Աղջկաս դպրոցում անմոռուկի կրծքանշան են տվել, վրան գրված է. «Հիշում եմ ու պահանջում»: Երկուսն էլ բավականին ոչ մանկական զբաղմունք են: Ասում եմ՝ բալես, լա՞վ ես հիշում: Ասում է՝ հա, ամեն ինչ հիշում եմ: Իսկ ի՞նչը: Աղջիկս զարմացած նայում է՝ փորձում է իդենտիֆիկացնել իր անձնական «բացթողումների» եւ անմոռուկի միջեւ կապը: Ասում եմ՝ դպրոցում քեզ բացատրե՞լ են, թե սա ինչ կրծքանշան է: Բացատրելը, իհարկե, չեն բացատրել: Բայց, արի ու տես, որ ինքը հիշողների ու պահանջողների շքերթի մեջ է: Որովհետեւ իմ աղջիկը «գալըչկա» է, էդ անմոռուկը պետք է կրծքին լինի եւ վերջ: Որովհետեւ հայ-թուրքական երկխոսության տապալումից հետո հիշելը եւ պահանջելը նույնն է, ինչ «Լենին պապին էլ մանուկ է եղել» ոտանավորի մեջ շարադրված դեպքերը մարսելը: Անգիր էիր անում ու չգիտեիր՝ հետո՞: Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ: Նախ ղալաթ է արել, որ թիթեռ է բռնել: Ղալաթ է արել ոտանավորի հեղինակը, որ էս մասին գրել է:
Բայց՝ վե՞րջը: Եվ ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու էդ խեղճ թիթեռի մեկ օրվա կյանքը մանուկ Վոլոդյայի զվարճանքների պատճառով կիսով չափ կրճատելու համար: Ես նման բաները չեմ մոռանում: Բայց անձամբ չեմ հիշում, որ «պապին» թիթեռ է բռնել: Իմ հիշողությունն սկսվում է թիթեռի տանջանքների ընկալման իմ փորձառությունից: Եվ որպեսզի ընդհանրապես որեւէ բան հիշեի ու պահանջեի, ինձ այսպիսի պատմություններ էին պետք, ինձ համար անձնական ողբերգություն էր թիթեռ բռնելը: Ուրեմն, նա ով բռնում է, աչքիս գրողն է, նույնիսկ եթե դա մանկական անմեղ զբաղմունք է: Աղջիկս նույնպես սիրում է կենդանիներ: Երկու օր առաջ տեքստ է գրել՝ կենդանիներին սպանողները վատն են:
Ինքնուրույն է գրել: Իրիկունն ինձ ցույց է տալիս: Դեմ չեմ: Ինքը տեսել է վատ վերաբերմունք: Մեր շենքի շքամուտքի փիսիկները խիստ ընտրողական վերաբերմունքի են արժանանում, ոմանք վատ են արտահայտվում նրանց մասին։ Տեղեկացավ, որ հարեւան շենքի ինչ-որ տղաներ շուն են թունավորել, որն, ի դեպ, շատ մարդամոտ էր։ Ինքն էլ է կերակրել այդ շանը։ Տեքստը, որը նա գրել է, իր բաժին երկխոսությունն է նրանց հետ, որոնք վատ են վերաբերվում կենդանիներին: Այսինքն, աղջիկս որոշակիորեն կարողանում է իր բաժին զենքը վերցնել «ցավ ու ծովերի մի վշտի ընդդեմ»: Հիմա նա «հիշում է ու պահանջում»։ Եթե բացատրես իր պահանջելիքն ու հիշելիքը, կմնա այդ բեռի տակ։ Մեր թութակը սատկել էր ու օրերով մխիթարել չէինք կարողանում։ Եթե նրան բացատրես լավ մարդու եւ վատ մարդու «ցեղասպանագիտական» հարաբերությունը, կարող է կորցնել մանկության հետ կապը։ Եթե դա բացատրես կենդանիների հետ վերաբերմունքով, դպրոցում դա չեն հասկանա։ Ուրեմն, մնում է պարզապես կրթել նրան մարդ լինել։ Փորձությունները գալու են վերակազմակերպելու մարդ լինելու նրա ջանքը։ Իշխանությունը իր բաժին երկխոսությունը հասարակության հետ տապալել է եւ նրան պարտադրում է «հիշել ու պահանջել»։
Ու չի բավարարվում իր խելքի գյորա հիշողներով ու պահանջողներով։ Ուզում է, որ առաջին դասարանցիներն էլ հիշեն ու պահանջեն։ Այսինքն, հիշողության թերապիայի հիմքում իշխանության անկարողությունն ու անգործությունն է։ Թուրքերը մնացին ցեղասպանողներ, մենք էլ՝ հիշողներ ու պահանջողներ։ Հայ-թուրքական երկխոսությունը տապալելով իշխանությունն, ի վերջո, հիշողությունը վերադարձրել է օրորոց, այսինքն, կրծքի կաթ ուտող երեխան պիտի «հիշի ու պահանջի», որովհետեւ նրա հիշածն ու պահանջածը ոչ փաստ է, ոչ էլ՝ պարտավորեցնող: Մինչդեռ մենք՝ բոլ ապրածներս, գիտենք, որ պետք է պահանջել: Բայց առանց երկխոսության հիշելը նույնն է, ինչ «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության առաջին տողը մեկնաբանել այսպես. «Բանաստեղծն ուզում է ասել, որ ինքը սիրում է իր անուշահամ Հայաստանի արեւահամ բառը»: Սա բանաստեղծն է ուզում ասել, իսկ դու՞ ինչ ես հասկացել նրա ասածից: Եվ հետո ո՞վ ասեց, որ դա բանաստեղծի ասելիքն է։ Առանց նրա հետ ներքին երկխոսության ընկալում գոյություն չունի։ Հենց գտար երկխոսության տուտը, որը բանաստեղծության դեպքում, ներքին, չպայմանավորված արարողություն է, անմիջապես կկարդաս ավելին, քան գրված է տեքստում։ Առանց երկխոսության հիշողությունը մանկուրտի զբաղմունք է։
Երկխոսությունը ցույց է տալիս, որ քո հիշողության ու պահանջի օբյեկտը գործող անձ է, կենդանի արարած: Եթե քո հիշողությունը եւ պահանջը միակողմանի է, երեխաներից վազն անցեք: Երեխաների հիշողությունը պահանջ է դառնում, եթե նրանք «Նինձյա կրիա» մուլտն են տեսել ու մի քանի օր հետո հոր կամ մոր հետ մտել են խաղալիքների խանութ։ Ի՞նչ պիտի անեն, երբ ցուցափեղկին տեսնում են իրենց երեւակայության հերոսի խաղալիքը, ծնողից պիտի պահանջեն գնել այն։ Հիշելն անհրաժեշտ է, բայց երբ երեխաները խաղալիք չունեն, նրանք հարձակվում են կենդանի շների կամ կատուների վրա, պարսատիկ են սարքում ու խփում ճնճղուկներին։ Ու դա են հիշում։ Ու էս հիշողության վրա էլ աճում են։ Ու սիրահարվում։
Հետո փորձում սիրո մեջ դառնալ «տղա»։ Մինչդեռ հիշողությունը միշտ շարունակություն է։ Հիշողությունը շարունակում է սիրած աղջկան, որը հեռացել է առանց բառ ասելու, հիշողությունը քո խոսքն է այն մասին, որ աղջիկը ներողամիտ լինի կամ նման մի բան։ Հիշելը գործողություն չէ, եթե դու դեպքերի մասնակից չես նույնիսկ դեպքից 100 տարի հետո: Առաջին դասարանցին հիշելու ի՞նչ ունի, ի՞նչը պատմենք նրան, որ համ ցեղասպանությունն առարկայացնենք, համ էլ շատ Հիշելը գործողություն է նույնիսկ պատմության դասագրքերից անկախ: Հիշելը գործողություն է, նույնիսկ եթե ոչ միայն Օսմանյան Կայսրությունը չկա քարտեզի վրա, այլեւ՝ Թուրքիան: Հիշելը գործողություն է միայն այն դեպքում, երբ երկխոսությունն արդեն հաղթահարել ես մինչեւ այն սկսելը: Այլապես, դու նույնիսկ մենախոսության պիտանի չես:
Մենք երկխոսության առաջարկություն արեցինք ու անմիջապես մեր մարզաշապիկներից հեռացրեցինք Արարատը: Սա ի՞նչ էր՝ մանկուրտություն: Այդ օրից մեր հիշողությունը նման է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկին, որտեղ թեկուզ ժամանակավոր, բայց Արարատը չկա: Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանն էլ չկա, բայց մենք առիթ-անառիթ այդ «օրերի» հետ ենք: Մենք մենախոսում ենք այդ ժամանակների հետ, չկան Պարթեւական թագավորությունն ու Հռոմեական հանրապետությունը, որպեսզի երկխոսենք ու մի քիչ ծով պոկենք: Եթե երկխոսություն չկա, նշանակում է, Թուրքիա էլ չկա: Նշանակում է, չկա էն պետությունը, ումից պահանջ ունես: Աղջիկս ասում է`շատ լավ հիշում եմ, բայց չեմ պահանջում: Ու թվարկում է`դու ինձ համար ուղտ չես առել, իմ սիրած գունավոր մատիտները չես առել: Ճիշտ է ասում: Որովհետեւ երբ դրանք էժան էին, փող չկար, երբ դրանք թանկացան, բացակայող փողն ավելի բացակայեց: Հենց այդպիսին է հիշելը եւ պահանջելը:
Արձանագրությունները պետք է վավերացնեիր, որպեսզի քո փայ պահանջատիրության կանաչ լույսը վառեիր: Որպեսզի իշխեիր քո չհնչեցվող ահանջատիրության վրա, որպեսզի Թուրքիան զգար, որ պահանջ ունես, որը քաջաբար եւ ոչ թե վախկոտի նման չես հնչեցնում: Իսկ հիմա քո կողքից դուրս ես շպրտել Թուրքիային, որն իր ներսում, բացառված չէ, որ հոշոտում է քեզ եւ միայն պատեհ առիթի է սպասում քեզ`իր ծավալների համեմատ թիթեռնիկիդ, բուռը հավաքի: Դու վավերացնեիր, թող Թուրքիան իր «կարմիր» լույսը վառեր: Հիշողությունը նույնքան գործողություն է, որքան`ընտրությունը: Որքան`գիրք նվիրելը: Հիշողությունը սակայն մանկական զբաղմունք է միայն… ծերանոցում, երբ խնամքիդ տակ նույնիսկ սեփական մազերդ չեն, որոնք սանրելու կամ հավաքելու ուժ չունես: Մենք նմանվում ենք ծերանոցի 105-ամյա ծերունուն, որը «խաղում» է, ասենք, 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հետ այդ մասին ուրիշներից լսելով։
Մհեր Արշակյան
Leave a Reply