Արդեն երեկվանից, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Նյու յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու, ամենից շատ սպասում ենք նրա ելույթին, որ տեղի կունենա այսօր երեկոյան։ Անկասկած՝ տարածաշրջանային քաղաքական ու համաշխարհային դիվանագիտական գնահատականների առումով այն կարեւոր նշանակություն է ունենալու եւ նվազագույնը Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետության ցուցիչն է։ Դե ինչ, սպասենք մինչեւ երեկո ու ակնկալում եմ, որ ձեր տպավորություններով ու կարծիքներով չեք մոռանա կիսվել։
Իսկ մինչ այդ նախագահը տարբեր բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել: Օրվա երկրորդ կեսին իր կեցավայրում Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Պետքարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի Նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում: Մինչ Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ: Անդրադառնալով Նիդեռլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է. “Մենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ”: Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Սերժ Սարգսյանը եւ Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` հայ եւ սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ եւ փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ:
Իսկ սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը: Նա հանդես է եկել ելույթով` շնորհակալություն հայտնելով ողջ ամերիկահայ համայնքին, այստեղ գործող կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայանպաստ ձեռնարկումներով հետեւողականորեն իրենց օժանդակությունն են բերում Հայաստանի ու Արցախի խնդիրների լուծման, հայոց ցեղասպանության դատապարտման ու պատմական արդարության վերականգնման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՚ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ, ԵԹԵ ՉԼԻՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՙ
[12:06] 26 Սեպտեմբերի, 2008
՚Ես ներկայացնում եմ մի երկիր, որը վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում իրադարձությունների զարգացումների հետեւանքով հայտնվեց 21-րդ դարին անհարիր իրավիճակումՙ,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում ասել է Սերժ Սարգսյանը: Ապա շարունակել է.
՚Հարավային Կովկասում կրկին արյուն հոսեց եւ կրկին անմեղ մարդիկ զոհվեցին հակամարտությունները խաղաղ կարգավորելու մեր` ղեկավարներիս անունակության պատճառով: Հաշված ժամերի ընթացքում ծավալվեց զինված այնպիսի հակամարտություն, որը բարդ իրավիճակ ստեղծեց ոչ միայն ողջ տարածաշրջանի համար, այլեւ նրանից դուրս:
Այս օրերին հաճախ հնչում է ՚Սառը պատերազմՙ սահմռկեցուցիչ բառակապակցությունը: Կարծում եմ, որ Գլխավոր վեհաժողովի այս նստաշրջանի հիմնական խնդիրը պետք է դառնա իրադարձությունների նմանօրինակ զարգացումը միանշանակորեն բացառելու միասնական պահանջը: Նախորդ Սառը պատերազմի հիշողությունները շատ թարմ են, իսկ հետեւանքները դեռ վերացված չեն:
Կարծում եմ, որ այդ ուղղությամբ մեր հիմնական անելիքը պետք է լինի տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության նոր, հուսալի եւգործնականում կենսունակ համակարգի ստեղծումը: Մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները վերջին տասնամյակներում այնպիսի վերակերպում են ապրել, որ այլեւս անհնար է դրանց արձագանքել միայն Երկրորդ աշխարհամարտի ավարտին ձեւավորված կառույցների միջոցով: Հորիզոնական, ցանցային բնույթի այսօրվա մարտահրավերներին` ահաբեկչությանը, միջազգային հանցավորությանը, թմրանյութերի շրջանառությանը եւ մյուսներին մենք շարունակում ենք գերազանցապես արձագանքել այնպիսի ինստիտուտների միջոցով, որոնք հիմնականում կոչված են պետությունների միջեւ ի հայտ եկող տարաձայնությունների հարթեցմանը:
Այդ նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հիմնական ձեւերից է տարածաշրջանային համագործակցությունը: Հայաստանը միշտ էլ հանդես է եկել այդօրինակ համագործակցությունը խրախուսելու դիրքերից: Եվ մենք համոզված ենք նաեւ, որ համագործակցությունը պետությունների միջեւ առկա խնդիրների լուծման լավագույն միջոցն է: Դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, խաչաձեւվող հաղորդակցման ուղիներ, փոխկապակցված տնտեսական համակարգերՙ
՚ Հարեւան պետությունների միջեւ միշտ եղել են եւ կարող են լինել խնդիրներ: Եվ այդ խնդիրները երբեք չեն կարող լուծվել, եթե չլինի երկխոսություն:
Այդ գիտակցմամբ ես, օգտվելով Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման առիթից, հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան: Ինձ ուրախացրեց հրավերն ընդունելու Նախագահ Գյուլի համարձակ քայլը, որով նա դարձավ ՚ֆուտբոլային դիվանագիտությանՙ իմ առաջարկի համահեղինակը:
Մենք քննարկեցինք երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության բազմաթիվ հարցեր: Ամենակարեւորն այն է, որ համաձայնեցինք առկա խնդիրները չթողնել գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ Նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվելՙ,-ասել է Սերժ Սարգսյանը::
ԵՐԿՈՒ ԼՈՒՐՋ ԴԱՍԵՐ
Ըստ նրա` վերջին շաբաթների իրադարձությունները ցնցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանը` բերելով այն միջազգային լրատվության ուշադրության կենտրոն, եւ դրանք պարունակում էին լուրջ դասեր բոլորիս համար:
՚ Առաջին. Մենք` ՄԱԿ-ի անդամ-պետություններս, պետք է խստորեն հետեւենք ՄԱԿ-ի կանոնադրության տառին եւ ոգուն: Եթե որեւէ երկիր կարճ ժամանակում մի քանի անգամ մեծացնում է իր ռազմական բյուջեն եւ հպարտանում դրանով, եթե խախտվում են միջազգային պայմանագրերով ամրագրված սպառազինությունների սահմանաչափերը, եւ դա արվում է բացեիբաց, եթե մի երկիր, որը կնքել է զինադադար, ինչը միջազգային իրավական պարտավորություն է, բայց ամեն առիթով սպառնում է վերսկսել պատերազմը, ապա դա պետք է արագ ու հստակ արձագանք ստանա:
Կանխարգելումը միշտ գերադասելի է բուժումից, եւ ցանկալի է հնարավոր ռազմական գործողությունները կանխել դրանց ծրագրավորման փուլում: Մենք պետք է հստակ ամրագրենք, որ գործող զինադադարի խախտումը կամ խախտման սպառնալիքն ինքնին ագրեսիայի բաղադրիչներ է պարունակում:
Երկրորդ. Հասունացել է ազգերի ինքնորոշման իրավունքին լուրջ անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: Մեր ժամանակներում ժողովուրդների համար ինքնորոշման մասին խոսելն անգամ ՚ինքնասպանությանըՙ հավասարազոր է դարձել: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ: Վստահ եմ, որ այդպես շարունակվել այլեւս չի կարելի:
Մենք հեռու ենք այն մտքից, որ ինքնորոշման յուրաքանչյուր հայտ պետք է հանգուցալուծվի անջատման տեսքով: Բայց նաեւ տեսնում ենք, որ ավելի ու ավելի հաճախ հենց դա է դառնում առկա հակամարտությունների կարգավորման ելքը: Մինչդեռ, երբ ժողովուրդն, այնուամենայնիվ, հասնում է անքակտելի իր իրավունքի իրականացմանը, բոլորը միաձայն սկսում են տվյալ դեպքը ՚բացառությունՙ կոչել: Սա արդեն մեզանում, կարծես, դառնում է օրինաչափություն:
Իհարկե՜, արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը: Դա է պատճառը, որ մենք շարունակում ենք ակտիվ բանակցություններն Ադրբեջանի հետ` ձգտելով հասնել այդ երկրի կողմից գրեթե երկու տասնամյակ փաստացի անկախ պետության կարգավիճակով ապրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը:
Օրինական ճանապարհով ինքնորոշման իր ձգտումը հռչակած Ղարաբաղի ժողովրդին պարտադրվեց դաժան պատերազմ: Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած էր բնաջնջման վտանգի առաջ: Այն ժամանակ դա ընդամենը ինքնավար մարզ էր, որը չուներ ո՜չ կանոնավոր բանակ, ո՜չ զենք ու զինամթերք, ո՜չ Ադրբեջանի տարածքներ գրավելու ցանկություն եւ ո՜չ էլ այդպիսի կարողություն: Համարում եմ, որ առնվազն արդար չէ այդպիսի պատերազմում իր գոյության իրավունքը պաշտպանած ժողովրդին ՚օկուպանտՙ անվանել: Այնինչ, Ադրբեջանը դա է անում` օգտագործելով նաեւ այս բարձր ամբիոնըՙ,- ասել է նա:
ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ՞Ր
Սերժ Սարգսյանն իր ելույթում նաեւ ասել է.
՚ Իմ երկրի դպրոցականները հավատ ունեն ՄԱԿ-ի հանդեպ, քանի որ նրանց պատկերացմամբ դա նախ եւ առաջ մի շենք է, որի դիմաց կապված փողով ատրճանակի արձան է դրված:
Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս, քվեարկության մասնակցած 146 երկրներից ընդամենը 39-ի ՚կողմՙ ձայնով մի բանաձեւ ընդունվեց, որը որոշակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ:
Խորն արմատներ ունեցող, ցավալի եւ արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված մեծածավալ ջանքեր ստացած, բարդ եւ զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ եւ շատ կանխատեսելի էր` պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ` քաղաքական շահարկումներում եւ այլն:
Բայց մի՞թե իրականում այս որոշումը արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարաբնույթ միջազգային որակումներն են, այլ խաղաղ եւ համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այնպես, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության շահն է դա:
Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, եւ, կարծում եմ, որ հենց այդ գիտակցութամբ էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 4/5-ը չպաշտպանեց բանաձեւը: Տեսե՜ք, ինչպես քվեարկեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը` ղարաբաղյան հիմնախնդրի եւ նրա հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ, թերեւս, ամենատեղեկացված երկրները:
Մի՞թե անպայման էլի արյուն պիտի հոսի` հասկանալու համար, որ սառեցված հակամարտությունները մասնագիտական եւ իրազեկ վերաբերմունքի կարիք են զգում, եւ որ դրանք չեն կարող հանգուցալուծվել տարբեր համաժողովներում քվեարկություններ կազմակերպելով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք կարգավորման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար, մի՞թե բոլորիս նպատակը չէ, որ հայ եւ ադրբեջանցի մանուկների համար էլ տարածաշրջանում հառնի կապված փողով ատրճանակի խորհրդանշական արձանը: Հավատացնում եմ ձեզ` այդ մանուկներն արժանի են դրան:
Պարո՜ն Նախագահ,
Այս տարի մենք նշելու ենք միջազգային իրավունքի տեսանկյունից մարդկության համար նշանակալից երկու իրադարձությունների ` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակները:
Մեզ` հայերիս, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար սրանք առավել քան կարեւոր հոբելյաններ են: Հայաստանը արել եւ անելու է ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետեւողական իրագործմանը: Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ապա մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, դեռ կարեւոր ճանապարհ ունի անցնելու` մարդու իրավունքների ողջ համալիրի արդյունավետ ապահովումը երաշխավորելու համար:
Մենք այդ ճանապարհին փորձում ենք սովորել հարուստ փորձ ունեցող երկրներից եւ չկրկնել ուրիշների սխալները: Այդ դասերը միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց մենք համոզված ենք, որ մեր նման երկրի համար դա կայուն զարգացման հիմնական գրավականն է:
Միեւնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ արագ փոփոխվող իրականության պայմաններում, գիտության առաջխաղացմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, մարդու իրավունքների պաշտպանության եւ պետությունների կողմից այդ պարտականության կատարման գործընթացի հսկման ընթացակարգերը լուրջ վերանայման կարիք ունենՙ:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64389
Ժողովուրդ, Սերժի ելույթի ժամանակ, բոլորը հանել էին ականջակալները, քանզի Զիմբաբվիեի, Ուռուգվայի, Մոզամբիկի ու Հայաստանի նման երկրները ներկայացուցիչների մեծ մասին չեն հետաքրքրում… Իսկ Սերժը թէ Մոզամբիկի նախագահից (հանաք չեմ անում) օրինակ վերցներ և անգլերեն խոսեր (եթե գօտի), խոսում էր հայերեն… Եհ, յա խոսար, յա չխոսար, եթե մեկա մի 20-25 երկրի ներկայացուցիչ էր լսում…
Հ.Գ. Օղորմի քեզ, Հայաստան, Մոզամբիկիցել ես հետ ընկել!
meka arden xaytarak enq exel