Ափսոս էր երեխան

21 09 2015

Vahan-MartirosyanՎահան Մարտիրոսյանը անկախ Հայաստանի, թող ներվի ասել, ամենաինքնատիպ կերպարներից է։ Եվ հիմա կիմանաք, թե՝ ինչու։ Մարդը ուսանողական բողոքի գործողություն ղեկավարե՞լ է։ Ղեկավարել է։ Հանդիպե՞լ է պետական պաշտոնյաների հետ իր բողոքի շրջանակներում։ Հանդիպել է։ Նրա հանդեպ,-թույլ տանք հավատալ իր ասածներին,-բռնություն եղե՞լ է։ Համարենք, որ եղել է։ Այսինքն, անցել է Հանրապետական դառնալու ամբողջ զարտուղի ճամփան։ Վազգեն Խաչիկյանն ու Արմեն Աշոտյանն այդ ճանապարհն անցել են ուղղակիորեն, առանց դես ու դեն ընկնելու, հենց սկզբից ՀՀԿ-ական դառնալով, այս տղան այդ ճամփան անցել է զարտուղի ճանապարհով։ Եվ, բնականաբար, միշտ չէ, որ այդպիսի ճանապարհը բերում է հենց ՀՀԿ-ի դուռը։ Մենք այդպիսի մեկին գիտենք՝ Սամվել Ֆարմանյան։ Սկսեց ՕԵԿ-ից, հարձակվեց իշխանության վրա, հետո դարձավ ՀՀԿ-ական։ ՕԵԿ-ն, իհարկե, ամենազարտուղի ճանապարհը չէ։ Մենք Արտաշես Գեղամյան եւ Հայկ Բաբուխանյան ունենք։ Էս վերջինը նույնիսկ դանակահարվել է, Գեղամյանի վրա ձվեր են շպրտել արմատական ընդդիմադիր լինելու օրերին։ Եվ հիմա նրանք ԱԺ պատգամավոր են։

Անձամբ իմ կարծիքով Վահանի դավաճանությունն ու այս մարդկանց պատգամավոր լինելը տարբեր բաներ չեն։ Կարիերայի նույն շարժն է։ Ինչո՞վ է Վահան Մարտիրոսյանը տարբերվում, ասենք, Վահան Բաբայանից կամ Տիգրան Ուրիխանյանից։ Ոչ մի բանով։ Թվարկված բոլոր անուններն էլ աշխատել եւ աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի։ Այսինքն, ի շահ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի։ Մարտիրոսյանին Բաբայանից նույնիսկ չի տարբերում այն, որ Մարտիրոսյանը հաստատ քրեական օրենսգրքով պատասխան չի տալու իր արարքների համար։ Բաբայանն էլ իր դավաճանության անունը դրել է քաղաքական գործունեություն։ Մարտիրոսյանը, վստահեցնում եմ, ավելի սարսափելի դավաճան չէ, նա բացահայտել է իրեն, մենք նրան դեմքով գիտենք, ազատ ենք նրա մասին որակումների մեջ։ Իսկ ինչպե՞ս վարվել Հայաստանի ներսում վահանմարտիրոսյանություն անողների հետ։ Շնորհիվ այդ տղաների այսօրվա կեցվածքի է, որ աշխարհը Հայաստանն ավտորիտար չի համարում, նրանք գնում եւ սեղմում են խիստ անլեգիտիմ Սերժ Սարգսյանի ձեռքը եւ կոչվում են ընդդիմադիր։ Վահան Մարտիրոսյանը փնովում է Սերժ Սարգսյանին մի երկրում, որտեղ հակառակն ասելու կամ ոչինչ չասելու համար նրան ուղղակի կոչնչացնեին։ Բայց Վահանը Հայաստանը փնովում է սրտանց։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը գովերգում են վերը թվարկված անձինք։

Հետեւաբար, Վահանը ի սկզբանե այս տղաներին է օրինակ ունեցել, երբ մտել է քաղաքականություն։ Նա երազել է դառնալ ԱԺ պատգամավոր, որովհետեւ, ըստ իրեն, ոչնչով պակաս չէ Սամվել Ֆարմանյանից, Տիգրան Ուրիխանյանից, Վահան Բաբայանից եւ մյուսներից։ Նա Բաքու չէր փախչի եթե երաշխիք ունենար, որ կդառնար պատգամավոր։ Ի վերջո խորհրդարան մտնելու համար նա նույնիսկ հանցագործություն է արել, փող է գողացել։ Մենք ինչքա՞ն հանցագործ ունենք ԱԺ-ում։ Հենց իրենց կատարած հանցանքներով են նրանք դարձել ցանկալի եւ կառավարելի։ Բայց նա փախել է, որովհետեւ չի ունեցել որեւէ երաշխիք, որ իր անմարդկայնությամբ կարող է օգտակար լինել Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Բաքվում ի՞նչ է արել այդ տղան՝ փնովել է Սերժ Սարգսյանին, Հրանուշ Հակոբյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլոց։ Իսկ դուք նրանց մասին ուրի՞շ բան էիք մտածում եւ նա ձեզ անակընկալի՞ է բերել։ Ադրբեջանն արդեն Հայաստանի խիստ «ադեկվատ» քաղաքացու բերանով ունի ճշմարտությունը մեր իշխանության մասին, միջազգային հարթակ նա հենց այս տղայի խոսքերն է հանելու։ Այո, ինչ-որ իմաստով խոցելի է դարձրել մի երկիր, որը ներսից է փտում «շնորհիվ», ասենք, Յուրի Խաչատուրովի եւ Գագիկ Խաչատրյանի։

Կարող եք, իհարկե, ասել, որ վերը թվարկած անուններից ոչ ոք Հայաստանից չի փախել։ Հիմա ապացուցեմ, որ ոչ միայն փախել են, այլեւ էլի են փախնելու։ Նրանք Հայաստանը ղեկավարում են այնպես ասես գոյություն ունեն միայն իրենք, ասես այս երկիրը միայն իրենց եւ իրենց երեխաներին սպասարկելու համար է 1991-ի սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակել։ Այդպես Հայաստանի հետ վարվում է նվաճողը, որը մեծ հաշվով այստեղ անելիք չունի, եթե խելքը գլխին մեկը «փըխկ» անի, անմիջապես կփախչեն։ Նրանց ղեկավարած Հայաստանը համակողմանի զարգացող երկիր չէ, նրանց ղեկավարած Հայաստանում մականուններն ավելի շատ են, քան՝ անունները։ Նրանց ղեկավարած Հայաստանի բանտերում անուններն ավելի շատ են, քան՝ մականուննները։ Եվ, ի վերջո, եթե դեռ չեն փախել այս Հայաստանից, չի նշանակում, որ Վահանից լավն են։ Քաղցկեղն էլ մեր մարմնից չի փախչում։ Իմ քաղցկեղն ուրիշի մարմնում չի ծավալվում։ Վահանն այս բոլոր քաղցեղկեղածին «մեծապատիվների» ծնունդն է, նրանք պիտի պատասխան տան Վահանի դավաճանության համար։ Պարզապես այդ տղան որպես քաղցկեղածին բջիջ գնացել է ծավալվելու ուրիշ պետության օրգանիզմում այն ժամանակ, երբ մեզ ոչնչով «օգտակար» լինել չէր կարող։ Իսկ Հայաստանից արտագաղթելն ինչո՞վ դավաճանություն չէ, չէ՞ որ ոմանք նույնիսկ հեռանալիս թքում են, անիծում։ Նրանք էլ հո ժողովրդի մասին չե՞ն պատմում օտար ափերում, էդ ժողովուրդն իրենք են, նրանք պատմում են իշխանություններից։ Ուղղակի Վահանին «ավելի» դավաճան է դարձնում ընտրած երկիրը։ Վահանը գնացել է «հակահերոսության» գիտակցված ճանապարհով։ Այնտեղ նրա գոյության երաշխիքներն արդեն այս կամ այն չափով միջազգայնացված են։ Իսկ արտագաղթածների 95 տոկոսը ոչ մի երաշխիք չունի, որ հաջորդ երկրում լավ է լինելու։ Նույնիսկ նոր հարեւանը չի կարող տալ այդ երաշխիքը։ Մեր արտագաղթողները գնում են մեզ թողնելով իրենց պարտված դիմադրողականության տրիումֆը։ Նրանց Հայաստանն այլեւս հետաքրքիր չէ, թեպետ չեն հայտարարում, որ դառնալու են հակահայ։ Ոչ ոք, ի դեպ, չի կարող հակահայ լինել իր երեխաների անունից։ Հենց սրանից տեղյակ չէ Վահան Մարտիրոսյանը։ Ոչ ոք ընդհանրապես ինչ-որ բանի՝ հողի, հարազատի հակա չի կարող լինել իր երեխայի անունից։ Այնպես որ այդքան լավ մտածված դավաճանությամբ հանդերձ Վահանը պարտված տղա է։

Բայց այդ տղան համը հանում է նաեւ, երբ իր հաշիվներում խառնում է հայ ժողովրդին։ Սակայն սա Ադրբեջանի ներքին լսարանին է պետք, այնպես որ մեծ հաշվով արդեն Բաքու հասած այս տղայի արտահայտությունները դատապարտելի համարելը անտեղի սուր ճոճել է։ Խնդիրն այն է, որ այսքանով չեն ավարտվում Ադրբեջանի «աշխարհաքաղաքական» հաշիվներն այս տղայի հետ։ Վահանը դառնալու է Միլի Մեջլիսի պատգամավոր։ Որովհետեւ Կարեն Պետրոսյան սպանած Ադրբեջանը աշխարհին պետք է ցույց տա իր անափ հանդուրժողականությունը՝ Հայաստանի նախկին քաղաքացին Մեջլիսի անդամ է։ Ուրեմն ո՞րն է ելքը։ Ելքը մեկն է՝ լինել այնպիսին, որ նույնիսկ դավաճանը ձեր մասին ասելիք չունենա։ Որ նա պարզապես ծիծաղելի լինի, երբ կթմկահարի ձեր իշխանության արատները։ Նա հո տեսնելու՞ է, թե ինչ երկիր է փախել։ Պարզապես երեխան էր ափսոս։ Նա հո հորից անկա՞խ է տեղեկանալու, թե ինչ ճանապարհ է անցել իր ընտանիքը։

Մհեր Արշակյան





Սկանդալներ հանուն մի փոր հացի

10 09 2015

     

RA State Commission for the Protection of Economic Competition holds a session

Մինչեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում սպասվում են մի շարք սկանդալներ։ Կփորձեմ ներկայացնել դրանց հիթ շքերթը (հերթականությունը պայմանական է)։ Մինչ այդ նկատենք՝ դրանք պարզապես սկանդալներ չեն, որոնք ծագում են այս կամ այն օլիգարխի կամ պաշտոնյայի քմահաճույքով եւ եթե անգամ՝ քմահաճույքով, դրանք ընդհանուր սցենարի մեջ են։ Այդ մարդիկ իրենց բնությամբ են սկանդալների սցենարի մեջ տեղավորվում։ Իսկ սկանդալների սցենարիստը, չմոռանանք, Սերժ Սարգսյանն է, որովհետեւ սկանդալիստներին ինքը հենց դրա համար էլ պահում է։ Այդ մարդիկ ուշադրություն շեղելու եւ միաժամանակ շեֆից կախվածությունն ավելի մեծացնելու համար են։ Ինչու՞՝ մի փոր հացի համար, ընկերներ, մի փոր հացի համար։

Այսպիսով, մինչեւ հանրաքվեն բացառված չէ որեւէ պաշտոնյայի կամ պատգամավորի աղմկահարույց սպանությունը։ Դրա անունը դնենք զոհաբերություն։ Այն, ինչ քաղաքացու համար սպանություն է, իշխանության համար զոհաբերություն է, մարդը զոհաբերվում է «ընդհանուր գործին»։ Իսկ ընդհանուր գործն էլ այն է, որ զոհաբերվողն այսպես թե այնպես իշխանությանը պետք չէր գալու փոփոխությունների հանրաքվեից հետո։

Երկրորդ սկանդալը առաջինի նման «մերձ» է զոհաբերությանը, սակայն առանց արյուն թափելու։ Իր բնույթով այն կհիշեցնի սեքսուալ սկանդալին, բայց այս մեկում իշխանության նախատեսած զոհերը կձերբակալվեն։ Նրանց քրեական անցյալը իշխանության համար ժամկետանց է, բացարձակապես անպիտան օգտագործման համար։ Բացառված չէ, որ ձերբակալվելիք անձը ուղղակիորեն քրեական կերպար չլինի, ինչպիսին Գագիկ Բեգլարյանն է կամ Ռուբեն Հայրապետյանը։ Հնարավոր է նա լինի փոխոստիկանապետ, կամ որեւէ այլ նախարար։ Սկանդալների մի մասը երկու հարց է լուծելու՝ ազատվել ապագա իշխանության կերակրատաշտին չսազողներից եւ լուծել ժողովրդի «զբաղվածության» հարցը։

