Մարտի 1-ին զոհվել է 10 խոճկոր?

26 09 2008

Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում այսօր մի շարք սենսացիոն բացահայտումներ արվեցին: Ընդդիմության տարածած տեսաերիզում անզեն աչքով տեսանելի է մարդկային մարմնի հատվածներ՝ ատամնաշարով ծնոտ, ուղեղի կտորներ եւ այլն: Այսօր դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ այդ կադրերում առկա ծնոտը ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոզի՝ խոճկորի ծնոտ է, հայտնաբերված լեզուն էլ մարդու լեզու չի, իսկ արյան տպավորություն ստեղծում են ստվերները: Նա նաեւ վստահեցրեց, որ կադրում անհայտ հեղուկ է, ոչ թե արյուն:

Ի դեպ, այդ եզրակացությունները նրանք արել են ոչ թե իրականում այդ օրը դատաբժշկական փորձաքննության արդյունքում, այ` միայն կադրերն ուսումնասիրելով: Շոթա Վարդանյանը նաեւ հայտարարեց, որ ոչ մի ոսկորի վրա կրակոցի հետք չկա, իսկ պարկուճները, որ կադրում թափված են արյունների մեջ, ըստ Վարդանյանի, բերվել դրվել են այդ վայրում: Շոթա Վարդանյանի հայտարարությունները հանձնաժողովն ընդունեց հալած յուղի պես, իսկ հանձնաժողովականները սկսեցին պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն տեսաերիզի հեղինակներն ու տարածողները: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն էլ ընդգծում էր այդ կադրերի թողած անդառնալի հետեւանքները հատկապես ՚մատաղ սերնդի վրաՙ, ովքեր տեսել են այդ երիզը:

Նկատենք, որ խնդրո առարկա կադրերը նկարահանել է “Ա1+”-ի օպերատորը եւ հանձնաժողովի անդամները ցանկության դեպքում կարող են անմիջապես նրանից ճշտել դեպքի վայրի “խոճկորներ” քանակը: Ի դեպ, այդ կադրերի բնօրինակի շարունակության մեջ քաղաքացիները ասում են. “Նկարի, նկարի, ջուրը լցրին, ջուրը լցրին, որ մաքրվի արյունները, նկարի, ես դրանց”: Եվ իսկապես կադրում ջրցան մեքենան դեպքի արյունոտ վայրը պարզապես ջրում է, լվանում հետքերը:

Մենք փորձեցինք հանձնաժողովականներից պարզել, թե քանի՞ անգամ են Երեւանի փողոցներում, հատկապես Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցներում խոճկոր տեսել: Պարզվեց, որ չեն տեսել, բայց ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչ կապ ուներ դեպքի վայրում մոլորված խոճկորը, որի ծնոտը հետո ընդդիմությունը պետք է “շահարկեր”: Ասենք հարց տվող մեկ-երկու պատգամավորներն էլ այսօր չէին մասնակցում նիստին, մասնավորապես` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: Read the rest of this entry »