Ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը վերադարձավ: Այս դեպքում դժվար է ասել` նա վերադարձա՞վ Հայաստան, թե՞… Այսօր նա կամավոր հանձնվեց հայ իրավապահներին: Կամավոր հանձնվելու պահը արձանագրեցին մի խումբ լրագրողներ: Ամեն ինչ արվեց, որպեսզի հանկարծ չհայտարարվի, թե հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին իրավապահներն հայտնաբերել են ու ձերբակալել:
Այսօր կարծես ոչ մեկը Նիկոլին չէր սպասում: Ենթադրվում էր` նա կգա վաղը, ելույթ կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում, եւ… նրան նույն պահին կձերբակալեն: Դե, պատկերացրեք… ինչ կլիներ Մատենադարանին հարակից հրապարակում: Շոուն չստացվեց, բայց իշխանություններն էլ զրկվեցին հնարավորությունից` հայտարարելու, որ Նիկոլին բերման են ենթարկել, թեկուզ հանրահավաքի պահին: Նիկոլն այսօր անձամբ, իր ոտքով ներկայացավ Գլխավոր դատախազություն, որտեղից էլ նրան արագորեն խցկեցին մեքենա եւ տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն:
Նիկոլ Փաշինյանն լրագրողներին հասցրեց ասել, թե ներկայացել է այսօր եւ ոչ թե վաղվա հանրահավաքին, որպեսզի չկարծեն թե ինքը պատրաստվում է հայտնվել իր համակիրների թիկունքում: Ավելին, վստահեցրել է, որ պայքարը շարունակվելու է: «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը նաեւ նշել է, թե վստահ է` իր նկատմամբ համաներումը չի կիրառվելու, սակայն նախընտրում է բանտը, որովհետեւ գտնում է, որ շատ քաղբանտարկյալներ ազատության մեջ են եւ ինքը կարող է իր պայքարը շարունակել բանտում:
Նիկոլ Փաշինյանը արդեն բանտում է: Նրան տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Առայժմ մեղադրանք չի առաջադրվել:
Որտե՞ղ էր Նիկոլը, ի՞նչ էր անում այս 1 տարի 4 ամիսների ընթացքում, ի՞նչ պատժաչափ կառաջադրվի, համաներումը նրա նկատմամբ կկիրառվի՞, թե՞ ոչ, թերեւս կիմանանք Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության ընթացքում: Մի խոսքով` ամռանը չափից ավելի «շոգ» է լինելու: