Չգիտեմ, թե ինչպես են ձեւավորվել իմ պատկերացումները նոտարների մասին, սակայն նրանց հետ գործ բռնել ճիշտն ասած չէի ուզենա: Նոտարիատ այցելել եմ մեկ, թե երկու անգամ. առանձնապես խոշոր գործարք չեմ արել` դիպլոմի պատճենի հաստատում, ծննդյան վկայականի թարգմանության հաստատում եւ… Ընդամենը մի կնիքի համար սպասել եմ մոտ մեկ ժամ, վճարել այդ մի կնիքի համար նվազագույնը 3000 դրամ ու հեռացել` չհասկանալով` ինչի համար եմ վճարում եւ ուր են գնում իմ վճարած գումարները: Ինձ ոչ ոք կտրոն չի տվել:
Չեմ զարմանում, երբ լսում եմ, որ ինչ-որ մի տեղ աշխատանքի ընդունվում են ծանոթով: Սակայն շատ զարմացա, երբ ծանոթս, ով հանձնել էր նոտարական թարգմանիչ աշխատելու համար քննությունները ու ստացել հավաստագիր, այդպես էլ մեկ տարվա ընթացքում, մի գործ չունեցավ:
« Կարո՞ղ է ծանոթ նոտար ունենաս, որ ինձ գործ տա»,- մի անգամ ասաց նա, եւ ես այդպես էլ չհասկացա, թե նոտարի հետ ծանոթն լինելն այդ ինչ ուժ ու զորություն ունի պետական հավաստագրից առավել:
Այն, որ կարող է նոտարը տնից քեզ զրկել կամ քեզ տուն պարգեւել, այդ հասկացել եմ, բարեբախտաբար, ոչ մի անձնական փորձով: Խմբագրություն այցելած , իրենց իսկ խոսքերով, նոտարի զոհերն են պատմել: Չգիտես ինչու` մշտապես, անկախ նրանից, թե ով էր այդ գործարքի հեղինակը, մշտապես շոշափվում էր Մարիամ Գաբոյանի անունը, որին ես անձամբ չեմ ճանաչում:
Բնական է սա, քանզի Մարիամ Գաբոյանը նոտարների «շեֆն է»: Եւ ահա 1990թ այս աթոռը զբաղեցնող Մարիամ Գաբոյանն արդեն մի քանի օր է` արդեն ՀՀ ԱՆ Նոտարիատի բաժնի պետ չէ. բաժինն էլ լուծարված է:
Մարիամ Գաբոյանը, բնականաբար, չի ընդունում այն մեղադրանքները, թե ինքը ինչ-ինչ գործարքներ է արել ու սխալ է համարում այդ բաժնի լուծարումը թեկուզ եւ որպես հերթական բարեփոխում: Սխալ համարելով իրեն աշխատանքից փաստացի զրկումը( թեեւ նրան աշխատանքից չեն հեռացրել, այդ «դարձրել» պահեստային կադր)` չի պատրաստվում դատարանով վերականգնել իր իրավունքները:
«Նախարարի հրամանը հրաման է»,-ասում է Մարիամ Գաբոյանը, որը վստահեցնում է, թե իր մասնագիտական հմտությունները թույլ կտան, որ ինքը «կարողանա իր օրվա հացի փողը վաստակել` շարունակելով նոտարական գործունեությունը»:
Չնայած ասում են,որ ինքը բնավ էլ «օրվա հացի» խնդիր չունի. իր վաստակածը բավարար է մինչեւ կյանքի վերջ ապահով ապրելու համար:
Չգիտեմ` ճիշտ է, սխալ, բայց դե` ասում են:
Սակայն փաստն այն է,որ քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր ուրախացան Մարիամ Գաբոյանի բաժնի լուծարումից, հատկապես նրա պաշտոնանկությունից, չնայած այս բառը ոչ Արդարադատության նախարարությունն է ընդունում, ոչ էր արդեն նախկին գլխավոր նոտարը:
Ինչեւէ… առաջարկում ենք քննարկել «նոտարական» թեման: Երբեւիցե առիթ ունեցել եք նոտարական գործարք անելու, ինչպես եք գնահատում այս համակարգը, նաեւ նախարար Հրայր Թովմասյանի վերջին որոշումը` բաժինը լուծարելու մասին:







