Վիշապ, թե՞ նապաստակ

18 01 2012

Չինական, ճապոնական ու մյուս բոլոր հորոսկոպները մեզ առայժմ չեն օգնում` հասկանալու, թե ինչ է սպասում Հայաստանին այս տարի:

Վիշապ է, նապաստակ թե եղնիկ` որևէ լուրջ կանխատեսում կենդանիները մեզ համար չեն անում: Ինչպիսի՞ն է լինելու սկսված տարին: Ինչպե՞ս են ընթանալու խորհրդարանական ընտրությունները, և ինչպե՞ս են դրանց արդյունքները ազդելու Հայաստանի քաղաքական համակարգի վրա:

Կանխատեսումների համար կարելի է հիմք ընդունել ստարտային պայմանները. ի՞նչ տրամադրություններով փակեցինք նախորդ տարին: Քաղաքական համակարգի համար ողջ 2011 թվականն անցավ մեկ մայր հարցի տակ` կփլուզվի՞ արդյոք իշխանական կոալիցիան, թե ոչ:

ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ողջ տարվա ընթացքում լարված թրիլլեր էին հիշեցնում` ասուլիս-փոխհրաձգություններ, հատուկենտ հայտարարություն-կրակոցներ, ու ամենակարևորը` աճող լարվածություն: Կուլմինացիոն պահերից էր ԲՀԿ-ի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ հնարավոր համագործակցության մասին վերլուծությունը, որն առաջին նախագահն արեց Կոնգրեսի հանրահավաքում:

Փոխհրաձգությունն ուժեղացավ:

Ֆիլմի գլխավոր դրվագում հայտարարվեց, որ նախընտրական միասնական ցուցակը, որին ձգտում էր ՀՀԿ-ն, այնուամենայնիվ չի լինելու, և կուսակցությունները գարնանային ընտրություններին մասնակցելու են առանձին ցուցակներով: Մեկ այլ ինտրիգ ձևավորվեց արդեն բուն ընտրակարգի շուրջ` “Ժառանգությունը” և ՀՅԴ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ դրեցին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին նախագիծը:

Արևելյան հորոսկոպի համաձայն` նոր տարին դեռ չի սկսվել, ամեն ինչ առջևում է: Ի՞նչ սպասենք վիշապի տարուց, կամ գուցե վերջապես սկսենք չապավինե՞լ աստղերին` գերադասելով իրական քայլերը:

Դուք ի՞նչ եք կարծում





Բա սա երկրի հեղինակությանը վնաս չէ՞

14 11 2011

Այսօր Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց,որ հրաժարվում է ԱԺ նախագահի պաշտոնից։ Խորհրդարանի ամբիոնից նրա հնչեցրածը սոսկ հայտարարություն չէր, այլ տողատակերով լեցուն ուղերձ։

Նախ եւ առաջ Հովիկ Աբրահամյանը փորձեց բացատրել, որ ՀՀԿ-ն իր ձեռքից այս պաշտոնը վերցրեց ոչ վատ աշխատանքի համար։

«Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Նա նաեւ շեշտեց, թե որքան հանդուրժող է եղել. « Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով»։

Եթե բառացի չհայտարարվեց, փաստն այն է, որ նա նկատի ունի խորհրդարանական փոքրամասնությանը՝ «Ժառանգություն» խմբակցությանը, որի պատգամավորների քննադատական ելույթները մի անգամ չէ, որ գրեթե հունից հանել են նույն Հովիկ Աբրահամյանին։ Այսօր էլ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որին չնայած Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց, չզսպեց իրեն ու ամբիոնից բարձրաձայնեց, թե իրենց համար անհասկանալի էր այս հրաժարականը։

Իսկ ո՞ւմ է հասկանալի… Թերեւս մի խումբ յուրայինների, որոնք որոշում են, ով այսօր որ աթոռին պետք է նստի, վաղը՝ որ։ Մյուսներն էլ կարծես հնազանդ դերասաններ են, որոնք փողի համար ցանկացած դեր կխաղան։

Դե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե ինքն ավելի կարեւոր գործով է զբաղվելու՝ ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը։

«Կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Իսկ արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ երկրի երկրորդ պաշտոնյան գերադասում է կուսակցական նախընտրական շտաբի պետի աթոռը։ Արդյո՞ք երկրի հեղինակության վնաս չէ, որ Երեւանի քաղաքապետն ու օմբուդսմենը հրաժարական են տալիս՝ գերադասելով արտերկրում բարձր աշխատավարձը։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ որոշում է կայացնում կլանը, իսկ մնացյալը ատրիբուտներ են՝ ֆոնը պահելու համար։ Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ մարզպետը պատգամավորների ներկայությամբ հարվածում է կին գործարարին՝ ինչ է՝ իրեն գողության մեջ է մեղադրում։

Բա այս երկրում դատարան չկա՞…

Թե մարզպետն էլ գիտի, որ դատարանն էլ պարզապես ատրիբուտ է՝ ժողովրդավարություն խաղալու համար։

Արդյո՞ք երկրի հեղինակությանը վնաս չէ, որ Հայաստանի քաղաքացիները երազում են արտագաղթելու մասին։ Կարծում ենք, շարունակելու կարիք չկա…

Մնացածը դուք կլրացնեք։





Ինչո՞ւ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը

29 10 2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հեռուստատաեթերով հայտարարեց,որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով։

Իր հրաժարականի հարցը, ինչպես ինքն ասաց, համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ մեծ դժվարությամբ է հանգել հրաժարականի որոշմանը:

Նա հարկ համարեց նշել. «Իմ հրաժարականը որեւէ ներիշխանական տարաձայնությունների բնույթ չի կրում: Այն վստահությունը, որը ցուցաբերվել է Սերժ Սարգսյանի, կուսակցության կողմից եղել է անսահման: Չի եղել մի դեպք, մեր պատկերացմամբ լուծումներ, որոշումներ, որ ճիշտ են քաղաքի համար եւ ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»:

Ինչ վերաբերում է այս հարցում իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցին, ապա պարոն Կարապետյանն ասաց. «Նա հարգեց իմ որոշումը: Մենք ունեցել ենք շատ լավ զրույց, գոնե ինձ համար: Ես շատ եմ հարգում Սերժ Սարգսյանին: Իմ կայացման մեջ նա ֆանտաստիկ դեր է ունեցել: Ես փորձել եմ, իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը, չի նշանակում թիմից դուրս գալ»:

Միաժամանակ նա չի ընդունում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է. «Սա հասարակական պաշտոն է, հասարակության լայն շերտերի հետ առնչվող պաշտոն է: Սա փաստ է»:

Թեեւ Կարեն Կարապետյանը լքում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, սակայն իրեն շարունակում է համարել Սերժ Սարգսյանի թիմի անդամ: Նա աբսուրդ է համարում այն լուրերը, թե իր պաշտոնավարման ընթացքում խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի հետ. «Նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք»:

Հայտարարելով, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել, նա ոչ տեղին է համարում այն լուրերը, թե հեռանում է քաղաքականությունից. «Բայց սա չի նշանակում, որ ես Հայաստանի հետ որեւիցե կապ չեմ ունենալու, որ այսօրվա թիմի հետ կապ չեմ ունենալու, որի անդամն եմ»:

50 օրից լրանում էր քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին: Այսօր նա վստահեցնում է, որ այս ընթացքում աշխատել է մեծ հաճույքով եւ ոգեւորությամբ, սակայն չէր կարող կանխատեսել անձնական բնույթի խնդիրները, որոնք ի հայտ են եկել. «Եթե Նոստրադամուս ես, կարելի էր կանխատեսել:Այն պատճառները, որոնք կային, կանխատեսելի չէին մեկ տարի առաջ»:

Պարոն Կարապետյանը այսօր հայցեց բոլոր այն քաղաքացիների ներողամտությունն ում սպասելիքներն ու ակնկալիքները չի պաշտոնավարման ընթացքում չի արդարացրել. «Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր այս օրերին facebook- իրենց տեսակետն են հայտնել եւ ափսոսում են իմ հրաժարականի համար: Ասեմ, որ դա ինձ դուր չի գալիս սուտ կլինի»:

Ի դեպ, նա «Արմնյուզի» եթերում խոստովանեց, որ իր հրաժարականի դիմումը միանշանակ չեն ընդունել նաեւ իր ընտանիքում. «Շատ բարդ ընդունեցին»:

Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը։

Չնայած Կարեն Կարապետյանը դեռ չի հաստատում, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը թողնում է «Գազպրոմ» -ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար, սակայն ռուսական Gazeta կայքն արդեն նրա մոտավոր աշխատավարձի չափն է նշում։

Ըստ թերթի՝ նա որպես ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալ զբաղվելու է ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:

Թերթի տվյալներով՝ եթե Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ստանում էր ամսական 300 հազար դրամ, ապա նոր պաշտոնում կստանա մոտ 153,8 հազար դոլար:

Իսկ Դուք ինչ եք կարծում, ինչու նա հարաժարականի դիմում գրեց??





Ինչո՞ւ է այսպիսի բանակը պարտադիր

14 10 2011

Այս հարցը տրվել է Ֆեյսբուքում մեր անցկացրած հարցման մասնակիցներից մեկի կողմից: ԱՅՍՊԻՍԻ ասելով` հարց տվողը հավանաբար ի նկատի ուներ

-         այն բանակը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել այսքան  սպանություն և “ինքնասպանություն” որակված այսքան  մահ, վերջին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում` երեք զոհ` առանց թշնամու մասնակցության

-         այն բանակը, որի զինվորները ծառայության արդյունքում հայտնվում են հոգեբուժական կլինիկայում

-         այն բանակը, որից վախենում են ապագա զինվորները ու նրանց մայրերը

-         այն բանակը, որը մեզ պետք է պաշտպանի թշնամուց, բայց որից առայժմ ինքներս պաշտպանության կարիք ունենք…

Այս թվարկումը մի չնչին “ծաղկաքաղ” է սոցցանցերում վերջին տարում բանակին վերաբերող քննարկումներից, որոնց մասնակիցները ՀՀ քաղաքացիներ են` մտահոգ իրենց պետության, իրենց պետության ամենագլխավոր պաշտպանի` Ազգային Բանակի ճակատագրով:

Ինչո՞ւ է շարունակվում ներբանակային ճգնաժամը, և կարելի՞ է արդյոք այն այդպես կոչել:

Ո՞վ է շահում այս մթնոլորտի արդյունքում:

Արդյո՞ք այս ամենն անցյալում էլ եղել է, պարզապես նոր մեդիան իր հնարավորություններով հիմա է թույլ տալիս իմանալ ճշմարտությունը:

Հնարավո՞ր է արդյոք, որ այս ամենը ներբանակային սադրանքի արդյունք է:

Ո՞վ է պատասխանատու:

Եվ ի վերջո, ո՞րն է լուծումը:

Հրավիրում ենք քննարկման այս հարցերի շուրջ, իսկ հոկտեմբերի 17-ին ժամը 15.20 Ա1+-ի ուղիղ եթերում դիտեք “Ձեր Թեման” հաղորդումը, որտեղ ձեր թեման է հայկական բանակն իր այսօրվա վիճակով: Հաղորդմանը մասնակցելու են ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, և դուք` ձեր հարցերի միջոցով:





Պուտինն ու  Հայաստանը

24 09 2011

Պուտինն ու  Հայաստանը

Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։ Ռուսաստանում վերստին սկսվում է պուտինյան դարաշրջանը, չնայած  դժվար էր ասել՝ վերջացել էր այն երբեւիցե, թե ոչ։

ՌԴ  նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, թե իր նախագահը  Վլադիմիր Պուտինն է։

Նա վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գլխավորել «Եդինայա Ռոսիյա»-ի նախընտրական ցուցակը 2012թ ընտրություններում։ Նա այդ առաջարկն արել է կուսակցության  համագումարում։

Նրա ելույթից պարզ էր, որ ինքն  էլ պատրաստ է   նախագահական ժամկետի ավարտից հետո աշխատել կառավարությունում:   http://www.youtube.com/watch?v=e9yHF2Ujo68

Այս սցենարը թվում է կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ աթոռափոխություն եղավ Ռուսատանում, ու Մեդվեդեւը դարձավ  նախագահ, իսկ  Պուտինը՝   վարչապետ։

Բնականաբար, Պուտինի վերադարձը  կազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, մանավանդ, որ Հայաստանը ընտրությունների նախաշեմին է։

Իսկ  թե ինչպես, առաջարկում ենք նրկայացնել Ձեր տարբերակները։  Գո՞ւցե վերդառնա Քոչարյանը….

 





Ո՞րն է հայկական հեղափոխությունը

10 09 2011

 Հերթական անգամ ընդդիմությունը Ազատության հրապարակում հավաքվածներին տուն ուղարկեց։

Սակայն այս անգամ խոստացավ, որ այսուհետ ամեն ժամ հասունացնելու է «Հիմա»-ն։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Պետրոսյանն էլ իր ելույթում ընդգծեց. «Սկսել ա»։

Ազատության հրապարակում ելույթ ունեցողները շեշտեցին՝ հեղափոխությունը հասունացել է։

Այն, որ հեղափոխությունը հասունացել է, գոնե Ազատության հրապարակ այսօր եկածների համար փաստ էր։ Նրանք վճռական գործողություններ ակնկալում էին ՀԱԿ լիդերներից ոչ միայն այսօր, այլեւ մեկ, նույնիսկ երկու տարի առաջ։

Նստացույց անելու պատրաստ զանգվածը հրապարակից հեռացավ հիասթափված։ Բայց սա չի նշանակում, որ չի գա հաջորդ՝ սեպտեմբերի 23-ի հանրահավաքին։ Պարզապես՝ ՀԱԿ-ից կտրուկ ու վճռական գործողության ակնկալիքը կրկին նվազեց։

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե. «Մեր նպատակը մնում է նույնը, այն է՝ անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումը եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը։

Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ»։

ՀԱԿ-ը խոստանում է հեղափոխություն։

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։

Բայց հաշվի առնելով ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններ անելու մտադրության վերաբեյալ իշխանության արձագանքը՝ կարելի է ակնկալել նույն պատասխանը. «Չի լինելու»։

ՀԱԿ-ում վստահ են, որ արտահերթ ընտրություններ հայտարարվելու են, եւ ոչ միայն…

Իսկ ի՞նչ եք մտածում Դուք։ Եվ ընդհանրապես՝ ո՞րն է հայկական հեղափոխության Ձեր տարբերակը եւ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։





Ինչո՞վ կավարտվի ՀԱԿ-ի իշխանություն երկխոսությունը

25 07 2011

Վաղը Կառավարության ընդունելությունների տանը կկայանա  ՀԱԿ-իշխանություն երկխոսության երկրորդ հանդիպումը: Իշխանությունների պատվիրակության ղեկավարը Դավիթ Հարությունյանն է, իսկ ՀԱԿ-ինը՝ Լեւոն Զուրաբյանը:

Փաստն այն է, որ իշխանությունները սկզբում մերժեցին պատվիրակություն ստեղծելու առաջարկը, իսկ  նախապատրաստական հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին,  արդեն պատրաստ են նստել կլոր սեղանի շուրջ եւ երկխոսել:

Ըստ ՀԱԿ-ի՝ երկխոսության հիմնական թեման ՀՀ նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններն են, իսկ իշխանությունները պատրաստ են  քննարկել ցանկացած հարց՝, բացի  արտահերթ ընտրություններից: ՀԱԿ-իշխանության երկխոսության վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետները տարբեր են: Այս հարցում տարաձայնություններ կան նույնիսկ ՀԱԿ-ում:

Որոշ լուրերի համաձայն՝ ՀԱԿ-ի  անդամներից մի քանիսը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ խնդիր են դրել, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ն իշխանությունները չհայտարարեն արտահերթ ընտրություններ, ապա ՀԱԿ-ը հստակ պետք է արձանագրի ջրբաժանը: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի իշխանություն առաջին հանդիպումից հետո իշխանություններն այլեւս կտրուկ չեն բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունները:

Իսկ ի՞նչ եք կարծում դուք՝ իշխանությունները կգնա՞ն արտահերթ ընտրությունների, թե՞  ոչ, ի՞նչ հարցեր կուզեիք տեսնել երկխոսության օրակարգում եւ  ընդհանրապես ինչո՞վ  կավարտվի երկխոսությունը





Ինչի՞ն է համաձայնվել Սերժ Սարգսյանը Կազանում

24 06 2011

Ինչի՞ն է համաձայնվել Սերժ Սարգսյանը Կազանում

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի անունից տարածվել է համատեղ հայտարարություն:

«Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ նաեւ երախտագիտություն են հայտնել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»:

 

Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում:

Մինչդեռ այսօր առավոտյան ռուսական լրատվամաիջոցները, մասնավորապես «Կոմերսանտը» հղում անելով  իր աղբյուրին, գրել էր, թե հակամարտությունը կարգավորման համար գործելու է «ճանապարհային քարտեզ»:

Թերթի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ` սկզբում կստորագրվեն հիմնական սկզբունքները, ապա կողմերը ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ կսկսեն աշխատել խաղաղ պայմանագրի վրա:

Ըստ թերթի` Հայաստանը պարտավորվելու է վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 6 շրջանները, ինչպես նաև Լաչինի 13 գյուղեր, պահպանվելու է կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Անվտանգությունն ապահովելու են խաղաղապահ ուժերը:

Արցախում մի քանի տարի հետո անցկացվելու է հանրաքվե, որը, սակայն, կիրականացվի միայն փախստականների վերադարձի դեպքում:

Կողմերը հրաժարվելու են ուժի կիրառումից, ընդ որում՝ այդ  ամրագրվելու է իրավաբանորեն:

 

Այսօր նախագահների ընդունած հայտարարությունը` անմեղ թվալով, այնուամենայնիվ մտորելու տեղիք է տալիս` մասնավորապես . «Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»:

 

Ինչի՞ շուրջ է եղել փոխըմբռման ձեռքբերումը եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանի կտեղեկացնի այս մասին Հայաստանի եւ Արցախի ժողովրդին:





Նոտարը «սարսափելի՞» է

23 05 2011

Չգիտեմ, թե ինչպես են ձեւավորվել իմ պատկերացումները նոտարների  մասին, սակայն նրանց հետ գործ բռնել ճիշտն ասած չէի ուզենա:  Նոտարիատ այցելել եմ  մեկ, թե երկու անգամ. առանձնապես խոշոր գործարք չեմ արել` դիպլոմի  պատճենի հաստատում, ծննդյան վկայականի թարգմանության հաստատում եւ… Ընդամենը  մի կնիքի համար սպասել եմ մոտ մեկ ժամ, վճարել այդ մի կնիքի համար նվազագույնը 3000 դրամ ու  հեռացել` չհասկանալով` ինչի համար եմ վճարում եւ ուր են գնում իմ վճարած գումարները: Ինձ ոչ ոք կտրոն չի տվել:

Չեմ զարմանում, երբ լսում եմ, որ ինչ-որ մի տեղ աշխատանքի ընդունվում են ծանոթով: Սակայն շատ զարմացա, երբ ծանոթս, ով հանձնել էր նոտարական թարգմանիչ աշխատելու  համար քննությունները ու ստացել հավաստագիր, այդպես էլ մեկ տարվա ընթացքում, մի գործ չունեցավ:

« Կարո՞ղ է ծանոթ նոտար ունենաս, որ ինձ գործ տա»,- մի անգամ ասաց նա,  եւ ես այդպես էլ չհասկացա, թե  նոտարի հետ ծանոթն լինելն այդ ինչ ուժ ու զորություն ունի պետական հավաստագրից առավել:

Այն, որ կարող է նոտարը տնից քեզ զրկել կամ քեզ տուն պարգեւել, այդ հասկացել եմ, բարեբախտաբար, ոչ մի անձնական փորձով:  Խմբագրություն այցելած , իրենց իսկ խոսքերով, նոտարի զոհերն են պատմել:  Չգիտես  ինչու` մշտապես, անկախ նրանից, թե ով էր այդ գործարքի հեղինակը, մշտապես շոշափվում էր Մարիամ Գաբոյանի անունը, որին ես անձամբ չեմ ճանաչում:

Բնական է սա, քանզի Մարիամ Գաբոյանը նոտարների «շեֆն է»: Եւ ահա 1990թ այս աթոռը զբաղեցնող Մարիամ  Գաբոյանն արդեն մի քանի օր է` արդեն  ՀՀ ԱՆ  Նոտարիատի բաժնի պետ  չէ. բաժինն էլ լուծարված է:

Մարիամ Գաբոյանը, բնականաբար, չի ընդունում այն մեղադրանքները, թե ինքը  ինչ-ինչ  գործարքներ է արել  ու սխալ է համարում այդ բաժնի լուծարումը թեկուզ եւ  որպես հերթական  բարեփոխում: Սխալ համարելով իրեն աշխատանքից փաստացի զրկումը( թեեւ նրան աշխատանքից չեն հեռացրել, այդ  «դարձրել» պահեստային կադր)` չի պատրաստվում դատարանով վերականգնել իր իրավունքները:

«Նախարարի հրամանը հրաման է»,-ասում է Մարիամ Գաբոյանը, որը վստահեցնում է, թե իր մասնագիտական հմտությունները թույլ կտան, որ ինքը «կարողանա իր օրվա հացի փողը վաստակել` շարունակելով նոտարական գործունեությունը»:

Չնայած ասում են,որ ինքը բնավ էլ «օրվա հացի» խնդիր չունի. իր վաստակածը բավարար է մինչեւ կյանքի վերջ ապահով ապրելու համար:

Չգիտեմ` ճիշտ է, սխալ, բայց դե` ասում են:

Սակայն փաստն այն է,որ քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր ուրախացան  Մարիամ Գաբոյանի բաժնի լուծարումից, հատկապես նրա պաշտոնանկությունից, չնայած այս բառը ոչ Արդարադատության նախարարությունն է ընդունում, ոչ էր արդեն նախկին գլխավոր նոտարը:

Ինչեւէ… առաջարկում ենք քննարկել «նոտարական» թեման: Երբեւիցե առիթ ունեցել եք նոտարական գործարք անելու, ինչպես եք գնահատում այս համակարգը, նաեւ   նախարար Հրայր Թովմասյանի վերջին որոշումը` բաժինը լուծարելու մասին:





Կտարածվի համաներումը քաղբանտարկյալների վրա?

21 05 2011

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Տեղեկացնում է Նախագահի մամլո ծառայությունը:

Հայ ազգային կոնգրեսում չեն շտապում մեկնաբանել Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ին ներկայացրած համաներման առաջարկը: «Մենք հետեւենք զարգացումներին եւ հետո կարձագանքենք»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի այս քայլը բացատրում է նրա մարդասիրությամբ: «Դա պետական եւ ազգային գործչին վայել քայլ է, որը դրական կազդի նաեւ ներքաղաքական վիճակի վրա: Մենք պարտավոր ենք լինել միասնական եւ մայիսի 28-ը շատ լավ առիթ է, որպեսզի իրականացվի համաներում: Համոզված եմ, որ այս այլ միայն դրական ազդեցություն կունենա»,- «Ա1+»-ին ասաց պարոն Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը դժվարացավ, ասել թե այս համաներումը երբ եւ քանի անձի վրա կազդի, եւ արդյոք կազդի՞ 2008թ. մարտի 1-ի քրեական գործով դատապարտվածների վրա. «Ես իրավաբան չեմ, որ այդ հարցին պատասխանեմ: Ես միայն կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը համաներման առաջարկով դիմել է ԱԺ-ին, որպեսզի մարդիկ տոնից առաջ գնան իրենց օջախները»:

Էդուարդ Շարմազանովը առաջիկայում նախատեսված համաներումը չի գնահատում ՀԱԿ-ի 3 պահանջներից վերջինի՝ կատարում, համաձայն որի բոլոր քաղբանտարկյալները մինչեւ մայիսի 31-ը պետք է ազատ արձակվեն:

«Դա կարելի է դիտարկել որպես Սերժ Սարգսյանի քաղաքական գծի շարունակություն: Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը ապացուցել է, որ իր խոսքն ու գործը չեն տարբերվում, որն ուղղված է երկրում միասնականության մթնոլորտի, համերաշխության եւ երկխոսության զարգացմանը»,-ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մարդկայնորեն ողջունում է Սերժ Սարգսյանի համաներման առաջարկը, սակայն ասաց. «Սա իրավական պետության կայացման ճանապարհ չէ»: Նա ուրախ է եւ համոզված, որ այս համաներման արդյունքում ազատ կարձակվեն նաեւ բոլոր քաղբանտարկյալները. «Բայց դրանց հարցը ոչ թե փակվում է, այլ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս: Մենք ոչ միայն պահանջում ենք, որ ազատ արձակվեն անմեղ մարդիկ, այլեւ պատժվեն մարտի 1-ի մեղավորները»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով այսօր մեր երկրում իսկապես կա համաներման անհրաժեշտություն. «Ոչ միայն այն պատճառով, որ քրեակատարողական հիմնարկները չափազանց ծանրաբեռնված են, այլեւ լիցքաթափման անհրաժեշտություն կա, նաեւ այն անձանց առումով, ովքեր դատապարտվել են 2008թ. մարտի 1-ի դեպքերով»:

Պարոն Մինասյանը ողջունում է Սերժ Սարգսյանի համաներման առաջարկը եւ ասում. «Թեեւ համաներումն ուշացած է, սակայն կարեւոր քայլ է»: ՀՅԴ պատգամավորը դժվարացավ ասել, թե Սերժ Սարգսյանի այս քայլը ՀԱԿ-ի պահանջներից է, թե ոչ, սակայն նշեց. «Ակնհայտ է մի բան, երբ 2008թ. մարտի 1-ից հետո եղավ առաջին համաներումը, ՀՅԴ-ն առաջարկեց ընդհանուր, առավել լայն համաներում անցկացնել, որպեսզի լարվածությունը նվազի: Ցավոք, այն ժամանակ, մեր առաջարկը հավուր պատշաճի տեղ չհասավ: Զուտ երկխոսության կամ շախմատային քայլերի տեսակետից ավելի է այդ հարցը թողնենք շախմատ խաղացողներին եւ նրանց երկրպագուներին»:





Գնա՞լ Բաքու…

15 05 2011

  Եւ այսպես… «Եվրատեսիլի» շուրջ կրքերը թեժանում են, չնայած ընդամենն այս գիշեր հայտնի դարձավ այս տարվա մրցույթի հաղթողը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ -2012» կայանալու է Բաքվում շնորհիվ այս երկրի ներկայացուցիչների հաղթանակի, հայ հասարակության համար ծնվեց` այս մրցույթի հետ կապված եւս մեկ քննարկման թեմա:

Մինչ շարունակվում են քննարկումները, թե ինչու Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին դուրս մնաց եզրափակիչ մրցույթից, սկսվում է քննարկումների նոր փուլ` գնա՞լ Բաքու, թե՞ ոչ:

Կամ հայ երգիչներից ո՞վ կհամաձայնի հաջորդ տարի ադրբեջանցի հանդիսատեսի առաջ երգել հայերեն: Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը “Եվրատեսիլում” մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչն է:

 Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011»-ի հաղթող են ճանաչվել Ադրբեջանի ներկայացուցիչները` Նիգար Ջամալ եւ Էլդար Գասիմով զույգը` ստանալով 221 միավոր: Ռուսաստանն ու Թուրքիան նրանց տվել են առավելագույն 12 միավորը: «Եվրատեսիլ 2011»-ում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Իտալիան եւ Շվեդիան` համապատասխանաբար 189 եւ 185 միավորներով:

Եզրափակչին մասնակցում էին քսանհինգ երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը առավելագույն 12 միավորը տվեց Ուկրաինային, 10-ը` Վրաստանին, 8 էլ` Ռուսաստանին:

 Եվ այսպես… սկսեցինք: Գնա՞լ Բաքու, թե՞… Ինչու՞ գնալ կամ ինչո՞ւ ոչ: Ո՞վ գնա…





Էմմին չհաղթահարեց արգելքը

11 05 2011

Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չի երգի «Եվրատեսիլ-2011» եզրափակչում:

Քիչ առաջ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայ երգչուհին չհայտնվեց լավագույն տասնյակում` ի տարբերություն Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի,Վրաստանի,Շվեյցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռոսաստանի, Իսլանդիայի ներկայացուցիչների:

«Արենա» մարզադահլիճում միմյանց հետ մրցում էին «Եվրատեսիլ-2011» -ի մասնակից 43 երկրներից 19-ը: Առաջինը ելույթ ունեցավ Լեհաստանը, վերջինը`Հունաստանը:

էմմին ելույթ ունեցավ չորրորդը` «Boom Boom» երգով:էմմին բեմում հայտնվեց բռնցքամարտիկի հսկայական ձեռնոցի վրա բազմած, եւ բեմահարթակը վերածվեց ռինգի:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչ համերգը կկայանա մայիսի 14-ին:

Ինչն էր պատճառը?? երգն էր վատը, թե հայերը ակտիվ չէին, թե մրցակիցներն էին ուժեղ??? Ձեր կարծիքը??

Կարելի եւ համեմատել ուղիղ կատարումը եւ ձայնագրությունը…





Պետք է վճարել ազատությա՞ն համար

3 05 2011

Այսօրվա գլխավոր թեման Մամուլի ազատությունն է, եւ այս քննարկումները սկսվել են դեռ երեկվանից, երբ «Freedom house» միջազգային կազմակերպությունը հրապարակեց իր հերթական զեկույցը: Հայաստանը վերստին  «ոչ ազատ» երկրների ցանկում է:

Սա էլ այնքան անսովոր չէ` «Ա1+»-ը եթերում չէ, իսկ  հայկական մամուլը մասնակի ազատից դարձավ անազատ 2002թ-ից, երբ եթերազրվեց «Ա1+»-ը:

Տրամաբանական է նաեւ, որ չէր կարող նույնիսկ մասնակի ազատ համարվել մի երկիր, որտեղ բանտում լրագրող կա` Նիկոլ Փաշինյանը:

Կամ երկիր, որտեղ թերթերը փակվելու առաջ են, քանի որ ցանկացած պահի ցանկացած մեկը կարող է նրան դատի տալ բարոյական փոխհատուցման պահանջով  ու «վերին կամքով» սնանկացնի թերթին կամ դարձնի նրան հերթական կամակատարը:  Իսկ այդ լիովին հավանական է թեկուզ այն պատճառով, որ այդ գործին լծվել է եւ օրինակ է ծառայում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով դեռեւս գործող ֆիգուր է քաղաքական դաշտում եւ , բնականաբար, առավել ենթակա է քննադատության:

Հայաստանում մամուլի  որոշակի ազատություն, իհարկե, կա:  Բայց թե ինչ գնով է այն հնարավոր պահել, այդ արդեն պետք է լրատվամիջոցի ներկայացուցիչ լինես, որ հասկանաս:

Ի  դեպ, ժամանակ առ ժամանակ հեռուստաընկերություններն էլ են հանկարծ ազատ դառնում, բայց այդ «արհեստական» ազատություն է, որը կարող է անհետանալ, երբ  վերանում է դրա «մեղավորը», օրինակ` եվրոպացի պաշտոնյան մեկնում է Հայաստանից:

Ինչեւէ , չմոռանանք, որ այսօր տոն է ու շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր կարեւորում են Մամուլի ազատության օրը:

Իսկ նրանց, ովքեր ասելիք ունեն, հրավիրում ենք մեր քննարկմանը եւ  իբրեւ «բացում» մեր առաջին հարցը`  արդյո՞ք  Հայաստանում մի օր մամուլը կլինի ամբողջովին ազատ:

Ազատ է արդյոք մամուլը Հայաստանում? Ինչ կարծիք ունեք Դուք:

Հայաստանում կան բազմաթիվ հեռուստաընկերություններ, թերթեր, կայքեր:

Արդյոք դրանց առկայությունը, քանակը, բազմազանությունը Ձեզ բավարարում է? Ամեն օր, բոլոր լրատվամիջոցները աշխատում են Ձեզ համար, որպեսզի գրավեն Ձեր ուշադրությունը:

Այսօր  եկեք քննարկենք-թե Դուք` ընթերցողներդ ինչ եք ուզում տեսնել, կարդալ?

Ի դեպ կարող եք եվ մասնակցել քվեարկությանը, որը գտնվում է էջի վերեւի աջ անկյունում:





Էջ՝ հատուկ Ձեզ համար

3 04 2011

Մրցույթ. Լավագույն «աչքը»

Հարգելի այցելու, եթե Դու

ք ականատեսն եք ոչ սովորական իրադարձության, ապա միացրեք Ձեր տեսախցիկը:  Ձեր նկարահանածը քիչ անց կարող եք ինքնուրույն տեղադրել «Ա1+»-ի նոր էջում` «ականատես» դարձնելով հազարների: Դրա համար անհրաժեշտ է պարզապես սեղմել մեր նոր` « Քո աչքերով» էջի «բեռնել» կոճակը:

«Ա1+»-ի այս էջը հատուկ Ձեզ համար է: Այն Ձեզ հնարավորություն է տալիս` մասնակից դառնալ նորությունների ստեղծմանն ու տարածմանը:

Դուք կարող եք նկարահանել ամեն ինչ, ինչը կհետաքրքրի նաեւ լայն հանրությանը:

Ձեր պատշգամբում հետաքրքիր ծաղիկ է ծաղկո՞ւմ, մի հապաղեք, նկարեք տեղադրեք այն Ձեր էջում` այդ գեղեցկությունը կիսելով բոլորի հետ:

Այստեղ չկան սահմանափակումներ: Սակայն մինչ լուսանկարի կամ տեսանյութի տեղադրելը ուշադիր ծանոթացեք ԿԱՆՈՆՆԵՐԻՆ: Օրինակ` մի ուղարկեք ծաղրանկարներ, մոնտաժված լուսանկարներ, դիմանկարներ:


Հիշեք, որ Ձեր հաջողված աշխատանքն, անպայման, գնահատականի կարժանանա: Լավագույններին ամեն ամիս սպասվում են խրախուսական մրցանակներ:
«Ա1+»-ը հայտարարում է ամենամսյա մրցույթ` երկու կատեգորիաներով` թե ֆոտո, թեեւ վիդեո նյութերի համար:

Նյութը տեղադրելիս` միշտ հարկավոր է նշել ՁԵՐ անունը, հեռախոսի համարը կամ email-ը` այսինքն` Ձեզ հետ կապ պահելու համար: Օրինակ` եթե Ձեր լուսանկարը կամ տեսանյութը լավագույնը ճանաչվի, ապա մենք կարիք կունենանք գոնե Ձեր email-ն իմանալու` այդ մասին Ձեզ տեղյակ պահելու համար:

«Ա1+»-ը երաշխավորում է, որ Ձեր կոնտակտային տվյալները գաղտնի կպահվեն ցանկացած պարագայում:

Դե, գործի անցեք: Ուշադիր նայեք Ձեր շուրջը, ստեղծեք Ձեր էջը` Ձեր աչքերով; Ժանրային սահմանափակումներ չկան. Ձեր տեսախցիկը կամ հեռախոսը կարող է ֆիքսել ամենալուրջ միջադեպից մինչեւ ամենազվարճալի պատմությունը:

Լավ չե՞ք տիրապետում համակարգչին կամ չե՞ք համարձակվում ինքնուրույն տեղադրել Ձեր տեսանյութը կամ լուսանկարը, հոգ չէ, այն դուք կարող եք ուղարկել a1plusnews@gmail.com հասցեով: Մի անհանգստացեք, եթե Ձեր ուղարկած նյութը մեր կայքում հայտնվում է ուշացումով: Այն հասանելի է դառնում է մոդերացիայից հետո: Ու բացի այդ , փորձեք ուղարկեք այն տեսանյութերը եւ լուսանկարները, որոնք, իրոք, արժանի են հանրային սեփականություն դառնալու:

http://www.a1plus.am/am/mediapod

Գրեք մեզ, ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք դիտում եք « Քո աչքերով» էջը, արդյո՞ք փորձել եք նկար կամ վիդեո տեղադրել.

Մեզ հետարքիր է Ձեր կարծիքը.





Նա արեց մենա՞կ

15 03 2011

Մինչ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է Ազատության հրապարակը վերանվաճելու իր վճռականության մասին, այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն արեց այդ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է  անում Ազատության հրապարակում  եւ չի պատրաստվում գիշերը լքել  այն:

Հացադուլն անժամկետ է, ոչ վերջնագիր, ոչ խնդրանք եւ ոչ էլ կոնկրետ պահանջներ Հովհաննիսյանը չի ներկայացնում:

«Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ մարդ ակնկալում եմ, որ Սերժ Սարգսյանը կունենա քաղաքական գիտակցություն, հայրենասիրություն եւ պետական մտածելակերպ, որպեսզի վեր կանգնի անցյալ շրջանի կուսակցականացման գործընթացից եւ Հայաստանը տանի դեպի առաջին ազատ եւ արդար ընտրություններ»,-  ասել է «Ժառանգության» ղեկավարը:

2008 մարտյան դեպքերից հետո Ազատության հրապարակը փակ է ընդդիմության համար:  Ինչքան փակ կմնա, դեռեւս պարզ չէ, քանի որ անկախ եղանակից իշխանությունը պատճառ է գտնում Հայ ազգային կոնգրեսին մերժելու ու այստեղ հանրահավաք չարտոնելու համար:

Ի դեպ, իշխանությունից բավականին «գաղափարներ են» պահանջվել այս ընթացքում: Ինչ  միջոցառում ասես չի կազմակերպվել այս երեք տարիների ընթացքում Ազատության հրապարակում` էլ համերգ, էլ Վերնիսաժ, իսկ մանկական ատրակցիոնները կարծես դարձել են  մշտական:

Րաֆֆի Հովհաննիսյանի ծայրահեղ այս քայլը կարո՞ղ է որեւէ բան փոխել այս իրավիճակում:

Առաջարկում ենք քննարկել:








Follow

Get every new post delivered to your Inbox.