Ահաբեկչությունից անցել է 10 տարի

27 10 2009

Ap77299 copyՆրանք, ովքեր 10 տարի առաջ այս օրը գնացել էին Ազգային ժողով, չէին կարող անգամ երեւակայել, որ օրն այդպիսի տխուր  վերջաբան կունենա:

Իսկ նրանք, ովքեր կազմակերպեցին եւ իրագործեցին  «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, իրենց հիվանդ երեւակայության մեջ բազմիցս տեսել էին այդ տխուր վերջաբանը:

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

Այդ օրը, ժամը 17:13-ին,  ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ` ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Սպանվեցին 8 հոգի` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:

Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:

Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն` հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

AP77454 copyՈւշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին` ստանալով անվտանգության երաշխիքներ:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Այդ ընթացքում Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ավելի ուշ` դրա 6-րդ արձանագրությունն` իսպառ վերացնելով մահապատիժը:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:





‘Կեղծ ու շինծու’

19 10 2009

MAR_0224 (5)Ընդամենը մի քանի տարի առաջ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չէր կարող, այլ հակառակը, անգամ միջազգային ամենաբարձր ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը խոսում էր ադրբեջանցիների եւ թուրքերի հետ հայերի անհամատեղելիության մասին:

Ու հանկարծ ազգովի ստիպված ենք ենթարկվել «բարեկամության» կանոններին, որովհետեւ այդպես որոշել է Սերժ Սարգսյանը: Ոչ ոք, անգամ ազգային հարցում ամենաարմատական ընդդիմություն Դաշնակցությունը դեմ չի հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց ձեւ կա դա անելու, 10 տարի ժողովրդին հակաթուրքական սոուսի մեջ պահած իշխանությունը, որի քարոզչամեքենայի ընդդիմությանն ուղղված ամենադաժան քննադատությունը «էֆենդի Տեր-Պետրոսյան» արտահայտությունն էր:

Հիմա նույն այդ քարոզչամեքենան, արդեն քարոզում է հայ-թուրքական բարեկամությունը, իշխանությունը էֆենդի ասելու համար մարդ է ձերբակալում/ խոսքը Վանաձորցի պահպանողականների մասին է, որոնց ձերբակալել են, հետո բաց թողել ստորագրությամբ հակաթուրքական պաստառների համար/: Ի դեպ այդ պաստառները շատ սուր էին, նույնիսկ չափը անցած…..

Այսօր հայկական լրատվամիջոցները հանկարծ սկսել են քարոզել հայ-թուրքական համատեղ ծրագրերը, համատեղ հաղորդաշարարեր,համատարած թուրքերեն ինտերնետային էջեր են բացվում, անգամ «Բրաբիոն» ծաղկի տոնն է անցկացվում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարեկամության քողի տակ: Փայտիկի մի շարժումով ազգովի փորձում են փոխել «մենթալիտետը», մի բան, որ հարյուրամյակներով ներարկվել է մեր մեջ, իսկ վերջին տարիներին դա կրել է պաշտոնական բնույթ: Ազգը կողմնորոշելու է բազմաթիվ ձեւեր կան, բայց ոչ այն հապճեպ քայլերը, որ անում է այսօր իշխանությունը, դրանք կեղծ, շինծու տպավորություն են թողնում, եւ ակնհայտ է դառնում, որ իրականում նպատակը ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն է, այլ այդպիսի իմիտացիայի ապահովումը:

Այս ամենից մի տեսակ լավ հոտ չի գալիս..Ես կարծում եմ, որ պետական քրոզչությունը այնքան ‘ջանասիրաբար’ է դա անում, որ հակառակ ազդեցությունն է թողնում մարդկանց վրա….իսկ միգուցե հենց դրա համար էլ այդպես են անում? Կարծիք կա նաեւ, որ հարաբերությունների հաստատման մղումը նույնքան կեղծ է, որքան Սերժ Սարգսյանի հրճվանքը հայկական դարպասին խփված գոլերի ժամանակ:

Ձեզ ինչ է թվում? Դուք ինչ կարծիքի եք?





