Ո՞վ է նեղելու Սերժ Սարգսյանին

11 07 2013

serjbՀուլիսյան Հայաստանը քաղաքական «ակտիվությամբ» ոչնչով չի զիջում նախընտրական Հայաստանին։
Երկու դեպքում էլ երկրում ոչինչ չի կատարվում։ Այսինքն, երկու դեպքում էլ վերջնարդյունքի գիտակցումը սպանում է որեւէ բան անելու մղումը։

Նախընտրական Հայաստանն էլ գիտեր, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու խնդիր չունի, հիմա էլ է փաստ, որ առաջիկա 5 տարում այդ մարդու աթոռին ոչինչ չի սպառնում։

Երկու դեպքում էլ պարզ չէ, թե ուր է Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը։ Դաշնակցությունը թշնամի է հռչակում վարչապետին, ԲՀԿ-ն արդեն վարչապետի հրաժարականն էլ չի պահանջում, «Ժառանգությունը» հանգստանում է ավագանիում տեղ ունենալու դափնիների վրա, իսկ ՀԱԿ-ը բառի բուն իմաստով արձակուրդում է։

Այսպիսի ընդդիմությունը, ի՞նչ եք կարծում, երազանք չէ՞ Սերժ Սարգսյանի համար։ Այսպիսի ընդդիմություն չի ունեցել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ ժողովու՞րդը։ Ժողովուրդն այսօր որեւէ մեխանիզմ չունի ակտիվություն դրսեւորելու։

Կա տեսակետ, որ ընդդիմության բացակայության կամ անգործության պարագայում իրավիճակն իրենց ձեռքը կարող են վերցնել հասարակական կազմակերպությունները, որոնք կանխեցին Թեղուտի ոչնչացումը, Մաշտոցի պողոտայի վրա առեւտրականացումը։

Ինչքան էլ մտածենք հասարակական կազմակերպությունների միջոցով զանգվածներին զգաստ պահելու մասին, պետք է հիշել, որ հասարակական կազմակերպությունները քաղաքական ընդդիմախոս կամ իշխանության խոսափող չեն, նրանց դերը սանիտարական է եւ հավասարապես կարող է ծառայել ցանկացած խնդրի մեջ եւ իշխանության, եւ ընդդիմության կողմնորոշմանը։

Ի՞նչ անել։





Նորույթով եւ հին սխալներով….

26 02 2013

87341

Այսօր էլ, ինչպես ամեն անգամ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում թեժ է:

Այս անգամ ի տարբերություն նախորդ անգամների, իրեն հաղթած թեկնածու համարող Րաֆֆի Հովհաննիսյանը այցելում է մարզեր եւ իր հաղթանակը տեղերում փորձում ամրագրել: Սա քաղաքական պայքարում նախադեպ չունեցող երեւույթ է. Որպես կանոն նախկին ընտրություններից հետո պաշտոնական տվյալներով երկրորդը ճանաչված թեկնածուն սկսում էր հանրահավաքների շարք, շուրջօրյա հանրահավաքներ Երեւանի Ազատության հրապարակում, իսկ մարզերի մասին հիշում են միայն ընտրությունունից ընտրություն ոչ միայն նախագահի ու պատգամավորի թեկնածուները, այլեւ իշխանությունները:

Այսքանով էր նորույթ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունները:

Իրավական ճանապարհի տեսանկյունից նորից ընդդիմությունը կաղաց:

Ամենակատարյալը իրավական պայքարի առտումով եղել է 2003 թվականի ընտրությունները, երբ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբն այնքան փաստեր էր հավաքել/ խախտումներ միշտ լինում են, իսկ դրանք արձանագրել, ապա կոորդինացված բոլոր բողոքները հավաքել մեկ տեղ եւ ժամանակին դիմել ԿԸՀ., երբեք չէր եղել/, որ հնարավոր եղավ դիմել ՍԴ եւ մեկ տարի երկարաձգել պայքարը, պահել թեժությունը: Իհարկե , ապրիլի 12-ին Ռոբերտ Քոչարյանը դիմեց բիրտ ուժի եւ ցրեց խաղաղ ցուցարարներին: Դա նրա առաջին նյարդային ջղաձգման արյունալի հետեւանքն էր: Մյուսն արդեն մարտի 1-ին էր: Բայց ապրիլի 12-ն առաջին հրապարակային ուժային ընդհարումն էր իշխանության եւ ընդդիմության միջեւ:
Ինչպե՞ս եք կարծում դուք. պետք են հետընտրական զարգացումները…
Թե ինչպես էին ընթանում քաղաքական զարգացումները նախորդ ընտրություններից հետո, դիտեք տեսանյութում:





Ինչո՞ւ են դաշտը թողնում Սարգսյանին

25 12 2012

ltp14mar
Քաղաքական խոշոր գործիչներից ովքե՞ր են դաշտը թողնում Սերժ Սարգսյանին։ Արդեն հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը չեն առաջադրվելու նախագահի առաջիկա ընտրություններում։

