6 միլիոներորդ անգամ «Ա1+» կայքի այցելուն դիտեց մեր տեսանյութը :
6 միլիոն դիտում, ի հեճուկս նրանց, ովքեր զրկեցին «Ա1+» -ը եթերից, ի հեճուկս նրանց, ովքեր ամեն ինչ արեցին` 8 տարի «Ա1+» -ը եթերից հեռու պահելու համար, ի հեճուկս նրանց, ովքեր հիմա գլուխ են կոտրում, ի՞նչ անել, էլ ի՞նչ օրենք գրել` «Ա1+» -ին հաճախականություն չտրամադրելու համար :
6 միլիոն “click” ընդամենը 2 տարում:
Դեռևս 2005-ին «Ա1+»-ն սկսեց իր կայքում տեղադրել տեսանյութեր` ի լրացումն հոդվածների ու տեղեկատվական նյութերի :
Սակայն հայաստանյան ինտերնետ պրովայդերները պարզապես չկարողացան տեխնիկապես ապահովել այցելուների մեծ « հոսքը »: Այն ժամանակ նրանք ուղղակի խոստովանեցին. «Դուք մեկ օրում այնքան traffic եք ստեղծում, որքան մեր բոլոր հաճախորդները` մեկ տարում» ,- և սահմանափակումներ դրեցին, այնպես, որ ոչ բոլորը կարող էին դիտել մեր տեսանյութերը:
Այդ պատճառով 2008 թվականի հունվարի Ա1+-ն իր տեսանյութերը տեղադրեց համացանցի youtube.com էջում. Առաջին հաղորդումները, որ հնարավորություն ունեցան դիտելու youtube-ի այցելուները, ՀՀ նախագահի թեկնածուներին նվիրված Ա1+-ի պատրաստած հաղորդումներին էին, որոնք անմիջապես այնպիսի հետաքրքրություն առաջացրեցին համացանցի այցելուների մոտ, որ ընդամենը 2 շաբաթ անց youtube.com-ը գրանցեց Ա1+-ը, որպես իր գործընկեր ` համապատասխան արտոնություններով:
Your account is in good standing – պարբերաբար տեղեկացնում է մեզ youtube-ն, ինտերնետային լեզվից թարգմանած, սա նշանակում է. ՙՁեր գործերը լավ են՚, այսինքն այցելությունները շատ են: Եվ որպես արդյունք` այցելուների թվով աշխարհի 100 լրատվական կայքերի մեջ հաճախ Ա1+-ը 15-50–րդ տեղերում է, այս թիվը փոփոխվում է օրվա և նույնիսկ ժամի ընթացքում :
Արդեն 8 տարի է Ա1+-ը եթերում չէ, սակայն միևնույնն է, մնում է իրադարձությունների հորձանուտում, մեր տեսացիկները միշտ ամենակարևոր կետերում են, մեր լրագրողները լուսաբանում են կարևորագույնը, մեր ընթերցողը ոչ միայն կարդում, այլև դիտում է մեր տեսանյութերը :
Ա1+-ը մեր պաշտոնյաները համարեցին ՙթույլիկ՚ հեռուստաընկերություն, սակայն փաստն այն է, որ այսօր աշխարհի մի շարք ամենաառաջատար լրատվական գործակալությունները համագործակցում են Ա1+-ի հետ.հենց հեռուստանորությունների ոլորտում :
Ա1+-ը լիովին օգտագործում է youtube-ի ընձեռած հնարավորություննրը :
Մենք կարող ենք տեղադրել ցանկացած տևողության տեսանյութեր, գովազդներ:
Բացի օպերատորներից, Ա1+-ում իրենց մոբիլ-տեսախցիկներով նկարահանում են նաև լրագրողները, այդ նյութերը նույնպես տեղադրվում են ինտերնետում :
Նախկինում Ա1+-ի լրագրողները որևէ հարցազրույց, մեկնաբանություն նկարահանելու համար այս կամ այն չինովնիկին ու պաշտոնյային երկար-բարակ համոզում էին, չէ՞ որ, երբ եթերային հաճախաականություն չունես, քեզ այլ կերպ են նայում, իսկ այսօր նույն մարդիկ իրենք են շտապում մեկնաբանություն տալ…ինտերնետային տեսանյութերի համար :
Ա1+-ը տեղադրում է մշակութային, երաժշտական ու վավերագրական ֆիլմեր, սեփական արտադրության, ինչը նույնպես լավ արձագանք է գտնում :
Շատ հաճախ Ա1+-ի նյութերը ուղղակիորեն օգնում են մեր հայրենակիցներին. տեսանյութն այնպիսի ազդեցություն է ունենում, որ աշխարհի տարբեր երկրներից դիտողները պատրաստակամություն են հայտնում օգնել հերոսներին:
6 միլիոներորդ անգամ Ա1+-ի այցելուն “click” է անում` դիտելու Ա1+-ի տեսանյութը :
Այսքանին մնում է ավելացնել. ՙԴիտեք մեզ, ճանաչեք ձեզ՚ :
Հ.Գ. Բայց մենք կցանկանայինք լսել Ձեր կարծիքը, ինչ տեսանյութեր կցանկանայիք դիտել???
Ավելին, մենք կցանկանայինք, որպեսզի դուք ավելի ակտիվ լինեք, եթե որեւէ անսովոր եւ կամ հետաքրքիր դեպքի եք ականատես եղել, նկարահանեք թեկուզ հեռախոսով,կամ ֆոտո, կամ վիդեո, ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակով, մենք անպայման կանդրադառնանք Ձեր բարձրացրած թեմային:
Առավել հաջողված տեսանյութը եւ կամ ֆոտոն կարժանանա Ա1+-ի հատուկ մրցանակին: Ընտրությունը կանեք եւ դուք եւ Ա1+ի ադմինիստրացիան: Այնպես որ, սպասում ենք …..
a1plus@a1plus.am