Ստորագրեցին…

11 10 2009

յւյւ4269 copyԱյն, ինչ կատարվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում խիստ անակնալ էր ոչ միայն հայ եւ թուրք լրագրողների, այլ անգամ շվեյցարական կողմի` կազմակերպիչների համար:

 Մինչ վերջիններս պատրաստվում էին նախաստորագրված եւ վեց շաբաթ անընդմեջ երկու /եւ ոչ միայն երկու/երկրներում քննարկված արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությանը, եւ դրա մեկնարկին մնացել էր ընդամենը հաշված րոպեներ, միջազգային լրատվամիջոցներից մի քանիսը լուր տարածեցին, թե հայկական կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունները: Թուրք լրագրողները մի քանի հեռախոսազանգ անելուց հետո լքեցին Ցյուրիխի Համալսարանի շենքը, իսկ հայ լրագրողները անորոշության մեջ սպասում էին ԱԳՆ-ի բացատրությանը:

Եվրոպական ժամանակով ժամը 17 ին չմեկնարկած միջոցառման մասնակիցները `երաժիշտներ, ադմինիստրատիվ աշխատողներ եւ այլն, կամաց-կամաց հեռացան շենքից, հայ լրագրողները համառորեն սպասումն էին, եւ 18.30 ին ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից ստացվեց լուր, թե “սպասեք, գալիս ենք”: Դրանից 30 րոպե անց Համալսարանի շենք մտավ մեծ Շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ապա միջոցառման մյուս մասնակիցները, եւ երբ մոնիտորին հայտնվեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ապա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պարզ դարձավ, որ շուտով միջոցառումը կսկսվի: Սակայն անհասկանալի եւ որեւէ մեկի կողմից որեւէ կերպ չբացատրվող ձգձգումը կրկին շարունակվում էր:

Թուրք, շվեյցարացի լրագրողներից շատերը, որ հեռացել էին, տեղեկանալով, որ այնուամենայնիվ պատմական միջոցառումը տեղի է ունենալու` վերադարձան: ‘ Ժամը 20-ին, երեք ժամ ուշացումով ինչպես եւ նախատեսվել էր նախօրոք Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում սկսվեց ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Սլովենիայի արտգործնախարար ու Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Ստորագրմանը նախորդած կարճ խոսքում Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի Ռեյը հայտարարեց, թե մեծ ջանքեր է պահանջվել այս պահը մոտեցնելու համար, եւ հատուկ ընդգծեց Ալի Բաբաջանի դերակատարությունը:

Ապա ասաց. «Եթե կողմերը համաձայն են, թող մոտանան եւ ստորագրեն»: Ստորագրման պահին ակնհայտորեն լարված էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարենը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն նկատելիորեն ուրախ էր, եւ ընդգծված արագ էր ստորագրում արձանագրությունները, իսկ տիկին Քլինթոնի եւ մյուսների ուշադրությունը սեւեռված էր Էդվարդ Նալբանդյանի ձեռքի վրա: Արձանագրությունները ստորագրելուց հետո նախարարները շատ ընդգծված, երկար ու ցուցադրական սեղմեցին միմյանց ձեռքը, ապա սկսեցին գրկախառնվել իրենց ավագ գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը անթաքույց հոգնած ու տխուր էր: Արարողությունը, որից հետո նախատեսված էր մոտ 30 րոպե ելույթներ, ավարտվեց առանց որեւէ հայտարարության` միայն մեկ լուսանկար արվեց, որում կրկին ուրախ դեմքով Դավութօղլուն էր եւ լարված Էդվարդ Նալբանդյանը` արձանագրությունների ստորագրմանը նպաստած բոլոր միջնորդների շրջապատում: Ապա նախարարները եւ միջոցառման մասնակիցները միասին ընթրեցին: Ի դեպ, մինչ շենքի ներսում անորոշություն էր եւ հայտնի չէր` ստուագրվելու են ի վերջո արձանագրությունները, թե ոչ, Համալսարանի շենքի առջեւ մի խումբ հայեր ՀՀ եւ Արցախի դրոշները ձեռներում պահած պահանջում էին «ոչ» ասել արձանագրություններին: Արարողության ավարտին Տիգրան Բալայանը լրագրողներին ասաց. «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների եւ բարեկամների աջակցությունը»:

Նաեւ պատասխանելով լրագրողների հարցերին` պարզաբանեց կատարվածը. «Բանավոր ելույթների նախագծի մեջ որոշակի անընդունելի ձեւակերպումներ կային հայկական կողմի համար եւ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց , որ չեն արտասանվի բանավոր ելույթներ». Թե կոնկերտ որ հարցին էր վերաբերել անհամաձայնությունը, Տիգրան Բալայանը չմանրամասնեց. «Որոշակի անընդունելի ձեւակերպումներ.սահմանափակվենք այսքանով»: Իսկ նախարարի լարվածությունը Տիգրան Բալայանը բացատրեց երեք ժամ անսպասելի բանակցություններով:

Իսկ Անթալիասում…http://www.youtube.com/watch?v=YNQVKycgwwM&feature=player_embedded

Իսկ Երեւանում….http://www.a1plus.am/am/society/2009/10/10/no-comment

Չգիտեմ` չեմ կարող բացատրել զգացմունքներս….

Դուք ինչ կարծիքի եք?








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers