կենտրոն սեփական քաղաքացիներին գնդակահարելու: Սերժ Սարգսյանի խաղաղությունը հայ զինվորի խաղաղությունը չէ, որովհետեւ ամենաթույլ խաղաղության մեջ անգամ մի քանի համաշխարհային պատերազմի լիցք կա, եթե դու եւ խաղաղությունը հակամետ եք միմյանց: Իշխանությունը հենց այսպիսի լիցքերի հաշվին է պարտադրում իրեն: Որովհետեւ նրա խաղաղությունը կառուցված է մենաշնորհների եւ նույնիսկ ստալինյան մարդասպաններին խորթ կոռուպցիայի վրա: Նրա խաղաղությունը որեւէ բովանդակություն չի առաջարկում զինվորի սոված եղբորը, որը Արմենչիկի մեկնած տոպրակը չի տարբերում հոր չստացած աշխատավարձից կամ չգտած աշխատանքից, կամ զոհված զինվորին չներված ՎՏԲ բանկին ունեցած պարտքից: Ավելին, հենց այսպիսի խաղաղությունն է հասունացրել պատերազմը, որովհետեւ այսպիսի խաղաղության ներկայացուցիչ է նաեւ այսօրվա Ադրբեջանը: Այնտեղ էլ խաղաղության բովանդակության վրա նստած իրենց վիշապներն ունեն:

Գրեթե ամեն օր մի զինվոր է զոհվում: Եվ եթե այդ զինվորներից ոչ մեկը պետության ղեկավարի հարազատը չէ, ուրեմն այդ մարդը կամ պետք է կանգնեցնի պատերազմն ամեն գնով կամ պետք է հեռանա: Ամեն օր մի զինվորի մահը համահայկական կոնսոլիդացիայի պարանոյայի հացն է, որովհետեւ այդ պահից եւ միշտ թեման ադրբեջանցի զինվորն է եւ սոցցանցերի հակադրբեջանական աղմուկը, որը մեզ դարձնում է նույնքան «ադրբեջանցի»: Եվ մեր «ադրբեջանցի» լինելն է Սերժ Սարգսյանի պարանոյայի միակ խաղաքարտը, որովհետեւ ինքն արանքից դուրս է գալիս: Ինքը երազում է, որ ոչինչ չփոխվի, որպեսզի կոնսոլիդացիայի ճահիճն «աշխատի»: Որովհետեւ պարանոյայի «հմայքը», ընկերներ, հենց պարանոյան է:

Մհեր Արշակյան





Չծնված հարսնացուները

11 04 2016

talis

Ես չեմ ուզում լուսաբանել՝ ինչպես է առաջին գծում զինվորը սպանում կամ ինչպես են սպանում նրան։  Ես չեմ ուզում պատմել, թե ինչպես հերոսացավ Նա ՝ մեն– մենակ կանգնած հակառակորդի դիմաց՝ ոչնչացնելով մի քանի տանկ եւ ուղղաթիռ։

21–րդ դարում, այն էլ չհայտարարված պատերազմի պայմաններում, զինվորը չպետք է միայնակ կռվի, նա պետք է ուղղակի սեղմի մի կոճակ եւ վստահ լինի, որ ինքը չի զոհվելու, քանի որ զինամթերքի ու տեխնիկայի աջակցությունը չի ուշանալու։

Ես չեմ ուզում գրել, թե հերոսաբար զոհվեց, որովհետեւ հակառակորդի գնդակից մեռնելը նրա նպատակներում չի եղել։

Ես չեմ լուսաբանելու՝ ինչպես են բանկերը զրոյականացնում զոհվածների վարկերը, կամ հարկադիր կատարողները Արցախի օգնության հիմնադրամին իրենց մեկ ամսվա աշխատավարձը ուղարկում, այլ պարզելու եմ, թե ինչու հեռանկար ունեցող ֆիզիկոսը հենց այդ վարկի պատճառով դարձավ պայմանագրային զինծառայող, քանի որ այդ աշխատավարձը քիչ թե շատ պետք է օգներ ընտանիք պահել ու վարկը մարել։

Ես չեմ լուսաբանելու խոստումները, այլ  մի քանի  ամիս հետո  գրելու եմ՝  ինչպես են ապրում այդ ընտանիքները՝ մենա՞կ իրենց  ցավի հետ, թե կառավարության եւ հասարակության  խոստացված  ձեռքին հենված։

Ես  հասկանում եմ, որ հանուն կայուն խաղաղության  հնարավոր է՝  մի թիզ հող զիջել, բայց տարածքը , որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլեւս սոսկ հողակտոր չէ, այլ հայրենիք,որը չեն զիջում։

Իսկ վերջին հինգ տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով միայն, հարյուրից ավելի զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից այդ թեկուզ մի  թիզ հողի  համար, մինուճարներ, որոնց ծնողները նրանց լույս աշխարհ բերեցին, որովհետեւ նրանք տղա էին։

Իսկ երբ այդ թվին գումարում ենք նաեւ այս ապրիլյան զոհերին, ապա որոշակիորեն փոխվում է տղա–աղջիկ հարաբերակցությունը, որը հօգուտ տղաների էր՝ սելեկտիվ աբորտների արդյունքում։

Փաստորեն , ծնողների կամքով լույս աշխարհ չեկած աղջիկները տարան իրենց փեսացուներին։ Բնությունը լռում է, հետո վերականգնում մարդու ձեռքով խախտված կանոնները։

 

Կարինե Ասատրյան

 





Օսկանյանը պատրաստո՞ւմ է Քոչարյանի վերադարձը

14 03 2016

Triple political forces hold a rally in Freedom Square«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին անդամ Վարդան Օսկանյանն  պատրաստվում էառաջիկայում նոր կուսակցություն ստեղծել և մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին:Ո՞վ  է   նրա կուսակցության թիկունքում։«Քոչարյանը այս կուսակցության որեւէ կապ չունի: Սակայն ես նորից ինձ կրկնեմ, որ ինձ այնպիսի միվիճակի մեջ չեմ դնելու, որ ինձ տարանջատեմ Քոչարյանից, ես նման խնդիր չունեմ»,- ասել է ՎարդանՕսկանյանը։

Ինչպե՞ս է Վարդան Օսկանյանը պատրաստվում շահել հասարակության վստահությունը՝  հաշվիառնելով 2008թ. մարտի մեկին  ԱԳ նախարարը հենց նա էր«Այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում այդ օրվա, իշխանությունըչպետք է թույլ տար, որ նման բան տեղի ունենար: ես այդ իշխանության մաս եմ եղել,- ասում  էնախարարը, բայց նաեւ  խորհուրդ է տալիս վերստին նայել իր ելույթը մարտի մեկի կրակոցներից առաջ,-Ես շահեկանորեն տարբերվում եմ նաև մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդպատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ ևկոչ անել՝ և՛ Հանրապետության նախագահին, այսինքն իշխանությաններին, և՛ ընդդիմությանը, որպեսզիկարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»։

Որքանո՞վ է  անկեղծ Վարդան Օսկանյանը, եւ արդյո՞ք նրան իբրեւ իշխանության մաս կների ժողովուրդը՝Մարտի 1-ի համար։





Հաջորդ ընտրություններում՝ միայն ընտրյալներ

4 03 2016

Election of the new chairman of the RA National AssemblyԻշխանությունները հավանաբար «դասեր են քաղել» հանրաքվեից ու այս անգամ որոշել են քվեարկության օրը ընտրատեղամասեր թողնել միայն  «ընտրյալ» ԶԼՄ-ների ու դիտորդների։ Ընտրական նոր օրենսգրքի հրապարակված նախագծով սահմանափակվում է ընտրատեղամասում ԶԼՄ-ների ու դիտորդական կազմակերպությունների թիվը. միայն  8 այդպիսի կազմակերպության ներկայացուցիչ կկարողանա հետևել քվեարկության ընթացքին՝ ներսից։

Դեռ թարմ են դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրախախտումների ու չարաշահումների մասին հիշողությունները, այդ օրն ու հաջորդող օրերին համացանցն ուղղակի պայթում էր կեղծիքների մասին տեսանյութերից ու տեղեկատվությունից։ Սահմանափակումը կօգնի իշխանություններին ավելի «հանգիստ» զգալ, իսկ դրա համար ընտրատեղամասերում կլինեն միայն «ընտրյալ» ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և թե իշխանությունները դրանց ո՞ր տեսակներին են նախապատվությունը տալիս, հայտնի է բոլորին։

Պարզվում է՝ նոր ընտրական օրենսգրքով լավ վիճակում չեն հայտնվելու նաև դիտորդական կազմակերպությունները։ Նրանք ևս «սահմանափակումների տակ» են հայտնվել։ Այստեղ ևս իշխանությունները շահեկան վիճակում են. Ընտրությունների ընթացքը դիտարկելու հնարավորություն կտրվի միայն այն կազմակերպություններին, որոնք հրավիրված են ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի կողմից։ Հարց է առաջանում՝ իշխանությունների «ընտրյալ» դիտորդական կազմակերպությունների ցանկում արդյո՞ք կհայտնվի «Դեմոկրատական ընտրությունների Եվրոպական պլատֆորմ» միջազգային կազմակերպությունը, որը դեկտեմբերի 7-ին խոսեց հանրաքվեի մասին՝ հայտարարելով, որ հանրաքվեի արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների կամքը։ Հարցականի տակ կհայտնվի նաև տեղական կազմակերպությւոնների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունը։ Արդյո՞ք իշխանությունները կուզենան կրկին վերահսկվել «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից, որը հանրաքվեի ընտրակեղծիքների մասին ամենաբարձր հայտարարողներից են։

Ռոբերտ Անանյան

 





Մեռելածինները

22 02 2016

artur baghdasaryanՄեռելը նմանին «կծնանի»։ Սա լրիվ մեր քաղաքական կյանքում ակտիվացողների մասին է։ Մեռելածին է Արթուր Բաղդասարյանի «ծնած» «Հայկական վերածնունդը», մեռելածին է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, մեռելածին են սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ մեռելներն են փորձում կյանքի կոչել դրանք։ Մեռելի իմացությամբ եւ զգացումներով ապրողը հաստատ ոչինչ չի կարող անել։

Մի խոսքով, մեռելներն են զբաղված ապրողներով։ «Էլիտար» Երեւանը լցված է մեռյալ տներով։ Դրանցում ապրողներ չկան։ Մեռելածին են նույնիսկ մեր «ընտրողները»։ Մեռելածին է ԿԸՀ-ն, Սահմանադրական դատարանըմ մեռելածին է լինելու Ընտրական օրենսգիրքը, որովհետեւ «մեռելը նմանին կծնանի»։ Մեռելածին են մեր քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները, որովհետեւ «ծնվել» են քաղաքական մեռելներից: Քրեական խրոնիկայից դատելով, այս պետության մեջ ամենակենսունակը մարդասպաններն են։ Թեպետ սպանել, նշանակում է ներկայացնել մեռելածին լինելու հայտ։ Բաղդասարյան Արթուրն ասում է՝ եթե Ռուսաստանին պետք լինի, Հայաստանը նրա կողմից պետք է պատերազմի Թուրքիայի դեմ։ Էս հայտարարությունն անողը, վիզս կտրեմ, երեխաներ չունի Հայաստանում։ Էս հայտարարությունն անողի բոլոր խաղադրույքները մեր գոյության հաշվին են։ Էս հայտարարությունն անողը վայ թե մարտի 1-ին անձամբ էլ կրակած լինի քաղաքացիների վրա։ Էս հայտարարություն անողի համար Հայաստանը կատյուշաների ու հաուբիցների պլացդարմ է՝ բերեք, դրեք ու կրակեք։ Էս տղայի վրա նեղ է նույնիսկ Վանո Սիրադեղյանի ձեւակերպած «գյադան»։ Ու, ժողովուրդ, սրանք խոսքի հնարավորություն ունեն հենց այն բանի համար, որ բան ասացողը մենք չլինենք։ Ոչ միայն մենք չլինենք, այլեւ ասվելիք բանը հենց այդպիսի «մտքերը» լինեն։ Հասկանու՞մ եք՝ իռացիոնալի հաղթահանդես է՝ ապրողներն այսքան կենսունակ մեռելներին «քվե» են տալիս ու քաշվում մի կողմ։ Ո՞նց վարվենք սրանց հետ։ Աշոտյան Արմենն ասում է՝ ես չեմ պատրաստվում լքել քաղաքականությունը։ Իբր քաղաքականության մեջ է եղել։ Քաղաքականության մեջ կան մտքի հնարավորություններով. բացի Ծառուկյան Գագիկին «Դոդ» ասելուց ու քո՝ կրթության նախարարիդ, երեխաներին «Այբ» էլիտար դպրոց տանելուց որտե՞ղ է զգացվել քո «մտքի» հնարավորությունը։

Սերժ Սարգսյանը պետություն է «ռեանիմիացիայի» ենթարկում հետեւյալ բաց տեքստով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին պետք է մոռանալ։ Սա թարս «պոեզիա» է, երբ ասում է երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդը։ Որովհետեւ այս մտքի մեջ ագրեսիա կա։ Ձեր գործը, ախր, լրիվ հակառակն է՝ ամեն գնով կապ պահպանել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որպեսզի ձեր մեջ ագրեսորին չտեսնեն։ Որպեսզի աշխարհը այստեղ քաղաքական մտքի արտահայտություն տեսնի։ Որպեսզի մենք որպես պետական միավոր քաղաքակրթական ջանքերից դուրս չմնանք։ Խնդիրն այն չէ, որ դուք իրենց՝ Ադրբեջանի ու Թուրքիայի, մասնավորապես, Թուրքիայի համար սպառնալիք եք, այլ՝ այն, որ երբ պետությունը հարեւան պետությանը մերժում է, ինքը քաղաքական մտքի բալանսն է հաշմում, ինքը իր պետությունը սարքում է սեւ խոռոչ, որը կամ վտանգավոր է կամ ավելորդ։ Ահա պետությունը մեռելածին դարձնելու բացառիկ, հավանաբար քաղաքական մտքի պատմության մեջ չլսված իրողություն։ Էս մարդու հե՞տ ոնց վարվենք։ Մարդ, որը ըստ էության քաղաքական գործիչ է կոչված լինելու հենց արտաքին մարտահրավերների համար, քանի որ ներքինի համար Արթուր Բաղդասարյանն ու «Կալաշնիկովը» հերիք են:

Ովքե՞ր են մեռելածինները: Բնության մեջ նրանք ոչ մի դեր չունեն, որեւէ կենսագրություն նրանց համար չի նախատեսում նույնիսկ ֆանտաստիկ գրականությունը: Սակայն Հայաստանում նրանք իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: «Ապրող» մեռելածինն այն մարդն է, որը ապավինում է մյուսների մանկուրտությանը: Հենց հայաստանցու «մանկուրտությունն» ու Սերժ Սարգսյանի ողորմածությունն է Արթուր Բաղդասարյանի եւ Աշոտյան Արմենի հույսը: Մանկուրտը նա է, որ «հիշում եմ ու պահանջում» ասելուց զատ կյանքում իրեն դրսեւորելու այլ առիթ չի ունեցել: Մանկուրտն այն մարդն է, որը ձեռքերը շփում է ընտրությունից ընտրություն 5 հազար դրամ վերցնելու համար, քանի որ երկու ընտրության արանքում ինքը չկա: Մանկուրտը նա է, որը մանկություն չի ունեցել: Հենց անմանկություն անցյալից էլ սկսվում են հասուն մեռելածինները, որոնք, կրկնում եմ, թեմա չեն նույնիսկ ֆանտաստիկ կամ սարսափ գրականության համար: Հիմա պատկերացրեք՝ ի՞նչ իմաստ է ունեցել Բաղդասարյանի կամ Աշոտյանի դպրոցում լավ սովորելու փաստը: Ոչ մի: Շվեդիայի եւ Ամերիկայի լավագույն բուհերում ուսանած մեռելածիններ էլ ունենք պետական ապարատում: Մեկը նույնիսկ ԱԱԾ ղեկավար դարձավ: Ոչ ոք այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, սակայն, երբ այսպիսի Հայաստանն արդեն ագրեսիվ փաստ է, հույսը դառնում է մեռյալ փաստ: Որովհետեւ քաղաքականության մասին լսելիս նրանցից ոչ ոք ոչինչ չի լսել «քաղաքական կամք» արտահայտության մասին: Ոչ ոք չգիտի, որ «քաղաքական կամքը» «երկնային արքայության» պես բան է, այն պիտի քո մեջ լինի, ինքդ պիտի խնամես եւ հասունացնես քո քաղաքական կամքը, ինչպես քո հայրն ու մայրն են քեզ խնամել, ինչպես դու եւ քո կինն եք խնամում ձեր երեխաներին: Որպեսզի, երբ ինչ-որ մեկը քո միջոցով իր մղձավանջները պարտադրի վերջապես պետականություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետությանը, դու, եթե չկարողանաս դրա դեմն առնել, գոնե կարողանաս մի կողմ քաշել: Իսկ ինչու՞ եք ձեռք ձեռքի տված քայլում ուրիշի մղձավանջների հետ՝ որովհետեւ ձեր երազանքը չի եղել Հայաստանի անկախ Հանրապետությունը: Եվ ձեր ուսանած տարիներին էլ ձեզ չեք տանջել այդպիսի մտքերով: Վազգեն Մանուկյանի երազանքն էլ չի եղել, Դավիթ Վարդանյանինն էլ, Խոսրով Հարությունյանինն ու Գագիկ Հարությունյանինն էլ չի եղել: Հրանուշ Հակոբյանինն էլ չի եղել: Դե, իսկ նոր սերնդի ՀՀԿ-ական պաշտոնյաներից ոչ մեկի երազանքը չի եղել: Այլապես կեղծիքների կրքի մեջ այսքան գործնական նույնիսկ վերը թվարկած անունները չեն եղել ու չկան: Ինչու՞: Որովհետեւ մեռելածին են, ընկերներ, բայց ուտել են ուզում: Ընդամենը ուտել:

Մհեր Արշակյան





Մի անգամ կալանավայրում

30 01 2016

prison«Նուբարաշեն» ՔԿՀ անցագրային կետում ժամեր թվացող րոպեներ սպասելուց հետո վերջապես մեզ մոտեցավ հսկիչներից Միքայելը՝ ուղեկցելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի տարածք։ Սպասման րոպեներն այստեղ լցվեցին այս անտես կյանքի մասին հարցերի պատասխաններ ստանալով՝ քանի՞ բանտարկյալ կա այստեղ (մոտ 900), ինչո՞ւ են բանտարկյալներն ինքնասպանություն գործում (պատճառները տարբեր են, հիմնականում հոգեբանական պահն Է), ի՞նչ կտա պրոբացիոն համակարգի լիարժեք կիրառումը (դե մեր գործն էլ կհեշտանա, ահագին կթեթևանա բանտը), ի՞նչ խնդիրներ են բարձրացնում այստեղ պահվող անձինք (դե բոլորն էլ ուզում են շուտ ազատվեն):

Վերջապես մեզ ուղեկցեցին «ամենավերջին սենյակը», ուր պետք է կայանար ցմահ դատապարտյալներ Արմանի ու Վաղարշակի հետ հանդիպումը։ Եկան: Կարճ ժամանակում ծանոթությունը կայացավ: Երկուսին միավորում է միան ազատազրկված լինելը, գրեթե նույնական է խոսքի վստահ «տրամադրությունը», հպարտ ու արդար հայացքը, սակայն տարբերությունները ևս տեսանելի են։

Արմանը հասուն տղամարդ է, արդեն 12 տարի՝ անազատ, խոսքը հստակ է, պահանջկոտ, խիստ, սկզբում դիմախաղը հաճախ չի փոխում, հակված չէ զրուցել անձնական պատկերացումների մասին. «Հիմա գերխնդիրը արդարության հասնելն է՝ գործերի վերանայումը», սակայն հետո «բացվում է»՝ ինքը շատ երազանքներ ունի, առաջինը՝ կրկին ազատության մեջ լինելն է, բանտում հայտնվելուց հետո կյանքն արդեն այլ կերպ է ընկալում, մեկ անգամ տրվող այդ հրաշքը իր համար միայն ակնթարթ տևեց, սակայն դեռ կշարունակվի…

«Դուրս գալուց հետո աշխատանք գտնելու մասին կմտածեմ՝ տուն, ընտանիք… սպասում են»,- ազատության մեջ անելիքներն է թվարկում: Ներողություն կխնդրեմ նրանցից…։ Խոսելու ընթացքում հուզվում է, սկսում է հայացքը հաճախ դես ու դեն տանել, առանձնապես չի փորձում ազատության մեջ հայտնվելու իր հիմնավորումներին արհեստական գույներ հաղորդել, ասում է՝ ուրեմն այդպես է: Կարևոր մի բան է նկատելի՝ հավատ ապագայի նկատմամբ, զգացմունք, երբ ունենում ես ինչ որ բանի լինելիության վրա վստահ լինելիս:

Երկրորդը Վաղարշակն է: 20 տարեկանում է ազատազրկվել, 8 տարի արդեն «արևի երես» չի տեսել։ Ժպիտը դեմքին, փայլող աչքերը մատնում են ներսը փոթորկվող զգացումները. երկար ժամանակ պայքարից հետո վերջապես տեսախցիկի առջև է, իր խոսքին սպասում են դրսում. «մեր մասին մարդիկ մտածում են՝ եթե ցմահ դատապարտյալ ենք, ուրեմն մարդ չենք, իրենցից մեկը չենք, ուրիշ ենք… այստեղ ո՚չ բոլորս ենք մեղավոր»։ հայացքը կախում է, էլ ուժ չկա, հոգնել է իր անմեղության մասին բղավելուց… ձայնը միշտ անարձագանք է մնում։

«Նա չի կարող մարդ սպանել», շփման ընթացքում զգացողությունս դառնում է համոզմունք, կարծրանում։ Վաղարշակը բանտում արդեն հասցրել է ամուսնանալ, «սիրում էինք իրար ու ցմահ ազատազրկվելս արգելք չհանդիսացավ, որ ինձ հետ ամունանա, հավատում է, որ դուրս կգամ, իրար հետ կլինենք»… վերջին խոսքերն արտասանում է գլուխը կախ, ասում է այն՝ ինչի վրա վստահ է, սակայն…: Տեսախցիկը միանում է՝ «ժամանակ առ ժամանակ դուք՝ ցմահ դատապարտյալներդ, հացադուլ եք հայտարարում, կխնդրեմ խոսել պահանջների մասին»՝ առաջին հարցն է…:

Ռոբերտ Անանյան

Մանրամասները՝ տեսանյութում





Յոթ խորհուրդ ապագայի սիրահարներին

22 01 2016

coupleԻնչպես Պողոս առաքյալն է ասում, ամեն ինչ ոչինչ է, եթե չկա սեր: Ցանկանալով իմաստավորել ամեն ինչ՝ ագահաբար սեր ենք փնտրում: Փնտրում ենք ամենաանհավանական տեղերում, ամենաանպատեհ ժամերի ու ոչ ամենից հարմար մարդկանց մեջ:

Ամեն Սուրբ Սարգսի տոնի սպասում ենք հրաշքի, սպասում ենք հանկարծակի հայտնվելիք սպիտակ ձիով ասպետին և շատ ենք տխրում, երբ նա այդպես էլ չի գալիս. մի՛ սպասեք սիրո: Այն միշտ գալիս է անսպասելի, առանց հրավերի, գուցե ոչ ամենից հարմար ժամանակ ու տեղում: Սակայն գալիս է առանց հարցմունքի: Սիրո մեջ զուր է և՛ համբերությունը, և՛ անհամբերությունը: Սիրո մեջ ամենահետաքրքիրը հենց սիրո Սերն ամեն ինչից զատ պարտավորություն է, և պետք է լինել գիտակից ու համարձակ հանձն առնելու համար այն իր բոլոր հարմարություններով ու անհարմարություներով: Այն ամենօրյա խնամք պահանջող զգացմունք է: Նրան անընդհատ սնել ու դրա վրա աշխատել է պետք: Ինքնե՛րդ հարմարվեք սիրուն և մի՛ փորձեք այն հարմարեցնել ձեզ:

Չկա հավերժական սեր ու չկան մշտավառ զգացմունքներ, բայց թույլ չտաք այս ճշմարտությանը խարխլել ձեր սիրո հիմքերը հենց ամենասկզբից: Հավատացե՛ք, որ ձերը կարող է լինել առաջինն ու բացառիկը: Ամեն ինչն էլ երբևէ ունեցել է անհավանական թվացող իր առաջնեկը: Հավատացե՛ք հավերժական սիրուն:  Սիրո մեջ երրորդ անձի, երրորդ կարծիքի, նախադեպի գոյությունը սպանիչ է սիրո համար. նույնն է, թե պարես տանգո երեքով: Սիրո պարն ինքնին հուշում է, որ սերը երկուսի խելքի գործ է:

Մի՛ համեմատեք ձեր սերը գրքերի, ֆիլմերի, այլոց սերերի հետ:

Մի՛ դարձրեք այն Ֆեյսբուքյան գրառում կամ հանրային քննարկման առարկա:

Մի՛ մտցրեք ոչ մի երրորդ բան ձեր հարաբերությունների մեջ: Սիրո մեջ եղե՛ք երկուսով: Սերն ավելի շատ տալ է, քան վերցնել, նույնիսկ բացարձակապես միայն տալն է: Սիրո մեջ անել որևէ քայլ սպասելով պատասխանի, նույնն է, ինչ սերը բանկ դարձնել, անհրաժեշտ պահին էնտեղից մի բան վերցնելու հույսով:

Զանգե՛ք, առանց զանգի սպասելու, գրե՛ք առանց փոխադարձ տողերի հույսի, նվիրեք՝ առանց հաշվելու, առաջարկեք ու նախաձեռնեք ինքներդ:

Մի խոսքով, դարձրե՛ք ձեր սերը ՎԵՐմարդկային, քանի որ վարձահատության սպասելու զգացումը տիպիկ մարդկային է: Սերը լրջագույն զգացմունք է: Հետո նույնիսկ կարող է դառնալ լրջագույն պատասխանատվություն: Սակայն լուրջ սերն առանց հումորի նման է կոնֆետի, որի մեջ քաղցրի պակաս կա: Կատակելով սիրեք իրար, բայց երբեք չծաղրեք ինչ-որ մեկի սերն ու զգացմունքները: Սիրո մեջ կան ծիծաղելի կողմեր, բայց զավեշտալի սեր չի լինում, յուրաքանչյուրն էլ դառնում է վեհ, երբ սկսում է սիրել: Կատակե՛ք միմյանց սխալների վրա: Կատակեք առանց սարկազմի, կատակեք պահի լրջությունը ցրելու համար, կատակեք, որպես ապացույց, որ սիրում եք:

Մի՛ կատակեք սիրո հետ, բայց սիրեք կատակելով: Սիրո մեջ չկան կանոններ և թույլ չտաք ինչ-ոչ մեկին ձեզ ենթարկեցնել իր կանոններին: Սերն այնքան անհատական երևույթ է, որքան, օրինակ, Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» կամ Բեթհովենի «Լուսնի սոնատ» -ը: Սիրո մեջ գտեք ձեր վարպետին կամ Մարգարիտային, ստեղծե՛ք ձեր սոնատը: Ի դեպ, սիրո մեջ թույլատրված է ամեն ինչ:

Սերը կլանում է ամբողջությամբ, բայց երբեք դրա դիմաց բախտախաղի չդնեք ամենը: Սերը պետք է բարիացնի, իսկ բարին անհատական չի լինում: Բացառեք կուրացնող սերը: Սիրո մեջ մնալով երկուսով, տեղ թողեք այն ամենին, ինչը հասունացրել է ձեզ ամենավեհ զգացմունքի համար: Պատրաստ եղեք մեռնել հանուն սիրո, բայց երբեք չդարձնեք այն ձեր կյանքի միակ իմաստը:

Անժելա Գրիգորյան





Աշխարհասփյուռ խլացուցիչ

15 01 2016

Man-shouting-on-Shutterstock-800x430Հայաստանից դուրս ապրող հայերը հիմնականում թշնամաբար են տրամադրված մեր իշխանությունների նկատմամբ: Եվ նրանք մեր պես նույնքան ազատ ու անկաշկանդ են իրենց վիրավորանքներում ու հայհոյանքներում: Սա հասկանալի է՝ եթե իրենց հայհոյանքներով նրանք կատաղեցնեն մեր իշխանություններին ու բաց թողնեն մեր վրա, մենք գոնե գիտենք, որ սրանք մեր թշնամիներն են, «պարսից մարզպան» կամ «ռուս փոխարքա» չեն: Մենք կարող ենք համախմբվել ու մի բան մտածել: Գուցե մեզ սպանեն, բան չունեմ, ասելու, բայց դա օտարի հայտարարած պատերազմ չէ, որն ավարտվում է կապիտուլացիայով եւ որի դեմ մեր անզորությունը մեր քաղաքացիական խղճուկության արտահայտությունը չէ:

Սակայն այլ բան է, երբ մեր հեռացած հայրենակիցները հայհոյում են թուրքին կամ ռուսին, ասենք, Էրդողանին, Պուտինին կամ Պատրիարք Կիրիլին: Սա արդեն այլ հարց է: Պարտադիր չէ, որ ամեն հայհոյանքից հետո ռուսը սպանի մեկ «Ավետիսյանի ընտանիք»: Գուցե այլեւս ընդհանրապես չսպանի: Բայց այդպիսի վիրավորանքները նրան բարոյական իրավունք են վերապահում մի փոքր ֆիզիկապես «հրմշտել» մեզ: Ինքը մեր վրա է մատ թափ տալու, ոչ թե՝ հեռացած հայի։ Ռուսը կամ թուրքը չեն կարող «հրմշտել» Բելգիայի կամ Ֆրանսիայի քաղաքացուն, ԵՄ-ական «մոշչը» դա ոչ միայն չի հասկանա, այլեւ ավելի կսեղմի ռուսների դեմ պատժամիջոցների օղակը, իսկ Թուրքիային ուղղակի մարդկությունից դուրս կհայտարարի: Եթե ռուսները չեն հասկանում, որ Կիրիլը համը հանել է, ձեր հայհոյանքներով ու վիրավորանքներով էլ չեն հասկանա, իսկ եթե շատ լավ գիտեն, որ ցեղասպանությունը ժխտելով Կիրիլը Թուրքիային «բարի կամքի» հայտարարություն է անում, դուք միայն թեժացնում եք կրակը: Դա թողեք մեզ:Եթե Պուտինը կրծքով է պաշտպանում Պերմյակովին, եթե Էրդողանը չի էլ թաքցնում, որ Հայաստանն այս մոլորակի վրա ավելորդ պետություն է, նրանց ելակետն իրենք են, մենք չենք։ Մենք վարքի ելակետ կդառնանք, եթե մեզ մեր ծավալներից ավելի ագրեսիվ դրսեւորենք։ Փաստ է, որ մեր ելակետը Հայաստանն է, եւ ոչ թե՝ Պուտինի ու Էրդողանի անկանխատեսելիությունը։ Ոչ մի Եվրոպա կամ Ամերիկա հանուն մեզ չի զսպի ռուսին կամ թուրքին, նրանք այս երկուսին կզսպեն հանուն իրենց։ Եվ առ այսօր այդպես էլ արել են։ Եվ ապագայում էլ են այդպես վարվելու։ Հայաստանը քաղաքակրթության դեմքը չէ, Հայաստանն ինտելեկտուալ հանճարի «նավթը» չէ։

Տարիներ առաջ Բեռլինի ԱԳ նախարարության աշխատակիցը իմանալով որ հայ եմ, ինձ հարցնում է՝ դուք էլ եք մահմեդական, չէ՞։ Մարդիկ իրենց նեղություն չեն տալիս իմանալու, թե որպես գործոն դու ո՞վ ես։ Այդքան ընտրություն ու հանրաքվե է կեղծվել Հայաստանում։ Ամբողջ դուրսը գիտի, չէ՞, որ այդ կեղծիքները մեր ժողովրդավարության, մեր ազատության, մեր ինքնադրսեւորման հաշվին են։ Գիտի, չէ՞, որ այդ վակխանալիան Հայաստանը դարձրել է հետամնաց երկիր։ Գիտի, չէ՞, որ մարդիկ այդ վակխանալիայից փախչում են այնպես, ինչպես սիրիացիներն «Իսլամական պետությունից»։ Ո՞վ է երբեւէ այդ կեղծիքները շրխկացրել մեր իշխանությունների դեմքին հենց մեզ՝ քաղաքացիներիս, նկատի ունենալով։ Ոչ ոք։ Նույնիսկ նրանց քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին դա խորապես հետաքրքիր չէ։ Որովհետեւ մեր, որպես պետության, անդունդում հայտնվելն իրենց վրա չի տարածվում։ Այ որ Քյոլնում գերմանացի կնոջ բռնաբարենք, կդառնանք սպառնալիք։ Գուցե հիշեն, որ սա էն հայն է, որի երկրում առանց այն էլ քաղաքակիրթ ոչինչ տեղի չի ունենում, որի երկիրը վերջին 20 տարվա քաղաքակրթական քարտեզներում չկա։ Այնպես որ մեր անունից կուրծք մի ծեծեք։ Դա ավելորդ անգամ խլացնում է մեզ, մարդկանց, որոնք Սերժ Սարգսյանի եւ նրա մարդակերների հետ հաշիվները չփակած պետք է մտածեն, թե էդ արտահայաստանյան գործիչներին ուղղված հայհոյանքների տակի՞ց ոնց պիտի դուրս գան։

