Երբեք հայերը ավելի մասսայական “ֆուտբոլասերամանիայով” ու ճկուն դիվանագիտական-վերլուծական կարողություններով չէին փայլել, ինչպես վերջին մի քանի ամիսներին, երբ ամենուր միայն Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն է քննարկվում։ Այսօր համալսարանում կենտրոնական մուտքի աստիճանների մոտ մի փոքր ամբողի խցանում էր ու այդ թոհուբոհի մեջ հասցրեցի ականատես լինել, թե ինչպես երկու պրոֆեսոր վիճեցին ու իրար վրա մատ թափ տվեցին Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության շուրջ։ Նախօրեին էլ նման մի տեսարանի ականատես եղա փողոցային առեւտրական երկու կանանց “բանավեճի” արդյունքում։ Ու չնայած ոչ ոք դեռ հաստակ չի կարող կանխատեսել այս ֆուտբոլային արդյունքը, բայց կարելի է հստակ “սահմանել”, որ սա պատմական խաղ է լինելու այս սերունդի երիտասարդները իրենց թոռներին պատմելու այդ մասին, ճիշտ այնպես , ինչպես հին ԽՍՀՄ-ական սերունդը Արարատ 73-ի մասին, միայն ուրիշ երանգներով ու “դիվանագիտությամբ”։
Ըստ որոշ տեսաբանների՝ Թուրաիայի նախագահը այնուամենայնիվ ընդունեց Հայաստանի հրավերը, որովհետեւ տարածաշրջանում այլեւս հետաքրքրությունը մեծ է, Անկարան կովկասյան խաղաղության երկխոսության պլաններ է մշակում, Եվրոպական Միություն մտնելու համար տոլերատտ եւ համերաշխ կեցվածք ընդունում։ Ու թեեւ Գյուլը գալիս է զրահապատ մեքենաներով ու դիպուկահարներով, փոխադարձ վստահության մթոնլորտը այնքան էլ խոսուն չէ /միջազգային հանրության, քաղաքական կուսակցությունների ու անհատների, շահարկումների եւ մեկնաբանությունների տեսանկյունից/, բայց խաղը կկայանա այնուամենայնիվ, ինչ էլ լինի։
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ այսօր արդեն 6։30-ից մինչեւ 24.00-ն փակվելու են դեպի մարզադաշտ տանող ճանապարհները՝ / Աթենքի-Լենինգրադյան փողոցներ(մարզահամալիրի մոտից), Իսակովի պողոտա (Երեւանյան լճի կամրջի մոտից), Իսակովի պողոտա-Կիլիկիա թաղամաս, Իսակովի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց (քաղաքապետարանի մոտից), Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց (դեպի “Հաղթանակի” կամուրջ), Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց (“Ձկան խանութի”ՙ դեպի կամուրջ), Երեւան ՀԷԿ (Հրազդանի կիրճ) Բրազիլիայի հրապարակ (ամբողջությամբ)/: Ու հիշեցնեմ, որ բոլոր գնում ենք ֆուտբոլի ու չենք մոռանում տպավորություններով կիսվել բլոգում։ Ներեւում ներկայացնում եմ այս խաղին առնչվող տարբեր նյութեր ու հրապարակումներ։ Սպասում ենք միայն ՀԱՂԹԱՆԱԿ։
Ե.Գ. Քանի դեռ խաղը չի սկսվել, լավ կլինի մասնակցեք նաեւ “Ինչպե՞ս կավարտվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը” հարցմանը։Շնորհակալություն։
՚ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՙ
[14:05] 04 Սեպտեմբերի, 2008
Դոնեցկի ՚Մետալուրգումՙ հանդես եկող Արարատ Առաքելյանը Հայաստանի հավաքականի կազմում բավական հաջող հանդես եկավ 2007թ., որից հետո էլ ՚Բանանցիցՙ տեղափոխվեց ուկրաինական ակումբ: Առաքելյանը ներկայումս Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում Է Թուրքիայի դեմ կայանալիք ընտրական մրցավեճին:
՚2-րդ կարծիք լինել չի կարող, պետք է հաղթենք այս խաղումՙ, – ասաց Արարատ Առաքելյանը: Հայաստանի հավաքականի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներից մեկը գտնում է, որ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը կանի հնարավորը հաջողության համար. ՚Մենք լավ հավաքական ունենք եւ մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի դեմ, որի կազմում ընդգրկված տղաները պրոֆեսիոնալներ են: Բայց վատագույն արդյունքը այս խաղում մեզ համար պետք է լինի ոչ-ոքինՙ:
Արարատի կարծիքով` Հայաստանի հավաքականի թիմային ոգին ներկայումս շատ բարձր է. ՚Բոլորս էլ տրամադրված են հաղթանակի եւ գիտակցում ենք, թե ինչ հանդիպում է սպասվում: Կարեւորը, որ մեր թիմի ոգին բարձր է, եւ տղաները լավ մարզավիճակում ենՙ:
Դոնեցկի ՚Մետալուրգըՙ Ուկրաինայի առաջնությունում առավել քան հաջող է մեկնարկել եւ 18 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն Առաքելյանը ոչ միշտ է դուրս գալիս խաղադաշտ:
՚Ես լավ մարզավիճակում եմ եւ իմ չխաղալու պատճառը այն է, որ հաղթող թիմի կազմը չեն փոխում: Համոզված եմ, որ շուտով կգա այդ ժամանակը, երբ ես էլ դուրս կգամ խաղադաշտ, քանի որ 100-120 տոկոսով մարզվում եմ՝ ներդնելով ողջ ունակություններսՙ,-բացատրեց նա:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63740
ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՀԱՎԿԻԹՆԵՐՈՎ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ
[16:19] 04 Սեպտեմբերի, 2008
՚Եթե մեր պետությունում կարելի է նախագահի դեմ ցույց անել, ապա նախագահի հրավիրած հյուրի դեմ էլ կարելի է ցույց անել այնքան ժամանակ, ինչքան այդ ցույցերը տեղադրվում են քաղաքավարության նորմերի մեջՙ,- այսօր Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցի հետ կապված ՀՅԴ-ի նախատեսած միջոցառումները անխուսափելի են:
Նա նշեց, որ Գյուլը ամեն օր չէ Հայաստան գալիս եւ պետք չէ առիթը բաց թողնել նրան մեր տեսակետը ասելու համար. ՚Իր այցելությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չլուծվեն այն հարցերը, որոնք մեր քաղաքական ակցիաներով կբարձրացնենք եւ որոնք այսօր առկա են հայ-թուրքական հարբերություններում: Թուրքիայի նախագահը պետք է լավ իմանա, մենք ծնկի չենք գալու իր այդ մեծ ՚շնորհիՙ համար, որ իր այցով մեզ պարգեւում է: Կարծում եմ, որ մեզ կհասկանա եւ մեր նախագահը, եւ մեր ժողովուրդը եւ Թուրքիայի նախագահըՙ:
Մանոյանը նաեւ նշեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարցեր ունեցել է մեր անկախացման հենց առաջին օրից. ՚Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ, 1920թ.-ից ի վեր Հայաստան չկա: Նրանք չեն պատկերացրել, որ իրենց կողքին երբեւէ կարող է անկախ Հայաստան լինել: Հայաստանի անկախացումից հետո նրանք սկսեցին մտածել, որ եթե անկախ Հայաստան պետք է լինի, ապա այն պետք է լինի խեղճ ու կրակ, վիզը ծուռ, Թուրքիայից կախված: Նրանց համար ամենահեշտ միջոցը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունենալն է: Մենք հավատում ենք, որ անկեծորեն պետք է սկսվեն երկու երկրների միջեւ խնդիրների քննարկումը` առանց ուժի կիրառման, առանց ուլտիմատումի եւ նախապայմաններիՙ:
Թուրքիայի կողմից 1915թ.Հայոց ցեղասպանության ճանաչումը Մանոյանը չի համարում հայկական կողմի նախապայման եւ հիմնավորում է.՚Մենք պայման չենք դնում, սակայն ինչպե՞ս կարելի հարաբերությւններ սկսել մի երկրի հետ, որը մարդկության առաջ ոճիր է գործել, իրականացրել է 1915թ. ցեղասպանությունը եւ այն չի ընդունումՙ:
Ինչպե՞ս կանդրադառնա Գյուլի այցը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի վրա` հարցին պատասխանելով` Կիրո Մանոյանն ասաց. ՚Թուրքիայի մղումը, շահագրգռվածությունը բխում է այն գիտակցությունից, որ 1993թ ից սկսած իրենց քաղաքականությունը` Հայաստանի շրջափակում, նախապայմաններով խոսելն իրեն չարդարացրեց: Չեմ կասկածում, որ Թուրքիային պետք է զիջումներ անել: Եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի հետ խոսել ուլտիմատումի լեզվով, ապա մյուս հարցերում կարող են փոփոխություններ լինել, իսկ եթե ոչ, ապա իմաստ չունի նրա այցը Հայաստան, անհետեւանք կլինիՙ:
Պարոն Մանոյանը հիմք չունի Գյուլի այցի հետ հույսեր կապելու, սակայն. ՚Ակնկալում եմ, որ Թուրքիայի ղեկավարության մտքում ինչ-որ բան փոխելու մտադրություն կա, այլապես Գյուլի այցը սխալ հաշվարկ էՙ: Իսկ ի՞նչ հաշվարկ էր Գյուլին Հայաստան հրավիրելը, հատկապես, որ ՀՅԴ-ն չի հրաժարվում իր բողոքի միջոցառումներից:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Գյուլի այցի հետ կապված յուրաքանչյուր ակցիա նախ Հայաստանի եւ իր դեմ է, ՚Ա1+ՙ-ն այսօր Կիրո Մանոյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս իրավիճակն այնպիսին էր, որ ՀՅԴ-ն չէր կարող չանտեսել Սերժ Սարգսյանի խոսքը, որի իշխանության մասն է կազմում:
՚Ի՞նչ է` մենք չենք կարող Սերժին հորդորել, համոզել: Ինչո՞ւ նա մեզ պետք է կարողանա պարտադրել, իսկ մենք չենք կարող: Եթե մենք պետք է փոխենք մեր էությունը ցանկացածի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ապա իմաստ չունեն այդ հարաբերությունները: Մենք այս կերպ ենք: Եթե կան դժգոհներ, իսկ ես չեմ կարծում, որ նախագահն այդքան դժգոհ կլինի, իրենց խնդիրն է, թե մեր նկատմամբ ինչ կեցվածք կորդեգրեն: Առաջին օրվանից, երբ նախագահը հայտարարեց, որ հրավիրելու է Գյուլին, մենք էլ ասացինք, որ ցույցեր ենք անելուՙ:
Ի դեպ, Մանոյանը հիշեցրեց, որ երբ մեր Վեհափառը այցելեց Թուրքիա, նրա վրա հավկիթ էլ շպրտեցին, ցույցեր էլ արեցին, սակայն վստահեցրեց, որ ՀՅԴ-ն Գյուլին հավկիթներով չի դիմավորի:
ԻՆՉՈ՞Ի Է ՓՈԽՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԵՐԲԸ
Գյուլին Հայաստան հրավիրելու հարցում ՀՅԴ-ի տեսակետը համընկնում է Քոչարյանի, իսկ հայ-թուրքական պատմաբաների համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետի հետ, որը դեմ է դրան:
՚Եթե ՀՅԴ-ն լիներ իշխանության, Գյուլին չէր հրավիրի Հայաստան, սակայն հրավիրելը, դեռ չի նշանակում քաղաքականության փոփոխություն: Դա ձեւի փոփոխություն է, իսկ պատմաբանների հանձնաժող ստեղծելը բովանդակության հարց է: Փաստորեն նախագահը (Սերժ Սարգսյանը) իր հետագա ելույթների եւ արտասահմանում տված հարցազրույցներում բավական բան հստակեցրեց: Ցեղասպանության հարցը անվիճելի էՙ:
Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը իր հայտարարությամբ կասկածի տակ դրեց ցեղասպանության հարցը եւ հետո իրեն շտկեց: Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը այդ հարցում իր սխալը շտկեց նաեւ ՀՅԴ-ի շնորհիվ. ՚Միայն մենք հանդես չեկանք հայտարարությամբ: Մենք արքա չենք ընտրել, քաղաքական մարդ ենք ընտրել եւ նրա հետ կարելի է խոսել: Մենք 1997թ. նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էինք խոսում` արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ, երբ մեր ընկերները բանտերում էինՙ: Իսկ այսօր ինչո՞ւ չի ստացվում ընդդիմության եւ իշխանության երկխոսությունը ՚Ա1+ՙ-ի հարցին` ՀՅԴ-ն ներկայացուցիչը ընդգծեց.՚Հիմա մենք չենք իշխանությունՙ:
Ի դեպ, Գյուլի այցի հետ կապված Կիրո Մանոյանին մտահոգում է այն փաստը, որ Հյաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանիշը փոխվել է եւ վրայից անհետացել է Մասիսը. ՚Նախ որքանո՞վ է օրինական գերբի փոփոխությունը, իսկ եթե այդ փոփոխությունը կապված է այս խաղի հետ, ապա մտահոգվելը քիչ է այս իրավիճակումՙ:
Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինքնուրույն կարող էր նման փոփոխություն կատարե՞լ` ՚Ա1+ՙ-ի հարցին` Կիրո Մանոյանն ասաց.՚Չեմ ուզում մտածել, որ դա հաշվարկված քայլ էր կամ երկրի ղեկավարին հաճոյանալու խնդիր էրՙ:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63746
ՍՓՅՈՒՌՔՆ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ Է
[18:01] 04 Սեպտեմբերի, 2008
Հայաստան-Թուրքիա հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ սփյուռքում: Հայ ֆուտբոլասերները հանդիպումը արտասահմանյան մի շարք քաղաքներում պատրաստվում են դիտել միասին:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 150-ից ավել հայեր հանդպումը պատրաստվում են դիտել ՚Արարատՙ ռեստորանում, որտեղ խաղի օրը հատուկ միջոցառումներ են նախատեսված: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Գեորգի Ղազարյանը, որը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը:
Մեծ թվով հայ ֆուտբոլասերներ են հանդիպումը պատրաստվում դիտել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ եւս հայերը հավաքվելու են նախօրոք ընտրված ռեստորաններում եւ սրճարաններում: Այստեղ մեծ թիվ են կազմում նաեւ թուրքերը, որոնք եւս նման ակցիաներ են նախատեսել: Սեպտեմբերի 6-ին Բելգիայի հավաքականը, որը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հետ ընդգրկված է ընտրական 5-րդ խմբում, մրցելու է Էստոնիայի հետ, սակայն Բրյուսելում համոզված են, որ սեպտեմբերի 6-ին ավելի մեծ աղմուկ են հանելու Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների երկրպագող ֆուտբոլասերները:
Մեծ ակտիվություն է սպասվում Սալոնիկ քաղաքում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում: Քաղաքում բնակվող Դավիթ Զաքարյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ հայերի հետ միասին Հայաստանի հավաքականին երկրպագելու են նաեւ մեծ թվով հույն ֆուտբոլասերներ:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում բնակվող հայերի թիվը բավական մեծ է: Այստեղ եւս մեծ անհամբերությամբ են սպասում Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Առավել ակտիվ ֆուտբոլասերները խաղը պատրաստվում են դիտել Սոֆիայում գործող հայկական ռեստորաններում, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնական փողոցներում գործող բացօթյա սրճարաններում:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՚ԲՐՈՆԶԵՙ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
[11:42] 05 Սեպտեմբերի, 2008
Վաղը 21:00-ին, ՚Հրազդանՙ մարզադաշտում կկայանա 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
Համառոտ ծանոթանանք մեր հավաքականի մրցակցին: Թուրքիայի հավաքականը մասնակցել է աշխարհի առաջնությունների բոլոր ընտրական մրցաշարերին, սակայն 2 անգամ է կարողացել դուրս գալ եզրափակիչ փուլ: Առաջին անգամ թուրքերը նման հաջողության են հասել 1954թ.:
՚Շվեյցարիա-54ՙ-ում թուրքերը դուրս եկան փլեյ-օֆֆում, որտեղ հանդիպեցին Գերմանիայի հավաքականի հետ եւ 2:7 հաշվով պարտվեցին: Այս արդյունքներից հետո Թուրքիայի հավաքականը երկար ժամանակ չէր կարողանում արդյունքի հասնել աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում:
Շուրջ 40 տարի պահանջվեց եւս մեկ անգամ ընտրական փուլի արգելքը հաղթահարելու համար: 2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Թուրքիան հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հաղթարշավը կասեցրեց Բրազիլիան` հաղթելով 1:0 հաշվով: 3-րդ տեղի համար պայքարում թուրքերը 3:2 հաշվով առավելության հասան Կորեայի նկատմամբ: 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Թուրքիան անհաջողության մատնվեց, փոխարենը հիանալի հանդես եկավ ՚Եվրո-2008ՙ-ի եզրափակիչ փուլում, որտեղ կրկին արժանացավ բրոնզե մեդալների:
Այսպիսով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի հավաքականի մրցակիցը 2 անգամ բրոնզե մեդալների է արժանացել աշխարհի ուժեղագույն 2 մրցաշարերում:
Թուրքիայի հավաքականը խաղացողների ընտրության բավական մեծ կազմ ունի: Վերջին տարիներին Թուրքիայի առաջնության մակարդակը զգալիորեն բարձրացել է, իսկ ՚Ֆեներբախչենՙ, ՚Գալաթասարայըՙ եւ ՚Բեշիքթաշըՙ սկսել են հաջողությամբ հանդես գալ Եվրագավաթեներում: Այս երեք ակումբներում էլ հիմնականում հանդես են գալիս ազգային հավաքականի խաղացողները: Ներկայիս հավաքականում կարելի է հանդիպել խաղացողների, որոնք ծնվել եւ ապրել են Գերմանիայում, սակայն առանց տատանվելու ընտրել են Թուրքիայի հավաքականը: Համիտ եւ Հալիլ Ալտինտոպ երկվորյակ եղբայրները ծնվել են Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում:
Ալտինտոպները ժամանակի ընթացքում հայտնվել են այս քաղաքի գլխավոր թիմում` ՚Շալկե-04ՙ-ում, սակայն Համիտ անցած մրցաշրջանում տեղափոխվեց Մյունխենի ՚Բավարիաՙ: Թուրքիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է համարվում իսպանական ՚Վիլյառեալումՙ հանդես եկող Նիհաթ Կահվեչին, սակայն փորձառու այս խաղացողը, ինչպես նաեւ Համիտ Ալտինտոպը վնասվածքի պատճառով չեն մասնակցի Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք հանդիպմանը:
Թուրքիայի հավաքականի գլխավոր ռմբարկուն Տունկայ Սանլին է, որը հանդես է գալիս անգլիական ՚Միդլսբրոյումՙ: Սանլին 15 գնդակ է խփել ազգային թիմի կազմում:
Վերջում ընդգծենք, որ Թուրքիայի հավաքականը մարզում է Ֆաթիհ Տերիմը` Թուրքիայի ամենաճանաչված մարզիչներից մեկը, որի գլխավորությամբ էլ թուրքերը տպավորիչ ելույթներ ունեցան ՚Եվրո-2008ՙ-ում:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63767
՚ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆ ԳՆՈՎՙ
[12:21] 05 Սեպտեմբերի, 2008
Հայաստան- Թուրքիա հանդիպումը ընտրական 5-րդ խմբի ամենասկզբունքային եւ կարեւոր հանդիպումն է մեզ համար, ուստի մենք շատ լրջորեն ենք մոտենում հանդիպմանը եւ պատրաստ ենք հաղթելՙ, – ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը:
Դոնեցկի ՚Մետալուրգումՙ հանդես եկող հայ ֆուտբոլիստը գտնում է, որ չնայած հանդիպումը քաղաքականացվել է, սակայն սա զուտ մարզական առումով է կարեւոր. ՚Սա մեկնարկային հանդիպում է եւ հաղթանակով մեկնարկելը շատ կարեւոր է մեզ համարՙ: Խոսելով իր մարզավիճակի մասին Մելքոնյանը ասաց. ՚Կարծում եմ լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ օգնել հավաքականին: Չգիտեմ, հանդես կգամ հիմնական կազմում թե ոչ, բայց եթե նման հնարավորություն ընձեռնվի, ապա ամեն ինչ կանեմ հաղթանակին նպաստելու համարՙ:
Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը Յան Պոուլսենի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը կանցկացնի, նշեց, որ մեծ հաճույքով է հանդես գալիս ՚Հրազդանՙ մարզադաշտում. ՚Ուրախալի է, որ կրկին հանդես ենք գալու ՚Հրազդանումՙ: Հայաստանում այն իմ ամենասիրած մարզադաշտն է: Տղաները ներկայումս բոլորն էլ պատրաստ են լավ հանդես գալու եւ հուսով եմ մարզական բախտը մեր կողմը կլինիՙ:
Հավաքականում ընդգրկված մյուս դարպասապահը` Գեւորգ Կասպարովը եւս լավատես էր. ՚Թող ֆուտբոլասերները վստահ լինեն, որ ամեն ինչ անելու ենք նրանց սպասելիքները արդարացնելու համար: Բոլոր հնարավորությունները ունենք այս խաղում հաջողության հասնելուՙ:
Հավաքականի կիսապաշտպան Ռոմիկ Խաչտրյանի կարծիքով այս խաղում մեծ դեր են խաղալու հանդիսականները.՚Ամեն գնելով հաղթելու ենք այս խաղում: Խաղի արժեքը շատ մեծ է եւ ներդնելու ենք ամեն ինչ: Կցանկանայի, որ 12-րդ խաղացողը` հանդիսատեսը, անչափ ակտիվ լիներ այս խաղում: Ֆուտբոլասերներից եւս շատ բան է կախված: Համոզված եմ, որ ՚Հրազդանՙ մարզադաշտում մեծ թվով հանդիսականեր ներկա կլինենՙ:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63770
՚ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ Էՙ
[15:15] 05 Սեպտեմբերի, 2008
՚Հայաստան-Թուրքիա հանդիպումը պետք չէ քաղաքականացնել եւ ավելորդ լարվածություն ստեղծել, քանի որ սա ֆուտբոլային խաղադաշտ էՙ, – այս կարծիքին է Երեւանի ՚Բանանցՙ ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, որը միաժամանակ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է:
Իսրայելյանի կարծիքով` քաղաքական հարցերի համար կան այլ դաշտեր. ՚Սակայն ոչ ֆուտբոլային խաղադաշտը: Մենք կտեսնենք հետաքրքիր խաղ, որում ամեն բան էլ հնարավոր է, քանի որ ֆուտբոլը անկանխատեսելի է: Կարող ես 90 րոպե գրոհել, բայց վերջում գոլ ընդունել եւ պարտվել: Բայց ես համոզված եմ, որ մեր տղաները ամեն ինչ անելու են հաղթանակի համարՙ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որին արդեն հաջողվել է հաղթել Թուրքիայի երիտասարդական ընտրանուն օգոստոսի 20-ին, կարծում է, որ նույնը կարող է անել ազգային հավաքականը. ՚Լարված խաղ է լինելու: Չմոռանանք, որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրի հետ ենք խաղալու: Ինձ թվում է մենք հաղթելու ենք: Ներկայումս երիտասարդական հավաքականը ազգայինի հետ նույն հյուրանոցում է անցկացնում ուսումնամարզական հավաք եւ տեսնելով տղաների տրամադրվածությունը ես հավատում եմ հաջողությանըՙ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում թուրքերի դարպասը հաղթական գնդակը խփած Հենրիխ Մխիթարյանը եւս լավատես է. ՚Ես հավատում եմ մեր հավաքականին եւ կարծում կկարողանան ուրախացնել մեր ֆուտբոլասերներինՙ:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով հաղթաթուղթը կարող է լինել չափից մեծ ցանկությունը. ՚Թուրքերը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներով են համալրված, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը հաղթելու ավելի մեծ ցանկություն ունի եւ դա կարող է որոշիչ լինելՙ:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63784
ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
[13:34] 05 Սեպտեմբերի, 2008
՚Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի` շաբաթ օրը Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանըՙ,- ասված է ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենի ուղերձում :
Ըստ նրա` ճգնաժամը Վրաստանում ընդգծեց տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կարեւորությունը, ներառյալ Թուրքիա-Հայաստան հարաբերություները:
՚Հուսով եմ, որ նախագահ Գյուլի կարեւոր առաջին քայլին շուտով կհետեւեն նաեւ ուրիշները` ուղղված այս երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, որոնք կխթանեն տարածաշրջանում կայունությանը, եւ տարածաշրջանային ամրապնդված համագործակցության հիմք կստեղծենՙ,-ասել է նա:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63774
ՍԿՍՎՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ
[15:24] 05 Սեպտեմբերի, 2008
2010թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլը պաշտոնապես արդեն մեկնարկել է օգոստոսի 20-ին կայացած Ղազախստան – Անդորրա հանդիպումով, սակայն պայքարը որպես այդպիսին սկսվում է սեպտմբերի 6, երբ 9 խմբերում ընգրկված 53 հավաքականներից 48-ը կմտնեն պայքարի մեջ: Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ երկրորդ տեղերը գրաված լավագույն ութ թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆում, որտեղ կխաղարկվի եւս չորս ուղեգիր:
Հայաստանի հավաքականը ընդգրկված է ընտրական 5-րդ խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցները կլինեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, բրոնզե մեդալակիր Թուրքիան, ինչպես նաեւ Բելգիան, Բոսնիան եւ Էստոնիան: Խմբի բացահայտ ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է: Իսկ ահա 2-րդ տեղի համար պայքարը շատ թեժ է լինելու: Վաղը կայանալիք Հայաստան Թուրքիա հանդիպումը հենց այդ տեսանկյունից է կարեւոր, քանի որ թուրքերը 2-րդ տեղի գլխավոր հավակնորդն են: Ուժեղ հավաքականներ ունեն նաեւ Բելգիան եւ Բոսնիան:
Պետք ընդգծել, որ բոսնիացիները ներքին խմորումների պատճառով ներկայումս լավ օրեր չեն ապրում: Բավական է նշել, որ գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչի թեկնածությանը դեմ էին մի շարք ֆուտբոլիստներ: Գարնանը այս մասնագետը փոխարինեց Մեխո Կոդրոյին, որը մեծ հեղինակություն է վայելում, սակայն ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայությունների պատճառով պաշտոնանկ արվեց: Ոչնչով աչքի չի ընկնում նաեւ Էստոնիայի հավաքականը, որի կազմում ներկայումս մեծ թիվ են կազմում երիտասարդները: Նախորդ տարի այս հավաքականից հեռացան մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնց փոխարինողներ մերձբալթյան հանրապետությունում դեռ չկան: Էստոնացիներին մասնագետները կանխատեսում են վերջին հորիզոնականը: Ամեն դեպքում Էստոնիայի հավաքականը Անդորրա կամ Լյուքսեմբուրգ չէ, եւ հատկապես սեփական հարկի տակ հանդիպումներում ի զորու է միավորներ խլել ավելի բարձր կարգ ունեցող մրցակիցներից:
5-րդ խմբի 2008թ. խաղացանկը
1-ին տուր
06.09.08 Բելգիա – Էստոնիա
06.09.08 Հայաստան – Թուրքիա
06.09.08 Իսպանիա – Բոսնիա
2-րդ տուր
10.09.08 Բոսնիա – Էստոնիա
10.09.08 Թուրքիա – Բելգիա
10.09.08 Իսպանիա – Հայաստան
3-րդ տուր
11.10.08 Բելգիա – Հայաստան
11.10.08 Թուրքիա – Բոսնիա
11.10.08 Էստոնիա – Իսպանիա
4-րդ տուր
15.10.08 Բոսնիա – Հայաստան
15.10.08 Էստոնիա – Թուրքիա
15.10.08 Բելգիա – Իսպանիա
՚ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՙ
[16:35] 05 Սեպտեմբերի, 2008
՚Կառավարության շիզոֆրենիա, մարազմՙ,- այսպես որակեց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀՀ կառավարության վարքագիծը՝ կապված Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցի հետ: Պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ինչպես եք գնահատում այն, որ միեւնույն կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Գյուլին հրավիրում է Երեւան, իսկ ՀՅԴ-ն Գյուլին դիմավորում է բողոքի ակցիաներով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ կոալիցիայի անդամների` իրար հակասող գործողությունները հնարավոր է որակել միայն որպես ՚կառավարական շիզոֆրենիաՙ, մի վիճակ, երբ անձը երկատվում է եւ մեկի մեջ երկու մարդ են հանդես գալիս:
Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ կարելի է նույն կառավարության մեջ տարբեր մտածելալկերպ եւ մոտեցումներ ունենալ, բայց տարբեր կերպ գործելն անառողջ երեւույթ է. ՚Դա նշանակում է, որ կառավարությունն ինքն իրեն չի տիրապետում, չեն կարողանում մշակել միասնական գործողությունների ծրագիրՙ: Ըստ նրա, մի կողմից կառավարությունը հայտարարում է ուժեղացված անվտանգության ռեժիմ, քաղաքապետարանին արգելում է արտոնել որեւէ հրապարակային միջոցառում, մյուս կողմից կառավարության մաս կազմող մեկ այլ ուժ ուղղակի խախտում է այդ անվտանգության հատուկ ռեժիմը եւ օգտագործելով նույն կառավարության ռեսուրսները՝ ավտոբուսներ, բենզին եւ այլն, կառավարության մաս կազմող նախարարների միջոցով կազմակերպում է բողոքի ակցիաներ: Զուրաբյանը նկատեց, որ տեղեկություներ ունի, թե կրթական համակարգն էլ է ներգրավված այդ միջոցառումներում:
Ի դեպ, երբ լրագրողները նկատեցին, թե ՀՅԴ-ն հայտարարել է, որ իշխանության հետ համաձայնեցրել է իր անելիքը, Լեւոն Զուրաբյանը հստակեցրեց իր բնորոշումը. ՚Ուրեմն երեւի թե այս դեպքում գործ ունենք համաձայնեցված շիզոֆրենիայի հետՙ:
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր ՚Ուրբաթՙ ակումբում ներկայացրեց այն քաղբանտարկյալների ցուցակը, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, եւ որոնց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն, ինչը մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է, եւ ինչը նա որակեց ՚խոշտանգումՙ:
Ցուցակում 13 քաղաքական գործիչ է` Կարեն Թարխանյան, Ժորա Սափեյան, Սամվել Կարապետյան, Աղասի Մկրտչյան, Մկրտիչ Սափեյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Աշոտ Զաքարյան, Սասուն Միքայելյան, Քրիստափոր Էլազյան, Գեւորգ Մանուկյան եւ Արման Բաբաջանյան: Վերջինս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց բուժման:
75 քաղբանտարկյալներին Լեւոն Զուրաբյանը բաժանեց 6 խմբի՝ 1) Այն 7 անձինք, ում դեմ հարուցված քրեական գործերը մարտի 1-ից 6 ամիս անց դեռ չեն մտել դատարան, 2) ընդդիմության այն 8 ներկայացուցիչները, որոնք պայքարել են արդար ընտրությունների համար, սակայն դատապարտվել են, 3) 15 ակտիվիստները, որոնք ձերբակալվել են հետընտրական գրոծընթացների արդյունքում, սակայն դատապարտվել են բոլորովին այլ մեղադրանքով՝ ապօրինի զենք եւ այլն, 4) այն 38 քաղաքացիները, որոնք դատապարտվել են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, 5) 4 ցուցարարներ, որոնք դատապարվել են ոչ միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա, իսկ մյուս ցուցմունքները կորզվել են բռնությունների արդյունքում եւ 6-րդ խմբում 3 քաղբանտարկյալներ են, որոնք փետրվարի 19-ի ընտրական գործընթացների հետ կապ չեն ունեցել:
Լեւոն Զուրաբյանը ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որում դատապարտվում էր քաղբանտարկյալների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը, եվրոպական կառույցների պահանջ-հորդորների նկատմամբ իշխանությունների ցինիկ մոտեցումը եւ այլն:
Ի դեպ, պայքարի այդ վճռական փուլում Կոնգրեսը խոստանում է ինտենսիվ միջոցառումներ: Իսկ այդ քայլին, ըստ նրա, ընդդիմությանը մղում է իշխանությունը, որը անզիջում կեցվածքով՝ չվերացնելով քաղաքական բանակցության միջոցով ճգնաժամը հաղթահարելու ՚գլխավոր խոչընդոտըՙ` քաղբանտարկյալների առկայությունը, փաստորեն մերժում է երկխոսության հնարավորությունը:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63789
՚ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Էՙ
[17:04] 05 Սեպտեմբերի, 2008
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը որեւէ ակնկալիք չունի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան այցից. ՚Զուտ մարդկային հարաբերությունների տեսանկյունից ծանոթացում, ուրիշ ոչ մի բանՙ:
Այնուհետեւ փորձելով գնահատական տալ` պատմաբանը նշեց, որ որպես այց դրական է ընդունում: ՚Բայց եթե պաշտոնական այց է եւ դրա ետեւում ինչ-որ խնդիրներ կան միջպետական մակարդակով լուծելիք, որոնք որ մեզ համար անհասկանալի են, ես որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Այսինքն, եթե խոսքը վերաբերվում է այն երեք նախապայմաններին, որոնք որ սահմանը բացելու պարագայում մեր առջեւ դրել է թուրքական կողմը, ինձ համար ոչ մի նախապայման ընդունելի չէ` առաջին` զորքերի դուրս բերում Ղարաբաղից, երկրորդ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, երրորդ` ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարումՙ: Պատմաբանը պատասխանեց ՚Ա1+ՙ-ի նաեւ մյուս հարցերին:
-Ի՞նչ պահանջներ պետք է ներկայացնի հայաստանյան կողմը Գյուլի հետ հանդիպման ընթացքում:
-Եթե խոսքը վերաբերվում է նորից թուրքական կողմից նախապայմաններ առաջադրելուն, բնականաբար, մեր կողմից առաջին նախապայմանը ցեղասպանության ճանաչումն է եւ ոչ միայն ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ այդ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում որոշակի պատասխանատվություն ստանձնելու հանգամանքն է:
– Հաջոդ տարի նախատեսվում է հրավիրել Հայոց Մեծ Եղեռնից փրկված արեւմտահայերի ժառանգների ներկայացուցիչների համագումար: Ինչպե՞ս եք վերաբերվում արեւմտահայերի համագումարի ստեղծմանը:
-Իմ մոտեցումը հետեւյալն է, մի կառույց պիտի ստեղծվի, որը զբաղվի ցեղասպանության ենթարկվածների շառավիղների, ժառանգների իրավունքների պաշտպանությամբ:
-Այդ կառույցում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առաջին հերթին պետք է զբաղվել ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրով` դա կլինի նյութական հատուցում` ընդհուպ մինչեւ տարածքային: Դրանով պետք է զբաղվել հիմա: Կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, ըստ իս, միշտ պետք է լինի առաջնայինը պատվախնդրորեն ներկայանալը, այլ ոչ թե ինչ-որ իմաստով զիջողական, էլ չեմ ասում կրավորական վարքագիծ դրսեւորելը:
-Հայաստանի 80 տոկոսը ցեղասպանություն վերապրածների ժառանգներ են, արդյոք ճի՞շտ է ցեղասպանության հարցի ճանաչումը թողնել միայն սփյուռքահայերի վրա:
-Բացարձակապես ոչ: Համայն հայության խնդիրն է դա, որովհետեւ ցեղասպանությունը իրականացվել է ոչ միայն արեւմտահայության, այլ նաեւ արեւելահայության նկատմամբ:
-Եթե թեմայից շրջադարձ անենք դեպի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցին, ապա ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանը պետք է ճանաչի այդ հանրապետությունների անկախությունը:
-Կարծում եմ, որ ճանաչումը մեր կողմից կդիտվի որպես արկածախնդրություն: Եթե ճանաչվել է Կոսովոն, Օսեթիան եւ Աբխազիան, տրամաբանորեն գործը գալու է հանգի ԼՂՀ-ին, դրա համար ժամանակից առաջ անցնելու կարիք չկա: Այն, ինչ-որ տեղի ունեցավ Օսեթիայում եւ Աբխազիայում, համենայնդեպս, մեր օգտին է եւ ամենակարեւորը` հանգամանքների բերումով ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման նախապատվության խնդիր կա:
-Հայաստանը այս պարագայում պետք է կանգնի՞ Ռուսաստանի կողքին:
-Շատ ավելի կաթոլիկ չլինենք, քան Հռոմի պապը այս խնդրում: Պետք չէ շատ ավելի առաջ անցնել, որովհետեւ ի վերջո այսպես թե այնպես Վրաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող երկիր է եւ հարաբերությունները կիսախառն վիճակից թշնամականի վերածելու խնդիր չկա:
-Այնուամենայնիվ, եթե Հայաստանի իշխանությունները գնան այդ քայլին, ի՞նչ է սպասում Հայաստանին:
-Շղթայական ռեակցիա, որի մեջ ներքաշվելու է նաեւ Հայաստանը, որը ճիշտ չի լինի:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63794
՚ԹՈՒՐՔԻԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄՙ
[20:35] 05 Սեպտեմբերի, 2008
՚Տարածաշրջանում Թուրքիան իր տեղն է փնտրումՙ,- մեկնաբանելով Աբդուլահ Գյուլի Հայաստան կատարելիք այցը` ՚Ա1+ՙ-ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի` այդ հրավերը նոր տեխնիկական քայլ էր, ոչ ավելին, ՚որովհետեւ եւ ՀՀ առաջին նախագահը, եւ երկրորդը մշտապես խոսել են սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասինՙ:
Արդյոք այն, որ Թուրքիայի նախագահը ժամանելու է Հայաստան, կարելի է համարել հայկական կողմի ձեռքբերում. ՚Սա միայն Սերժ Սարգսյանի վաստակը չէ, ոչ էլ Գյուլինը. այլ նոր իրավիճակի: Ֆուտբոլը ֆուտբոլ, բայց եթե լիներ 1994 թվականը, Թուրքիայից ոչ ոք չէր գա Հայաստան, եւ դժվար թե որեւէ մեկը կհամարձակվեր հրավիրել: Այսօր Թուրքիան ձգտում է Եվրոպա, որը նրան ասում է՝ եթե ուզում ես դառնալ Եվրոպայի մաս, պետք է նորմալ հարաբերություններ ունենաս հարեւաններիդ հետ: Դա Թուրքիայի համար դառնում է պրոբլեմ: Թուրքիան փոխվում է ներսիցՙ:
Նրա կարծիքով, այսօր, իհարկե, չի կարելի Թուրքիան համարել ժողովրդավարական, եվրոպական կամ արեւմտյան երկիր, բայց դա երկիր է, որը շատ վճռական քայլեր է անում դեպի ժողովրդավարություն, իսկ դա նպաստում է տարածաշրջանի զարգացմանը. ՚Բացի այդ, փոխվում է տարածաշրջանը, Թուրքիան մինչ այժմ հանդիսանում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային ճակատ՝ Խորհրդային միության դեմ, իսկ բոլորովին վերջերս Իրաքի հյուսիսում հաստատեց քրդական անկախ պետություն, ինչը պրոբլեմ է Թուրքիայի համար, եւ որը ստիպում է Թուրքիային գտնել իր տեղը տարածաշրջանում: Եվ հենց այդ պահին, ճիշտ ժամանակին հնչում է հրավերՙ:
Ալեքսանդր Իսկանդարյանը կոնկրետ ֆուտբոլային խաղի հետ կապված կանխատեսում չի անում. ՚Հնարավոր է լավ անցնի, հնարավոր է վատ. ամեն ինչ ֆուտբոլային խաղերի ժամանակ լինում է, Հայաստանում կան տարբեր մոտեցումներ Գյուլի այցի վերաբերյալ, բայց խնդիրը դա չէ, այլ այն, թե ինչպես կվերադառնա Աբդուլահ Գյուլը Թուրքիա. այդ Թուրքիայում կա լուրջ խնդիր, ընդդիմություն հենց պետական ապարատում՝ ԱԳՆ-ում,զինվորականների մեջՙ:
Ալեքսանդր Իսկանդարյանի գտնում է, որ մինչ այժմ Թուրքիան Հարավային Կովկասում լուրջ արտաքին քաղաքականություն չի վարել:
՚Վրացիները մեր աշխարհագրական հարեւաններն են, ուրեմն այնտեղ պետք է բացել սահմանապահ կետեր եւ մեծ ավտոմեքենաներով ՚Սնիկերսՙ առաքել, ադրբեջանցիները մեր էթնիկ եղբայրներն են, դրա համար նավթամուղը կանցկացնենք Ադրբեջանով եւ նրանց կաջակցենք, հայերը պահանջում են ցեղասպանության ճանաչում, դրա համար սահմանները կփակենք եւ նավթամուղը կանցկացնենք Վրաստանով. սա քաղաքականություն չի, սա ստատիկ հարաբերություններ են, որոնք չեն փոխվում արդեն 15-20 տարի եւ կառուցված են պարզեցված միֆոլոգիաներով. քաղաքականությունը ստատիկա չի սիրում, շարժում էՙ,- ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կբերի կոմունիկացիաների ընդլայնման. ՚Միայն դժվար է ասել, դա տեղի կունենա 3, թե 30 տարի հետոՙ: Ինչ վերաբերում ՀՅԴ-ի քաղաքականությանը Գյուլի այցի կապակցությամբ, ապա նա չի մեղադրում կոալիցիայի անդամ կուսակցությանը բողոքի ակցիաների համար. ՚Հայաստանը սուլթանություն չի. տարբեր կուսակցություններ են գործում, քանի որ ունեն տարբեր տեակետներ տարբեր հարցերի շուրջ: Ես կարծում եմ, որչ ճիշտ է Գյուլի այցելությունը, բայց եթե կան մարդիկ, ում սխալ է թվում, նա պետք է ունենա հնարավորություն պլակատով կանգնելու եւ իր բողոքն արտահայտելուՙ:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63808
Free Wallpapers, We Hope You Will Like Them.