Չառաջադրվելու մասին առաջինը հայտարարեց Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա ասաց նաեւ, որ չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին։ Բարգավաճ Հայաստանում իրենց ղեկավարի այս հայտարարությունը չգնահատեցին որպես ընտրությունները բոյկոտելու ակնարկ։ Փորձագետները միահամուռ փաստեցին, որ Գագիկ Ծառուկյանն այլ հայտարարություն չէր էլ կարող անել, օլիգարխը ընդդիմադիր չի լինում։

Չառաջադրվելու մասին երկրորդը հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսից հեռացած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։

Կուսակցության վերջին համագումարում նա հայտարարեց, որ չի ուզում պարտվող լինել նախագահական մրցավազքում։ «Կգա ժամանակը, կհաղթեմ»,-ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Մի քանի օր հետո վերջինս տեղեկացրեց, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում է սատարելու նախագահի ընտրություններում։ Չառաջադրվելու մասին վերջինը հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկանում հավակնել նախագահի պաշտոնից»,-պատճառաբանեց Կոնգրեսի ղեկավարը։

Ըստ էության՝ բոլորը գիտեին, որ նա չի առաջադրվելու, սակայն ոչ ոք չգիտեր, թե ինչու չի առաջադրվելու։ Տեր-Պետրոսյանը նույնպես չհայտարարեց ընտրություններում որեւէ մեկին սատարելու մասին, թեպետ ինքնաառաջադրման մասին հայտարարել է թիմակից Հրանտ Բագրատյանը։

Տեր-Պետրոսյանի ինքնաբացարկից հետո ՀԱԿ-ը լքելու մասին է հայտարարել Պահպանողական կուսակցությունը։ Այսօր կամ վաղը սպասվում է Դաշնակցության հայտարարությունը՝ կունենա՞ն թեկնածու, թե կբոյկոտեն ընտրությունները։ Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որը բոյկոտելու մտադրության մասին արտահայտվել է հրապարակավ ավելացնելով, որ բոյկոտելը չառաջադրվելը կամ չմասնակցելը չէ, այլ ընտրողներին կոչ անելը չմասնակցել «Նախագահի ընտրություններ» կոչվող թատրոնին։

Ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում։
Ինչո՞ւ չի առաջադրվում այլընտրանքային թեկնածու։

Ինչպե՞ս կանցնեն ընտրությունները։

Ակնկալում ենք ՁԵր ակտիվ մասնակցությունը մեր քննարկմանը։





Մհեր Սեդրակյանը մեկ ամսում երեք անգամ սպառնաց

21 12 2012

Ավտոբուսում այսօր «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին մի տղամարդ է մոտեցել՝ ասելով. «Ես Ձեզ ճանաչում եմ»։ Լրագրողի զարմացած հայացքին ի պատասխան ասել է՝ Մհեր Սեդրակյանը քո ծնոտը չէ՞ր պոկում։

mher

Մի քանի օր է՝ «ծնոտ պոկելը» դարձել է քննարկման առարկա, եւ նաեւ մտահոգվելու, քանզի այդ սովորական տղայական խոսակցություն չէ եւ ինչ-որ մեկի «քուչումը» չի եղել։ Դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ի շենքում պատգամավորի եւ լրագրողի միջեւ։

Ամեն ինչ սկզբից, թե ինչ պատահեց, երբ լրագրող Մհեր Արշակյանը որոշեց Էթիկայի վերաբերյալ «երկու թեթեւ հարց տալ» պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Ընդ որում՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր հենց Էթիկայի հանձնաժողովի հարցը։

«Դավայ, դավայ, դավայ, դավայ։
-Դավայ ի՞նչ իմաստով։
-Ի, դավայ, կտամ ծնոտդ կպոկեմ, դավայ, թռի հլը։
-Ինչի՞ համար։
-Կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք։
-Ինչի՞ համար, չհասկացա, ի՞նչ ենք արել։
-Դե գնա, լավ»։

Իսկ հետո՞… Այսօր արդեն ԱԺ նախագահին է ներկայացվել նամակ՝ մոտ 160 լրագրողի ստորագրությամբ։

«Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երևույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ: Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին և Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետև նմանօրինակ ոչ մի դեպք անհետևանք չի մնա, և յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաև, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեև սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից: Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետևանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա»,- ասված է նամակ-պահանջում։

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մոտ էր հրավիրել Մհեր Արշակյանին։ Նա ափսոսանք է հայտնել միջադեպի առիթով։ Իսկ ահա Մհեր Սեդրակյանը մի շարք լրատվամիջոցների ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, եթե անգամ լրագրողը դիմի Էթիկայի հանձնաժողով։

Դեռ ավելին՝ «Ազատության» լրագրողի հետ զրույցում նա ասել է. «Էն դեպքում, երբ ինքն ա հրահրում, ես ասեմ ինձ կներե՞ք։ Եթե մի հատ ընենք մարդ լիներ… անծանոթ մարդ եթե լիներ` ոչ լրատվությունից, հաստատ դրա գլուխը ջարդելու էի»:

Իսկ ո՞րն է պատգամավորը համարում հրահրել, օրինակ, այս դեպքում նրան դուր չի եկել, որ «Ա1+»-ը ֆիքսում է, որ նա ԱԺ նիստի պահին միջանցքում է ու զրուցում է։

Արդյո՞ք ԱԺ միջանցքը պատգամավորի «սեփական» տարածքն է. արդյո՞ք այն նույնքան չի պատկանում խորհրդարանում հավատարմագրված լրագրողին եւ ՀՀ ցանկացած ՔԱՂԱՔԱՑՈՒ, ինչքան այդ պատգամավորին։

Բայց չես կարող չհիշել, որ նույն Մհեր Սեդրակյանը սեփական տարածք է համարում, օրինակ՝ համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի տարածքը։

Դեկտեմբերի 5-ին թիվ 1 հիվանդանոցում էր հայտնվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 28-ամյա դերասան Սերգեյ Գրիգորյանը:

Ըստ մամուլի՝ նա և իր եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանին:

Վերջինս հերքելով հանդերձ, որ ինքը կապ ունի այս միջադեպի հետ, այցելել էր հիվանդանոց։ Այդ պահին մեր նկարահանող խումբը/ ոչ ԱԺ-ում աշխատող/ հիվանդանոցում էր եւ նկարահանումներ էր անում միջանցքում։

Մեր տեսախցիկի եւ լրագրողի ներկայությունը խիստ զայրացրեց պատգամավորին. «Տենց բաներ մի արա, ձեր կապիկություները հիմա կասեի որտեղ…»:

Ի դեպ, նույն Մհեր Սեդրակյանը դեկտեմբերի 6-ին ասում էր, որ չի կարող ասել՝ հատկապես ու՞մ էր պետք, որ դերասան Սերգեյ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապեին իր անձի հետ: «Հո ես բանը չեմ՝ Վանգանը»,- ասել էր նա «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին:

Հանրապետական պատգամավորը ենթադրում էր, որ լրագրողներին պատվիրել են այդ ծեծը կապել իր անձի հետ.
«Գիտե՞ք, մի քիչ չափ եք անցնում, աշխատեք շատ չափը չանցնել, որ համով լինի»։

Իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ ուղիղ երկու շաբաթ հետո՝ փաստորեն Մհեր Սեդրակյանը որոշեց, որ իրեն հարց տալը, (անգամ հարցը չլսելով) արդեն չափն անցնել է ու ինքն այլեւս կարող է «ծնոտը պոկել»։

Լավ պրծավ Մհեր Արշակյանը, որ լրագրող է, թե չէ գլուխն էր ջարդելու։





Ամեն ինչ կրկնվում է, թե՞….

20 05 2012

Ա1+-ի ընտրականն գործընթացներին նվիրված ռեվյու ֆիլմաշարքը ներկայացնում ենք նաեւ այստեղ.հաշվի առնելով ընթերցողների նամակները:
1. Ինչ Ազգային Ժողովնոր ենք ունեցել…

2. Նախընտրական 2 շաբաթները:Համեմատության համար կարող եք դիտել այս ֆիլմը.

3. Այս ֆիլմում կերեւա նախընտրական երրորդ շաբաթները;))

4. Քարոզզարշավները մոտոնում են ավարտին, տեսնենք ինչպես են զարգացել գործընթացները.

5. Նախընտրական շրջանում շատ մոդայիկ է դառնում սոցիոլոգիան, հարցումները:Տեսնենք այն ժամանակ ինչպե՞ս էր;

6. Հետընտրական զարգացումներն ու միտինգները. տեսնենք ով ումից էր դժգոհ:

7. Ում ինչ հասավ, այս մասին պատմող ֆիլմը:

Մինչ այդ գրեք ձեր կարծիքը.





Ի՞նչ էր ուզում անել Արամ Սարգսյանը

15 05 2012


Արամ Սարգսյանը 5 պակաս ՀԱԿ-ից դուրս է։

Նա արդեն հայտարարել է, որ այլեւս չի համագործակցելու ուժերի հետ, «ովքեր էս ժողովրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից»։
Այնպես չէ, որ այս բառերը ՀԱԿ-ի մասին են, բայց եթե նոր ուժերի հետ ես ուզում համագործակցել, ուրեմն ՀԱԿ-ի գործիչների մեջ տեսել ես հենց այս որակները։

Միակ խնդիր առաջացնող տերմինը «ազնիվ» բառն է՝ գոնե մի անգամ մարտի 1-ից հետո հրապարակավ թող ասվի՝ ի՞նչ էր ուզում անել Արամ Սարգսյանը, որ չստացվեց կամ որին խանգարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ ՀԱԿ-ը։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում





Սերժ Սարգսյանը դատարաններին չի՞ հավատում

1 05 2012

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին որոշում է կայացնելու Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է քաղաքապետը՝ շարունակելով. «Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»։
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակ այցի ընթացքում Սերժ Սարգսյանն
առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Իսկ ահա, 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին Վարչական դատարանում պետք է լսվի «Ժառանգության» պատգամավորների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի՝ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման որոշման։ Հայցը ներկայացրել են Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը և Դավիթ Բադալյանը։

Սերժ Սարգսյանի նման հանձնարարականից հետո ամենայն հավանականությամբ դատարանը կվերադարձնի հայցը։

Ի դեպ, իրավաչափ էր արդյո՞ք Սերժ Սարգսյանի նման հանձնարարականը մինչեւ Վարչական դատարանի որոշումը, հայցվորներից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել։

Նման հանգամանքերում որքան էլ չփորձես մեկնաբանել, սակայն ակամայից հարց է ծագում՝ ինչու Սերժ Սարգսյանը չհամբերեց 10 օր, երբ արդեն 80 օր համբերել էր։
Մաշտոցի պուրակի համար բնապահպանները պայքարում են փետրվարի 17-ից։

Ինչպե՞ս այս դեպքում սա նախընտրական ակցիա չհամարես….





Իսկ ու՞ր են գրքերը

23 04 2012

Երեկ Երեւանը պաշտոնապես դարձավ Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք։ Միջոցառումներն սկսվեցին Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հարակից տարածքում՝ հարյուրավոր երեխաների մասնակցութամբ պարային կատարումներով։ Դրանց ավարտից հետո սկսվեց գրքի էկզեկուցիան։ Այսինքն, դիմակահանդեսը։

Գիրքը, որը երեկ բացակայում էր միջոցառումների կենտրոնական բեմահարթակից, դարձել էր ծաղրի առարկա։ Ինչպե՞ս։ Նախ հենց երեխաները պարային համարից հետո լքեցին Մաշտոցի պողոտան, «հրապարակ» մտան ռուսական արտադրության «Գազելները», որոնք մեր մայրաքաղաքի ուղեւորափոխադրության խայտառակությունն են։ Այդ մեքենաների միջից ոմանք թափահարում էին գլխաշորեր, տարբեր գույների կտորներ։ Անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ գրքի հետ։ Քաղքենիության գլուխգործոցն առջեւում էր։ Հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հետեւողների համար իրադարձությունն ավելի շուտ նախընտրական արշավ էր, քանի որ էկրանին Հայաստանի իշխանություններն էին։ Ի՞նչն է կապում նրանց եւ հայ գիրքը։ Անլուրջ է ասել, որ մայրաքաղաք Երեւանում վերջին տաս տարիներին ավելի շատ գրախանութ է բացվել, քան փակվել։ Անլուրջ է ասել, որ Հայաստանի ամենահեղինակավոր գրադարաններից մեկի՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի շենքը քանդել են այն տրամադրելով բանկերից մեկին։ Այնպես որ անլուրջ է ասել, թե Հայաստանի իշխանությունները հայ գրքի ներկայացուցիչն են աշխարհում։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքը Մաշտոցի հայացքի ներքո վիրավորում էր հայոց այբուբենը։ Գիրքը կենդանի օրգանիզմ է, երբ ներկա է խոսքի մեջ։ Վիգեն Սարգսյաննն իր տեքստը կարող էր կարդալ ասենք, տեքստիլագործների հավաքի ժամանակ, կամ տիեզերագնացության մեջ Հայաստանի դերը կարեւորելիս։ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանում տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ասում է. «Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները՝ վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի՝ միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյանները ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը»։
Հիմա ես կապացուցեմ, որ ոչ միայն փորձել են, այլեւ հաջողել։ Երեկ Նոր Նորքից իջնում էի Կենտրոն։ Այստեղ մեծ աշխուժություն է, հատկապես Մաշտոցի պողոտայում եւ Կասկադում։ Մարդիկ շարժման մեջ են, պողոտան փակ էր տրանսպորտի համար։ Շարժը հսկող պետավտոտեսուչին հարցնում եմ. «Ի՞նչ հաշիվ է»։ Ասաց, որ «գլխի չէ»։ Հետո ավելացրեց. «Ոնց որ ինչ-որ գրքի համաշխարհային բան ա»։ «Իսկ ու՞ր են գրքերը»,-մտածեցի ես հասկանալով, որ գրքի համաշխարհային մայրքաղաք լինելու առիթը դառնում է թամաշա։ Պետավտոտեսուչի պատասխանը ինձ հուշեց հետեւյալը՝ ասպատակիչները դուրս չեն եկել մայրաքաղաքից։ Նրանք հաջողել են իրենց բոլոր բարբարոսություններում, քանի որ «մեր չքնաղ բնօրրան» արտահայտությունը նույնքան հավաքական հասկացություն չէ, որքան՝ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»։

«Մեր չքնաղ բնօրրան» ասելուց առաջ պետք է լավ ընկալել երկիրը, կենդանական աշխարհի բազմազանությունը, բնության, ավելի կոնկրետ, ծառատնկման վերջին «նվաճումները», արտագաղթը, տնտեսական դրությունը, քրեական իրավիճակը, ինքնասպանությունների աճը, մարտի 1-ը։ «Մեր չքնաղ բնօրրանը… վայրի մի մուլուցքով» օկուպացված է կյանքի ետեւից հասցնելու համար անհրաժեշտ բոլոր «գործոններով», որոնք առանց զոհեր թողնելու իմաստ չունեն։ Ի՞նչ կապ ունի գիրքը այն ամենի հետ, ինչն արդեն 20 տարի տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Գիրքն, իհարկե, ներողամիտ է, երբ չի բացվում։ Բայց իր կյանքի գնով։ Չբացվող գիրքը մի դագաղ է, որի գերեզմանոցը հենց ինքն է։ Ի դեպ, գոնե մեր երկրի համար խորհրդանշական չէ՞, որ նույն փայտը կարող է դառնալ գիրք, կարող է դառնալ դագաղ։

Մհեր Արշակյան





Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ

2 04 2012

10 տարի առաջ ապրիլի 2-ի ժամը 0.01 րոպեին հեռուստաէկրաններից անհետացավ Ա1+ հեռուստաընկերության ազդանշանը:

Այսպիսով, ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց լրատվական դաշտում իր ուրույն տեղն ու կայուն լսարանն ունեցող, եւ այդ ժամանակ շուրջօրյա գործող միակ հեռուստաընկերությանը զրկել հեռարձակելու իրավունքից:

Այդ որոշումն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված էր 2003 թվականի նախագահական ընտրություններով եւ որոշումն ուներ բացառապես քաղաքական դրդապատճառ:

Այսօր կարելի է փաստել, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 10- ամյա գործունեության հիմնական նպատակը հենց Ա1+-ի եթերազրկումն էր: Այս որոշումն առիթ դարձավ հասարակական ակտիվության, Ա1+ հեռուստադիտողը զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց, երթեր, ցույցեր հանձնաժողովի շենքի մոտ, ընդդիմությունը հանրահավաքներ անցկացրեց` առանցքում ունենալով Ա1+-ի եթերազրկման խնդիրը որպես խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման հիմնախնդիր:

Ա1+-ի եթերազրկման արդյունքում յուրատեսակ պառակտում արձանագրվեց լրատվական դաշտում, իսկ վերլուծաբանների գնահատմամբ, Ա1+ին լռեցնելով իշխանությունը զսպեց խոսքի ազատության ցանկացած դրսեւորում:

Բայց Ա1+-ը չպարտվեց, չընկճվեց, չկոտրվեց, շարունակեց գործել նույն տեմպով, այս անգամ արդեն էլեկտրոնային կայքի ձեւաչափում:
Որքան դռները փակվում էին Ա1+-ի առջեւ, այնքան հեռուստաընկերությունը նոր ճանապարներ էր գտնում ասելիքը լսարանին հասցնելու: Ա1+-ը առաջինն էր հեռուստաընկերությունների մեջ, որ ստեղծեց կայքէջ, եւ առաջինն էր կայքէջերից, որ ունեցավ ինտերնետ հեռուստատեսություն:

Ա1+-ն առաջին անգամ Հարավային Կովկասում կիրառեց մոբայլ հեռուստատեսության տարբերակը, երբ հեռախոսով ընդամենը մեկ հաղորդագրություն ուղարկելով` մեր բաժանորդները հնարավորություն էին ստանում հենց հեռախոսի մեջ դիտել օրվա հրատապ լուրերը հեռուստատեսային լրատվական բլոկի տեսքով:

Այսօր էլ Ա1+-ն ապահովում է ուղիղ հեռարձակումներ կարեւոր իրադարձություների կենտրոնից: Ու թեեւ եթեր Ա1+-ն այդպես էլ չվերադարձավ, չնայած Եվրադատարանի որոշմանն ու ԵԽԽՎ բազմաթիվ բանաձեւերում այդ պահանջի առկայությանը, այնուամենայնիվ, այսօր այն գործում է նույն ռեժիմում:
Ա1+-ի ստեղծագործական կազմն անցած 10 տարիներին եղել է Հայաստանյան բոլոր կարեւորագույն իրադարձությունների կիզակետում, եւ չնայած երկու տասնյակին մոտ հեռուստաընկերությունների առկայությանը, մարտիմեկյան ողբերգությունը տեսանկարահանել են միայն Ա1+-ի տեսախցիկները:

Անցած 10 տարիների ընթացքում Ա1+-ը մասնակցեց 13 մրցույթի, եւ բոլորում էլ այսպես ասած պարտվեց:
Իրականում այսօր էլ պարտվում է ոչ թե Ա1+-ն,այլ Հայաստանի Հանրապետությունը, որը ստիպված է լինում վճարել տուգանքներ` Եվրոդատարանի որոշմամբ, կամ հատուցել միջազգային կառույցների արձանագրած վարկանիշով, ըստ որի Հայաստանում խոսքի ազատության մակարդակը շատ ավելի ցածր է, քան մինչեւ Ա1+-ի եթերազրկումը:

Ա1+-ի հաջողությունների եւ թերեւս անհաջողությունների պատճառը մեր կարգախոսն է. Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ: Մեր եթերում հեռուստադիտողը տեսնում էր իրականությունը, տեսնում էր իրեն, իր խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Բայց այդ իրականությունը տեսնում էր նաեւ իշխանությունը:
Մենք շարունակում ենք աշխատել նույն կարգախոսով եւ հավատում ենք, որ մի օր մեր եթերից հեռարձակվող իրականությունից ոչ ոք չի խուսափի:

Իսկ դու ինչ ես մտածում, սիրելի ընթերցող, ինչու եթեր չի վերադառնում “Ա1+”-ը;

Ինչ սպասելիքներ ունես “Ա1+”-ից;

Ինչպես ես գնահատում խոսքի ազատությունը մեր երկրում;





Ստացվում է` նախագահ չունե՞նք

10 03 2012

Ստացվում է` նախագահ չունե՞նք

Հանրապետական կուսակցության նախագահ, համատեղությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարին պարունակում է բազմաթիվ հետաքրքիր դրույթներ: Մեջբերել կարելի է անվերջ, բայց եկեք իններորդցու “Ինչու եմ ես սիրում իմ երկիրը” թեմայով շարադրություն հիշեցնող և “Կեցցե ԽՄԿԿ” բացականչությունը հիշեցնող հատվածները շրջանցենք: Շրջանցենք նաև այն հաստլիկ բաժինները, որոնք նախագահն ուղղել է ՀՀԿ քաղաքական ու տնտեսական կուրսը դատափետող անշնորհակալ անհայտներին: Եկեք չմեջբերենք վիճակագրական ծառայությունից վերցված թվերն ու համեմատությունները, որոնք համառորեն արվում են հեռավոր 2006 թվականի հետ: Անենք միայն մեկ մեջբերում:

«Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա՛նք, որ փոխենք:»

Եթե հավատանք բազմաթիվ սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումներին, ՀՀ բնակչության մեծամասնությունն այսօր չի հավատում ո’չ նախագահին, ո’չ կառավարությանը, ո’չ ԱԺ-ին, ո’չ ոստիկանությանը, ո’չ դատաիրավական համակարգին, ո’չ….

Նախագահ Սարգսյանի ելույթին հավատալու դեպքում, հավատալով հանդերձ, որ նա անկեղծ է իր պաթոսում, պետք է արձանագրենք, որ ըստ ՀՀ տարածքում ապրող մարդկանց մեծամասնության, այսօր մենք ո’չ կառավարություն ունենք, ո’չ նախագահ, ո’չ խորհրդարան, ո’չ ժեկի պետ և ո’չ էլ, ասենք, Հանրային խորհրդի նախագահ, քանի որ նա էլ է խիստ հավանել նախագահի ելույթը: … Լրիվ անտեր ենք:

Ինչպե՞ս է մեր երկիրը շարունակում իր գոյությունը` առանց այս կարևորագույն ինստիտուտների` պարզ չէ: Եվ ինչու է նախագահը փորձում մեզ համոզել, որ հենց մեր` չհավատալո’ւ պատառով է, որ մենք այսօր չունենք այդ ամենը… Գուցե բլոգի մասնակիցներից որևէ մեկը գիտի՞ գաղտնիքը:





Վիշապ, թե՞ նապաստակ

18 01 2012

Չինական, ճապոնական ու մյուս բոլոր հորոսկոպները մեզ առայժմ չեն օգնում` հասկանալու, թե ինչ է սպասում Հայաստանին այս տարի:

Վիշապ է, նապաստակ թե եղնիկ` որևէ լուրջ կանխատեսում կենդանիները մեզ համար չեն անում: Ինչպիսի՞ն է լինելու սկսված տարին: Ինչպե՞ս են ընթանալու խորհրդարանական ընտրությունները, և ինչպե՞ս են դրանց արդյունքները ազդելու Հայաստանի քաղաքական համակարգի վրա:

Կանխատեսումների համար կարելի է հիմք ընդունել ստարտային պայմանները. ի՞նչ տրամադրություններով փակեցինք նախորդ տարին: Քաղաքական համակարգի համար ողջ 2011 թվականն անցավ մեկ մայր հարցի տակ` կփլուզվի՞ արդյոք իշխանական կոալիցիան, թե ոչ:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ողջ տարվա ընթացքում լարված թրիլլեր էին հիշեցնում` ասուլիս-փոխհրաձգություններ, հատուկենտ հայտարարություն-կրակոցներ, ու ամենակարևորը` աճող լարվածություն: Կուլմինացիոն պահերից էր ԲՀԿ-ի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ հնարավոր համագործակցության մասին վերլուծությունը, որն առաջին նախագահն արեց Կոնգրեսի հանրահավաքում:

Փոխհրաձգությունն ուժեղացավ:

Ֆիլմի գլխավոր դրվագում հայտարարվեց, որ նախընտրական միասնական ցուցակը, որին ձգտում էր ՀՀԿ-ն, այնուամենայնիվ չի լինելու, և կուսակցությունները գարնանային ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակներով: Մեկ այլ ինտրիգ ձևավորվեց արդեն բուն ընտրակարգի շուրջ` “Ժառանգությունը” և ՀՅԴ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախագիծը:

Արևելյան հորոսկոպի համաձայն` նոր տարին դեռ չի սկսվել, ամեն ինչ առջևում է: Ի՞նչ սպասենք վիշապի տարուց, կամ գուցե վերջապես սկսենք չապավինե՞լ աստղերին` գերադասելով իրական քայլերը:

Դուք ի՞նչ եք կարծում





Բա սա երկրի հեղինակությանը վնաս չէ՞

14 11 2011

Այսօր Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց,որ հրաժարվում է ԱԺ նախագահի պաշտոնից։ Խորհրդարանի ամբիոնից նրա հնչեցրածը սոսկ հայտարարություն չէր, այլ տողատակերով լեցուն ուղերձ։

Նախ եւ առաջ Հովիկ Աբրահամյանը փորձեց բացատրել, որ ՀՀԿ-ն իր ձեռքից այս պաշտոնը վերցրեց ոչ վատ աշխատանքի համար։

«Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Նա նաեւ շեշտեց, թե որքան հանդուրժող է եղել. « Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով»։

Եթե բառացի չհայտարարվեց, փաստն այն է, որ նա նկատի ունի խորհրդարանական փոքրամասնությանը՝ «Ժառանգություն» խմբակցությանը, որի պատգամավորների քննադատական ելույթները մի անգամ չէ, որ գրեթե հունից հանել են նույն Հովիկ Աբրահամյանին։ Այսօր էլ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որին չնայած Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց, չզսպեց իրեն ու ամբիոնից բարձրաձայնեց, թե իրենց համար անհասկանալի էր այս հրաժարականը։

Իսկ ո՞ւմ է հասկանալի… Թերեւս մի խումբ յուրայինների, որոնք որոշում են, ով այսօր որ աթոռին պետք է նստի, վաղը՝ որ։ Մյուսներն էլ կարծես հնազանդ դերասաններ են, որոնք փողի համար ցանկացած դեր կխաղան։

Դե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ինքն ավելի կարեւոր գործով է զբաղվելու՝ ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը։

«Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Իսկ արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ երկրի երկրորդ պաշտոնյան գերադասում է կուսակցական նախընտրական շտաբի պետի աթոռը։ Արդյո՞ք երկրի հեղինակության վնաս չէ, որ Երեւանի քաղաքապետն ու օմբուդսմենը հրաժարական են տալիս՝ գերադասելով արտերկրում բարձր աշխատավարձը։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ որոշում է կայացնում կլանը, իսկ մնացյալը ատրիբուտներ են՝ ֆոնը պահելու համար։ Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ մարզպետը պատգամավորների ներկայությամբ հարվածում է կին գործարարին՝ ինչ է՝ իրեն գողության մեջ է մեղադրում։

Բա այս երկրում դատարան չկա՞…

Թե մարզպետն էլ գիտի, որ դատարանն էլ պարզապես ատրիբուտ է՝ ժողովրդավարություն խաղալու համար։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ Հայաստանի քաղաքացիները երազում են արտագաղթելու մասին։ Կարծում ենք, շարունակելու կարիք չկա…

Մնացածը դուք կլրացնեք։





Ինչո՞ւ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը

29 10 2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հեռուստատաեթերով հայտարարեց,որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով։

Իր հրաժարականի հարցը, ինչպես ինքն ասաց, համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ մեծ դժվարությամբ է հանգել հրաժարականի որոշմանը:

Նա հարկ համարեց նշել. «Իմ հրաժարականը որեւէ ներիշխանական տարաձայնությունների բնույթ չի կրում: Այն վստահությունը, որը ցուցաբերվել է Սերժ Սարգսյանի, կուսակցության կողմից եղել է անսահման: Չի եղել մի դեպք, մեր պատկերացմամբ լուծումներ, որոշումներ, որ ճիշտ են քաղաքի համար եւ ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»:

Ինչ վերաբերում է այս հարցում իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցին, ապա պարոն Կարապետյանն ասաց. «Նա հարգեց իմ որոշումը: Մենք ունեցել ենք շատ լավ զրույց, գոնե ինձ համար: Ես շատ եմ հարգում Սերժ Սարգսյանին: Իմ կայացման մեջ նա ֆանտաստիկ դեր է ունեցել: Ես փորձել եմ, իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը, չի նշանակում թիմից դուրս գալ»:

Միաժամանակ նա չի ընդունում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է. «Սա հասարակական պաշտոն է, հասարակության լայն շերտերի հետ առնչվող պաշտոն է: Սա փաստ է»:

Թեեւ Կարեն Կարապետյանը լքում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, սակայն իրեն շարունակում է համարել Սերժ Սարգսյանի թիմի անդամ: Նա աբսուրդ է համարում այն լուրերը, թե իր պաշտոնավարման ընթացքում խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի հետ. «Նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք»:

Հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել, նա ոչ տեղին է համարում այն լուրերը, թե հեռանում է քաղաքականությունից. «Բայց սա չի նշանակում, որ ես Հայաստանի հետ որեւիցե կապ չեմ ունենալու, որ այսօրվա թիմի հետ կապ չեմ ունենալու, որի անդամն եմ»:

50 օրից լրանում էր քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին: Այսօր նա վստահեցնում է, որ այս ընթացքում աշխատել է մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ, սակայն չէր կարող կանխատեսել անձնական բնույթի խնդիրները, որոնք ի հայտ են եկել. «Եթե Նոստրադամուս ես, կարելի էր կանխատեսել:Այն պատճառները, որոնք կային, կանխատեսելի չէին մեկ տարի առաջ»:

Պարոն Կարապետյանը այսօր հայցեց բոլոր այն քաղաքացիների ներողամտությունն ում սպասելիքներն ու ակնկալիքները չի պաշտոնավարման ընթացքում չի արդարացրել. «Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր այս օրերին facebook- իրենց տեսակետն են հայտնել եւ ափսոսում են իմ հրաժարականի համար: Ասեմ, որ դա ինձ դուր չի գալիս սուտ կլինի»:

Ի դեպ, նա «Արմնյուզի» եթերում խոստովանեց, որ իր հրաժարականի դիմումը միանշանակ չեն ընդունել նաեւ իր ընտանիքում. «Շատ բարդ ընդունեցին»:

Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը։

Չնայած Կարեն Կարապետյանը դեռ չի հաստատում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը թողնում է «Գազպրոմ» -ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար, սակայն ռուսական Gazeta կայքն արդեն նրա մոտավոր աշխատավարձի չափն է նշում։

Ըստ թերթի՝ նա որպես ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալ զբաղվելու է ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:

Թերթի տվյալներով՝ եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ստանում էր ամսական 300 հազար դրամ, ապա նոր պաշտոնում կստանա մոտ 153,8 հազար դոլար:

Իսկ Դուք ինչ եք կարծում, ինչու նա հարաժարականի դիմում գրեց??





Ինչո՞ւ է այսպիսի բանակը պարտադիր

14 10 2011

Այս հարցը տրվել է Ֆեյսբուքում մեր անցկացրած հարցման մասնակիցներից մեկի կողմից: ԱՅՍՊԻՍԻ ասելով` հարց տվողը հավանաբար ի նկատի ուներ

–         այն բանակը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել այսքան  սպանություն և “ինքնասպանություն” որակված այսքան  մահ, վերջին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում` երեք զոհ` առանց թշնամու մասնակցության

–         այն բանակը, որի զինվորները ծառայության արդյունքում հայտնվում են հոգեբուժական կլինիկայում

–         այն բանակը, որից վախենում են ապագա զինվորները ու նրանց մայրերը

–         այն բանակը, որը մեզ պետք է պաշտպանի թշնամուց, բայց որից առայժմ ինքներս պաշտպանության կարիք ունենք…

Այս թվարկումը մի չնչին “ծաղկաքաղ” է սոցցանցերում վերջին տարում բանակին վերաբերող քննարկումներից, որոնց մասնակիցները ՀՀ քաղաքացիներ են` մտահոգ իրենց պետության, իրենց պետության ամենագլխավոր պաշտպանի` Ազգային Բանակի ճակատագրով:

Ինչո՞ւ է շարունակվում ներբանակային ճգնաժամը, և կարելի՞ է արդյոք այն այդպես կոչել:

Ո՞վ է շահում այս մթնոլորտի արդյունքում:

Արդյո՞ք այս ամենն անցյալում էլ եղել է, պարզապես նոր մեդիան իր հնարավորություններով հիմա է թույլ տալիս իմանալ ճշմարտությունը:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս ամենը ներբանակային սադրանքի արդյունք է:

Ո՞վ է պատասխանատու:

Եվ ի վերջո, ո՞րն է լուծումը:

Հրավիրում ենք քննարկման այս հարցերի շուրջ, իսկ հոկտեմբերի 17-ին ժամը 15.20 Ա1+-ի ուղիղ եթերում դիտեք “Ձեր Թեման” հաղորդումը, որտեղ ձեր թեման է հայկական բանակն իր այսօրվա վիճակով: Հաղորդմանը մասնակցելու են ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, և դուք` ձեր հարցերի միջոցով:





Պուտինն ու  Հայաստանը

24 09 2011

Պուտինն ու  Հայաստանը

Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։ Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։

Նրա ելույթից պարզ էր, որ ինքն  էլ պատրաստ է   նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատել կառավարությունում:   http://www.youtube.com/watch?v=e9yHF2Ujo68

Այս սցենարը թվում է կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ աթոռափոխություն եղավ Ռուսատանում, ու Մեդվեդեւը դարձավ  նախագահ, իսկ  Պուտինը՝   վարչապետ։

Բնականաբար, Պուտինի վերադարձը  կազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, մանավանդ, որ Հայաստանը ընտրությունների նախաշեմին է։

Իսկ  թե ինչպես, առաջարկում ենք նրկայացնել Ձեր տարբերակները։  Գո՞ւցե վերդառնա Քոչարյանը….