Երրորդ սկանդալը բնույթով նման կլինի աղետի՝ ասենք, խոշոր պայթյուն որեւէ սուպերմարկետում, որեւէ օլիգարխի տանը, որեւէ նախարարի օբյեկտում, կամ հրդեհ հանրային որեւէ շինությունում, իհարկե, «ցանկալի» է զոհերով։ Ասենք, կառավարությունում։ Մնացած այլ հրդեհները ժամկետանց են։

Չորրորդ սկանդալում դարձյալ մահ կա, բայց գուցե այն «սպանություն» չորակվի, քանի որ, համենայնդեպս, լուրը սպանության մասին չի լինի, այլ՝ մահվան։ Իսկ ո՞ր մահերն են սովորաբար գաղտնի մնում՝ քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած մահերը։ Չորրորդ սկանդալի մահը կվերաբերվի Նաիրի Հունանյանին կամ на худой канец՝ Կարեն Հունանյանին։ Այս տղաները դեռ չեն սպառել իրենց «օգտակար գործողության գործակիցը» Սերժ Սարգսյանի ծրագրերում։ Ժամանակն է, որ մի «խելքը գլխին գործի» ծառայեն։

Հինգերորդ սկանդալը ակնհայտ ահաբեկչական է՝ այն պարզապես պայթյուն չէ կամ պարզապես՝ սպանություն։ Այն հոգեկան հիվանդի «հովերով» ասպարեզ մտնող մի «մահապարտի» հայտնություն է, որը կհաջողացնի մինչեւ հանրաքվեն սարսափի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեք, Սերժ Սարգսյանը հավերժական իշխանության հարց է լուծում, իսկ սրա առաջ բոլոր միջոցները «ընդունելի» են։

Վեցերորդ սկանդալը փոքրիկ սկանդալների մի բույլ է, որում կան պաշտոնեական բռնություններ քաղաքացիների հանդեպ։ Բայց սրանք ընդհանուր առմամբ վախի մթնոլորտը քոք պահելու համար են։ Դարձյալ կլսենք Սուրիկ Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ այլոց «հերոսությունների» մասին, թե որ օբյեկտում ում են շան օրը գցել։ Սակայն սրանք, հենց այնպես, պարզապես ատամի տակ մնացած կերակուրի մնացորդի էֆեկտով սկանդալներ են լինելու, կամ ինչպես «ինտելեկտուալ» խաղերում է լինում՝ «բլից» սկանդալներ։ Այս տղաները պետք է դրսեւորվեն, որովհետեւ նրանց հանգստությունը տագնապեցնող է Սերժ Սարգսյանի համար՝ մի՞ թե այդքան անկախ են ինձանից։

Յոթերորդ սկանդալում Սերժ Սարգսյանի ուղղակի ձեռագիրը չկա, ինչպես չկա նրա ուղղակի ձեռագիրն, ասենք, Անդրանիկ Մարգարյանի մահվան մեջ, որի արդյունքում նա դարձավ ՀՀԿ-ի լիարժեք տեր ու տնօրենը։ Դա ինքնասպանությունների եւ աղմկահարույց այլ հանցագործությունների շատացումն է, որեւէ ավտոբուսի հրդեհումը, զոհերով ուղեկցվող սողանքը, փողոցային հրաձգությունները, օրենքով գողերի տազբորկեքը «Փարվանայում» կամ «Փարավոնում»։ Սրանցով էլ ժողովուրդը կզբաղվի եւ ականջ չի դնի սահմանադրական փոփոխություններին։

Ութերորդ սկանդալն արդեն Հանրապետական «ինտելեկտի» աշխուժացումն է ԱԺ-ում։ Այստեղ ամեն ինչ պետք է արվի շատ նուրբ, չէ՞ որ առաջիկա նստաշրջանում թեման լինելու է հիմնականում սահմանադրական փոփոխությունները։ Սկանդալը պետք է ուղղակիորեն կապ չունենա բարեփոխումների քննարկումների հետ, որովհետեւ «կստվերի» բարեփոխումների «բարի» համբավը։

Իններորդ սկանդալը, բացառված չէ, որ կապ ունենա հենց Սերժ Սարգսյանի անձի հետ։ Այսինքն, այն լինի ոչ թե սկանդալ, այլ՝ տրիումֆ, դիցուք, այն մասին, թե ինչպես ինքը ժպտաց կույր երեխային, ինչպես անձրեւի ժամանակ կանխեց սայթաքող անծանոթ գեղեցկուհու անկումը, ասենք Սիրահարների այգում։ Այսինքն, մի շատ աշխարհիկ եւ համր կատարում, որը Հայաստանին ամբողջ աշխարհում  «բարձրացրեց» այլ հարթություն։ Դրա համար կան իշխանական լրատվամիջոցները։ Այս կետը միակ ստույգ անարյուն «սկանդալն» է, եթե, իհարկե, անծանոթ գեղեցկուհին չընդդիմանա, կույրն էլ հանկարծ չտեսնի, թե ով իրեն ժպտաց։

Տասներորդ սկանդալն, ի դեպ, կարող է վերաբերվել հրաշքներին։ Դիցուք, հայտնաբերել են Վահագն Աստծո ոսկորները կամ, մեղա, մեղա, Սամվել Ալեքսանյանի (հիշում եք, չէ՞, նրա պատիվը պաշտպանող կանանց փաստարկը՝ Քրիստոսից հետո երկրորդ մարդն է) դեղագործները հրաշք դեղ են պատրաստել։ Կամ նման մի հիմարություն։

Այս շքերթի մեջ չեն մտնում «автопилот» կամ ինքնաբուխ սկանդալները, ինչպիսիք են Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդի դպրոցի փոխտնօրեն նշանակվելը, կառավարության աշխատակցի ինքնասպանության փորձը, որեւէ օլիգարխի «դոզայի տակ մնալը»։ Բացառված չէ նաեւ դրսի «աջակցությունը» ինքնաբուխ սկանդալների «արտահայտմանը»՝ Մոսկվան կամ Վաշինգտոնը հրապարակում են աղմկահարույց տնտեսական հանցանքներ, ասենք, հակասանկցիոն գործարքներ եւ այլն։ Ինքնաբուխ սկանդալների պակաս Հայաստանն, իհարկե, չի ունենա։ Սկանդալների միայն արձանագրված տեսականին այնքան լայն է, որ սրանց մի մասը կարելի է «պահեստավորել»՝ 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ժողովրդին «բաժանելու» համար։

Մհեր Արշակյան





Չլինող բաներ. Սերժ Սարգսյանի կանխարգելիչ քայլը

5 09 2015

Slonyi-boyatsya-myishey

ՀՀԿ ղեկավար-ԱԺ նախագահ փղի մոտ վարչապետը սովորական մուկ է

Բոլորին է հետաքրքիր՝ ինչպե՞ս է այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը մնում իշխանության ղեկին, եթե նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեին հաջորդող Ազգային Ժողովի ընտրություններից հետո չի պատրաստվում լինել ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ էլ ԱԺ նախագահ։ Հարցն էլ հենց դա է, որ պատրաստվում է լինել եւ Հանրապետության նախագահ, եւ Ազգային Ժողովի նախագահ։

Հանրապետության նախագահ նա ի պաշտոնե է լինելու 2017-ի ընտրություններից հետո դեռ ամբողջ մեկ տարի։ Հարցն այն է, թե առանց ընտրությունների (քանի որ Նոր Սահմանադրությամբ մեծամասնական ընտրակարգ գոյություն չունի) ինչպե՞ս է գրոհելու Ազգային Ժողովը։ Մեխանիզմն ավելի քան պրիմիտիվ է։ Այդ մեխանիզմում ամեն ինչ կա՝ հավակնոտության բացակայություն, համեստություն, որոնք այնքան բնորոշ էին Ստալինին 1937-ի օրերին։ Չէ՞ որ Ստալինն այդ ժամանակ երկրի իրավաբանական ղեկավարը չէր, իրավաբանորեն նույնիսկ ոչ մեկն էր՝ 1923-ից 1941 թվականը նա պետական պաշտոն չուներ։ Նա կուսակցության ղեկավարն էր։ Սերժ Սարգսյանի նախագծած համեստությունը փոքր-ինչ զիջելու է Ստալինին։ Ամեն ինչ երեւալու է, երբ հրապարակվեն ԱԺ ընտրությունների նախընտրական ցուցակները։

Ընդունված է կարծել, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Իսկապես, այդպես է եղել 2012-ին։ 2007-ին՝ նույնպես։ Այսինքն, տրամաբանական կլինի, որ 2017-ին էլ նա առաջնորդի նախընտրական ցուցակը։ Այսօր արդեն այդպես է կարծում ամբողջ ՀՀԿ-ն։ Նրանց թվում է, թե կուսակցության ղեկավարի համար, որի ձեռքում է կուսակցության եւ քաղաքական դաշտի 95 տոկոսի ամբողջ կեղտի պատմությունը, մեծ տարբերություն կա՝ ինքը ցուցակի առաջի՞ն տեղում է, թե՝ վերջին։ Եթե ինքը ցուցակի առաջին համարում հանդես գա նաեւ 2017-ի ընտրություններում, ստիպված կլինի հրաժարվել իր տեղից ԱԺ մտնելու դեպքում, քանի որ ՀՀ փաստացի նախագահն է։ Դրանից հետո, քանի որ, այսպես թե այնպես հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, պետք է ընտրական օրենսգիրք փոխեն, որով հրաժարվողը կարող է վերադառնալ ցուցակ։ Այս տարբերակով հակաժողովրդավարական քմահաճույքն, ինչպես ասում են զռռում է։ Հազիվ թե Սերժ Սարգսյանն այս ճանապարհով գնա։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն, իհարկե, նրանց ձեռքում է, նրանք հանրաքվե են կեղծելու, ընտրություններ են կեղծելու, ի՞նչ խնդիր՝ ընտրական օրենսգրքում մտցնել դրույթ, որ ցուցակից հրաժարված անձը կարող է նորից մտնել ցուցակ։ Բայց սա Վենետիկն էլ չի հասկանա։ ՀՀԿ ղեկավարը գնալու է «մարդկային» ճանապարհով։ Ցուցակների հրապարակումից հետո բոլորը տեսնելու են, որ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ ցուցակի առաջին համարը չէ։ Այլ, ասենք, 140 կամ 155-րդ համարը, այսինքն, այնպիսի մի տեղ է զբաղեցնելու ցուցակում, որն անմիջապես չի մտնելու ԱԺ, բայց իրեն դուրս էլ չի թողնելու ցուցակից, եթե հանկարծ բոլոր պաշտոններն ու պատգամավորական աթոռները զբաղեցվեցին։ Տեսա՞ք հավակնոտության բացակայությունն ու համեստությունը, մարդը ոչ միայն առաջին տեղում չէ, նա նույնիսկ առաջին հարյուրյակում եւ, ավելին, հարյուրհիսունյակում չկա։

Սակայն ինչու՞։ Որովհետեւ 2018-ի ապրիլի 9-ից նա պիտի թողնի հանրապետության նախագահի աթոռը եւ սահուն, առանց ընտրությունների, առանց հատուկ իր համար ընտրական օրենսգրքի փոփոխությունների մտնի Ազգային Ժողով։ Նա նույնիսկ օրենք չի խախտելու Ազգային Ժողով մտնելով։ Մինչ այդ համապատասխան մեկը ՀՀԿ խմբակցությունից, ասենք, Նոր Սահմանադրության նախագիծը հաճելի համարող Կարո Կարապետյանը կամ միասեռականության հակառակորդ Բազմասեր Առաքելյանը կհրաժարվեն պատգամավորական մանդատից։ Բոլոր նրանք, ովքեր նախընտրական համամասնական ցուցակում ընկած են Սերժ Սարգսյանից առաջ, բայց ԱԺ չեն մտել, հերթով կհրաժարվեն ԱԺ մտնելու իրավունքից, իսկ Սերժ Սարգսյանը չի հրաժարվի։ ԱԺ մտնելուց հետո բնականաբար հրաժարական կներկայացնի խորհրդարանի գործող նախագահը, տվյալ դեպքում՝ Գալուստ Սահակյանը կամ, ասենք, Էդվարդ Շարմազանովը, եւ խոսնակի նոր ընտրություններով Սերժ Սարգսյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը։ Հասկանում եք, որ խորհրդարանի ընտրություններից հետո ամբողջ մեկ տարի ինքը մնաց իր խոսքի տերը՝ չդարձավ ոչ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ։ Բայց, ինքներդ գիտեք, Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները «պահանջում» են, որ նա շարունակի «էական» դերակատարում խաղալ պետության կյանքում, որտեղ վաղուց կրկեսի վերածելու մարտահրավերներ չկան։

Հարց է ծագում՝ իսկ կուսակցությունը չի կարո՞ղ քցել Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ վարչապետն իրենից ինչ-որ բան ներկայացնում է, նա կարող է այդ մարդուն թողնել, ոչ գրական բառապաշարով ասած, բորդյուրին։ Դա չլինող բան է։ Որովհետեւ վարչապետն ինքնին չի լինելու մի «բացառիկ» հեղինակություն, ինչպիսին, ասենք, Հովիկ Աբրահամյանն է։ Եվ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը չի կարող կասեցնել այս սցենարը, եթե հանկարծ նա դարձավ պետության նոմինալ առաջին դեմքը վարչապետի պաշտոնում։ Որովհետեւ նա Սերժ Սարգսյանի «համեստությունը» չունի, նա տիրացել է հանրապետության առաջին աթոռին եւ նրան բավարարում է, որ Սերժ Սարգսյանն իր աթոռին չի հավակնում։ Հովիկ Աբրահամյանը չգիտի, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահ էլ չդառնա, այլ մնա սոսկ ՀՀԿ ղեկավար, ինքը նրա մոտ է վարչապետ աշխատելու, Գալուստ Սահակյանը նրա մոտ է ԱԺ նախագահ աշխատելու, իսկ Սեյրան Օհանյանը նրա մոտ է նախագահ աշխատելու։ Նոր Սահմանադրության նախագիծը հենց այդպես է կառուցված։ Այն գենսեկի նախագիծ է։ ԽՍՀՄ-ում պետության փաստացի ղեկավարը ԽՄԿԿ կոմկուսի գլխավոր քարտուղարն էր, որն իբրեւ պաշտոն իրացվել է 1966-ի ապրիլի 8-ից մինչեւ 1991-ի օգոստոսի 24-ը՝ Բրեժնեւից մինչեւ Միխայիլ Գորբաչեւ։ Բրեժնեւին նախորդող Նիկիտա Խրուշչյովը ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարին զուգահեռ նաեւ Նախարարների խորհրդի նախագահն էր, այսինքն, վարչապետը։ Իսկ Բրեժնեւը գիտեր, որ պետության իրավաբանական ղեկավարը Գերագույն խորհրդի ղեկավարն է, որպիսին էր ինքը արդեն Խրուշչեւի օրոք։ Հետո այն հանձնեց մեր հայրենակից Անաստաս Միկոյանին, վերջինս Նիկոլայ Պոդգոռնուն, որից հետո 1977-ի հունիսին Բրեժնեւը որոշեց համատեղել կուսակցության ղեկավարի եւ պետության իրավաբանական ղեկավարի պաշտոնները։ Սերժ Սարգսյանը գնում է հենց այս ճանապարհով։ Նա հիշում է, որ Բրեժնեւից հետո այդպես վարվեցին եւ Անդրոպովը, եւ Կոնստանտին Չեռնենկոն, եւ Միխայիլ Գորբաչովը։ Նախագծից գլուխ հանողները սա հասկացել են, սա «չեն» հասկացել միայն Ֆելիքս Թոխյանը եւ Կիմ Բալայանը։ Հասկացողը հասկացել է, որ ՀՀԿ ղեկավար-ԱԺ նախագահ փղի մոտ վարչապետը սովորական մուկ է։ Այսինքն, ՀՀԿ-ն դառնում է մի կուսակցություն, որտեղ բացառվում է քաղաքական առաջնորդության հավակնությունը, բոլորը պետք է երազեն մյուս պաշտոնների մասին, քանզի, եթե անկեղծ լինենք, առանց Սերժ Սարգսյանի, նրանք նույնիսկ ընտանիքի հայր կամ մայր լինելուն պիտանի չեն։

 

Մհեր Արշակյան

 





Երջանկությունը, Սողոմոն Թեհլերյանը եւ Սիզիփոսը

22 04 2015

Եզակի մարդիկ են երջանիկ եղել։ Մեկը մեր Սողոմոն Թեհլերյանն է, մյուսին՝ Սիզիփոսին, Ալբեր Կամյուն գտել է ստվերների աշխարհում։ Երրորդը, հավանաբար, Դիոգենեսն էր։ Երջանկության զգացումը անշրջելի, ամփոփված բավարարվածության մեջ է՝ սպանեցի Թալեաթին, երջանիկ եմ։

Soghomon Tehleryan

Իմ երեխայի սահուն կյանքն ինձ չի երջանկացնի, ես հո գիտեմ, որ կյանքն անակնկալներով է հարուստ։ Երեխան վաղը կարող է ծանր հիվանդանալ։ Այս հիվանդությունն ունայնության զգացում չի կարող առաջացնել, որովհետեւ դրա մեջ անուղղելի մի բան կա։ Թալեաթի սպանությունը պիտի որ առաջացներ այդ զգացումը՝ իմ՝ Թեհլերյանիս, ինչի՞ն էր պետք։ Բայց այս երկուսն իրար «դեմքով» չգիտեն։ Եվ չեն իմանալու։

Իր բնությամբ երջանկությունն ունայնություն չգիտի։ Ինչպես կատարված ինքնասպանությունը չի սրբագրվում, այնպես էլ՝ երջանկության զգացումը։ Ունայնությունը կա այն ամենում, որում դու շարունակվում ես՝ գնեցի մի քանի դղյակ, ունայն է, որովհետեւ ավերիչ երկրաշարժն, օրինակ, բացառված չէ, դու՝ այդ դղյակներիդ տերը, երկրաշարժի վրա իշխանություն չունես։ Կամ կարող ես «հիվանդանալ» ավելի լավ դղյակով։ Այնպես որ ձեռքիդ տակ եղած դղյակով ինքն իրենով ուրախությունն ամփոփ չէ։ Դրա հաջորդ օրը կարող ես արթնանալ բերանի տհաճ համով, սիրելի բարեկամդ կամ հենց դու կարող եք գետից նույնիսկ թաց դուրս չգալ։ Երջանկության զգացումը չպետք է այլ էմոցիաներին որպես մրցակից ունենալ, ինքն ինքնաբավ է նույնիսկ եթե աշխարհը փլվի գլխիդ։ Ինքն իր աչքին պետք է անվիճարկելի լինի։ Ահա թե ինչու վրեժի զգացումը երջանկության «դասագրքի» լավագույն օրինակն է։

Երջանկության զգացումը պահանջում է, որ դու ավարտվես իր «վրա»։ Հետագա ոչ մի փորձություն կամ պատիժ չի կարող հաշմել նրան, ինքը պիտի իշխի իր ամփոփվածությամբ շարունակելիի վրա։ Կամյուն Սիզիփոսի երջանկության թիկունքում չի տեսնում նրա «ինադը» Զեւսի հանդեպ։ Առանց իր մեջ մի հզոր աստվածություն ոչնչացնելու , որով հնարավոր չէ նույնիսկ մահը, Սիզիփոսը չի կարող երջանիկ լինել։ Ժայռը, որը նա փորձում է հասցնել Լեռան գագաթը, հենց Զեւսն է։ Այստեղից միջանկյալ հետեւություն՝ երջանկությունը խմբակային չի լինում, այն առանց զոհի կամ «զոհաբերության» հնարավոր չէ։ Երջանկությունը որեւէ աստվածության չի խոնարհվում, քանի որ հենց աստվածությունը տապալելու բավարարվածությունն է։ Սիզիփոսը պատասխանատվության զգացում ունի, Հադեսում ինքը պատասխանատու է, Սողոմոնը պատասխանատու չէ, որովհետեւ կրակելուց առաջ նա դեռ կարող է հարցնել՝ որ ի՞նչ։

Երջանկությունը լինում է առանց պատասխանատվության, այլապես դա ի՞նչ երջանկություն է։ Կայենն, այո, կարող է սպանել պայմանով, եթե Աստված չկա։ Սողոմոն Թեհլերյանն սկզբում սպանեց Աստծուն, հետո կրակեց։ Որպեսզի երջանիկ լինի։ Նա գիտի, որ չի կարող թույլ տալ Թալեաթի գոյությունը։ Նա այդ մտքով տարված է, ինչպես բանաստեղծությամբ են լցված, ինչպես Աուստեռլիցի արեւն է բացվում ռազմադաշտում, որը կողմերից մեկի համար «մահացու» է։ Որովհետեւ երկու հոգի միաժամանակ երջանիկ չեն լինում, մեկը միշտ զոհ է։ Առանց զոհի հնարավոր չէ երջանիկ լինել, այլ խոսքով՝ մինչեւ Աստծո վրա խաչ չքաշես, երջանիկ չես լինի։ Աստծո ներկայությունը խանգարում է, ինքն անմիջապես կհիշեցնի շարունակությունը, իսկ շարունակությունը հագեցած է ունայնության զգացումով։ Ունայնությունը շարունակության ծուղակն է։

Տեսակետ կա, որ ունայնությունը նահանջում է սիրո առաջ։ Բայց սերը երջանկացնում է, եթե ինքն ամեն ինչում կա, այսինքն, եթե մարդն անընդհատ նրա մեջ է։ Մարդը պետք է մեռնի սիրո մեջ, ինքը չպետք է քննի սերը, մարդը պետք է ավարտվի իր լավագույն էմոցիաների մեջ, որպեսզի ունայնությունը հետեւից չհասցնի։ Ինքը մնացած կյանքի ժամանակ չպետք է ունենա, մնացած կյանքը նույնպես պետք է լինի սերը։ Թալեաթի գլխին արձակված փամփուշտը միայն այդ պահին արձակված փամփուշտը չէ, այլ Թեհլերյանի մնացած կյանքը փամփուշտը։ Սողոմոն Թեհլերյանն ավարտվեց կրակոցով։ Իր կյանքի հետագա ոչ մի ակնթարթը չի կարող իշխել այդ կրակոցի վրա ու սխալ հանել Թեհլերյանին։ Որ պահից ինքը հասկացավ, որ սխալվել է, պետք է կրակի իր ճակատին։ Թեհլերյանին դա տրված չէր, երջանկությունն ընթացիկ չի լինում. Ընթացիկ նշանակում է կանգառներ տեսնել։ Թեհլերյանն ավարտված էր «Աստծո» մեջ։ Մարդը կարող է երջանիկ լինել միայն Աստծո մեջ, երբ ունայնությունն արդեն հենց Աստծո ձայնն է։ Կամյուն Սիզիփոսին Աստծուց դուրս տեսավ երջանիկ, որովհետեւ ժայռին մատնված շրջապտույտի մեջ, որտեղ Աստված չկա, Սիզիփոսը քայլ առ քայլ լուծվում է իր ժայռին, օտարվում դատապարտվածությունից։ Սիզիփոսին տրված չէ ունայնության զգացումը, քանի որ ինքն անավարտ է նպատակի՝ այսինքն, Լեռան Գագաթը տեսնելու մեջ։ Ունայնությունն Աստծո «հյուպատոսն» է մեր էության մեջ, ինքը բոլոր այն զգացումների հետ է, որոնք իրենք իրենցով են, որոնք հնարավոր չէ լցնել մեզանով, որոնք չեն ամբողացնում մեզ։ Ունայնությունը գալիս է ասելու՝ փորձեք նորից։ Աստծո մեջ ունայնությունն այլեւս խորհրդատու չէ, քանի որ այն ըստ էության մեր «վրա» հատիկ առ հատիկ հավաքում է Աստծուն։

Մհեր Արշակյան





Սերժ Սարգսյանը կարող է…

10 03 2015

 Serzh Sargsyan

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարը Սերժ Սարգսյանի միակ «քաղաքական» գործողությունն էր 2011-ի նոյեմբերին հռչակված բուժուադեմոկրատական հեղափոխության մեկնարկից հետո։ Ցանկացած հաշվեհարդար, մենք դա մարտի 1-ից գիտենք, փակում է քաղաքական ցանկացած զրույց։ Ըստ այդմ, ի՞նչ ազատություններ երաշխավորեց իր համար Սերժ Սարգսյանը իշխանափոխությունն այսքան փառավոր եղանակով տապալելուց հետո։

-Սերժ Սարգսյանն ուզածդ պատրվակով կարող է ԱԺ վերադարձնել «Հարսնաքարի» տիրոջը՝ Ռուբեն Հայրապետյանին։ Ո՞վ է այսօր հիշում Վահե Ավետյանին։

-Սերժ Սարգսյանը կարող է բարձրացնել ուղեւորափոխադրող տրարնսպորտի ուղեվարձը։ Ընդ որում ոչ թե միանգամից 100 դրամով, այլեւ 200, 300, 500 կամ նույնիսկ հազար։ Հաշվեհարդարային շոկը մնում է չհաղթահարված, հետեւաբար, հատուկենտ մարդկանց փողոց դուրս գալը իրավիճակը չի փրկի։

-Սերժ Սարգսյանը կարող է Վատիկանից Հայաստան բերել Միքայել Մինասյանին եւ նշանակել, ասենք, Հայաստանի վարչապետ։ Ու՞մ ինչով կզարմացնի կամ կտագնապեցնի։ Եվ ինչո՞վ է սա ավելի վատը կամ լավը բոլոր այն հաշվեհարդարներից, որոնք 2008-ից ի վեր բերվում են Հայաստանի քաղաքացու գլխին։

-Սերժ Սարգսյանը կարող է հատուկ հրամանագրով պաշտոնականացնել Ալեքսանդր Սարգսյանի բաժինքը Հայաստանի ամբողջ տնտեսության վրա։  Ինչո՞վ է այս մարդը ավելի տհաճ այդ բաժինքի մի մասի վրա նստած Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Խաչատրյանից կամ Սամվել Ալեքսանյանից։

-Սերժ Սարգսյանը կարող է հրապարակավ գրողի ծոցն ուղարկել «Նաիրիտի» բողոքավորներին։ Դա հենց այն է, ինչը նա մինչեւ այսօր արել է միջնորդավորված՝ Հովիկ Աբրահամյանի կամ Երվանդ Զախարյանի միջոցով։ Ուրեմն, կորչեն միջնորդները։ Սերժ Սարգսյանն ի՞նչ խնդիր ունի՝ վերընտրությա՞ն։ Իսկ ինքը ե՞րբ է նման խնդիր ունեցել։ Ի՞նչ կապ ունի որեւէ մեկի քվեն նրա նախագահ դառնալու փաստի հետ։ Ինքը ինչու՞ պետք է մտածի «Նաիրիտի» բողոքավորների քվեների մասին։

-Սերժ Սարգսյանը այսօրվանից սկսած իր համար ցանկացած որեւէ օր կարող է առանց քննարկման հանրաքվեի դնել Սահմանադրական բարեփոխումների իր համար ցանկալի որեւէ տարբերակ, որը կարող է երաշխավորել իր կայսր, թագավոր, առաջնորդ, նախագահ, բռնապետ, վարչապետ տիտղոսներից յուրաքանչյուրի ցմահ պատկանելությունը։ Ըստ իս, նա առանց որեւէ խնդրի, կարող է բոլոր այդ տիտղոսները «բիրիքով» մեկ անձի մեջ սահմանադրականացնելու հարց լուծել։ Որովհետեւ ի՞նչ կապ ունի դրանցից յուրաքանչյուրի սահմանադրականությունը։ Մարդը կարող է եւ վերջ։

-Սերժ Սարգսյանը կարող է զենքի ուժով ցրել բողոքի ցանկացած գործողություն կառավարության կամ Բաղրամյան 26-ի դիմաց։ Կարծում եք, մենք՝ շարքային քաղաքացիներս, ընդդիմադիրները բավականաչափ ռեսու՞րս ունեն զարմանալու կամ դրանք հակաօրինական համարելու։ Ո՞վ է նրանց կարծիքը հարցնում։

-Սերժ Սարգսյանը կարող է Հայաստանի վարչապետի պաշտոնին վերադարձնել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակվածին՝ Տիգրան Սարգսյանին։ Հորիզոնում որտե՞ղ է ուրվագծվում հաջորդ եռյակը։

-Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանին; Այլեւս չկա քաղաքական գործոն համարվող խնամին, որի հանդեպ սարսափեց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին;

-Սերժ Սարգսյանը բանավոր հրամանագրով (միայն եթե գրավորի հավես չունի կամ վիրավորական է նման հրամանագիրը հայերեն գրել) կարող է Հայաստանի պաշտոնական լեզու հռչակել ռուսերենը, ադրբեջաներենը կամ թուրքերենը։ Ըստ ճաշակի։ Իր կարծիքով, ու՞մ ազգային զգացումները նա կվիրավորի դրանով։ Չէ՞ որ Հայաստանում գոյություն ունի միայն նրա կարծիքը։ Եթե իհարկե, հավես ունի կարծիք ունենալու։

-Սերժ Սարգսյանն այլեւս պարտավոր չէ մարտի 5-ին այցելել Եռաբլուր հիշելու Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ինչպես եւ վարվեց այս տարի (հանուն արդարության՝ պետք է ասել, որ վերջին անգամ Վազգեն Սարգսյանի շիրիմին նա այցելել է 2009-ի մարտի 5-ին)։ Ու՞մ, ի՞նչ ապացուցելու կարիք ունի այդ մարդը։

-Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել, որ «Մարտի 1-ի էջը փակված է»։ Ինքը ե՞րբ է հայտարարել, որ մեր պատմության էդ մի դրվագը դեռ կրծում է իր հոգին։ Այս տարվա փետրվարի 17-ից հետո ինքն այլեւս կարիք չունի նույնիսկ իր հոգու տեղն իմանալ։ Որ պետք լինի, Աստված տեղը կասի։

-Սերժ Սարգսյանը կարող է Աղդամը համարել մեր Հայրենիք։ Նրա համար ի՞նչ տարբերություն՝ Հայրենիք է, թե ոչ։ Միեւնույն է, նա չի պատրաստվում անձամբ որեւէ դեր ունենալ ղարաբաղյան հարցի լուծման գործում։

-Սերժ Սարգսյանը կարող է քնել ԱՊՀ կամ ԵՏՄ շրջանակներում տեղի ունեցող ցանկացած գագաթաողովի ժամանակ։ Այս երկրում կա՞ որեւէ մեկը, որի խիղճն ավելի հանգիստ է։

Սերժ Սարգսյանը կարող է ամեն ինչ, ասենք, Իլհամ Ալիեւի հետ հանդիպելիս՝ ողջագուրվել։ Բայց նա այս ամենը անելու համար երկու ամիս ժամանակ ունի: Երկու ամիս հետո քաղաքական գործընթացները կվերականգնվեն եւ այս մարդը, վստահաբար, ունենալու է այս պրոցեսներում տեղը տեղին գեներացված հասարակությունը:

          Մհեր Արշակյան





Մանկուրտ դառնալու թերապիան

23 02 2015

anmoruk

Աղջկաս դպրոցում անմոռուկի կրծքանշան են տվել, վրան գրված է. «Հիշում եմ ու պահանջում»: Երկուսն էլ բավականին ոչ մանկական զբաղմունք են: Ասում եմ՝ բալես, լա՞վ ես հիշում: Ասում է՝ հա, ամեն ինչ հիշում եմ: Իսկ ի՞նչը: Աղջիկս զարմացած նայում է՝ փորձում է իդենտիֆիկացնել իր անձնական «բացթողումների» եւ անմոռուկի միջեւ կապը: Ասում եմ՝ դպրոցում քեզ բացատրե՞լ են, թե սա ինչ կրծքանշան է: Բացատրելը, իհարկե, չեն բացատրել: Բայց, արի ու տես, որ ինքը հիշողների ու պահանջողների շքերթի մեջ է: Որովհետեւ իմ աղջիկը «գալըչկա» է, էդ անմոռուկը պետք է կրծքին լինի եւ վերջ: Որովհետեւ հայ-թուրքական երկխոսության տապալումից հետո հիշելը եւ պահանջելը նույնն է, ինչ «Լենին պապին էլ մանուկ է եղել» ոտանավորի մեջ շարադրված դեպքերը մարսելը: Անգիր էիր անում ու չգիտեիր՝ հետո՞: Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ: Նախ ղալաթ է արել, որ թիթեռ է բռնել: Ղալաթ է արել ոտանավորի հեղինակը, որ էս մասին գրել է:

Բայց՝ վե՞րջը: Եվ ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու էդ խեղճ թիթեռի մեկ օրվա կյանքը մանուկ Վոլոդյայի զվարճանքների պատճառով կիսով չափ կրճատելու համար: Ես նման բաները չեմ մոռանում: Բայց անձամբ չեմ հիշում, որ «պապին» թիթեռ է բռնել: Իմ հիշողությունն սկսվում է թիթեռի տանջանքների ընկալման իմ փորձառությունից: Եվ որպեսզի ընդհանրապես որեւէ բան հիշեի ու պահանջեի, ինձ այսպիսի պատմություններ էին պետք, ինձ համար անձնական ողբերգություն էր թիթեռ բռնելը: Ուրեմն, նա ով բռնում է, աչքիս գրողն է, նույնիսկ եթե դա մանկական անմեղ զբաղմունք է: Աղջիկս նույնպես սիրում է կենդանիներ: Երկու օր առաջ տեքստ է գրել՝ կենդանիներին սպանողները վատն են:

Ինքնուրույն է գրել: Իրիկունն ինձ ցույց է տալիս: Դեմ չեմ: Ինքը տեսել է վատ վերաբերմունք: Մեր շենքի շքամուտքի փիսիկները խիստ ընտրողական վերաբերմունքի են արժանանում, ոմանք վատ են արտահայտվում նրանց մասին։ Տեղեկացավ, որ հարեւան շենքի ինչ-որ տղաներ շուն են թունավորել, որն, ի դեպ, շատ մարդամոտ էր։ Ինքն էլ է կերակրել այդ շանը։ Տեքստը, որը նա գրել է, իր բաժին երկխոսությունն է նրանց հետ, որոնք վատ են վերաբերվում կենդանիներին: Այսինքն, աղջիկս որոշակիորեն կարողանում է իր բաժին զենքը վերցնել «ցավ ու ծովերի մի վշտի ընդդեմ»: Հիմա նա «հիշում է ու պահանջում»։ Եթե բացատրես իր պահանջելիքն ու հիշելիքը, կմնա այդ բեռի տակ։ Մեր թութակը սատկել էր ու օրերով մխիթարել չէինք կարողանում։ Եթե նրան բացատրես լավ մարդու եւ վատ մարդու «ցեղասպանագիտական» հարաբերությունը, կարող է կորցնել մանկության հետ կապը։ Եթե դա բացատրես կենդանիների հետ վերաբերմունքով, դպրոցում դա չեն հասկանա։ Ուրեմն, մնում է պարզապես կրթել նրան մարդ լինել։ Փորձությունները գալու են վերակազմակերպելու մարդ լինելու նրա ջանքը։ Իշխանությունը իր բաժին երկխոսությունը հասարակության հետ տապալել է եւ նրան պարտադրում է «հիշել ու պահանջել»։

Ու չի բավարարվում իր խելքի գյորա հիշողներով ու պահանջողներով։ Ուզում է, որ առաջին դասարանցիներն էլ հիշեն ու պահանջեն։ Այսինքն, հիշողության թերապիայի հիմքում իշխանության անկարողությունն ու անգործությունն է։ Թուրքերը մնացին ցեղասպանողներ, մենք էլ՝ հիշողներ ու պահանջողներ։ Հայ-թուրքական երկխոսությունը տապալելով իշխանությունն, ի վերջո, հիշողությունը վերադարձրել է օրորոց, այսինքն, կրծքի կաթ ուտող երեխան պիտի «հիշի ու պահանջի», որովհետեւ նրա հիշածն ու պահանջածը ոչ փաստ է, ոչ էլ՝ պարտավորեցնող: Մինչդեռ մենք՝ բոլ ապրածներս, գիտենք, որ պետք է պահանջել: Բայց առանց երկխոսության հիշելը նույնն է, ինչ «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության առաջին տողը մեկնաբանել այսպես. «Բանաստեղծն ուզում է ասել, որ ինքը սիրում է իր անուշահամ Հայաստանի արեւահամ բառը»: Սա բանաստեղծն է ուզում ասել, իսկ դու՞ ինչ ես հասկացել նրա ասածից: Եվ հետո ո՞վ ասեց, որ դա բանաստեղծի ասելիքն է։ Առանց նրա հետ ներքին երկխոսության ընկալում գոյություն չունի։ Հենց գտար երկխոսության տուտը, որը բանաստեղծության դեպքում, ներքին, չպայմանավորված արարողություն է, անմիջապես կկարդաս ավելին, քան գրված է տեքստում։ Առանց երկխոսության հիշողությունը մանկուրտի զբաղմունք է։

Երկխոսությունը ցույց է տալիս, որ քո հիշողության ու պահանջի օբյեկտը գործող անձ է, կենդանի արարած: Եթե քո հիշողությունը եւ պահանջը միակողմանի է, երեխաներից վազն անցեք: Երեխաների հիշողությունը պահանջ է դառնում, եթե նրանք «Նինձյա կրիա» մուլտն են տեսել ու մի քանի օր հետո հոր կամ մոր հետ մտել են խաղալիքների խանութ։ Ի՞նչ պիտի անեն, երբ ցուցափեղկին տեսնում են իրենց երեւակայության հերոսի խաղալիքը, ծնողից պիտի պահանջեն գնել այն։ Հիշելն անհրաժեշտ է, բայց երբ երեխաները խաղալիք չունեն, նրանք հարձակվում են կենդանի շների կամ կատուների վրա, պարսատիկ են սարքում ու խփում ճնճղուկներին։ Ու դա են հիշում։ Ու էս հիշողության վրա էլ աճում են։ Ու սիրահարվում։

Հետո փորձում սիրո մեջ դառնալ «տղա»։ Մինչդեռ հիշողությունը միշտ շարունակություն է։ Հիշողությունը շարունակում է սիրած աղջկան, որը հեռացել է առանց բառ ասելու, հիշողությունը քո խոսքն է այն մասին, որ աղջիկը ներողամիտ լինի կամ նման մի բան։ Հիշելը գործողություն չէ, եթե դու դեպքերի մասնակից չես նույնիսկ դեպքից 100 տարի հետո: Առաջին դասարանցին հիշելու ի՞նչ ունի, ի՞նչը պատմենք նրան, որ համ ցեղասպանությունն առարկայացնենք, համ էլ շատ Հիշելը գործողություն է նույնիսկ պատմության դասագրքերից անկախ: Հիշելը գործողություն է, նույնիսկ եթե ոչ միայն Օսմանյան Կայսրությունը չկա քարտեզի վրա, այլեւ՝ Թուրքիան: Հիշելը գործողություն է միայն այն դեպքում, երբ երկխոսությունն արդեն հաղթահարել ես մինչեւ այն սկսելը: Այլապես, դու նույնիսկ մենախոսության պիտանի չես:

Մենք երկխոսության առաջարկություն արեցինք ու անմիջապես մեր մարզաշապիկներից հեռացրեցինք Արարատը: Սա ի՞նչ էր՝ մանկուրտություն: Այդ օրից մեր հիշողությունը նման է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկին, որտեղ թեկուզ ժամանակավոր, բայց Արարատը չկա: Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանն էլ չկա, բայց մենք առիթ-անառիթ այդ «օրերի» հետ ենք: Մենք մենախոսում ենք այդ ժամանակների հետ, չկան Պարթեւական թագավորությունն ու Հռոմեական հանրապետությունը, որպեսզի երկխոսենք ու մի քիչ ծով պոկենք: Եթե երկխոսություն չկա, նշանակում է, Թուրքիա էլ չկա: Նշանակում է, չկա էն պետությունը, ումից պահանջ ունես: Աղջիկս ասում է`շատ լավ հիշում եմ, բայց չեմ պահանջում: Ու թվարկում է`դու ինձ համար ուղտ չես առել, իմ սիրած գունավոր մատիտները չես առել: Ճիշտ է ասում: Որովհետեւ երբ դրանք էժան էին, փող չկար, երբ դրանք թանկացան, բացակայող փողն ավելի բացակայեց: Հենց այդպիսին է հիշելը եւ պահանջելը:

Արձանագրությունները պետք է վավերացնեիր, որպեսզի քո փայ պահանջատիրության կանաչ լույսը վառեիր: Որպեսզի իշխեիր քո չհնչեցվող  ահանջատիրության վրա, որպեսզի Թուրքիան զգար, որ պահանջ ունես, որը քաջաբար եւ ոչ թե վախկոտի նման չես հնչեցնում: Իսկ հիմա քո կողքից դուրս ես շպրտել Թուրքիային, որն իր ներսում, բացառված չէ, որ հոշոտում է քեզ եւ միայն պատեհ առիթի է սպասում քեզ`իր ծավալների համեմատ թիթեռնիկիդ, բուռը հավաքի: Դու վավերացնեիր, թող Թուրքիան իր «կարմիր» լույսը վառեր: Հիշողությունը նույնքան գործողություն է, որքան`ընտրությունը: Որքան`գիրք նվիրելը: Հիշողությունը սակայն մանկական զբաղմունք է միայն… ծերանոցում, երբ խնամքիդ տակ նույնիսկ սեփական մազերդ չեն, որոնք սանրելու կամ հավաքելու ուժ չունես: Մենք նմանվում ենք ծերանոցի 105-ամյա ծերունուն, որը «խաղում» է, ասենք, 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հետ այդ մասին ուրիշներից լսելով։

Մհեր Արշակյան





Սերյոժան երեխա էր, որն ամեն գնով ապրեց 7 օր

21 01 2015

mhm92800Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին։ Սգում էին բոլորը։ Սակայն պետությունը մասնակից չէր դրան։ Մի վերջին անգամ փորձենք հասկանալ՝ ինչու՞ Սերժ Սարգսյանը կամ կառավարությունը Հայաստանում այդպես էլ սգո օր չհայտարարեցին։ Գոնե ունեի՞ն մի պատճառ, որի համար արժեր դա չանել։ Չգիտեմ։ Բայց հասկացա՞ն, որ դրանով արժեզրկեցին անկախ Հայաստանի պատմության մեջ մինչ այս հայտարարված բոլոր պետական սուգերը, ավելին, մեզ թշնամացրին դրանց հետ, մեզանով հաշմեցին մինչ այս մահացած պետական մյուս գործիչների հիշատակը, որովհետեւ ցույց տվեցին, որ սովորական քաղաքացին, սովորական Ավետիսյանները պետության մասին չեն։

Դուք ի՞նչ արեցիք, տղերք։ Մենք ի վերջո ովքե՞ր էինք, մենք էինք, չէ, ձեր՝ այսինքն, պետական նշանակության բոլոր հանգուցյալների, եւ մեր, այսինքն, Ավետիսյան հանգուցյալների այս ժողովուրդը։ Դուք մարդկանց պառակտեցիք սգի մեջ, որովհետեւ չէիք ուզում ձեր «թշնամուն»՝ ժողովրդին տեսնել համախումբ։ Ձեզ այս երեխայի՝ Սերյոժայի, արժանիքնե՞ր ն էին պետք պետական սուգի համար, ձեզ կենսագրությու՞ն էր պետք։  Դուք իսկապե՞ս լրիվ առողջ գլխով մտածել եք, որ 6 ամսական էդ երեխան այս պետության առջեւ ոչ մի արժանիք չունի, որոնք արժեր թվել նրա կենսագրության մեջ։ Լսեք, մենք չենք սգում նրա չդրսեւորված արժանիքները, այն, որ, ի վերջո, նա այլեւս չի իրացնելու պետության առջեւ իր ծառայությունները, որ ապագա զինվոր կորցրեցինք։ Մենք սգում ենք նրա տառապանքը, սգում ենք այդ տառապանքի մեջ պետության իսպառ բացակայությունը։ Այդ դուք նրա առջեւ արժանիքներ չունեք եւ ոչ թե ինքը՝ ձեր, կամ այս պետության առջեւ։ Սգո օր հայտարարելու համար ձեզ չբավարարեց նրա գոյությունը, որովհետեւ մատը մատին չեք խփել, որ նա ծնվի։ Բայց նրա մահը, ի սեր Աստծո, նրա մահը։ Երկրորդ այդպիսի մահ տեսած կա՞ք՝ ասում է՝ ավտոմատս չկրակեց, դրեցի սվինով փրթեցի։ Դուք էն անօգնական 4 ժամվա տառապանքների ոչ մի վայրկյանի մեջ չկա՞ք։ Հլը Սերյոժային պատկերացրեք՝ սպանված մայր, կրծքին արնաթաթախ բալիկը, որը դեռ ապրել չգիտի։ Ձեզ բավական չէ՞ր, որ ամբողջ մարդկության պատմությունից ի վեր ունեցած բոլոր արժանիքներն են նահանջում այս երեխայի մահվան եղանակի մեջ։ Դուք պետք է պետական սուգ հայտարարեիք թեկուզ այն պատճառով, որ երբ նրան փրթում էին, դուք անպատմելի խաղաղ քնած էիք եւ էլի եք քնելու։ Ընդ որում վտանգի առջեւ առավել պաշտպանված։ Դուք այս ամենի մասին չէիք մտածել, հասկացանք, բայց ձեր կողքին մեկը չկա՞ր, որ ձեզ հուշեր։ Դուք նույնիսկ արդարանալ չգիտեք, մեկն ասում է՝ մենք սգո մշակույթ չունենք, մյուսն ասում է՝ երեւույթը քաղաքական նշանակություն չունի։ Լավ է, որ չի ասել, թե հանգուցյալները քաղաքական դեմք չէին։ Բայց հանգուցյալը մենք էինք, ընկերներ։ Էդ որ աշխարհի բոլոր կողմերում բղավում են՝ ես եմ Հրանտ Դինքը, ես եմ Շառլի Էդբոն, հենց դա են ասում. Ոչ միայն սուր են ճոճում մարդասպանի դեմ, ոչ թե վստահեցնում են, որ ապրում են, կան եւ հանցագործները չեն հաղթի, այլեւ ասում են, որ իրենցից էլ պակասեց Դինքի, Շառլի Էդբոյի աշխատակիցների մահով, իրենք էլ պակասեցին։ Մարդիկ իրենց հաշմությունն են բղավում։ Ձեր արդարացումներն, ինչպես ռուսներն են ասում, видел в гробу։

Սերյոժան երեխա էր, որն ամեն գնով ապրեց 7 օր։ Այդ ընթացքում շարքային հայը, շարքային մարդը միայն սեր էր, աղոթք էր ոտքից գլուխ (ոչ աստվածաբանական իմաստով, այլ պարզ, հենց որպես անզորության հետ տրվող կռիվ)։ Սա արժանիք չէ՞։ Դեռ խելքը գլխին չապրած երեխան ազգ է ծնում։ Ձեզ է պատճառաբանում, մարդիկ ձեր հանցանքները թողած իրենց սերն են նորոգում, իրենց մարդկայնությունը։ Յոթ օր Հայաստանում անառողջ չարություն չկար։ Դուք էս մասշտաբի քանի՞ ողբերգություն գիտեք, որ այս մեկը պետական սգի չձգեց։ Ուրեմն այսուհետեւ քանի՞ գրոշ կարժենա որեւէ պետական գործչի հետ պատահելիքը, եթե այդ երեխայի՝ մեր պատմության մեջ ամենաարցունքաբեր մահը, նրա ընտանիքի Գողգոթան համազգային սգի թեմա չեն։ Լսեք, ձեզ ի վերջո ի՞նչ են ասել, անկեղծ եղեք, ո՞վ է ձեզ ուղղորդել տեղի ունեցածին ինստիտուցիոնալ նշանակությունից հեռու պահել։ Համաձայն եմ, «այս աշխարհի իշխանի» ստրուկն եք, ինքը չի ներում այսպիսի ողբերգություններին տրված նշանակությունը։ Բայց մենք նրա ծառան չենք, քանի դեռ մեր դժբախտությունը դուք եք։

Միգուցե ձեր համար այդպես էլ պարզ չէր, թե ինչու՞ ենք ողբում այս մեկ երեխայի մահը եւ սգի օր պահանջում ու նույնը չենք անում հարյուրավոր այլ երեխաների դեպքում, որոնք մահանում են տարբեր հիվանդությունների՞ց կամ տարբեր առիթներով։ Կա դրա պատասխանը։ Նախ բոլորը հույս ունեին։ Երկրորդ, զոհերից ոչ մեկը հիվանդ չէր, երրորդ, բոլոր մանրամասներով՝ իր փափլիկ տոտիկներով, շնչող փորիկով, սիրունիկ դեմքով Սերյոժային բոլոր լրատվամիջոցները դարձրեցին մերը։ Մենք միացանք նրան։ Ու կորցրեցինք, չորրորդ, գազանությունը, որով Սերյոժան ապրեց 7 օր ու մահացավ։ Մենք հո գիտենք, որ հայտարարված սուգը մեզ ավելի պաշտպանված չէր դարձնելու։ Եվ ոչ էլ հայտարարված սգի շրանակներում էինք սգալու։ Մեծ հաշվով, Աստված ձեր հետ, դուք ավելի կարիք ունեք Աստծո։ Գոնե հրաժարական տալուց կամ պաշտոնից հեռանալուց հետո կարդացեք «Կարամազով եղբայրները»։ Մենք պարզապես ուզում էինք այսօր աշխարհի հետ հարաբերվել այնպես, ինչպես հարաբերվում ենք ամեն տարի ապրիլի 24-ին։ Աշխարհը հո գիտի՞, թե այդ օրն ինչպես խոսի մեր հետ։ Մենք ուզում էինք, որ դուք պետություն լինեք։ Իսկ դու՞ք ինչ էիք կարծում։

