Սե՞րն է պակասում հայերին

11 10 2008

Քաղաքականացված “մինի հասարակությանը”՝ բլոգում գրող բոլոր-բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկ շաբաթ քաղաքական թեմաներից ու թեժ քննարկումներից հեռացնելը, համաձայնեք, այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ փոքր ինչ “ռիսկային”։Անգամ մտավախություն ունեի՝ ընթերցողները ոչ միայն կպահանջեին դադարեցնել “ապաքաղաքական շաբաթը”, անգամ “կփախչեին” բլոգից՝ այլեւ չվերադառնալու սպառնալիքով։ Բայց փաստորեն դիմացանք 🙂 Դիմացանք անկասկած բազմաթիվ ապաքաղաքական թեմաների չհասնելով էլ պարզապես… Այնինչ այնքան բան կար քննարկելու սոցիալ-տնտեսական խնդիրներից, գերատեսչություններից, մարզերից, գրականությունից… ինչ պատահի… շաաաաաաաատ թեմաներ… Բայց նման շաբաթվա ընթացքում մոռանալ “այս” թեման, պարզապես անկարելի էր… Ուրեմն հայերը ունեն սպիտակ “նիվաներ”, ճոխ ամառանոցներ ու Օպերայի շրջակայքում բնակարաններ, ոսկե հաստ վզնոցներ, կանայք եւ սիրեկաններ… Բայց նայում ես մարդկանց դժգոհ դեմքերին եւ ջղայն անբավարարվածությունն է առաջինն, որ տպավորվում է մեջդ։ Ի՞նչ է, հայերին միայն սե՞րն է պակասում…
Ուրեման սեր ձեզ բոլորիդ եւ դիմացեք, քաղաքական քննարկումները վերսկսում ենք հաջորդ շաբաթ…





Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է…

10 10 2008

Այս տարի մեր սիրելի Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է դառնում եւ “Երեւանի օր” տոնակատարության շրջանակներում քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր համայնքներում հոկտեմբերի 10-ից 13-ը տարբեր միջոցառումներ է կազմակերպելու: Տոնական միջոցառումների սկիզբը ազդարարվեց քիչ առաջ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապա նաեւ բացօթյա համերգ է սպասվում Հանրապետության հրապարակում: Մայրաքաղաքի համայնքներում “տոնականությունը” նշմարվում է եռագույնների համատարած գույներով լուսասյուներին: Գեղեցիկ է: Տոնակատարությունների “բովանդակային” եւ կազմակերպչական կողմին ես նայում եւ մարզահաշտում համերգների հեռանկարը այդքան էլ չի ոգեւորում: Տխուր է: Բայց մեծ ու դրական կողմը պատմական պատկառելի ժագանության մասին հիշեցումն է, որ գոնե դպրոցականների մեծ հոսքը Երեւանի պատմության կամ Էրեբունու կամ այլ թանգարաններ: Առհասարակ Երեւանում ժպտոցող դեմքերն ու սիրահար զույգերը ամենագեղեցիկ հատվածն է տոնակատարություն: Շնորհավոր… Ու չմոռանաք կիսվել օրվա խորհուրդի եւ նշանակության մասին ձեզ համար:





Հայկական կինոն դա “խիստ ճաշակով” սերիալ է միայն?

9 10 2008

Հայկական կինոն զարգացնելու կամ վերջնականապես սպանելու նախաձեռնություններ պարբերաբար լինում են ու վերջին շրջանում, իսկ անկախացումից հետո ոլորտի “զարգացում”-ը ոչ միանշանակ են ընդունում հենց իրենք` ոլորտը “զարգացնել փորձողները”` կինոյի տեսաբաններն, ռեժիսորները: “Տարերային” կինոփառատոններում ժամանակ առ ժամանակ աշխուժացող կինոդահլիճներում հայկական կինոյի լեգենդները ոլորտի զարգացման նկատմամբ լուսավոր “սպասողականություն” են տալիս: Ու միաժամանակ հայկական հեռուստաընկերությունների “խիստ նրբաճաշակ սերիալներով” լցված եթերները սպանում, ջախջախում են դրանք:
Ու խոսելու, բացահայտելու, քննարկելու հարցերը մնում են ու մնում… Եվ ուրեմն, ինչքանով եք տեղեկացված հայկական կինոմատոգրաֆի վերջին տարիների զարգացումներից? Ինչ դրական եւ բացասական տեղաշարժեր եք տեսնում? Ու իրականում կա արդյոք այդ հասկացություն, թե “մեռել է”:

Ե.Գ. Քննարկումների բաժնում ավելացնում եմ նաեւ թեմային վերաբերվող մի քանի հրապարակումներ, ինչպես նաեւ Խզմալյանի ֆիլմի սղագրության եւ ժամանակակից ցենզուրայի նոր դրսեւորումների նյութերը:





Որո՞նք են ինֆորմացիայի ձեր աղբյուրները

8 10 2008

Բացում ես էլ-փոստդ եւ օրական հարյուրավոր նամակներից ինֆորմացիա ստանում, դեռ էլ-փոստդ չբացած կողքին արդեն օրվա կարեւոր իրադարձությունների լրահոսն է երեւում, օն-լայն լրատվամիջոցները գլուխ են իրենց գրանցված ընթերցողների քանակը գոնե մեկով ավելացնելու համար, ազատ RSS տալիս են համարյա բոլոր տեղեկատվական ռեսուրսները, սոցիալական ցանցերում հազարավոր խմբեր են բացվում տարբեր տիպի ինֆորմացիա անձնավորված լսարանին հասցնելու համար։Այլ բառերով ասած՝ ինֆորմացիան հիմա ոչ միայն տանը, դրսում, հեռախոսով, բամբասանքներով, գաղտնագրերով է, այլեւ ամենատարբեր դրսեւորումներով։ Ուղղորդված ինֆորմացիա սպամ ենք համարում, մեզ դուր չեկած ինֆորմացիան օն-լայն քննարկումների կուլտուրայում ջնջելու ենթակա ենք համարում, ընտրում ենք սպորտ կամ քաղաքականություն, այլեւս ոչ մի ավել ինֆորմացիայով չենք ուզում ծանրաբեռնել մեզ։Ու տարօրինակ էլ չէ, որ այս ամենը “նորմալ է”։ Իրոք նորմալ է, մարդիկ ենք չէ՞։Բայց ապաքաղաքական շաբաթվա ընթացքում հետաքրքիր կլիներ քննարկել եւ իֆորմացիոն ռեսուրսների փոխանակում կազմակերպել երեւի, մանավանդ, որ այդպիսի դրեւորումների այլ թեմաների քննարկումներում եղել են։

Եվ ուրեմն, որո՞նք են ինֆորացիայի ստացման ձեր հիմնական աղբյուրները։ Հավատու՞մ եք ավանդական մեդիաներին օն-լայն տիրույթում, թե՞ նախընտրում եք բլոգային պլատֆորմները։ Ֆորումներն ու բլոգերը ինչքանո՞վ են կոմպետետ ինֆորմացիոն ռեսուրս։ Ի վերջո, ինչ եք կարդում դուք եւ ինչ խմբերի կամ “մեյլինգ լիսթ”-երի եք գրանցված։Կարող եք նաեւ գրել՝ ինչ չեք կարդում եւ ինչու չեք կարդում։ Ե.Գ. Թեմայի առանձնահատկություններից ելնելով ազատորեն կարող եք դնել ցանկացած լինք եւ ցանկացած ռեսուրսի հասցե։





Լուսավոր կետեր… լուսավոր մշակութային անց ու դարձ…

7 10 2008

Վերջին շրջանում երեւանյան մշակութային կյանքի ամենատպավորիչ իրադարձությունները ըստ ամենայնի հայկական ջազի 70 ամյակին նվիրված միջոցառումների շարքն էր ու հիանալի համերգները, որպիսիք հայկական ջազի սիրահարները երկար ժամանակ չէին տեսել։ Փոքրիկ եզրակացություն. լուսավոր կողմեր կան “վերջին զարգացումներում”։ Կոստանդին Օրբելյանին, Տաթեւիկ Հովհաննիսյանին երեւանյան բեմերին տեսնելը իրոք հուզիչ էր, համերգի վերջում հոտընկայս ու ամեն մի երգի ամեն մի նոտային արձագանքող հանդիսատես էր հավաքվել /ես օրինակ՝ ինձ լավ էի զգում, որ շուրջս նման մարդիկ էի տեսնում/։ Կատամաձեի համերգն էլ է լավը եղել, ասում են ու նաեւ այս օրերին Երեւանում պետք է սպասել Հերբի Հենկոկին, Ալ Ջերային, Ջորջ Բենսոնին…

Առհասարակ հայկական ջազ հասկացությունը, ըստ իս, ոչ միայն գոյություն ունի, այլեւ կայացած, միս ու արյունով մի հրաշալի “կերպար” է, որ իր հետ հարուստ ավանդույթներ էլ ունի։Միայն մեր պետական ջազ նվագախումբն ու այսօր “ջազ բենդը” /Արմեն Մարտիրոսյանի/ ամեն ինչ արժեն, էլ չեմ ասում Չիկոն/Արմեն Թութունջյան/, ում ջազային հաղորդումների ու հարվածային գործիքների դպրոցով մի երկու սերունդ է անցել։Ակումբային ջազը, Պապլավոկը, Թայմ Ռիփորթը, Կատուները, շատ բան կա թվարկելու /ուրախ եմ, որ Վահագն Հայապետյանը պետական մրցանակ ստացավ այս տարի։ Սա այն բացառիկ դեպքերից էր, որ նախագահականը չէր սխալվել/, Արմեն Հյուսնունցը, Նեվի բենդն, Նալչադյան Դավիթն ու մյուս-մյուս հրաշալի երաժիշտները մեր /ափսոս միջազգային մակարդակի պատրաստված սոլիստներ դեռ չունենք/։Մալխասի /Լեւոն Մալխասյան/ ու Մալխաս ակումբի մասին ըստ երեւույթին պիտի չմոռանալ, դե համարեք, որ չմոռացանք/չնայած սուբյեկտիվ գնահատմամբ Մալխասը որպես զրուցակիր ժլատ է/քիչ է տալիս, հազիվ է խոսում/, իսկ Մալխաս ակումբն էլ “պիժոնսկի” տեղ է Read the rest of this entry »





Ապաքաղաքական շաբաթ

3 10 2008

Վերընթերցում եմ բլոգի նյութերը, հետեւում թեմատիկային, դրանց արձագանքներին եւ մտքովս անցնում է բլոգի` “մինի հասարակության” է եւ դրսեւորումները նույնական են համարյա: Օրեր շարունակ խոսում ենք քաղաքականությունից, ինչպես եւ անում ենք դա փողոցում, տանը, բակում, հյուրերի հետ զրուցելիս եւ ընկերների հետ բանավիճելիս: Ամենուր բոլորը խոսում են քաղաքականությունից` խանութի վաճառողը իր տեսլականն ու կանխատեսումներն է անում, տաքսու վարորդը վերլուծում քաղաքական գործողություններն ու Հայաստանի դիվանագիտությունը: Այն, որ հայ հասարակությունը քաղաքականացված է եւ “բիսեթկաներում“ հիմնականում քաղաքական գրազներ են գալիս, համոզելու կարիք չկա: Բայց այն, որ հայ ժողովուրդը` դպրոցականից մինչեւ կառավարության հարկաբաժնում նստող ցանկացած չինովնիկ նաեւ քաղաքական տեսաբաններ են, սա արդեն մեդիա երեւույթ է, բայց իրականում` օբյեկտիվ ռեալություն:

Եվ այսպես, փորձելով ավանդականից` քաղաքականից անցնել դեպի այլ “ճակատներ” առաջարկում եմ մի ամբողջ շաբաթ խոսենք ու քննարկենք ամեն ինչ բացի “բուն քաղաքականությունից”. խոսենք մշակույթի, տնտեսական, կառավարման քաղաքականությունից, լավ? Հենց այսօր արդեն սպասում ենք ձեր առաջարկներին եւ ակնկալում ձեր ակտիվությունը ոչ բուն քաղաքական գործընթացների մասին նյութերում: Դե… ապաքաղաքական շաբաթը եկեք հայտարարենք բացված 🙂