Եվ, ի վերջո, էթիկապես առանձնապես «սիրուն չէ», երբ տարածաշրջանային հրաբուխի մեջ նստածներս կառավարման մինչեւ վերջին շտրիխը կայացած Եվրոպայից ու Ամերիկայից մեր հայրենակիցների բերանով լսում ենք, որ, դիցուք, թուրքը մնում է թուրք։ Վաղուց այդպես չէ։ Հայաստանում այնքան «հայեր» կան, որոնք թուրքին հիմքեր կտային ասելու, որ հայը մնում է հայ։ Երբ բեռլինցի թուրքը վիրավորում է Սերժ Սարգսյանին, էս մարդը չի կարող այդ վիրավորանքից իր համար թուրքին վատություն անելու սխեմա կառուցել։ Շատ-շատ նրա սարսափի զգացումը սրվի հասկանալով, որ բեռլինցի թուրքի հետեւում 80 միլիոնանոց թուրքն է, այսինքն, մեկ թուրքն անգամ մեծամասնություն է ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց երբ բեռլինցի հայն է վիրավորում Էրդողանին կամ Կիրիլ Պատրիարքին, ինքը խլացնում է Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից Էրդողանի կամ Կիրիլի արածների հայաստանցու ընկալումը։ Ընդհանրապես, դուք ազատ եք ձեր արտահայտություններում, դուք ավելի քան ազատ եք խոսքի ձեր իրավունքների մեջ, բայց դուք ազատ եք, որովհետեւ ձեր ներկայիս երկիրը՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ամերիկան, իրենց թույլ են տալիս «Միստրալ»-ներ ուղարկել եւ ՄԱԿ-ին շրջանցելով ռմբակոծել այս կամ այն երկիրը։ Մենք նման բան չենք կարող մեզ թույլ տալ։ Խնդիրը թուրքի եւ ռուսի հանդեպ մեր՝ հայաստանցու վախը չէ, այլ՝ հայելին։ Մի վիրավորեք նրանց, որոնց աչքերի մեջ նայելով հաստատ նույնը չէիք կրկնի։ Եվ, ընդհանրապես, մի վիրավորեք մարդկանց։ Հաճախ նրանք իրենց չեն ներկայացնում։ Եվ նույնիսկ իրենց քաղաքացիներին չեն ներկայացնում։ Դա նույնն է, որ շախմատ խաղալիս վիրավորես շախմատիստին։

 

Մհեր Արշակյան





Մեր Աստծուց մնաց միայն Ծառուկյան Գագիկը

7 01 2016
St. Hovhannes Mkrtich (John Baptist) Church in Abovyan city of Kotayk marz

St. Hovhannes Mkrtich (John Baptist) Church in Abovyan city of Kotayk marz

Երեկ Սուրբ Ծնունդ էր: Նախորդ օրվա հեռուստաեթերից դատելով, Աբովյանի եկեղեցում ընթացող պատարագից առանձնապես պարզ չէր, թե ում Սուրբ Ծնունդն է: Ահա թե ումով հագեցրինք մեր Աստծուն, տղերք: Մեր Աստված այնքան օրինաչափ է իրականում, որ դա ոչ մի մեղքին չի խանգարում: Կա Նա եւ կա Մեղքը` բոլորովին զուգահեռ գոյություններ, ասես միմյանց հետ լեզու գտած, միմյանց չխանգարող եւ չպարտադրող:

Մտեք Վերնիսաժ. բոլոր զարդաքանդակներն ու փայլանկարները խաչ ու եկեղեցիներ են: Հայ մարդու հավատը ոչ մի ջանք չի պահանջում: Էդ հավատի տակ ոչինչ չկա: Որովհետեւ այն խնամված չէ: Փոխարենը մենք հավատի դեկորացիաների ավելցուկ ունենք` ավելի շատ եկեղեցիներ, նկարներ, աղոթքներ, Աստվածաշնչեր եւ ավելի քիչ` գրականություն: Եվ հավատի դեկորացիաները փակել են մեր տեսադաշտը: Այդպես է նաեւ մեր բնությունը: Մենք տուրիզմից ազատ բնություն չունենք, տուրիստին առերեսելիքը բնությունը չէ, այլ` հավատը բնաշխարհի մեջ, բնությունն ինքն էլ դեկորացիա է, որի հետ կարելի է վերաբերվել, ինչպես մարդն է վերաբերվում, ասենք, բնակարանին: Թումանյանը մի բանաստեղծություն ունի, աղոթք է, բանաստեղծություն չէ` տեր, խելք չեմ ուզում, ինձ երկար օրեր եւ փող տուր բազում: Ահա ինչու է Շաքիի ջրվեժը` ՀԷԿ, իսկ Ջերմուկը միայն առողջարար ջուր է: Թեղուտն արդեն չկա: Կա միայն ՕԳԳ-ով չափվող բնությունը: Ավելի ճիշտ` միայն սպառման ենթակա բնությունը: Եվ այս պատճառով չէ՞, որ մեր արգելոցներն ավելի վատ վիճակում են, քան մերձդղյակային անտառները: Հայ մարդու համար ամեն ինչ ենթակա է սպառման, վայ թե Աստված տեղը կլրացնի: Սակայն, ինքը, հայ մարդն այդ լրացման մեջ չկա: Սիրո մեջ ինչպե՞ս է` ինքնին սերը «հագեցվում» է ծաղիկներով: Մենք ծաղիկների ժամանակ չունենք: Նախ` անկողինը: Մեր Աստծուց աղքատ Աստված չկա: Մեր Աստվածն աշխատատար չէ, ասես նա գոհ պետք է լինի, որ դեռ կա: Ռուսներն, օրինակ, իրենց Աստծուն հարստացրեցին Ռուբլյովով, Դոստոեւսկիով, Բերդյաեւով: Դրանից Հիսուսն իբրեւ լանդշաֆտ չխաթարվեց: Մինչեւ էսօր հարստացնում են: Իհարկե, նախկին տեմպերը չկան: Պաստեռնակն ու Բրոդսկին թարմացրեցին Աստծուն: Մենք ո՞վ ունենք` Նարեկացին: Նրա Հիսուսը ոչ մի տողով մեզ չի վերաբերվում: Հետո եկավ Մեծարենցը: Բնականաբար Նարեկից եկավ: Նարեկը հարստացրեց Մեծարենցին: Հետո Թումանյանն ու Չարենցը: Բոլոր այս մարդիկ մեզ առաջարկում էին մի Աստված, որի ամբողջ օրգանիզմն անվանված է:

Մենք լանդշաֆտ դիտարկելու մշակույթ չունենք: Հլը ձեր կանանց նայեք կամ ձեր ամուսիններին, եթե նրանք ճղճղան են: Տեսեք Աստված կա՞: Էդ կյանքի ո՞ր կետում լինի, խցկվելու տեղ չկա լինելու համար: Հայ կինը (կամ`ամուսինը) կյանքի ծանրաքայլ մեթոդականությամբ մեկ օրում մսխում է Հիսուսի ամբողջ 33 տարին: Բայց եկեղեցին քթի տակ է` մի բան կանի: Թվում է, թե սա միայն մեր խնդիրը չէ: Հաճախ այդպես էլ ասում են: Բայց ձեր ի՞նչ գործն է ուրիշի հավատը: Դուք ամուսին (կամ`կին) ունեք, որով ամբողջացրել եք ձեզ: Դուք բնություն ունեք, որում արդեն Աստված կա: Բայց էդ Աստված մեր անտառների նման է` սպառման ենթակա: Վկա` Աբովյանի եկեղեցին: Որպես կառույց: Մենք չգիտենք ինչ մտածենք մեր բաժին Աստծո մասին, նա փոխադարձ չէ: Նա միայն հավատի Աստված է, ահա ինչու է միայն մեր մոտ հնարավոր հայտնի անեկդոտի վերջաբանը` էս հայերը հույսներն էլի իմ վրա են դրել: Նա կար որպես ճշմարտության Աստված (Նարեկ), որպես խորհրդի Աստված (Թումանյան), որպես մխիթարության Աստված (Չարենց): Մեր Աստծուց մնաց միայն Ծառուկյան Գագիկը: Մնում է, որ նա բնակվի իր իսկ կառուցած եկեղեցիներում: Նա էլ էր, չէ՞, համարյա ասում` կայսրինը` կայսրին, որն իր արեւելահայերենով հնչում է այսպես` ես քաղաքականության մեջ չկամ: Եվ ունի մեր «Աստծուն», այսինքն, մեզ «իմաստավորող» համապատասխան մականուն, որը մարդամեկի պահանջով արժամանակ արգելված էր ասել: Դե ինչպես հրեաներին էր արգելված հնչեցնել Հայր Աստծո անունը: Եվ նրա անունն է, որ մենք հագեցնում ենք «օվսաննա»-ներով: Եվ եթե միայն իր մականունից բաղկացած այս մարդուց զատ ուրիշ Աստծո էլ ենք ընդունում, Մայր Աթոռը քթներիս տակ է, մի բան կանի, ամեն ինչ կդնի տեղը:

Եվ մի՞թե սա չէր մեր հագեցրած Աստվածը, մեր «սերը» ծաղիկներով, մեր Նարեկի, Թումանյանի եւ Չարենցի Աստվածը, ուրիշի մերժած «ոսկե հորթի» մեր փայ մերժումը, մեր «կենդանի Խաչյալը», որի հանդեպ հավատը պահպանեցինք նույնիսկ քաղաքական «քահանայապետի» բաց թողած շների մինչեւ վերջին ոսկորն իրականացրած հոշոտումից հետո: Եվ մի՞թե նա չէ «մեռելներից հարություն առածը», մեր Ծառուկյան Գագիկը, մեր,-մարդամեկի ասած,-Դոդի Գագոն, որն արդեն իրենով չի լցնում մեր եկեղեցիները, այլ ինքն է դառնում այդ եկեղեցին, որի անունից ողորմություն են բաժանում մյուսները, որի սյուքով են շարժվում քվեները, որի մարդամեջ դուրս գալու ավետիսն է թեւածում ամենակենտրոնական «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, որի գրեթե մանրն է մեզանից յուրաքանչյուրը, երբ նա ընդհանրապես չկա: Որովհետեւ, տղերք, Աստծուց Աստվածն էլ կա եւ Ծառուկյան Գագիկը նրա «մարգարեն» է:

Մհեր Արշակյան