Չինական, ճապոնական ու մյուս բոլոր հորոսկոպները մեզ առայժմ չեն օգնում` հասկանալու, թե ինչ է սպասում Հայաստանին այս տարի:
Վիշապ է, նապաստակ թե եղնիկ` որևէ լուրջ կանխատեսում կենդանիները մեզ համար չեն անում: Ինչպիսի՞ն է լինելու սկսված տարին: Ինչպե՞ս են ընթանալու խորհրդարանական ընտրությունները, և ինչպե՞ս են դրանց արդյունքները ազդելու Հայաստանի քաղաքական համակարգի վրա:
Կանխատեսումների համար կարելի է հիմք ընդունել ստարտային պայմանները. ի՞նչ տրամադրություններով փակեցինք նախորդ տարին: Քաղաքական համակարգի համար ողջ 2011 թվականն անցավ մեկ մայր հարցի տակ` կփլուզվի՞ արդյոք իշխանական կոալիցիան, թե ոչ:
ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ողջ տարվա ընթացքում լարված թրիլլեր էին հիշեցնում` ասուլիս-փոխհրաձգություններ, հատուկենտ հայտարարություն-կրակոցներ, ու ամենակարևորը` աճող լարվածություն: Կուլմինացիոն պահերից էր ԲՀԿ-ի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ հնարավոր համագործակցության մասին վերլուծությունը, որն առաջին նախագահն արեց Կոնգրեսի հանրահավաքում:
Փոխհրաձգությունն ուժեղացավ:
Ֆիլմի գլխավոր դրվագում հայտարարվեց, որ նախընտրական միասնական ցուցակը, որին ձգտում էր ՀՀԿ-ն, այնուամենայնիվ չի լինելու, և կուսակցությունները գարնանային ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակներով: Մեկ այլ ինտրիգ ձևավորվեց արդեն բուն ընտրակարգի շուրջ` “Ժառանգությունը” և ՀՅԴ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախագիծը:
Արևելյան հորոսկոպի համաձայն` նոր տարին դեռ չի սկսվել, ամեն ինչ առջևում է: Ի՞նչ սպասենք վիշապի տարուց, կամ գուցե վերջապես սկսենք չապավինե՞լ աստղերին` գերադասելով իրական քայլերը:
Դուք ի՞նչ եք կարծում



