Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:
«Նավապետ Գրանտի որդիները» առաջինն էին, ում հանդիպեցի մեր հարևանուհու թեթև ձեռքով, ով այդ ժամանակ իմ իմացած ամենագեր կանանցից էր: Այդ գրքից հիմա ոչինչ չեմ հիշում, ինչպես երբ չեն հիշում առաջին սերը, չնայած հասկանում են, որ դրանով են սիրել սովորել:
Հիմա ինձ առանց գիրք հազվադեպ են տեսնում, նույնիսկ «գրադարանի աղջիկ» են ասում: Գրադարանում ինձ գիտեն դեմքով, նույնիսկ ամեն նոր սկսվող գրադարանային տարի անձնական տվյալներս թարմացնելիս, երբ տեսնում են, որ բնակությանս հասցեն չի փոխվել, հարցնում են. «Հըն, ի՞նչ անձնական նորություն:» «Կարդացածս գրքերի թիվը»,-կատակում եմ, պայուսակիս մեջ խնամքով դնում հերթական «սերս» ու դուրս գալիս:
Ի դեպ, գրադարանների մասին: Ով մեկ անգամ եղել է գրադարանում, միշտ կհիշի գրքերի այդ կախարդող հոտը: Իմ առաջին գրադարանը և միակը Ավ. Իսահակյանի անվան գրադարանն է, որտեղ և գտել եմ կարդացածս գրքերի մեծ մասը, քանի որ անձնական գրադարանս նոր-նոր է սկսել կազմավորվել: Ուսանողական տարիներին համալսարանից գրադարան ոտքով էի գնում: ճանապարհը, ու ընդհանրապես գրադարան գնալը, տոն էր ինձ համար, նույնիսկ հատուկ գրադարան գնալու օրեր ունեի: Երբ ավարտեցի, ասում էի՝ այնպիսի տեղ պիտի աշխատեմ, որ մոտակայքում գրադարան լինի: Դե, ինչպես ասում են, երբ դու մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որ դա կատարվի: Հենց այդպես էլ եղավ. նույն անդավաճան «Իսահակյանն» է, ուր քայլում եմ ընդմիջմանը՝ նույն տոնի զգացումը սրտումս:
Հաջորդը Գրքամոլն էր: Մի նախաձեռնություն, որի կենտրոնը գիրքն է և որն այժմ դարձել է կենտրոնը մյուս բոլոր գրքային միջոցառումների ու գաղափարների:
Գիրք նվիրելու օրվանից 85 օր առաջ գրքային մեկ այլ տոն նվիրեց Բուկինիստ գրախանութների ցանցը: «Արի գրքախառնվենք», «Գրքոտ սիրո խոստովանություն» միջոցառումներից հետո էլ ոչ մի մեծահասակից չես լսի, որ էսօրվա սերունդը գիրք չի կարդում: Հացի հերթ հիշեցնող գրքի հերթից հետո իրենց «հոգու սովը» (թեև այնտեղ հոգեպես ամենահարուստ մարդիկ էին հավաքված) հագեցնող մարդկանց բառապաշարում «գրկախառնվել», «կրքոտ» բառերի գրքային տարբերակները դարձել են առօրյա բառապաշարի մի մաս:
Այժմ նույնիսկ քաղաքականությունն է դիմում գրքերի օգնությանը՝ հասարակության ուշադրութունը գրավելու համար: «Ելք»-ըառաջարկում էր գրել մեկ այլընտրանքային կարգախոս ու հեշթեգ, տարածել իր գրառումը. լավագույնը կստանար գրքեր: Եվ մինչ ես կհասցնեի գրել իմ տարբերակը, այն է՝ «Լավագույն ելքը միշտ էլ ճիշտ ընտրված գրքերն են», տեսա, որ մրցույթն ավարտվել է: Ամեն դեպքում ես դեմ չէի գրքոտ քաղաքականությունը և «գրքակաշառքներին»:
Գրաբուսի մասին: Այս նոր անունով հասարակական տրանսպորտի միակ ուղևորները լինելու են գրքերը, որոնք սակայն 100 դրամից մի փոքր ավելի պիտի վճարեն գրաբուսից իջնելու համար: Դե ճիշտ այնքան, ինչքան վայել է իսկական արժեքավոր գրքին:
Անտարեսյան 1000 լայքի մրցույթը նման էր Հռոմի պապի այցին. այն բոլորին դարձրեց մի քիչ ավելի մարդասեր, հանդուրժող, «նեղ պահին» հասնող և սիրող:
Երբ ես սիրեցի գիրքը, գազանանոցի ճանապարհի խցանումները, հերթերը և ամեն տեսակ ժամանակատար սպասումները դարձան պակաս նյարդայնացնող: Հիմա մեկ-մեկ նույնիսկ ուրախանում եմ, երբ ստիպված եմ լինում ինչ-որ մեկին կամ մի բանի սպասել, քանի որ այն դառնում է լրացուցիչ առիթ մի քանի էջ ավել կարդալու համար:
Չնայած գրքի շուրջ ծավալվող բոլոր այս հասարակական միջոցառումներին՝ ընթերցանությունը եղել և մնում է այնքան անձնական, որքան, օրինակ, սերը. գիրքը պետք է ճիշտ ընտրել, ընթերցանության ժամանակ լինել երկուսով, դրանից գլուխ հանել ինքնուրույն:
Անժելա Գրիգորյան
Leave a Reply