Իշխանությունները հավանաբար «դասեր են քաղել» հանրաքվեից ու այս անգամ որոշել են քվեարկության օրը ընտրատեղամասեր թողնել միայն «ընտրյալ» ԶԼՄ-ների ու դիտորդների։ Ընտրական նոր օրենսգրքի հրապարակված նախագծով սահմանափակվում է ընտրատեղամասում ԶԼՄ-ների ու դիտորդական կազմակերպությունների թիվը. միայն 8 այդպիսի կազմակերպության ներկայացուցիչ կկարողանա հետևել քվեարկության ընթացքին՝ ներսից։
Դեռ թարմ են դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը տեղի ունեցած ընտրախախտումների ու չարաշահումների մասին հիշողությունները, այդ օրն ու հաջորդող օրերին համացանցն ուղղակի պայթում էր կեղծիքների մասին տեսանյութերից ու տեղեկատվությունից։ Սահմանափակումը կօգնի իշխանություններին ավելի «հանգիստ» զգալ, իսկ դրա համար ընտրատեղամասերում կլինեն միայն «ընտրյալ» ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և թե իշխանությունները դրանց ո՞ր տեսակներին են նախապատվությունը տալիս, հայտնի է բոլորին։
Պարզվում է՝ նոր ընտրական օրենսգրքով լավ վիճակում չեն հայտնվելու նաև դիտորդական կազմակերպությունները։ Նրանք ևս «սահմանափակումների տակ» են հայտնվել։ Այստեղ ևս իշխանությունները շահեկան վիճակում են. Ընտրությունների ընթացքը դիտարկելու հնարավորություն կտրվի միայն այն կազմակերպություններին, որոնք հրավիրված են ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի կողմից։ Հարց է առաջանում՝ իշխանությունների «ընտրյալ» դիտորդական կազմակերպությունների ցանկում արդյո՞ք կհայտնվի «Դեմոկրատական ընտրությունների Եվրոպական պլատֆորմ» միջազգային կազմակերպությունը, որը դեկտեմբերի 7-ին խոսեց հանրաքվեի մասին՝ հայտարարելով, որ հանրաքվեի արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների կամքը։ Հարցականի տակ կհայտնվի նաև տեղական կազմակերպությւոնների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունը։ Արդյո՞ք իշխանությունները կուզենան կրկին վերահսկվել «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից, որը հանրաքվեի ընտրակեղծիքների մասին ամենաբարձր հայտարարողներից են։
Ռոբերտ Անանյան
Leave a Reply