Տիգրան Խզմալյանը պատասխանեց

30 01 2009

xzmo1

Seroj (22:28:22): Ողջուն Պարոն Խզմալյան: Շնորհակալ ենք ձեզ “բաց” լինելու համար: Կարեւորում եմ, երբ ձեր նման մարդիկ բաց են հասարակության համար եւ “խոսում են” մեզ հետ: Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչ կարծիք ունեք մեր`հայերիս, պատմական ժառանգության մասին, որպես այդպիսին: Դուք ֆիլմ եք նկարում, խոսում եք ինչ-ինչ խնդիրների մասին, ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր խնդիրները: Ի վերջո, որն է, ըստ ձեզ, հայի իսկական դեմքը եւ որն է նրա պատմական ժառանգությունը:

Արդյո՞ք դա ցեղասպանություն ապրած, ջարդված, կոտորված, սեփական “ես”-ը չունեցող, թուրքական երաժշտություն լսող, առանց սափրվել, սեւ շորերով, անինքնասեր արական սեռի քաղաքացին է կամ սեքսն ու անբարոյականությունը նույնացնող, սեփական ամուսիններին բացի երեխա “բերելուց” ուրիշ բանի անընդունակ իգական սեռի քաղաքացիները: Այս մարդիկ քաղաքացի՞ են, թե դա ավելի ուրիշ գաղափար է:

Ողջույն: Սկզբից – “բաց լինելու” եւ “խոսել-չխոսելու” մասին: Բաց եւ ազատ խոսելը արվեստագետի պարտքն է, այլ ոչ թե սիրալիրություն կամ բարեհաճություն է: Եթե մարդուն զրկում են կամ նա ինքն է հրաժարվում ազատ խոսք ասելու իր իրավունքից, նա դառնում է “ան ասուն”, համենայն դեպս հայերեն լեզուն այսպես է տարբերում մարդուն կենդանուց, ասել, խոսելու շնորքով: Եթե մարդն արվեստով է զբաղվում, այս իրավունքը դառնում է իր համար պարտք: Հատկապես այն ժամանակ, երբ երկրում տիրում է սուտն ու կեղծավորությունը: Մերկ արքային ո՞վ պետք է ասի` մերկ ես:

Հայի դեմքն ու կերպարը անհնար է բնորոշել մի քանի բառով: Դա մեր հավաքական կերպարն է, ուր կա ամեն ինչ-սուրբ ու լիրբ, հերոս ու սրիկա, ինչպես բոլոր ազգերում: Օտարներն են հաճախ մեզ ներկայացնում են միակողմանի, ինչպես Սանչո Պանսա-ժողովուրդ, վաճառականների ու ծույլիկների մի ցեղ: Չգիտեն կամ չեն էլ ուզում իմանալ մեր ասպետական կողմի մասին, մեր Դոն Քիշոտներին: Հիշենք սովետական կինոն. հայի լավագույն կերպարն այնտեղ կրազի վարորդ Ֆրունզիկն էր, իսկ վրացին` Միմինոն` հերոս, օդաչու: Մենք կրազի վարորդ շատ ունենք, գիտեք, բայց ունեինք եւ ունենք նաեւ ասպետներ: Երկուսն էլ պետք են: Դոն Քիշոտն առանց Սանչոի նույնքան անօգնական է, որքան Սանչոն` ողորմելի առանց Դոն Քիշոտի: Ազգն, ինչպես եւ մարդն, ունի դեմք ու հետույք: Մենք վերջերս աշխարհին ու ինքներս մեզ ավելի հաճախ հետույքն ենք ցույց տալիս քան դեմքներս:

ARTUR (22:41:58): Պարոն Խզմալյան, ի՞նչ է ձեզ համար արվեստը:

Ասում են` Աստվածը սեր է: Կարծում եմ` արվեստը նույնպես: Սիրել մեկին կամ մի բան այնպես, որ կարողանաս վերստեղծել ու փրկել մահից ու մոռացությունից, վարակել ուրիշներին քո սիրով կամ պատրանքներով: Արվեստն իսկապես հավատքի ու սիրո պես մարդուն դարձնում է ավելի մեծ ու հզոր, քան նա եղել է առաջ ու կլինի հետո:

SARGIS (22:44:36): Պարոն Տ. Խզմալյան, իմ կարծիքով կայացած ռեժիսորը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Դուք կարող եք Ձեր ասելիքը ներկայացնել Ձեր արվեստում: Ինչու՞ եք այսօր քաղաքականությամբ զբաղվում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջինիցս:

Կայացած եմ ես, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Իսկ քաղաքականությամբ ես չեմ զբաղվում, այսինքն ոչ մի կուսակցության անդամ չեմ, ոչ վաղուց աշխատավարձ կամ մրցանակ չեմ ստանում ու չեմ ակնկալում: Ուղղակի ասում եմ, որ այն, ինչ մտածում եմ` հատկապես իմ ֆիլմերով: Բացի այդ, պետք է պատասխանել, երբ հարցնում են:

Օրինակ` այսօր Ա1-ի բլոգում, որովհետեւ ֆիլմերս կինոթատրոններում ու հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, ուստի գտնում եմ այլ հնարավորություններ: Ի դեպ, ընկերներիս հետ վերջերս ստեղծել եմ ինտերնետային կայք, http://www.che.am, կարդացեք:

ARTUR (22:46:04): Պարոն Խզմալյան, ինչպես կմեկնաբանեք մեր այսօրվա քաղաքական վիճակը:

Ասում են` ողբերգությունից մինչեւ ֆարս մի քանի քայլ է: Հիմա մենք հենց դա ենք անցնում: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Խզմալյանին

23 01 2009

tigran

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին: Այսօրվանից սկսած մինչեւ մյուս ուրբաթ օրը`հունվարի 30-ը, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, իսկ ուրբաթ օրը արդեն կամփոփենք դրանք եւ բլոգում կլինեն արդեն պատասխանները:

Լրացուցիչ ինֆորմացիա: Կարդացեք Տիգրան Խզմալյանի կարճ կենսագրականը այստեղ, իսկ նրա “Օպերա” ֆիլմը դիտեք “Ա1+”-ի youtube-ում այստեղ: Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի կայքի, ինչպես նաեւ կարդացեք նրա մասին հրապարակումները այստեղ եւ այստեղ:

Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի նոր կայքին http://www.che.am/