Հերթական անգամ ընդդիմությունը Ազատության հրապարակում հավաքվածներին տուն ուղարկեց։
Սակայն այս անգամ խոստացավ, որ այսուհետ ամեն ժամ հասունացնելու է «Հիմա»-ն։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Պետրոսյանն էլ իր ելույթում ընդգծեց. «Սկսել ա»։
Ազատության հրապարակում ելույթ ունեցողները շեշտեցին՝ հեղափոխությունը հասունացել է։
Այն, որ հեղափոխությունը հասունացել է, գոնե Ազատության հրապարակ այսօր եկածների համար փաստ էր։ Նրանք վճռական գործողություններ ակնկալում էին ՀԱԿ լիդերներից ոչ միայն այսօր, այլեւ մեկ, նույնիսկ երկու տարի առաջ։
Նստացույց անելու պատրաստ զանգվածը հրապարակից հեռացավ հիասթափված։ Բայց սա չի նշանակում, որ չի գա հաջորդ՝ սեպտեմբերի 23-ի հանրահավաքին։ Պարզապես՝ ՀԱԿ-ից կտրուկ ու վճռական գործողության ակնկալիքը կրկին նվազեց։
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե. «Մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։
Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ»։
ՀԱԿ-ը խոստանում է հեղափոխություն։
Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։
Բայց հաշվի առնելով ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններ անելու մտադրության վերաբեյալ իշխանության արձագանքը՝ կարելի է ակնկալել նույն պատասխանը. «Չի լինելու»։
ՀԱԿ-ում վստահ են, որ արտահերթ ընտրություններ հայտարարվելու են, եւ ոչ միայն…
Իսկ ի՞նչ եք մտածում Դուք։ Եվ ընդհանրապես՝ ո՞րն է հայկական հեղափոխության Ձեր տարբերակը եւ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։