Գազը, ջուրը եւ …հետո՞

27 02 2010

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ «ուրախացրեց» հանրությանը` մեկ անգամ էլ «մտնելով» նրա գրպանն` այս անգամ հանուն «Հայռուսգազարդի»:

Ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց բնակիչները կվճարեն 132000 դրամ` նախկին 96000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլարին համարժեք դրամ` նախկին 215 դոլարի փոխարեն:

ՀԾԿՀ-ը բավարարեց «Հայռուսգազարդի» հայտը` որոշակի փոփոխությամբ: «Հայռուսգազարդ»-ն առաջարկում էր բնակիչների համար 1000խմ գազի դիմաց սահմանել 136 000 դրամ, իսկ խոշորների դեպքում` 256 դոլար սակագին:

«Հայռուսգազարդի» տնօրենն հայտարարեց, թե իրենք «այնքան էլ դաժան» չեն: Չնայած առանց շահույթ են աշխատում, բայց գազի սակագինը բարձրացրին ոչ թե հունվարի 1-ից , այլ բարձրացնում են ապրիլի 1-ից:

Դե, պարզ է, որ եթե թանկացվեր հունվարի 1-ից, ապա գազի սպառման պիկ  շրջանում 37 տոկոս ավել գումար կմտներ «Հայռուսգազարդի» բյուջեն:

Բայց եթե այդ արվեր հունվարին, չես կարող ասել, թե այն բողոքի ալիք չէր բարձրացնի:  Այ հիմա, մինչեւ հաջորդ ձմեռ դժվար թե ՀՀ քաղաքացիները բողոքեն գազի գնի թանկացման դեմ, քանի որ առաջիկա 9 ամիսների ընթացքում արդեն համակերպված կլինեն:  Թերեւս համակերպվեն նաեւ մյուս թանկացումների հետ, օրինակ, եթե գազալցակայաններում թանկանա գազը, ջուրն ու էլեկտրաէներգիան թանկանան, որպես հետեւանք կթանկանա տարբեր տեսակի ապրանքներ, ու այսպես շարունակ…

Հարց է ծագում` ի՞նչ  է անելու քաղաքացին… դուրս է գալու փողոց, պահանջելու է սոցիալական արդարություն, անելու է ամեն ինչ, որ իշխանությունները թեեթեւացնեն այդ բեռը, թե՞…. Գուցե կհրաժարվեն սպառել գազ, բայց…էլեկտրաէներգիայի գինն էլ այնքան էլ մատչելի չէ:

Մեկ ուրիշ հարց. իսկ արդյո՞ք ֆինանսական տնտեսական ճգնաժամի ժամանակ ծառայությունների գները կարելի է  բարձրացնել:

Միգուցե ճգնաժամը Հայաստանում արդե՞ն ավարտվել է, ինչպես վստահեցրեց Էկոնոմիկայի նախարարը:

Այս  հարցերն  առաջարկում ենք քննարկել այս շաբաթ մեր բլոգում:





“Եվրատեսիլ”-յան կրքեր

15 02 2010

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ “Եվրատեսիլ-2010”-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը:  Հանդիսատեսն ու  ժյուրին որոշեցին, որ  լավագույն ելույթը Եվա Ռիվասինն է:

Որքան էլ տեսախցիկները փորձեցին թաքցնել, սակայն  հեռուստադիտողի համար էլ պարզ էր, որ մասնակիցներից ոմանք հիասթափված են մրցույթի արդյունքից: Սրանցից մեկն էլ  Էմմի եւ Միհրան զույգն էր, որը (ինչպես թվաց ուղիղ եթերում հետեւող հեռուստադիտողին) ցուցադրաբար լքեց բեմը:

Գաղտնիք չէ, որ ամիսներ առաջ արդեն իբրեւ “Եվրատեսիլ-2010” երգի մրցույթի  մասնակից շրջանառվում էր հենց այս զույգի անունը: Սակայն Եվա Ռիվասին հայտնվելը “Եվրատեսիլի” հայաստանյան թեկնածուների մեջ, կարծես խառնեց նրանց պլանները: Այն, որ Եվայի PR- ի համար բավականին գումար է ծախսվել ակնհայտ է. մի քանի շաբաթում երգչուհին , նաեւ շնորհիվ իր արտաքին տվյալների ձեռք բերեց բավականին երգրպագուներ, ինչպես նաեւ…

“Արարատ” ռադիոկայանի ուղիղ եթերում քիչ առաջ sms- ների տարափ էր: Միհրանի եւ Էմմիի երկրպագուներն էին, ովքեր դժգոհում էին, թե քվեարկությունն անարդար էր, իրենք քվեարկել են այս զույգի օգտին, իսկ   դրանք տեղ չէին հասնում: Ի դեպ, նրանք բավականին վիրավորանքներ էին  հղել հաղթող երգչուհու հասցեին, քանի որ ռադիոհաղորդավարը ստիպված էր դրանք չընթերցել ու  բազմիցս նկատողություն անել` գրեք առանց վիրավորանքների:

Ես որ քվեարկությանը չէի մասնակցել, պատրաստ էի արդեն հավատալ, երբ սկսեցին sms-ներ ուղարկել  Եվա Ռիվասի կողմնակիցներն ու ասել, թե … իրենք էլ ուղարկել ու էլի դրանք չէին ուղարկվում, հետո ինչ…. Այսպիսի խճճված պատմություն…

Փաստորեն պարզվում է` Հայաստանում ոչ մի ընտրության  հանդեպ վստահություն չկա`  Եվրատեսիլից սկսած մինչեւ Նախագահի ընտրություն:

Հետաքրքիր էր նաեւ այն, որ Անդրեն հագել էր շապիկ, որի վրա գրված էր Եվա Ռիվաս, սակայն Անդրեն երգեց այն ժամանակ, երբ ավարտված էր քվեարկությունը, բայց դեռ հայտնի չէր, թե ով է հաղթողը:Այնպես որ նրան մեղադրել չի կարելի:

Շատ հաջող էր Նիկը. Կարծում եմ շատ տաղանդավոր երիտասրդ է, հիանալի երգ էր, սակայն դեռ հղկված չէր, ձայնն էլ դեռ  աշխատելու տեղ ուներ.բայց հրաշալի երգ էր..հաստատ նրա երգն էլ:

Մի խոսքով հաջողություն մաղթենք Եվային եւ մեզ բոլորիս, կարծում եմ, որ հրաշալի երգ է եւ Եվան էլ իսկական գեղեցկուհի է….

Դուք ինչ կարծիքի եք? Ձեզ ով դուր եկավ?





Իսկ ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը

6 02 2010

Ինչի՞ շուրջ են բանակցությունները

Արդեն 3 օր է, ինչ Եվրոնյուզ հեռուստաալիքը պտտեցնում է Հեյդար Ալիեվի հարցազրույցը: Հարցազրույցը բավականին հետաքրքիր է:

Ընդգծեմ Ալիեվը մի միտք. ..

Հ.Ալիեւ—Կասեմ, որ միջնորդների առաջարկությունները հիմնաված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը, հայկական զորքերի դուրսբերմանը բոլոր օկուպացված տարածներից, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ադմինիստրատիվ տարածքներց դուրս, ադրբեջանցիների վերադարձը տեղահանված տարածքներ, բոլոր կոմունիկացիոն գծերի բացում ……;

Բավականին ռազմատենչ հայտարարություններ են հնչել այս հարցազրույցում, որը կարող եք դիտել եւ անգլերեն եւ ռուսերեն.


http://ru.euronews.net/2010/02/02/interview-with-ilham-aliyev-president-of-azerbaijan/

Պետք է նշել, որ հայկական կողմից որեւէ արձագանք ես չեմ նկատել համենայն դեպս: Բայց ահա Մալթայի հայկական համայնքը  բողոք նամակ է տարածել, որում  համայնքը իր դժգոհությունն է հայտնում  Եվրոնյուզին, քանի որ հեռուստակայանը պատերազմի կոչ է տարածել ուղիղ տեքստով:

Հայաստանում այս հարցազրույցը կարծես թե քչերն են դիտել, քանի որ Արմնյուզի էթերը   պարբերաբար փակվում է տեղական նորություններով եև գովազդով. Համենայն դեպս այսպես են գրել մեզ մեր ընթերցողները:

Դուք ինչ կասեք?





Էրոտիկան, սարսափը եւ ՀՌԱՀԸ

4 02 2010

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գլխի է ընկել, որ մեր հեռուստաընկերությունները չեն հասկանում` ինչ է  էրոտիկան,սարսափը, բռնությունը:

Ուստի որոշել է  փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Ըստ այդմ էլ` որոշել է սահմանել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները:

Թվում է` Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը դարձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Այդ չափորոշիչների ընդունումից հետո երեւի Կառլսոնն  այլեւս չթռչի մեր էկրաններից, քանի որ այդ կարող է ազդել երեխաների մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:

Չցանկանալով մանրամասնել` ստորեւ ներկայացնում ենք ՀՌԱՀ չափորորոշիչները.

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ , ՍԱՐՍԱՓ ԵՎ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են`
ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով` սեռական օրգանների ցուցադրմամբ,
բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,
գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:
2. Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.
ա) արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,
բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:
3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են.
ա) հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը,
բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,
գ) բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը,
դ) ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը,
ե) օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան,
զ) թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը,
է) գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:

Ի դեպ, հարգելի ընթերցող, դուք կարող եք այս չափորոշիչների վերաբերյալ Ձեր տեսակետը ներկայացնել ոչ միայն մեր կայքում, այլեւ ուղարկել ՀՌԱՀ-ին մինչեւ փետրվարի 8-ը:








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 33 other followers