Տիգրան Խզմալյանը պատասխանեց

30 01 2009

xzmo1

Seroj (22:28:22): Ողջուն Պարոն Խզմալյան: Շնորհակալ ենք ձեզ “բաց” լինելու համար: Կարեւորում եմ, երբ ձեր նման մարդիկ բաց են հասարակության համար եւ “խոսում են” մեզ հետ: Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչ կարծիք ունեք մեր`հայերիս, պատմական ժառանգության մասին, որպես այդպիսին: Դուք ֆիլմ եք նկարում, խոսում եք ինչ-ինչ խնդիրների մասին, ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր խնդիրները: Ի վերջո, որն է, ըստ ձեզ, հայի իսկական դեմքը եւ որն է նրա պատմական ժառանգությունը:

Արդյո՞ք դա ցեղասպանություն ապրած, ջարդված, կոտորված, սեփական “ես”-ը չունեցող, թուրքական երաժշտություն լսող, առանց սափրվել, սեւ շորերով, անինքնասեր արական սեռի քաղաքացին է կամ սեքսն ու անբարոյականությունը նույնացնող, սեփական ամուսիններին բացի երեխա “բերելուց” ուրիշ բանի անընդունակ իգական սեռի քաղաքացիները: Այս մարդիկ քաղաքացի՞ են, թե դա ավելի ուրիշ գաղափար է:

Ողջույն: Սկզբից – “բաց լինելու” եւ “խոսել-չխոսելու” մասին: Բաց եւ ազատ խոսելը արվեստագետի պարտքն է, այլ ոչ թե սիրալիրություն կամ բարեհաճություն է: Եթե մարդուն զրկում են կամ նա ինքն է հրաժարվում ազատ խոսք ասելու իր իրավունքից, նա դառնում է “ան ասուն”, համենայն դեպս հայերեն լեզուն այսպես է տարբերում մարդուն կենդանուց, ասել, խոսելու շնորքով: Եթե մարդն արվեստով է զբաղվում, այս իրավունքը դառնում է իր համար պարտք: Հատկապես այն ժամանակ, երբ երկրում տիրում է սուտն ու կեղծավորությունը: Մերկ արքային ո՞վ պետք է ասի` մերկ ես:

Հայի դեմքն ու կերպարը անհնար է բնորոշել մի քանի բառով: Դա մեր հավաքական կերպարն է, ուր կա ամեն ինչ-սուրբ ու լիրբ, հերոս ու սրիկա, ինչպես բոլոր ազգերում: Օտարներն են հաճախ մեզ ներկայացնում են միակողմանի, ինչպես Սանչո Պանսա-ժողովուրդ, վաճառականների ու ծույլիկների մի ցեղ: Չգիտեն կամ չեն էլ ուզում իմանալ մեր ասպետական կողմի մասին, մեր Դոն Քիշոտներին: Հիշենք սովետական կինոն. հայի լավագույն կերպարն այնտեղ կրազի վարորդ Ֆրունզիկն էր, իսկ վրացին` Միմինոն` հերոս, օդաչու: Մենք կրազի վարորդ շատ ունենք, գիտեք, բայց ունեինք եւ ունենք նաեւ ասպետներ: Երկուսն էլ պետք են: Դոն Քիշոտն առանց Սանչոի նույնքան անօգնական է, որքան Սանչոն` ողորմելի առանց Դոն Քիշոտի: Ազգն, ինչպես եւ մարդն, ունի դեմք ու հետույք: Մենք վերջերս աշխարհին ու ինքներս մեզ ավելի հաճախ հետույքն ենք ցույց տալիս քան դեմքներս:

ARTUR (22:41:58): Պարոն Խզմալյան, ի՞նչ է ձեզ համար արվեստը:

Ասում են` Աստվածը սեր է: Կարծում եմ` արվեստը նույնպես: Սիրել մեկին կամ մի բան այնպես, որ կարողանաս վերստեղծել ու փրկել մահից ու մոռացությունից, վարակել ուրիշներին քո սիրով կամ պատրանքներով: Արվեստն իսկապես հավատքի ու սիրո պես մարդուն դարձնում է ավելի մեծ ու հզոր, քան նա եղել է առաջ ու կլինի հետո:

SARGIS (22:44:36): Պարոն Տ. Խզմալյան, իմ կարծիքով կայացած ռեժիսորը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Դուք կարող եք Ձեր ասելիքը ներկայացնել Ձեր արվեստում: Ինչու՞ եք այսօր քաղաքականությամբ զբաղվում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջինիցս:

Կայացած եմ ես, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Իսկ քաղաքականությամբ ես չեմ զբաղվում, այսինքն ոչ մի կուսակցության անդամ չեմ, ոչ վաղուց աշխատավարձ կամ մրցանակ չեմ ստանում ու չեմ ակնկալում: Ուղղակի ասում եմ, որ այն, ինչ մտածում եմ` հատկապես իմ ֆիլմերով: Բացի այդ, պետք է պատասխանել, երբ հարցնում են:

Օրինակ` այսօր Ա1-ի բլոգում, որովհետեւ ֆիլմերս կինոթատրոններում ու հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, ուստի գտնում եմ այլ հնարավորություններ: Ի դեպ, ընկերներիս հետ վերջերս ստեղծել եմ ինտերնետային կայք, http://www.che.am, կարդացեք:

ARTUR (22:46:04): Պարոն Խզմալյան, ինչպես կմեկնաբանեք մեր այսօրվա քաղաքական վիճակը:

Ասում են` ողբերգությունից մինչեւ ֆարս մի քանի քայլ է: Հիմա մենք հենց դա ենք անցնում: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Խզմալյանին

23 01 2009

tigran

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին: Այսօրվանից սկսած մինչեւ մյուս ուրբաթ օրը`հունվարի 30-ը, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, իսկ ուրբաթ օրը արդեն կամփոփենք դրանք եւ բլոգում կլինեն արդեն պատասխանները:

Լրացուցիչ ինֆորմացիա: Կարդացեք Տիգրան Խզմալյանի կարճ կենսագրականը այստեղ, իսկ նրա “Օպերա” ֆիլմը դիտեք “Ա1+”-ի youtube-ում այստեղ: Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի կայքի, ինչպես նաեւ կարդացեք նրա մասին հրապարակումները այստեղ եւ այստեղ:

Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի նոր կայքին http://www.che.am/





Հայկական կինոն դա “խիստ ճաշակով” սերիալ է միայն?

9 10 2008

Հայկական կինոն զարգացնելու կամ վերջնականապես սպանելու նախաձեռնություններ պարբերաբար լինում են ու վերջին շրջանում, իսկ անկախացումից հետո ոլորտի “զարգացում”-ը ոչ միանշանակ են ընդունում հենց իրենք` ոլորտը “զարգացնել փորձողները”` կինոյի տեսաբաններն, ռեժիսորները: “Տարերային” կինոփառատոններում ժամանակ առ ժամանակ աշխուժացող կինոդահլիճներում հայկական կինոյի լեգենդները ոլորտի զարգացման նկատմամբ լուսավոր “սպասողականություն” են տալիս: Ու միաժամանակ հայկական հեռուստաընկերությունների “խիստ նրբաճաշակ սերիալներով” լցված եթերները սպանում, ջախջախում են դրանք:
Ու խոսելու, բացահայտելու, քննարկելու հարցերը մնում են ու մնում… Եվ ուրեմն, ինչքանով եք տեղեկացված հայկական կինոմատոգրաֆի վերջին տարիների զարգացումներից? Ինչ դրական եւ բացասական տեղաշարժեր եք տեսնում? Ու իրականում կա արդյոք այդ հասկացություն, թե “մեռել է”:

Ե.Գ. Քննարկումների բաժնում ավելացնում եմ նաեւ թեմային վերաբերվող մի քանի հրապարակումներ, ինչպես նաեւ Խզմալյանի ֆիլմի սղագրության եւ ժամանակակից ցենզուրայի նոր դրսեւորումների նյութերը: