Ամեն ինչ կրկնվում է, թե՞….

20 05 2012

Ա1+-ի ընտրականն գործընթացներին նվիրված ռեվյու ֆիլմաշարքը ներկայացնում ենք նաեւ այստեղ.հաշվի առնելով ընթերցողների նամակները:
1. Ինչ Ազգային Ժողովնոր ենք ունեցել…

2. Նախընտրական 2 շաբաթները:Համեմատության համար կարող եք դիտել այս ֆիլմը.

3. Այս ֆիլմում կերեւա նախընտրական երրորդ շաբաթները;))

4. Քարոզզարշավները մոտոնում են ավարտին, տեսնենք ինչպես են զարգացել գործընթացները.

5. Նախընտրական շրջանում շատ մոդայիկ է դառնում սոցիոլոգիան, հարցումները:Տեսնենք այն ժամանակ ինչպե՞ս էր;

6. Հետընտրական զարգացումներն ու միտինգները. տեսնենք ով ումից էր դժգոհ:

7. Ում ինչ հասավ, այս մասին պատմող ֆիլմը:

Մինչ այդ գրեք ձեր կարծիքը.





Ի՞նչ էր ուզում անել Արամ Սարգսյանը

15 05 2012


Արամ Սարգսյանը 5 պակաս ՀԱԿ-ից դուրս է։

Նա արդեն հայտարարել է, որ այլեւս չի համագործակցելու ուժերի հետ, «ովքեր էս ժողովրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից»։
Այնպես չէ, որ այս բառերը ՀԱԿ-ի մասին են, բայց եթե նոր ուժերի հետ ես ուզում համագործակցել, ուրեմն ՀԱԿ-ի գործիչների մեջ տեսել ես հենց այս որակները։

Միակ խնդիր առաջացնող տերմինը «ազնիվ» բառն է՝ գոնե մի անգամ մարտի 1-ից հետո հրապարակավ թող ասվի՝ ի՞նչ էր ուզում անել Արամ Սարգսյանը, որ չստացվեց կամ որին խանգարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ ՀԱԿ-ը։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում





Սերժ Սարգսյանը դատարաններին չի՞ հավատում

1 05 2012

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին որոշում է կայացնելու Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է քաղաքապետը՝ շարունակելով. «Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»։
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակ այցի ընթացքում Սերժ Սարգսյանն
առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:

«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Իսկ ահա, 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին Վարչական դատարանում պետք է լսվի «Ժառանգության» պատգամավորների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի՝ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման որոշման։ Հայցը ներկայացրել են Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը և Դավիթ Բադալյանը։

Սերժ Սարգսյանի նման հանձնարարականից հետո ամենայն հավանականությամբ դատարանը կվերադարձնի հայցը։

Ի դեպ, իրավաչափ էր արդյո՞ք Սերժ Սարգսյանի նման հանձնարարականը մինչեւ Վարչական դատարանի որոշումը, հայցվորներից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել։

Նման հանգամանքերում որքան էլ չփորձես մեկնաբանել, սակայն ակամայից հարց է ծագում՝ ինչու Սերժ Սարգսյանը չհամբերեց 10 օր, երբ արդեն 80 օր համբերել էր։
Մաշտոցի պուրակի համար բնապահպանները պայքարում են փետրվարի 17-ից։

Ինչպե՞ս այս դեպքում սա նախընտրական ակցիա չհամարես….





Իսկ ու՞ր են գրքերը

23 04 2012

Երեկ Երեւանը պաշտոնապես դարձավ Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք։ Միջոցառումներն սկսվեցին Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հարակից տարածքում՝ հարյուրավոր երեխաների մասնակցութամբ պարային կատարումներով։ Դրանց ավարտից հետո սկսվեց գրքի էկզեկուցիան։ Այսինքն, դիմակահանդեսը։

Գիրքը, որը երեկ բացակայում էր միջոցառումների կենտրոնական բեմահարթակից, դարձել էր ծաղրի առարկա։ Ինչպե՞ս։ Նախ հենց երեխաները պարային համարից հետո լքեցին Մաշտոցի պողոտան, «հրապարակ» մտան ռուսական արտադրության «Գազելները», որոնք մեր մայրաքաղաքի ուղեւորափոխադրության խայտառակությունն են։ Այդ մեքենաների միջից ոմանք թափահարում էին գլխաշորեր, տարբեր գույների կտորներ։ Անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ գրքի հետ։ Քաղքենիության գլուխգործոցն առջեւում էր։ Հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հետեւողների համար իրադարձությունն ավելի շուտ նախընտրական արշավ էր, քանի որ էկրանին Հայաստանի իշխանություններն էին։ Ի՞նչն է կապում նրանց եւ հայ գիրքը։ Անլուրջ է ասել, որ մայրաքաղաք Երեւանում վերջին տաս տարիներին ավելի շատ գրախանութ է բացվել, քան փակվել։ Անլուրջ է ասել, որ Հայաստանի ամենահեղինակավոր գրադարաններից մեկի՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի շենքը քանդել են այն տրամադրելով բանկերից մեկին։ Այնպես որ անլուրջ է ասել, թե Հայաստանի իշխանությունները հայ գրքի ներկայացուցիչն են աշխարհում։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքը Մաշտոցի հայացքի ներքո վիրավորում էր հայոց այբուբենը։ Գիրքը կենդանի օրգանիզմ է, երբ ներկա է խոսքի մեջ։ Վիգեն Սարգսյաննն իր տեքստը կարող էր կարդալ ասենք, տեքստիլագործների հավաքի ժամանակ, կամ տիեզերագնացության մեջ Հայաստանի դերը կարեւորելիս։ Սերժ Սարգսյանը քաղաքապետարանում տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ասում է. «Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները՝ վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի՝ միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյանները ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը»։
Հիմա ես կապացուցեմ, որ ոչ միայն փորձել են, այլեւ հաջողել։ Երեկ Նոր Նորքից իջնում էի Կենտրոն։ Այստեղ մեծ աշխուժություն է, հատկապես Մաշտոցի պողոտայում եւ Կասկադում։ Մարդիկ շարժման մեջ են, պողոտան փակ էր տրանսպորտի համար։ Շարժը հսկող պետավտոտեսուչին հարցնում եմ. «Ի՞նչ հաշիվ է»։ Ասաց, որ «գլխի չէ»։ Հետո ավելացրեց. «Ոնց որ ինչ-որ գրքի համաշխարհային բան ա»։ «Իսկ ու՞ր են գրքերը»,-մտածեցի ես հասկանալով, որ գրքի համաշխարհային մայրքաղաք լինելու առիթը դառնում է թամաշա։ Պետավտոտեսուչի պատասխանը ինձ հուշեց հետեւյալը՝ ասպատակիչները դուրս չեն եկել մայրաքաղաքից։ Նրանք հաջողել են իրենց բոլոր բարբարոսություններում, քանի որ «մեր չքնաղ բնօրրան» արտահայտությունը նույնքան հավաքական հասկացություն չէ, որքան՝ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»։

«Մեր չքնաղ բնօրրան» ասելուց առաջ պետք է լավ ընկալել երկիրը, կենդանական աշխարհի բազմազանությունը, բնության, ավելի կոնկրետ, ծառատնկման վերջին «նվաճումները», արտագաղթը, տնտեսական դրությունը, քրեական իրավիճակը, ինքնասպանությունների աճը, մարտի 1-ը։ «Մեր չքնաղ բնօրրանը… վայրի մի մուլուցքով» օկուպացված է կյանքի ետեւից հասցնելու համար անհրաժեշտ բոլոր «գործոններով», որոնք առանց զոհեր թողնելու իմաստ չունեն։ Ի՞նչ կապ ունի գիրքը այն ամենի հետ, ինչն արդեն 20 տարի տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Գիրքն, իհարկե, ներողամիտ է, երբ չի բացվում։ Բայց իր կյանքի գնով։ Չբացվող գիրքը մի դագաղ է, որի գերեզմանոցը հենց ինքն է։ Ի դեպ, գոնե մեր երկրի համար խորհրդանշական չէ՞, որ նույն փայտը կարող է դառնալ գիրք, կարող է դառնալ դագաղ։

Մհեր Արշակյան





Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ

2 04 2012

10 տարի առաջ ապրիլի 2-ի ժամը 0.01 րոպեին հեռուստաէկրաններից անհետացավ Ա1+ հեռուստաընկերության ազդանշանը:

Այսպիսով, ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց լրատվական դաշտում իր ուրույն տեղն ու կայուն լսարանն ունեցող, եւ այդ ժամանակ շուրջօրյա գործող միակ հեռուստաընկերությանը զրկել հեռարձակելու իրավունքից:

Այդ որոշումն, ըստ վերլուծաբանների, պայմանավորված էր 2003 թվականի նախագահական ընտրություններով եւ որոշումն ուներ բացառապես քաղաքական դրդապատճառ:

Այսօր կարելի է փաստել, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 10- ամյա գործունեության հիմնական նպատակը հենց Ա1+-ի եթերազրկումն էր: Այս որոշումն առիթ դարձավ հասարակական ակտիվության, Ա1+ հեռուստադիտողը զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց, երթեր, ցույցեր հանձնաժողովի շենքի մոտ, ընդդիմությունը հանրահավաքներ անցկացրեց` առանցքում ունենալով Ա1+-ի եթերազրկման խնդիրը որպես խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման հիմնախնդիր:

Ա1+-ի եթերազրկման արդյունքում յուրատեսակ պառակտում արձանագրվեց լրատվական դաշտում, իսկ վերլուծաբանների գնահատմամբ, Ա1+ին լռեցնելով իշխանությունը զսպեց խոսքի ազատության ցանկացած դրսեւորում:

Բայց Ա1+-ը չպարտվեց, չընկճվեց, չկոտրվեց, շարունակեց գործել նույն տեմպով, այս անգամ արդեն էլեկտրոնային կայքի ձեւաչափում:
Որքան դռները փակվում էին Ա1+-ի առջեւ, այնքան հեռուստաընկերությունը նոր ճանապարներ էր գտնում ասելիքը լսարանին հասցնելու: Ա1+-ը առաջինն էր հեռուստաընկերությունների մեջ, որ ստեղծեց կայքէջ, եւ առաջինն էր կայքէջերից, որ ունեցավ ինտերնետ հեռուստատեսություն:

Ա1+-ն առաջին անգամ Հարավային Կովկասում կիրառեց մոբայլ հեռուստատեսության տարբերակը, երբ հեռախոսով ընդամենը մեկ հաղորդագրություն ուղարկելով` մեր բաժանորդները հնարավորություն էին ստանում հենց հեռախոսի մեջ դիտել օրվա հրատապ լուրերը հեռուստատեսային լրատվական բլոկի տեսքով:

Այսօր էլ Ա1+-ն ապահովում է ուղիղ հեռարձակումներ կարեւոր իրադարձություների կենտրոնից: Ու թեեւ եթեր Ա1+-ն այդպես էլ չվերադարձավ, չնայած Եվրադատարանի որոշմանն ու ԵԽԽՎ բազմաթիվ բանաձեւերում այդ պահանջի առկայությանը, այնուամենայնիվ, այսօր այն գործում է նույն ռեժիմում:
Ա1+-ի ստեղծագործական կազմն անցած 10 տարիներին եղել է Հայաստանյան բոլոր կարեւորագույն իրադարձությունների կիզակետում, եւ չնայած երկու տասնյակին մոտ հեռուստաընկերությունների առկայությանը, մարտիմեկյան ողբերգությունը տեսանկարահանել են միայն Ա1+-ի տեսախցիկները:

Անցած 10 տարիների ընթացքում Ա1+-ը մասնակցեց 13 մրցույթի, եւ բոլորում էլ այսպես ասած պարտվեց:
Իրականում այսօր էլ պարտվում է ոչ թե Ա1+-ն,այլ Հայաստանի Հանրապետությունը, որը ստիպված է լինում վճարել տուգանքներ` Եվրոդատարանի որոշմամբ, կամ հատուցել միջազգային կառույցների արձանագրած վարկանիշով, ըստ որի Հայաստանում խոսքի ազատության մակարդակը շատ ավելի ցածր է, քան մինչեւ Ա1+-ի եթերազրկումը:

Ա1+-ի հաջողությունների եւ թերեւս անհաջողությունների պատճառը մեր կարգախոսն է. Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ: Մեր եթերում հեռուստադիտողը տեսնում էր իրականությունը, տեսնում էր իրեն, իր խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Բայց այդ իրականությունը տեսնում էր նաեւ իշխանությունը:
Մենք շարունակում ենք աշխատել նույն կարգախոսով եւ հավատում ենք, որ մի օր մեր եթերից հեռարձակվող իրականությունից ոչ ոք չի խուսափի:

Իսկ դու ինչ ես մտածում, սիրելի ընթերցող, ինչու եթեր չի վերադառնում “Ա1+”-ը;

Ինչ սպասելիքներ ունես “Ա1+”-ից;

Ինչպես ես գնահատում խոսքի ազատությունը մեր երկրում;





Ստացվում է` նախագահ չունե՞նք

10 03 2012

Ստացվում է` նախագահ չունե՞նք

Հանրապետական կուսակցության նախագահ, համատեղությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարին պարունակում է բազմաթիվ հետաքրքիր դրույթներ: Մեջբերել կարելի է անվերջ, բայց եկեք իններորդցու “Ինչու եմ ես սիրում իմ երկիրը” թեմայով շարադրություն հիշեցնող և “Կեցցե ԽՄԿԿ” բացականչությունը հիշեցնող հատվածները շրջանցենք: Շրջանցենք նաև այն հաստլիկ բաժինները, որոնք նախագահն ուղղել է ՀՀԿ քաղաքական ու տնտեսական կուրսը դատափետող անշնորհակալ անհայտներին: Եկեք չմեջբերենք վիճակագրական ծառայությունից վերցված թվերն ու համեմատությունները, որոնք համառորեն արվում են հեռավոր 2006 թվականի հետ: Անենք միայն մեկ մեջբերում:

«Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա՛նք, որ փոխենք:»

Եթե հավատանք բազմաթիվ սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումներին, ՀՀ բնակչության մեծամասնությունն այսօր չի հավատում ո’չ նախագահին, ո’չ կառավարությանը, ո’չ ԱԺ-ին, ո’չ ոստիկանությանը, ո’չ դատաիրավական համակարգին, ո’չ….

Նախագահ Սարգսյանի ելույթին հավատալու դեպքում, հավատալով հանդերձ, որ նա անկեղծ է իր պաթոսում, պետք է արձանագրենք, որ ըստ ՀՀ տարածքում ապրող մարդկանց մեծամասնության, այսօր մենք ո’չ կառավարություն ունենք, ո’չ նախագահ, ո’չ խորհրդարան, ո’չ ժեկի պետ և ո’չ էլ, ասենք, Հանրային խորհրդի նախագահ, քանի որ նա էլ է խիստ հավանել նախագահի ելույթը: … Լրիվ անտեր ենք:

Ինչպե՞ս է մեր երկիրը շարունակում իր գոյությունը` առանց այս կարևորագույն ինստիտուտների` պարզ չէ: Եվ ինչու է նախագահը փորձում մեզ համոզել, որ հենց մեր` չհավատալո’ւ պատառով է, որ մենք այսօր չունենք այդ ամենը… Գուցե բլոգի մասնակիցներից որևէ մեկը գիտի՞ գաղտնիքը:





Վիշապ, թե՞ նապաստակ

18 01 2012

Չինական, ճապոնական ու մյուս բոլոր հորոսկոպները մեզ առայժմ չեն օգնում` հասկանալու, թե ինչ է սպասում Հայաստանին այս տարի:

Վիշապ է, նապաստակ թե եղնիկ` որևէ լուրջ կանխատեսում կենդանիները մեզ համար չեն անում: Ինչպիսի՞ն է լինելու սկսված տարին: Ինչպե՞ս են ընթանալու խորհրդարանական ընտրությունները, և ինչպե՞ս են դրանց արդյունքները ազդելու Հայաստանի քաղաքական համակարգի վրա:

Կանխատեսումների համար կարելի է հիմք ընդունել ստարտային պայմանները. ի՞նչ տրամադրություններով փակեցինք նախորդ տարին: Քաղաքական համակարգի համար ողջ 2011 թվականն անցավ մեկ մայր հարցի տակ` կփլուզվի՞ արդյոք իշխանական կոալիցիան, թե ոչ:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ողջ տարվա ընթացքում լարված թրիլլեր էին հիշեցնում` ասուլիս-փոխհրաձգություններ, հատուկենտ հայտարարություն-կրակոցներ, ու ամենակարևորը` աճող լարվածություն: Կուլմինացիոն պահերից էր ԲՀԿ-ի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ հնարավոր համագործակցության մասին վերլուծությունը, որն առաջին նախագահն արեց Կոնգրեսի հանրահավաքում:

Փոխհրաձգությունն ուժեղացավ:

Ֆիլմի գլխավոր դրվագում հայտարարվեց, որ նախընտրական միասնական ցուցակը, որին ձգտում էր ՀՀԿ-ն, այնուամենայնիվ չի լինելու, և կուսակցությունները գարնանային ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակներով: Մեկ այլ ինտրիգ ձևավորվեց արդեն բուն ընտրակարգի շուրջ` “Ժառանգությունը” և ՀՅԴ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախագիծը:

Արևելյան հորոսկոպի համաձայն` նոր տարին դեռ չի սկսվել, ամեն ինչ առջևում է: Ի՞նչ սպասենք վիշապի տարուց, կամ գուցե վերջապես սկսենք չապավինե՞լ աստղերին` գերադասելով իրական քայլերը:

Դուք ի՞նչ եք կարծում





Բա սա երկրի հեղինակությանը վնաս չէ՞

14 11 2011

Այսօր Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց,որ հրաժարվում է ԱԺ նախագահի պաշտոնից։ Խորհրդարանի ամբիոնից նրա հնչեցրածը սոսկ հայտարարություն չէր, այլ տողատակերով լեցուն ուղերձ։

Նախ եւ առաջ Հովիկ Աբրահամյանը փորձեց բացատրել, որ ՀՀԿ-ն իր ձեռքից այս պաշտոնը վերցրեց ոչ վատ աշխատանքի համար։

«Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Նա նաեւ շեշտեց, թե որքան հանդուրժող է եղել. « Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով»։

Եթե բառացի չհայտարարվեց, փաստն այն է, որ նա նկատի ունի խորհրդարանական փոքրամասնությանը՝ «Ժառանգություն» խմբակցությանը, որի պատգամավորների քննադատական ելույթները մի անգամ չէ, որ գրեթե հունից հանել են նույն Հովիկ Աբրահամյանին։ Այսօր էլ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որին չնայած Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց, չզսպեց իրեն ու ամբիոնից բարձրաձայնեց, թե իրենց համար անհասկանալի էր այս հրաժարականը։

Իսկ ո՞ւմ է հասկանալի… Թերեւս մի խումբ յուրայինների, որոնք որոշում են, ով այսօր որ աթոռին պետք է նստի, վաղը՝ որ։ Մյուսներն էլ կարծես հնազանդ դերասաններ են, որոնք փողի համար ցանկացած դեր կխաղան։

Դե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ինքն ավելի կարեւոր գործով է զբաղվելու՝ ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը։

«Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Իսկ արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ երկրի երկրորդ պաշտոնյան գերադասում է կուսակցական նախընտրական շտաբի պետի աթոռը։ Արդյո՞ք երկրի հեղինակության վնաս չէ, որ Երեւանի քաղաքապետն ու օմբուդսմենը հրաժարական են տալիս՝ գերադասելով արտերկրում բարձր աշխատավարձը։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ որոշում է կայացնում կլանը, իսկ մնացյալը ատրիբուտներ են՝ ֆոնը պահելու համար։ Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ մարզպետը պատգամավորների ներկայությամբ հարվածում է կին գործարարին՝ ինչ է՝ իրեն գողության մեջ է մեղադրում։

Բա այս երկրում դատարան չկա՞…

Թե մարզպետն էլ գիտի, որ դատարանն էլ պարզապես ատրիբուտ է՝ ժողովրդավարություն խաղալու համար։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ Հայաստանի քաղաքացիները երազում են արտագաղթելու մասին։ Կարծում ենք, շարունակելու կարիք չկա…

Մնացածը դուք կլրացնեք։





Ինչո՞ւ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը

29 10 2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հեռուստատաեթերով հայտարարեց,որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով։

Իր հրաժարականի հարցը, ինչպես ինքն ասաց, համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ մեծ դժվարությամբ է հանգել հրաժարականի որոշմանը:

Նա հարկ համարեց նշել. «Իմ հրաժարականը որեւէ ներիշխանական տարաձայնությունների բնույթ չի կրում: Այն վստահությունը, որը ցուցաբերվել է Սերժ Սարգսյանի, կուսակցության կողմից եղել է անսահման: Չի եղել մի դեպք, մեր պատկերացմամբ լուծումներ, որոշումներ, որ ճիշտ են քաղաքի համար եւ ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»:

Ինչ վերաբերում է այս հարցում իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցին, ապա պարոն Կարապետյանն ասաց. «Նա հարգեց իմ որոշումը: Մենք ունեցել ենք շատ լավ զրույց, գոնե ինձ համար: Ես շատ եմ հարգում Սերժ Սարգսյանին: Իմ կայացման մեջ նա ֆանտաստիկ դեր է ունեցել: Ես փորձել եմ, իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը, չի նշանակում թիմից դուրս գալ»:

Միաժամանակ նա չի ընդունում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է. «Սա հասարակական պաշտոն է, հասարակության լայն շերտերի հետ առնչվող պաշտոն է: Սա փաստ է»:

Թեեւ Կարեն Կարապետյանը լքում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, սակայն իրեն շարունակում է համարել Սերժ Սարգսյանի թիմի անդամ: Նա աբսուրդ է համարում այն լուրերը, թե իր պաշտոնավարման ընթացքում խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի հետ. «Նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք»:

Հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել, նա ոչ տեղին է համարում այն լուրերը, թե հեռանում է քաղաքականությունից. «Բայց սա չի նշանակում, որ ես Հայաստանի հետ որեւիցե կապ չեմ ունենալու, որ այսօրվա թիմի հետ կապ չեմ ունենալու, որի անդամն եմ»:

50 օրից լրանում էր քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին: Այսօր նա վստահեցնում է, որ այս ընթացքում աշխատել է մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ, սակայն չէր կարող կանխատեսել անձնական բնույթի խնդիրները, որոնք ի հայտ են եկել. «Եթե Նոստրադամուս ես, կարելի էր կանխատեսել:Այն պատճառները, որոնք կային, կանխատեսելի չէին մեկ տարի առաջ»:

Պարոն Կարապետյանը այսօր հայցեց բոլոր այն քաղաքացիների ներողամտությունն ում սպասելիքներն ու ակնկալիքները չի պաշտոնավարման ընթացքում չի արդարացրել. «Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր այս օրերին facebook- իրենց տեսակետն են հայտնել եւ ափսոսում են իմ հրաժարականի համար: Ասեմ, որ դա ինձ դուր չի գալիս սուտ կլինի»:

Ի դեպ, նա «Արմնյուզի» եթերում խոստովանեց, որ իր հրաժարականի դիմումը միանշանակ չեն ընդունել նաեւ իր ընտանիքում. «Շատ բարդ ընդունեցին»:

Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը։

Չնայած Կարեն Կարապետյանը դեռ չի հաստատում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը թողնում է «Գազպրոմ» -ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար, սակայն ռուսական Gazeta կայքն արդեն նրա մոտավոր աշխատավարձի չափն է նշում։

Ըստ թերթի՝ նա որպես ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալ զբաղվելու է ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:

Թերթի տվյալներով՝ եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ստանում էր ամսական 300 հազար դրամ, ապա նոր պաշտոնում կստանա մոտ 153,8 հազար դոլար:

Իսկ Դուք ինչ եք կարծում, ինչու նա հարաժարականի դիմում գրեց??





Ինչո՞ւ է այսպիսի բանակը պարտադիր

14 10 2011

Այս հարցը տրվել է Ֆեյսբուքում մեր անցկացրած հարցման մասնակիցներից մեկի կողմից: ԱՅՍՊԻՍԻ ասելով` հարց տվողը հավանաբար ի նկատի ուներ

-         այն բանակը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել այսքան  սպանություն և “ինքնասպանություն” որակված այսքան  մահ, վերջին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում` երեք զոհ` առանց թշնամու մասնակցության

-         այն բանակը, որի զինվորները ծառայության արդյունքում հայտնվում են հոգեբուժական կլինիկայում

-         այն բանակը, որից վախենում են ապագա զինվորները ու նրանց մայրերը

-         այն բանակը, որը մեզ պետք է պաշտպանի թշնամուց, բայց որից առայժմ ինքներս պաշտպանության կարիք ունենք…

Այս թվարկումը մի չնչին “ծաղկաքաղ” է սոցցանցերում վերջին տարում բանակին վերաբերող քննարկումներից, որոնց մասնակիցները ՀՀ քաղաքացիներ են` մտահոգ իրենց պետության, իրենց պետության ամենագլխավոր պաշտպանի` Ազգային Բանակի ճակատագրով:

Ինչո՞ւ է շարունակվում ներբանակային ճգնաժամը, և կարելի՞ է արդյոք այն այդպես կոչել:

Ո՞վ է շահում այս մթնոլորտի արդյունքում:

Արդյո՞ք այս ամենն անցյալում էլ եղել է, պարզապես նոր մեդիան իր հնարավորություններով հիմա է թույլ տալիս իմանալ ճշմարտությունը:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս ամենը ներբանակային սադրանքի արդյունք է:

Ո՞վ է պատասխանատու:

Եվ ի վերջո, ո՞րն է լուծումը:

Հրավիրում ենք քննարկման այս հարցերի շուրջ, իսկ հոկտեմբերի 17-ին ժամը 15.20 Ա1+-ի ուղիղ եթերում դիտեք “Ձեր Թեման” հաղորդումը, որտեղ ձեր թեման է հայկական բանակն իր այսօրվա վիճակով: Հաղորդմանը մասնակցելու են ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, և դուք` ձեր հարցերի միջոցով:





Պուտինն ու  Հայաստանը

24 09 2011

Պուտինն ու  Հայաստանը

Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։ Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։

Նրա ելույթից պարզ էր, որ ինքն  էլ պատրաստ է   նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատել կառավարությունում:   http://www.youtube.com/watch?v=e9yHF2Ujo68

Այս սցենարը թվում է կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ աթոռափոխություն եղավ Ռուսատանում, ու Մեդվեդեւը դարձավ  նախագահ, իսկ  Պուտինը՝   վարչապետ։

Բնականաբար, Պուտինի վերադարձը  կազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, մանավանդ, որ Հայաստանը ընտրությունների նախաշեմին է։

Իսկ  թե ինչպես, առաջարկում ենք նրկայացնել Ձեր տարբերակները։  Գո՞ւցե վերդառնա Քոչարյանը….

 





Ո՞րն է հայկական հեղափոխությունը

10 09 2011

 Հերթական անգամ ընդդիմությունը Ազատության հրապարակում հավաքվածներին տուն ուղարկեց։

Սակայն այս անգամ խոստացավ, որ այսուհետ ամեն ժամ հասունացնելու է «Հիմա»-ն։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Պետրոսյանն էլ իր ելույթում ընդգծեց. «Սկսել ա»։

Ազատության հրապարակում ելույթ ունեցողները շեշտեցին՝ հեղափոխությունը հասունացել է։

Այն, որ հեղափոխությունը հասունացել է, գոնե Ազատության հրապարակ այսօր եկածների համար փաստ էր։ Նրանք վճռական գործողություններ ակնկալում էին ՀԱԿ լիդերներից ոչ միայն այսօր, այլեւ մեկ, նույնիսկ երկու տարի առաջ։

Նստացույց անելու պատրաստ զանգվածը հրապարակից հեռացավ հիասթափված։ Բայց սա չի նշանակում, որ չի գա հաջորդ՝ սեպտեմբերի 23-ի հանրահավաքին։ Պարզապես՝ ՀԱԿ-ից կտրուկ ու վճռական գործողության ակնկալիքը կրկին նվազեց։

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե. «Մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։

Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ»։

ՀԱԿ-ը խոստանում է հեղափոխություն։

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։

Բայց հաշվի առնելով ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններ անելու մտադրության վերաբեյալ իշխանության արձագանքը՝ կարելի է ակնկալել նույն պատասխանը. «Չի լինելու»։

ՀԱԿ-ում վստահ են, որ արտահերթ ընտրություններ հայտարարվելու են, եւ ոչ միայն…

Իսկ ի՞նչ եք մտածում Դուք։ Եվ ընդհանրապես՝ ո՞րն է հայկական հեղափոխության Ձեր տարբերակը եւ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։





Ինչո՞վ կավարտվի ՀԱԿ-ի իշխանություն երկխոսությունը

25 07 2011

Վաղը Կառավարության ընդունելությունների տանը կկայանա  ՀԱԿ-իշխանություն երկխոսության երկրորդ հանդիպումը: Իշխանությունների պատվիրակության ղեկավարը Դավիթ Հարությունյանն է, իսկ ՀԱԿ-ինը՝ Լեւոն Զուրաբյանը:

Փաստն այն է, որ իշխանությունները սկզբում մերժեցին պատվիրակություն ստեղծելու առաջարկը, իսկ  նախապատրաստական հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին,  արդեն պատրաստ են նստել կլոր սեղանի շուրջ եւ երկխոսել:

Ըստ ՀԱԿ-ի՝ երկխոսության հիմնական թեման ՀՀ նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններն են, իսկ իշխանությունները պատրաստ են  քննարկել ցանկացած հարց՝, բացի  արտահերթ ընտրություններից: ՀԱԿ-իշխանության երկխոսության վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետները տարբեր են: Այս հարցում տարաձայնություններ կան նույնիսկ ՀԱԿ-ում:

Որոշ լուրերի համաձայն՝ ՀԱԿ-ի  անդամներից մի քանիսը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ խնդիր են դրել, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ն իշխանությունները չհայտարարեն արտահերթ ընտրություններ, ապա ՀԱԿ-ը հստակ պետք է արձանագրի ջրբաժանը: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի իշխանություն առաջին հանդիպումից հետո իշխանություններն այլեւս կտրուկ չեն բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունները:

Իսկ ի՞նչ եք կարծում դուք՝ իշխանությունները կգնա՞ն արտահերթ ընտրությունների, թե՞  ոչ, ի՞նչ հարցեր կուզեիք տեսնել երկխոսության օրակարգում եւ  ընդհանրապես ինչո՞վ  կավարտվի երկխոսությունը





Ինչի՞ն է համաձայնվել Սերժ Սարգսյանը Կազանում

24 06 2011

Ինչի՞ն է համաձայնվել Սերժ Սարգսյանը Կազանում

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի անունից տարածվել է համատեղ հայտարարություն:

«Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ նաեւ երախտագիտություն են հայտնել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»:

 

Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում:

Մինչդեռ այսօր առավոտյան ռուսական լրատվամաիջոցները, մասնավորապես «Կոմերսանտը» հղում անելով  իր աղբյուրին, գրել էր, թե հակամարտությունը կարգավորման համար գործելու է «ճանապարհային քարտեզ»:

Թերթի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ` սկզբում կստորագրվեն հիմնական սկզբունքները, ապա կողմերը ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ կսկսեն աշխատել խաղաղ պայմանագրի վրա:

Ըստ թերթի` Հայաստանը պարտավորվելու է վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 6 շրջանները, ինչպես նաև Լաչինի 13 գյուղեր, պահպանվելու է կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Անվտանգությունն ապահովելու են խաղաղապահ ուժերը:

Արցախում մի քանի տարի հետո անցկացվելու է հանրաքվե, որը, սակայն, կիրականացվի միայն փախստականների վերադարձի դեպքում:

Կողմերը հրաժարվելու են ուժի կիրառումից, ընդ որում՝ այդ  ամրագրվելու է իրավաբանորեն:

 

Այսօր նախագահների ընդունած հայտարարությունը` անմեղ թվալով, այնուամենայնիվ մտորելու տեղիք է տալիս` մասնավորապես . «Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»:

 

Ինչի՞ շուրջ է եղել փոխըմբռման ձեռքբերումը եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանի կտեղեկացնի այս մասին Հայաստանի եւ Արցախի ժողովրդին:





Նոտարը «սարսափելի՞» է

23 05 2011

Չգիտեմ, թե ինչպես են ձեւավորվել իմ պատկերացումները նոտարների  մասին, սակայն նրանց հետ գործ բռնել ճիշտն ասած չէի ուզենա:  Նոտարիատ այցելել եմ  մեկ, թե երկու անգամ. առանձնապես խոշոր գործարք չեմ արել` դիպլոմի  պատճենի հաստատում, ծննդյան վկայականի թարգմանության հաստատում եւ… Ընդամենը  մի կնիքի համար սպասել եմ մոտ մեկ ժամ, վճարել այդ մի կնիքի համար նվազագույնը 3000 դրամ ու  հեռացել` չհասկանալով` ինչի համար եմ վճարում եւ ուր են գնում իմ վճարած գումարները: Ինձ ոչ ոք կտրոն չի տվել:

Չեմ զարմանում, երբ լսում եմ, որ ինչ-որ մի տեղ աշխատանքի ընդունվում են ծանոթով: Սակայն շատ զարմացա, երբ ծանոթս, ով հանձնել էր նոտարական թարգմանիչ աշխատելու  համար քննությունները ու ստացել հավաստագիր, այդպես էլ մեկ տարվա ընթացքում, մի գործ չունեցավ:

« Կարո՞ղ է ծանոթ նոտար ունենաս, որ ինձ գործ տա»,- մի անգամ ասաց նա,  եւ ես այդպես էլ չհասկացա, թե  նոտարի հետ ծանոթն լինելն այդ ինչ ուժ ու զորություն ունի պետական հավաստագրից առավել:

Այն, որ կարող է նոտարը տնից քեզ զրկել կամ քեզ տուն պարգեւել, այդ հասկացել եմ, բարեբախտաբար, ոչ մի անձնական փորձով:  Խմբագրություն այցելած , իրենց իսկ խոսքերով, նոտարի զոհերն են պատմել:  Չգիտես  ինչու` մշտապես, անկախ նրանից, թե ով էր այդ գործարքի հեղինակը, մշտապես շոշափվում էր Մարիամ Գաբոյանի անունը, որին ես անձամբ չեմ ճանաչում:

Բնական է սա, քանզի Մարիամ Գաբոյանը նոտարների «շեֆն է»: Եւ ահա 1990թ այս աթոռը զբաղեցնող Մարիամ  Գաբոյանն արդեն մի քանի օր է` արդեն  ՀՀ ԱՆ  Նոտարիատի բաժնի պետ  չէ. բաժինն էլ լուծարված է:

Մարիամ Գաբոյանը, բնականաբար, չի ընդունում այն մեղադրանքները, թե ինքը  ինչ-ինչ  գործարքներ է արել  ու սխալ է համարում այդ բաժնի լուծարումը թեկուզ եւ  որպես հերթական  բարեփոխում: Սխալ համարելով իրեն աշխատանքից փաստացի զրկումը( թեեւ նրան աշխատանքից չեն հեռացրել, այդ  «դարձրել» պահեստային կադր)` չի պատրաստվում դատարանով վերականգնել իր իրավունքները:

«Նախարարի հրամանը հրաման է»,-ասում է Մարիամ Գաբոյանը, որը վստահեցնում է, թե իր մասնագիտական հմտությունները թույլ կտան, որ ինքը «կարողանա իր օրվա հացի փողը վաստակել` շարունակելով նոտարական գործունեությունը»:

Չնայած ասում են,որ ինքը բնավ էլ «օրվա հացի» խնդիր չունի. իր վաստակածը բավարար է մինչեւ կյանքի վերջ ապահով ապրելու համար:

Չգիտեմ` ճիշտ է, սխալ, բայց դե` ասում են:

Սակայն փաստն այն է,որ քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր ուրախացան  Մարիամ Գաբոյանի բաժնի լուծարումից, հատկապես նրա պաշտոնանկությունից, չնայած այս բառը ոչ Արդարադատության նախարարությունն է ընդունում, ոչ էր արդեն նախկին գլխավոր նոտարը:

Ինչեւէ… առաջարկում ենք քննարկել «նոտարական» թեման: Երբեւիցե առիթ ունեցել եք նոտարական գործարք անելու, ինչպես եք գնահատում այս համակարգը, նաեւ   նախարար Հրայր Թովմասյանի վերջին որոշումը` բաժինը լուծարելու մասին:








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers