«Նուբարաշեն» ՔԿՀ անցագրային կետում ժամեր թվացող րոպեներ սպասելուց հետո վերջապես մեզ մոտեցավ հսկիչներից Միքայելը՝ ուղեկցելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի տարածք։ Սպասման րոպեներն այստեղ լցվեցին այս անտես կյանքի մասին հարցերի պատասխաններ ստանալով՝ քանի՞ բանտարկյալ կա այստեղ (մոտ 900), ինչո՞ւ են բանտարկյալներն ինքնասպանություն գործում (պատճառները տարբեր են, հիմնականում հոգեբանական պահն Է), ի՞նչ կտա պրոբացիոն համակարգի լիարժեք կիրառումը (դե մեր գործն էլ կհեշտանա, ահագին կթեթևանա բանտը), ի՞նչ խնդիրներ են բարձրացնում այստեղ պահվող անձինք (դե բոլորն էլ ուզում են շուտ ազատվեն):
Վերջապես մեզ ուղեկցեցին «ամենավերջին սենյակը», ուր պետք է կայանար ցմահ դատապարտյալներ Արմանի ու Վաղարշակի հետ հանդիպումը։ Եկան: Կարճ ժամանակում ծանոթությունը կայացավ: Երկուսին միավորում է միան ազատազրկված լինելը, գրեթե նույնական է խոսքի վստահ «տրամադրությունը», հպարտ ու արդար հայացքը, սակայն տարբերությունները ևս տեսանելի են։
Արմանը հասուն տղամարդ է, արդեն 12 տարի՝ անազատ, խոսքը հստակ է, պահանջկոտ, խիստ, սկզբում դիմախաղը հաճախ չի փոխում, հակված չէ զրուցել անձնական պատկերացումների մասին. «Հիմա գերխնդիրը արդարության հասնելն է՝ գործերի վերանայումը», սակայն հետո «բացվում է»՝ ինքը շատ երազանքներ ունի, առաջինը՝ կրկին ազատության մեջ լինելն է, բանտում հայտնվելուց հետո կյանքն արդեն այլ կերպ է ընկալում, մեկ անգամ տրվող այդ հրաշքը իր համար միայն ակնթարթ տևեց, սակայն դեռ կշարունակվի…
«Դուրս գալուց հետո աշխատանք գտնելու մասին կմտածեմ՝ տուն, ընտանիք… սպասում են»,- ազատության մեջ անելիքներն է թվարկում: Ներողություն կխնդրեմ նրանցից…։ Խոսելու ընթացքում հուզվում է, սկսում է հայացքը հաճախ դես ու դեն տանել, առանձնապես չի փորձում ազատության մեջ հայտնվելու իր հիմնավորումներին արհեստական գույներ հաղորդել, ասում է՝ ուրեմն այդպես է: Կարևոր մի բան է նկատելի՝ հավատ ապագայի նկատմամբ, զգացմունք, երբ ունենում ես ինչ որ բանի լինելիության վրա վստահ լինելիս:
Երկրորդը Վաղարշակն է: 20 տարեկանում է ազատազրկվել, 8 տարի արդեն «արևի երես» չի տեսել։ Ժպիտը դեմքին, փայլող աչքերը մատնում են ներսը փոթորկվող զգացումները. երկար ժամանակ պայքարից հետո վերջապես տեսախցիկի առջև է, իր խոսքին սպասում են դրսում. «մեր մասին մարդիկ մտածում են՝ եթե ցմահ դատապարտյալ ենք, ուրեմն մարդ չենք, իրենցից մեկը չենք, ուրիշ ենք… այստեղ ո՚չ բոլորս ենք մեղավոր»։ հայացքը կախում է, էլ ուժ չկա, հոգնել է իր անմեղության մասին բղավելուց… ձայնը միշտ անարձագանք է մնում։
«Նա չի կարող մարդ սպանել», շփման ընթացքում զգացողությունս դառնում է համոզմունք, կարծրանում։ Վաղարշակը բանտում արդեն հասցրել է ամուսնանալ, «սիրում էինք իրար ու ցմահ ազատազրկվելս արգելք չհանդիսացավ, որ ինձ հետ ամունանա, հավատում է, որ դուրս կգամ, իրար հետ կլինենք»… վերջին խոսքերն արտասանում է գլուխը կախ, ասում է այն՝ ինչի վրա վստահ է, սակայն…: Տեսախցիկը միանում է՝ «ժամանակ առ ժամանակ դուք՝ ցմահ դատապարտյալներդ, հացադուլ եք հայտարարում, կխնդրեմ խոսել պահանջների մասին»՝ առաջին հարցն է…:
Ռոբերտ Անանյան
Մանրամասները՝ տեսանյութում
Leave a Reply