 

Մհեր Արշակյան





  Ակադեմիկոսներն էլ համը հանեցին

11 12 2014

 

nkarՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին զայրացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին նամակագրության բառապաշարը։ Սա հասկանալի է։ Ես նույնպես այդպիսի բառապաշարով նամակ չէի գրի ոչ միայն կաթողիկոսին, այլեւ՝ անհավատին։ Պատրիարքը համը հանել է։ Բայց նա համը հանել է կաթողիկոսի հետ իր հարաբերությունները բառապաշարային այդպիսի մակարդակի վրա դնելու եւ այն հրապարակայնացնելու համար։ Եկեղեցու մեջ երկու բարձրաստիճան այր միմյանց չեն հասկանում։

Պարզ է, որ քաղաքական այլ հաշիվներ կան այս մարդկանց հարաբերություններում։ Էջմիածինը փորձել է շոշափել Երուսաղեմը թեմականացնելու գաղափարը, պատրիարքը դրան կոշտ պատասխան է տվել։ Իսկ պատասխանը կոշտ է եղել, որովհետեւ պատրիարքը գիտի, որ կաթողիկոսն իրեն աթոռազրկելու լիազորություն չունի, ինքը գերակա է, նախամեծար, նախաթոռ, բայց ոչ «իրավակա»։ Այստեղ լրիվ տեղական ինքնակառավարում է։ Պատրիարքի իշխանությունը քրիստոսահետք հողերի վրա Էջմիածնի գործը չէ, ինչպես եւ Պոլսո պատրիարքության դեպքում է, ահա ինչու այս երկու նվիրապետական աթոռները երբեմն «կրակում» են Մայր Աթոռի ղեկավարի ուղղությամբ։ Հասկացանք, չափազանց շատ բան են իրենց թույլ տալիս, բայց ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում խորհրդանիշը։ Այո, «պատկառանքը, հարգանքն ու չափավորությունը» թող պահպանվեն, ինչպես մեր պապերն են ասում՝ «երկուսն էլ մեծ մարդ են», բայց խորհրդանիշը ո՞րն է։ Ինքը ու՞մ կամ ինչի՞ խորհրդանիշն է՝ պետության, ՀՀ քաղաքացու, հայի, աշխարհասփյուռ հայության։ Պարզ է, որ պետության եւ ՀՀ քաղաքացու խորհրդանիշ չի կարող լինել, սա աշխարհիկ երկիր է։ Եթե աշխարհասփյուռ հայության խորհրդանիշն է, լավ, ընդունում ենք, համաձայն ենք (թեպետ կան բողոքական հայեր, կաթոլիկ հայեր, ինչպես ընդունված է ասել՝ աղանդավոր հայեր, ի վերջո, աթեիստ հայեր, Կրիշնային դավանող հայեր) պայմանով, որ խնդիրը Գարեգին Բ-ն չէ, այսինքն, էս ձեւակերպման մեջ, որ կաթողիկոսը խորհրդանիշ է, հատկապես Գարեգին Բ-ին նկատի չունեն։ Որովհետեւ հենց բաց նամակի տակ կարդում ես, թե ովքեր են ստորագրել, պարզ հասկանում ես, որ խորհրդանիշն այստեղ կապ չունի։ Որովհետեւ եթե կապ ունենար, այդքան բանը պիտի հասկանար նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ինքը գիտի, որ ինքն էլ է խորհրդանիշ գոնե տեղական մասշտաբի, որովհետեւ, եթե Գարեգին Բ-ի հանդեպ իրեն այդպիսի բառապաշար է թույլ տալիս, վաղն իրեն կարող են նման բառերով պատասխանել, այդպիսի բառապաշարը «հրավերք» է նմանատիպ պատասխանի։ Երբ էլ որ այդ պատասխանը լինի, այսօր, թե մեկ տարի կամ երկու, երեք տարի հետո։ Էնպես որ, պնդում եմ, պատրիարքը համը հանել է։

Բայց ակադեմիկոսները մեյդան են ընկել, որովհետեւ գիտեն աչքի ընկնելու «ճիշտ» ուղղությունը։ Եվ այդ ուղղությունը Ամենայն Հայոց կաթողիկոսը չէ, այլ՝ Վազգեն Առաջինը, Գարեգին Ա-ն, Գարեգին Բ-ն, նրա հաջորդը։ Երկրում պետական մակարդակով ինչ հանցագործություն ասես եղավ այս տարիների ընթացքում, ինքնասպանություններ, արտագաղթ, որոնցում իշխանության մեղքը պարզապես անվիճելի է, իսկ ակադեմիկոսները դրել եւ մանրադիտակի տակ քննել են Երուսաղեմի Հայոց պատրիարքի բառապաշարը։ Երկրիդ Ազգային Ժողովի կեսից շատը տարրական հայերեն չգիտի, հայհոյում է ուղիղ եթերում, ոչ մի օրենքի մեջ «ամագ» չունի, իսկ ակադեմիկոսները լուռ են, որովհետեւ էդ կեսից շատը նույնպես աչքի ընկնելու «ճիշտ» ուղղության հովանավորներն են։ Նամակ գրելիս մեր գիտության առաջին դեմքերն այնքան էլ լավ չեն պատկերացրել, թե ինչ են անում։ Նրանք իրենց բաց նամակը վերնագրել են. «Անընդունելի եւ աններելի» (նամակի տեքստում «աններելի» բառը չկա, պարզ չէ, թե ինչու է այն տեղ գտել վերնագրում)։ Սակայն այն ավարտել են հետեւյալ տողերով. «Ուզում ենք հավատալ Ձեր խոհեմ որոշումներին հուսալով, որ Դուք հնարավորինս ջանքեր չեք խնայի կնճիռները հարթելու համար»։ Վերջին տողը. «Հորդորում ենք ձեզ… վերականգնեք Ձեր հոգեւոր եղբայրությունը Վեհափառ տիրոջ հետ»։ Եթե Պատրիարքի արածն աններելի է, հանուն ինչի՞ նա պետք է ջանքեր չխնայի կնճիռները հարթելու համար, ինչու՞ պիտի վերականգնի կաթողիկոսի հետ հոգեւոր եղբայրությունը, եթե ամենասկզբից էլ պարզ է՝ նրա արածին ներում-բեկում չկա։ Դուք դատավճիռն արձակել եք, էդ մարդը դատապարտված է, վերջ, բողոքարկելու տեղ չունի։ Եթե դուք հասկանու՞մ եք, որ Պատրիարքի արածը լավ բան չէ եւ միաժամանակ որեւէ չարություն չունեք նրա հանդեպ, ըստ այդմ ձեւակերպեք ձեր ասելիքը։ Նա չի կարող ձեռք մեկնել դատավճիռը ճակատին, դուք նրան դուրս եք դնում հոգեւոր եղբայրությունից։

Ի դեպ, մի խորհուրդ էլ՝ դուք՝ ակադեմիկոսներն առիթը չեք կորցրել նկատողություն անել նաեւ լրագրողներին։ Նկատողության առիթը հասկանալի չէ։ «Վեհափառին… հանիրավի քննադատողներին, որոշ լրատվամիջոցների» ուշադրությունն եք հրավիրել այն բանի վրա, որ դուք կամ մենք պարտական ենք մեր եկեղեցուն, նա մեզ հայ է պահել։ Լրագրողները սա ինչու՞ պետք է ի գիտություն ընդունեն։ Դուք կարծում եք, որ «որոշ լրատվամիջոցները» նույնպես ձեր նման «պահպանվում են պետության կողմի՞ց»։ Ես չեմ ասում, որ լրատվամիջոցները լավ են անում ինչ-որ մեկին կամ ինչ-որ հաստատության ոտքի տակ տալով։ Ամբողջ աշխարհում հնարավոր է, որ դա նույնիսկ հաճույք է պատճառում լրատվամիջոցներին։ Հայաստանում աղքատ են հատկապես «որոշ լրատվամիջոցները» եւ նրանք ոչնչից հաճույք չեն ստանում։ Հատկապես եթե արձանագրում եւ քննադատում են ըստ էության, ընկերներ։

 

Մհեր Արշակյան





Ես ոչ մի Թոխմախի Մհերի չեմ ճանաչում

6 12 2014

mher-sedrakyanԵրկու օր առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ասել էր, որ մեր ազգը սովոր է ուրիշի լծի տակ ապրել, հիմա «թող, ոնց որ ասում են, ռուսի իշխանության տակ ապրի»: Սա շատերի հանգիստն է վրդովել: Ֆեյսբուքում լրագրողներին ուղղված կոչեր են հնչում՝ գործ չունեք «Դարվինի տեսության կարկառուն ներկայացուցիչների» հետ: Սա ամենամեղմ բնորոշումն է ԱԺ ամենաինտելեկտուալ պատգամավորների հասցեին, որոնք նաեւ քրեական հեղինակություն են, մի քանիսը՝ նույնիսկ մեկ երկու անգամ դատապարտված:

Այս մարդիկ, այսինքն, «ինտելեկտուալ» ՀՀԿ-ականները հայտարարություններ են անում ԱԺ-ում աշխատող լրագրողների ձեռամբ, որոնցով խայտառակում են «ռեսպուբլիկան»: ԱԺ լրագրողներին ուղղված կոչի հիմնական էությունն այն է, որ վազն անցեք Մհեր Սեդրակյանից, Առաքել Մովսիսյանից, Սամվել Ալեքսանյանից եւ այսպիսի մոտ 30-40 պատգամավոր դեմքերից: Վազն անցնելու կոչի էությունը պարզ է՝ այս մարդիկ մի բան դուրս կտան, հետո ամբողջ ազգով չենք կարող դրա տակից դուրս գալ: Համաձայն եմ: Բայց այստեղ խնդիր կա: Կներեք, ինչպե՞ս են այս մարդիկ հայտնվել խորհրդարանում: Նրանց պետք չէ մոռացության մատնել, որովհետեւ կկրկնվեն հաջորդ խորհրդարանում: Լուսաբանել նրանց ասածը, չասածը, արածը եւ չարածը լրագրողի գործն է, ինչպես լրագրողի գործն է լսել Հերմինե Նաղդալյանին եւ մյուսներին, որոնց համեմատաբար հոդաբաշխ մտքերն ավելի մարդկային չեն: ԱԺ-ում չկա Թոխմախի Մհեր, Լֆիկ Սամո  եւ Շմայս, սա պաշտոնապես եմ ասում: ԱԺ-ում կան Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան եւ Առաքել Մովսիսյան: Եվ մինչեւ տվյալ գումարման ԱԺ աշխատանքների վերջը նրանք մնալու են հենց անուն ազգանունով մարդիկ, քանի դեռ նրանք մեզ են ներկայացնում, քանի դեռ հենց նրանց պատգամավորությունն է հնարավոր, քանի դեռ թեման ոչ թե մենք ենք, որ հնարավոր ենք դարձրել նրանց, այլ նրանց ասածը:

Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանն ավելի իմաստալից բաներ է ասում, կամ Մհեր Սեդրակյանը նրանից վատ է ասում: Անձամբ ես այդ կարծիքին չեմ: Չեխիայի ՀՀ դեսպանատանը ե՞ս էի կենդանի-կենդանի թաղում պետականության ընկալումը այն խոսքերով, որ մի փոքր երկրում հո տաս հոգով շաքար չե՞ն ներկրի: Ո՞վ ասաց, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը վտանգավոր մտածող է Հայաստանի Հանրապետության համար, իսկ, ասենք, Կորյուն Նահապետյանը հույս է: Վարչապետին լսե՞լ եք, լրագրողներին ասում է՝ «բա ըտենց որ խոսաք, կարտագաղթեն»: Հասկացա՞ք: Այսինքն, էս երկրի նախագահն էլ են լրագրողները, կառավարությունն էլ, ԱԺ-ն էլ, դատավորներն էլ ու բոլոր մեղքերը նրանց վրա է: Լրագրողները մեղավոր են, երբ գործարքի եւ համաձայնության մեջ են նախագահի, կառավարության, ԱԺ-ի եւ դատավորների հետ, բայց նրանք իրենք իրենցով չեն կարող մեղավոր լինել: Երբ վարչապետը լրագրողին ընկալում է որպես մեկի, որը պետք է ամեն գնով կանխի արտագաղթը, իսկ ինքը էս ծայրահեղ աղքատ պետության տեսադաշտից չվերացնի իր դղյակը, ոչ մի լռության ուխտ չի փրկի ոչ Հովիկ Աբրահամյանին, ոչ էլ այս երկիրը: Ֆեյսբուքահայության մի մեծ հատված լրագրողներին ասում է, որ հասկանում է նրանց մղումը սենսացիոն հայտարարություններ պոկելու Մհեր Սեդրակյանից, Սամվել Ալեքսանյանից կամ Առաքել Մովսիսյանից, «բայց,-գրում է ֆեյսբուքահայությունը,-մի խոսացրեք նրանց, որ գոնե մեր թշնամիները չծիծաղեն մեր վրա»: Ժողովուրդ, աշխարհում չկա մի թշնամի, որը ծնվել է, երբ դու քնած էիր: Դու անպայման արթուն ես եղել, երբ նա ծնվել է, նշանակում է, դու ինքդ էլ ես աշխատել, որ նա լինի: Ըստ այդմ, եթե մեր ծիծաղելիին մենք չգործուղենք ԱԺ, չեն ծիծաղի:

Խնդիրը «կայֆավատը» չէ, որը լրագրողը փնտրում է ՀՀԿ-ական «ինտելեկտուալներին» ԱԺ միջանցքներում տեսնելիս, այլ հարգանքը նրանց ներկայության եւ պաշտոնեական պարտականությունների հանդեպ, որովհետեւ ազնիվ չէ մտածելը, թե ՀՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ երիտպատգամավորներից ցանկացածը ավելի լուրջ պատճառներ եւ հիմքեր ունեն ինչ-որ բան ասելու կամ մեկնաբանելու, քան՝ Մհեր Սեդրակյանը: Եվ երբ նրան ասում եք Թոխմախի Մհեր, դուք ծիծաղում եք ամենեւին ոչ նրա վրա: Որովհետեւ ՀՀԿ վերնախավից, շա՜տ վերնախավից ինչ-որ մեկը պլստում է էդ մականվան տակից, ինչ-որ մեկը մաքուր է պրծնում, որովհետեւ «Թոխմախի Մհերը» տեղորոշվում է, բոլորն իմանում են նրա տեղը: Անձամբ ես ԱԺ-ում Թոխմախի Մհերի չեմ հանդիպել նույնիսկ այն օրերին, երբ նա սպառնում էր կոտրել լրագրողի ծնոտը: Դա իմ հարգանքը չէ Մհեր Սեդրակյանի հանդեպ, դա իմ հարգանքն է ԱԺ ինստիտուտի հանդեպ: Որովհետեւ էդ ինստիտուտն իմ հարկերն է ուտում: Ես սկսում եմ իմ հարկերը հարգելուց: Եթե ես չեմ կարողացել կանխել իմ հարկերի այսօրինակ վատնումը, ինչպիսին Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանի, Նահապետ Գեւորգյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների ներկայությունն է ԱԺ-ում, գոնե կարող եմ հասարակությանը պատմել ինքնակեղեքման իմ պատմությունը, որը մեծ հաշվով Հայաստանի հազիվ Հանրապետության պատմությունն է: Այնպես որ մեզ մի ասեք, թե պետք չէ լուսաբանել ԱԺ-ում նստած ՀՀԿ-ականների մտքերը, ավելի լավ է ձեզ էն գլխից ազատեք նրանցից:

 

Մհեր Արշակյան





Բոց Խոսրովը

26 11 2014

khosrov harutyunyanԽոսրով Հարությունյանն երկու օր առաջ բոցել է։ Նա խորհրդարանի ամբիոնից ասել է. «Տխուր կլիներ, էլ չեմ ասում՝ սպառնալի, եթե 2013-ի նախագահի ընտրությունների արդյունքում ընտրված լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը»։ Կարելի էր նույնիսկ ծափահարել, եթե այս միտքն ասված լիներ հոգեբուժարանում եւ ասեր մի մարդ, որը ներկայանում է որպես Խոսրով Հարությունյան, մենք էլ լինեինք տեղի հիվանդները։ Իսկ այսպես, թվում է, թե սա ասել է հոգեբուժարանից փախած մեկը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է։

Ուրեմն, էս մարդը 93-ից ՀՀ պետական համակարգում ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, սակայն մենթալիտետով երրորդ-չորրորդ ջութակից էն կողմ իրեն չի պատկերացրել։ Այսինքն, այս մարդու արտահայտությունները միշտ հաճոյանալու «սերենադներ» են եղել, մի դեպքում փորձել է հաճոյանալ Տեր-Պետրոսյանին, մեկ այլ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանին, իսկ այսօր՝ Սերժ Սարգսյանին։ Ահա ինչու երբեւէ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցրած մարդը չգիտի, թե որն է էս պետության կռիվը։ Իսկ պետության կռիվն այն է, որ ընտրություններ չեն «լինում», որպեսզի հասկանանք՝ Րաֆֆին ընտրվե՞լ է, թե չի ընտրվել։

Խոսրով Մելիքիչի թափը, ինչպես տեսնում ենք, միայն Րաֆֆի Հովհաննիսյանի վրա է հերիքում։ Իհարկե, կուրախանա, որ նա չի ընտրվել։ Հիմա պատկերացրեք, տղամարդ է, ինքն էլ՝ բեղերով, կանգնել է ԱԺ ամբիոնի դիմաց ու ասում է՝ տխուր կլիներ։ Տղա ջան, տխուր կլիներ, եթե Սահմանադրությունը փոխարիներիր «հորս արեւ»-ով, իսկ ընտրությունները՝ ծերունի Խոտաբիչի հռչակավոր կախարդական «Трах-тибидох»-ով։ Այս վերջին կախարդանքը, ինչպես հայտնի է, արվում էր մորուքից կամ на худой конец բեղերից քաշած մազով։ Նշանակում է, Խոսրով Մելիքիչն ունի տեսիլք, մենք չենք կարող նրան զրպարտել ընդհանրապես պետության կառավարման մասին գաղափար չունենալու մեջ։

Բայց ԱԺ-ում նրա ոգեւորությունը Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ չընտրվելու մասին, «տխուր կլիներ»-երի մի ամբողջ շղթա է բերում իր հետեւից։ Օրինակ, տխուր կլիներ, եթե Խոսրով Հարությունյանից մի քանի հատ լիներ, զի մենք չգիտենք, թե ինչ անենք կամ ինչպես վարվենք այս մեկի հետ քրիստոնեությունն ընդունելուց ի վեր։ Կամ՝ տխուր կլիներ, էլ չեմ ասում՝ սպառնալի, եթե Խոսրով Հարությունյանը մտածեր, գոնե մտածեր։ Այսօրվա իրականությունում մենք տեսնում ենք, որ տխուրը եւ սպառնալին երազանք են այն վիճակի համեմատ, որում մենք գտնվում ենք Խոսրով Հարությունյանի բոցերը լսելուց հետո։ Իրականում ինտելեկտուալ մարդ է, խոսք չկա։

Երեւում է, որ նաեւ էմոցիաներ ունի, չի դիմանում, ասենք, ընդդիմության գրոհներին եւ ուզում է հակադարձել։ Հասկացանք։ Բայց եթե դու էդքան լավատես ես, ու երբեք իշխանության մեջ քննադատելի ոչինչ չես տեսել, կարո՞ղ ես ասել՝ ինչու՞ այդպես էլ Սերժ Սարգսյանը ընդունելի չդարձավ Հայաստանի ժողովրդի համար։ Չդարձավ, որովհետեւ նրա գալուց առաջ դուք արդեն էս պետության էությունից մաքրել էիք օրենքի եւ քաղաքացիական ինստիտուտների ցանկացած արտահայտություն, դուք նրա օվսաննան էիք Հայաստանի Հանրապետություն կոչվող այս ողորմելիության առաջ։ Ավելին, դուք աշխարհի եւ հայաստանցիների աչքի համար փակում եք Հայաստանի Հանրապետություն կոչվող տեսադաշտը, ներսից եւ դրսից մենք ձեզ ենք միայն տեսնում, մենք տեսնում ենք ախտը ձեր դեմքով, որովհետեւ ախտի հակառակը թթվածինն է, որը դեմք չունի, այլ միայն՝ բաղադրություն։ Դուք նա եք, որն այդպես էլ այս պետության համար չկարողացավ մարսելի դարձնել Սերժ Սարգսյանին, ահա ինչու այս վերջինը թուլացել է եւ սկսել է մեդալներ բաժանել Հայկ Բաբուխանյանին ու մյուսներին։

Դուք պետք է հանգիստ թողնեք Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի դեռ ԺԵԿ-ի պետի գոնե մեկ ընտրություն չեք կեղծել։ Դուք պետք է հանգիստ թողնեք Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի դեռ կուսակցություն ասելով պատկերացնում եք միայն ՀՀԿ-ն, մինչդեռ ինքներդ այլ կուսակցության ղեկավար եք։ Րաֆֆին գոնե «Ժառանգություն» ասելով ԲՀԿ-ին կամ ՀԱԿ-ին չի պատկերացնում, այսինքն, կուսակցություն ասելով հասկանում է կուսակցական ինստիտուտը։

Ձեր հեգնանքը օրենսդրական չէ, ընկերներ։ Եթե ձեզ Զարուհի Փոստանջյանի հակաԵՏՄ-ական ակտիվությունն է ջղայնացնում, հակադարձեք ԵՏՄ-ի առաքինությունուններով։ Իրավաբան Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից բացի ուրիշ զենք չունի ձեզ ձեր հանցանքները հիշեցնելու համար։ Դուք, որ Հայաստանն այնքան եք մտցրել կոռուպցիայի մեջ, երբ նույնիսկ անլուրջ է դա հանցագործության տեսակ համարելը, սպառնալիք եք համարում մեկին, որը ինքնուրույն, առանց ձեզ էլ նախագահ ընտրվել չգիտեր, թեպետ ընտրվել էր։ Հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է ծիծաղելի դարձնում Սերժ Սարգսյանին, քանզի Րաֆֆիին անգամ չկարողացավ հաղթել։ Հետեւաբար, ի՞նչ գործ ունես մի մարդու հետ, որը հաղթել չգիտեր, այ տղամարդ։ Ավելի լավ չէ՞ր լինի նրա իմացած աղոթքների կեսը սովորեիր։ Կյանք է, ամեն ինչ պատահում է, պետք կգա։

 

Մհեր Արշակյան





Չկա՞ այլ տարբերակ, քան քաղաքացու գրպանը մտնելը

25 06 2014

action luys

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջարակում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Փաստորեն ընդամենը մեկ տարում սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Սա մեկ տարվա ընթացքում երկրորդ թանկացումն է։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ներկայացվող պատճառները հանրության մեծ մասին թվում են անհամոզիչ եւ անընդունելի:

Սակայն երբ մի խումբ դուրս եկավ փողոց՝ վրդովմունքն արտահայտելու, արժանացավ ոստիկանական ուժի հարվածներին։ Ինչո՞ւ էր ոստիկանությունն այս անգամ այդ բիրտ։ Պարզից էլ պարզ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բերելու գնաճի եւ սոցիալական պայմանների վատթարացման։

Իր հերթին էլ՝ կառավարությունը նշում է, որ էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքը հաղթահարելու այլ տարբերակ չունի։

Արդյո՞ք չկա այլ տարբերակ, քան քաղաքացու գրպանը մտնելը։

Առաջարկում եմ մասնակցել քննարկման։





Կիեւ. Քո տեսակետը

23 01 2014

kievԱզատության համար պայքարը ազգություն չի ճանաչում։ Բարիկադների վրա իրենց արյունը  թափողները ազգություն չունեն՝ անկախ նրանից՝ որ երկրի համար են պայքարում։ Ու պատահական չէ՝  զոհերից մեկը հայազգի է՝ Սերգեյ Նիգոյանը։

Ազատության համար պայքարի օջախներն անընդհատ տեղաշարժվում են՝ միջազգային հանրության  ուշադրությունը իրենց վրա սեւռելով։ Ազատության համար պայքարը լակմուսի թղթի պես է, ցույց է տալիս  նաեւ մշտապեսժողովրդավարության արժեքներից խոսող կառույցների իրական դեմքը։

Հիմա ազատության համար պայքարը Կիեւի Եվրամայդանում է։ Շաբաթվա սկզբին արյուն չկար,  շաբաթվա վերջին Կիեւն արնոտվել է։

Ուկրաինայի ընդդիմությունը 24-ժամյա վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի նախագահին եւ  վարչապետին՝ կառավարությանը պաշտոնանկ անելու համար:

Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ եթե նախագահը պաշտոնանկ չանի  կառավարությանը, ապա ընդդիմադիրները կանցնեն հարձակման:

Կիեւից եկող լուրերը սարսափազդու են։ Ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է դեպի Կիեւ։ Ի՞նչ  կլինի այսօր մեկ ժամ հետ, ի՞նչ կլինի վաղը։ Ի՞նչ պետք է անենք մենք։ Ինչպե՞ս պետք սատարենք  ազատության համար մղվող ուկրաինացիներին։

Առաջարկում ենք Ձեզ մասնակցել մեր քննարկմանը՝ նաեւ համեմատություններ անելով հայաստանյան  իրականության հետ։

 

 





Ինչպես տեղի ունեցավ գազի քվեարկությունը

23 12 2013

RA NA holds an extraordinary sessionԳազային պայմանագրի մասին ԱԺ այսօրվա նիստը բուռն էր հատկապես լրագրողների մասնակցությամբ: Լրագրողները դարձել էին քաղաքացիական ակտիվիստ։ Քվեարկության ընթացքում հենց ԱԺ նախագահի ամբիոնի դիմաց պարզել էին պաստառներ, նաեւ խփում էին լրագրողական օթյակի պատուհաններին։ ՀՀԿ-ական պատգամավորները բավականին անբռնազբոսիկ էին։ Քվեարկությունից առաջ ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գեւորգյանն ու Մհեր Սեդրակյանը չգիտեին, որ քվեարկությունը բաց է լինելու, ասում էին, որ քանի որ գաղտնի է, չեն ասի, թե ոնց են քվեարկելու։

Դավաճանության մասին լրագրողների հարցադրումներին արձագանքում էին նույնքան անկաշկանդ։ «Ամեն կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»,- «Ա1+»-ի հարցադրմանը հակազդեց տաշիրցի հանրապետական Կարեն Կարապետյանը։

Առաքել Մովսիսյանը դավաճան անվանողներին որակեց անբարոյական. «Ինձ դավաճան անվանողը մոր փորից անբարոյական ա դուրս եկել»։ Քվեարկությունից առաջ ԱԺ էր ժամանել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Այն հարցին, թե ինչպիսի քվեարկություն է կանխատեսում, շատ հանգիստ պատասխանեց. «Կքվեարկեն, կպրծնեն»։

Վերջին նստաշրջանում առաջին անգամ ՀՀԿ-ն բացառիկ մեծամասնություն էր ԱԺ-ում։ Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես երջանիկ էր, բարձր տրամադրությամբ ԱԺ դահլիճից վազում էր ԱԺ կառավարության ներկայացուցչի սենյակ, այնտեղից կրկին դահլիճ։ Դավաճան հանրապետականի մասին հարցադրման ժամանակ ժպիտը պարոն Ալեքսանյանի դեմքից չիջավ։ Կարողացավ միայն ասել՝ մի հատ տեղ մտնեմ, դուրս գամ, ասեմ։ Ի՞նչ կարելի է ասել այսօր տեղի ունեցածի մասին։ Երեւի ոչինչ։ Հանրապետականները մեծամասնություն են, ոչինչ նրանց չի կաշկանդում, ոչ մի հարաբերության մեջ իրենք իրենց ինտելեկտուալ ամբիոնի ներկայացուցիչ չեն համարում։ Ոչնչի համար չեն պատրաստվում պատասխան տալ։

Ձեռքերը վեր բարձրացնելով արված քվեարկությունից հետո նրանց մի մասը Գալուստ Սահակյանի քավորությամբ իջավ ԱԺ ճաշարան հաց ուտելու։

Իսկ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները ՀՅԴ խմբակցությունում ընդունում էին հայտարարության տեքստ, ըստ որի քվեարկություն տեղի չի ունեցել։ Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է՝ ինչպե՞ս տեղի չի ունեցել, 77 հոգի կողմ է քվեարկել։ Այն հարցին, թե հաշվիչ հանձնաժողովը քվորում չի ունեցել (ձայները հաշվել են հաշվիչ հանձնաժողովի 7 անդամից 3-ը, 4- հոգին քվեարկությունը բոյկոտել դուրս է եկել), քվեարկությունից հետո նիստ չի արել եւ կատարված քվեարկության օրինականության մասին որոշում չի կայացրել, ինչպես է տեղի ունեցել, հակադարձեց մոտավորապես այսպես. «Բա լա՞վ է, որ Զարուհի Փոստանջյանն էլ մեր գրանցման քարտերն է գողանում»։

 

 





Երբ հետեւում ես «աշխարհի վերջին»

10 12 2013

Question Block iconԱյն բանից հետո, երբ Սերժ  Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու  իր որոշման մասին, իմ հայրենիքը կարծես այլեւս իմը չէ։

Խոսքն այն երկրի մասին է, որը չեմ լքել իմ ամենավատ օրերին, երբ նունիսկ  հստակ իմացել եմ,որ այդ չլուծվող խնդիրները Հայաստանի սահմաններից դուրս արագ կարգավորում կստանան կամ անգամ չեն լինի։

Արտագաղթել չեմ պատրաստվում, չնայած արդեն ի՞նչ տարբերություն՝ Ռուսաստանի Դաշնության, թե Ֆրանսիայի  Հանրապետության դրոշը պիտի ծածանվի սեղանիս՝   վրա՝ Եռագույնի կողքին։

Վերջերս մի քննարկման էի, որին մասնակցում էր Հայաստանում  ԵՄ գրասենյակի ներկայացուցիչը։  Այնպիսի տեղեկատվություն չէր փոխանցում, որը հայտնի չլիներ հանրության լայն շրջանակների։  Ուղղակի տպավորվեց մի նախադասություն, թե իրենք հարգում են Հայաստանի որոշումը՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։  Ներկաներից մեկը չդիմացավ եւ ուղղեց նրան՝ Հայաստանի իշխանությունների  որոշումը. այդ մեզ հետ կապ չունի։

Այս  ակնարկը լիովին գնահատում է  մեր երկրում տիրող իրավիճակը, երբ   ՀՀ քաղաքացիների մեծ մասը իրեն տեր չի համարում այն որոշումներին, որոնք  կայացնում են իշխանությունները, որոնց, ըստ էության, կեղծված կամ արդար ընտրությունների  միջոցով ընտրել ենք իրենք։

Քաղաքացիները արդարացիորեն չեն կիսում  իշխանությունների որոշումների պատասխանատվությունը, սակայն այս կերպ նաեւ դժվարացնում են ապագա սերնդի կյանքը։

Արդյո՞ք ինքներս մեզ մեկուսացնելով չենք դատապարտում մեր սերունդներին՝  չունենալու այն ամենը, ինչի համար մեզ   նախորդող սերունդը պայքարել է արյան գնով։

Մենք համարում ենք,որ այս իշխանությունների արածի համար մենք պատասխանատու չենք՝  լուռ հետեւելով արժեքների եւ մեր երկրի տնտեսական-քաղաքական անկախության կորստին։

Մի՞թե սա նման չէ նրան, երբ հետեւում ես սպանությանն  ու ոչինչ չես անում անում կանխելու այդ։

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը մեր քննարկմանը։





Վարդան Պետրոսյանի հետ պատահածի մասին

10 11 2013

Վարդան Պետրոսյանն ինձ համար էս պարագայում դերասան չի, հանրությանը հայտնի մարդ չի – ինքը մարդ է, վարորդ է, որը հայտնվել է սարսափելի իրավիճակում: Որպես արդեն տարիների փորձ ունեցող վարորդ՝ շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայաստանի ճանապարհների ու երթևեկի պայմաններում, ստրեսոգեն իրավիճակում մեքենա վարելը: Իրականում մենք՝ վարորդներս, ամեն օր հրաշքով պատահարներից խուսափած ենք հասնում տուն: Ես կուզեի միայն երկու բան ընդգծել․

Изображение

1. Ճանապարհային պատահարը, եթե չի կատարվել երթևեկության կանոնների ակնհայտ կոպիտ ոտնահարմամբ /հարբած ղեկին նստել, հանդիպակաց գծով վարել, արագությունը կտրուկ գերազանցել, կարմիրի տակով վարել և սրան համարժեք/ դիտավորյալ կատարված հանցավոր արարք չէ: Շատ հաճախ դա ճանապարհային անփութության, իրադրության սխալ գնահատման, պատահականության և բազմաթիվ տխուր սխալների հետևանք կարող է լինել: Նման հանգամանքների զոհ կարող է, ցավոք, դառնալ ցանկացած վարորդ, նույնիսկ՝ ամենակարգապահը: Էլեմենտար մեկ հետիոտնի անփությությունը հաճախ կարող է պատճառ դառնալ ճանապարհային մեծ պատահարի: Իսկ միջքաղաքային մութ ճանապարհների ու թարթիչներից ու լուսային ազդանշաններից զզվող շատ մեքենաների մասին էլ չեմ խոսում:

Այդ պատճառով վարորդին դիտել որպես հանցագործ, քանի դեռ նրա կատարած ծանր խախտումը ապացուցված չէ /գոնե առայժմ/ ու նախնական կալանքով սահմանափակել նրա տեղաշարժի, էլ չեմ ասում՝ բուժման իրավունքը, դաժան որոշում է:

2. Նման պատահարի դեպքում ավելորդ է նույնիսկ խոսել, թե ինչ են զգում զոհերի հարազատները: Չեմ էլ ուզում մտածել, զգալ նրանց զգացածը, իմ ուժերից վեր է իրենց հետ էդ ամենը վերապրելը: Գրեթե նույնքան դժվար է վերապրել այդ ամենը վարորդի տեսանկյունից․․․ Կամ գուցե՝ վարորդների տեսանկյունից, չէ՞ որ իրականում կա նաև երկրորդ մեքենայի վարորդը, որի գործողությունները հանրությունը չի քննարկում: Վարորդների վիճակը մարդկայնորեն ողբերգական է: Զոհերին չես վերադարձնի: Այս պարագայում միակ բանը, որ հանրությունը, զոհերի հարազատները և իրենք՝ վարորդները, կարող են ակնկալել, իրական պրոֆեսիոնալ փորձաքննությունն է, որը թույլ կտա՝ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որ վարորդն իրեն ինչպես է պահել, որ հանգամանքներն են ազդել իրավիճակի վրա, ի վերջո՝ գուցե ճանապարհի այդ հատվածում կա խնդիր, որը կարող է հետագայում ևս վթարների առիթ դառնալ, և որը պետք է լուծել: Մենք այդ ամենը չգիտենք:

Ես՝ որպես վարորդ, որը պատկերացնում է իրավիճակի ողջ սարսափը, որը գիտակցում է, թե ճանապարհին ամեն մանրուք, ամեն անփույթ մեկ հատիկ գործողություն ինչպես կարող է դառնալ կյանքի անդառնալի փոփոխության պատճառ, կուզեի պահանջել, որ տեղի ունենար ազնիվ, անկողմնակալ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ փորձաքննություն։ Դա պետք է երկու մեքենաների վարորդներին: Դա պետք է այդ հատվածում երթևեկող բոլոր վարորդներին: Դա պետք է արդարադատությանը: Եվ վարորդները, քանի դեռ չկան այդ փորձաքննության արդյունքները, նույն այդ վթարի զոհերն են, որոնց նախապես պատժել կալանքով՝ առնվազն, կրկնում եմ, դաժան է:

Ես նաև կուզեի, որ մենք չշեշտենք Վարդանի՝ հայտնի դերասան լինելու հանգամանքը: Ես չեմ տեսնում, թե, վնասելուց բացի, ինչ է նույն Վարդանին տալիս այդ աղմուկը: Որպես վարորդ նա հայտնվել է դժվարագույն իրավիճակում: Նրան այս պահին ավելի կօգներ իմանալ ճշմարտությունը, իրականությունը: Հասարակական պրոտեկցիոնիզմով մենք միայն խորացնում ենք ստեղծված բարդ իրավիճակը: «Մի պատժեք, քանի որ նա Վարդանն է» – տողատակերում միշտ կարդում ենք սա, ու ավելի սխալ ձևակերպում ուղղակի հնարավոր չէ գտնել: «Մի պատժեք, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ» – սա է միակ ճիշտ ձևակերպումը: Ու դա պետք է կիրառվի նման ճանապարհային պատահարների, էլ չեմ ասում՝ բազմաթիվ այլ դեպքերի նախաքննության պարագայում:

Ու շատ կուզեի, որ տեսախցիկների, կարմիր գծերի, արագաչափերի ու Սայաթ-Նովա-Թումանյան հատվածում ասֆալտի վրա մասնագիտացած մեր քաջարի վարպետները մի օր ի վերջո սկսեին զբաղվել ճանապարհներին իրական անվտանգություն ապահովելու խնդիրներով: