Այսօր հայտնի դարձավ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` նրան սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում 1-3 տարով: Ըստ ՔՕ այս հոդվածի` հանցագործության սուբյեկտներ կարող են լինել 16 տարին լրացած անձինք:
Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել` տեղեկացնելով, որ գործի հարուցման համար հիմք է հանդիսացել Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդումը:
Պարզվել է, որ «Սերոբ Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը, դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն և համասեռամոլության»:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Այս ամբողջ պատմությունը հրապարակայնություն է ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ այս մասին Ախթալայում խոսվում է արդեն մի քանի տարի:
Մամուլի մեղադրական հոդվածներից հետո Սերոբ Տեր-Պողոսյանը մի քանի օր առաջ նամակ է տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Ես ևս մեկ անգամ հրապարակայնորեն հերքում եմ իմ դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ օրենքով սահմանված կարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին և պահանջելու, որպեսզի բացահայտեն իմ դեմ կազմակերպված «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին»:
Խոսվում է այն մասին, որ նվազագույնը 20 երեխա դարձել է նրա “զոհ” , որոնց մի մասն արդեն չափահաս է: Խոսվում է նաեւ այն մասին, որ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել այն բանից հետո, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը հրաժարվել է գումար տրամադրել իր զոհերից մեկին` Վ. Փարսադանյանին:
Ինքը` «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը եւս ասել է, որ Վ Փարսադանյանն ու նրա մայրն իր աշխատողներն են: Տղան իսկապես իրենից գումար է խնդրել, բայց ինքը հրաժարվել է տալ եւ նրանց սպառնալիքներին լուրջ ուշադրություն չի դարձրել:
Իհարկե, շատ տխուր եւ դաժան պատմություն է, քանզի շոշափվում են անչափահասների անուններ ու դժվար չէ պատկերացնել, թե այս ինչ ազդեցություն կունենա նրանց ու հարազատների ճակատագրի վրա:
Սերոբ Տեր-Պողոսյանը, գործարար լինելուց զատ, մինչեւ 2010թ ավարտը եղել է վարչապետի խորհրդականը, ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ է:
Ասում են, որ ոստիկանությունն այս մասին վաղուց է իմացել, սակայն թե ինչու հիմա որոշվեց գործ հարուցել, պարզ չէ: Ինչո՞ւ են զոհերի հարազատները մինչ օրս այս մասին լռել, այդ էլ է անհասկանալի:
Նկատենք նաեւ Սերոբ Տեր-Պողոսյանը հայ հասարակությանն առաջին անգամ հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո՝ այդ քրգործի շրջանակներում:
Գլխավոր մեղադրյալներ` Հունանյան եղբայրները մտերիմ հարաբերությունների մեջ էին եղել մեծահարուստ սփյուռքահայի հետ, նա որոշակի օգնություն էր ցույց տվել նրանց, եղբայրներն անգամ իրենց մորը փորձել էին ամուսնացնել նրա հետ: Հոկտեմբերի 27-ի գործի նյութերում նշվում էր, որ նա մասոնական «Ռոտարի» ակումբի անդամ է, սակայն դատաքննության ժամանակ նրա անձն այդպես էլ չկարեւորվեց:
Սպասենք զարգացումներին:




